«Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմին, որովհետև այն ամենաանսպասելի ձևով կարող է գալ»․ Վ․ Մանուկյան

0
350

Այսօր մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբզաշղարաի նախագահ Վազգեն Մանուկյանը, պատասխանելով Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին և լուծման ուղիներին վերաբերող հարցերին, ասաց․

«Պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձև Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, և բոլոր բանաձևերում նշվում են նույն սկզբունքները՝ պետք է լուծել տարածքների հարցը (այն, ինչ մենք անվանում ենք ազատագրված, Ադրբեջանը՝ բռնազավթված) և Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բայց գրված չէ, թե ինչպես։ Երբ բանակցությունները սկսվեցին, բանակցային սեղանին էլ դրված էին այդ հարցերը և մինչ օրս էլ այդ հարցերն են ընկած բանակցությունների հիմքում։ Արանքում շատ բան է առաջարկվել։ Եղել է միասնական պետության գաղափար։ Այն ժամանակ տպավորությունն այն էր, որ Ադրբեջանը համաձայն է Ղարաբաղի անկախությանը, միայն թե ունենա ճանապարհ Զանգեզուրի վրայով։ Ես Ձեզ ասեմ, որ Զանգեզուրը, Սյունիքը ստրատեգիական տեսանկյունից Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ Ղարաբաղը, որովհետև դրանով Թուրքիայից մինչև Չինաստան բացվում է թուրքախոս ժողովուրդների միասնական գոտի։ Բայց դրանով ոչ միայն մենք ենք ինչ-որ բան կորցնում, այլ դա վտանգավոր է Ռուսաստանի համար, վտանգավոր է Չինաստանի համար։ Կար խոսակցություն, որ Զանգեզուրը մնում է Հայաստանում, բայց վրայով մի ճանապարհ է անցնում էստակադայով, որը պատկանում է Ադրբեջանին։ Երբ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Քուեսթից, Ազգային ժողովի ֆրակցիաների ղեկավարներին կանչեց, որ հարցնի մեր կարծիքը։ Այն ժամանակ ես ԱԺՄ խմբակցության ղեկավարն էի, բոլորս բացասական գնահատական տվեցինք։ Բայց հետո դրան դեմ դուրս եկավ նաև Ադրբեջանը։ Ընդհանրապես Ադրբեջանը դեմ է ամեն ինչին։ Ադրբեջանն ասում է՝ հա՛մ պիտի Ղարաբաղը տաք, հա՛մ էս բոլոր հողերը, վերջում էլ ներողություն խնդրեք։ Դրա համար բոլոր բանակցությունները փակուղու մեջ են։ Բայց բանակցությունները կանգնեցնելը նշանակում է հրահրել պատերազմ։ Այսինքն, բոլոր դեպքերում բանակցությունները պետք է շարունակել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա այս պահին մեզ համար վտանգավոր կլինի որևէ տարածք տալ, որովհետ դրա հետևանքները կարող են լինել անկանխատեսելի»։

Անդրադառնալով պատերազմի վերսկսման վտանգի մասին հարցին՝ Մանուկյանն ասաց, որ այդ վտանգը միշտ կա։

«Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունների միջոցով չի ստանալու այն, ինչ ուզում է, իրեն մնում է պատերազմը, բայց պատերազմն էլ Ադրբեջանի համար երկու վտանգ ունի՝ շատ ու շատ պետություններ իր դեմ են տրամադրվելու, երկրորդը՝ այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ինքը պատրաստ չի պատերազմի։ Մյուս կողմից հիմա անընդհատ սպասում կա, որ միգուցե Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր կլինի լեզու գտնել։ Ինչքանով է դա իրական, այլ հարց է, բայց Ադրբեջանի համար այդ սպասումը կա։ Դրա համար այս պահին քիչ հավանական եմ համարում պատերազմի վերսկսումը, բայց զերծ կմնայի հայտարարելուց, թե պատերազմ չի լինի։ Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմին, որովհետև այն ամենաանսպասելի ձևով կարող է գալ»։