Յուրի Ջավադյանը բոլոր իշխանությունների օրոք, իր գիտելիքներով, փորձով ու նվիրումով ծառայում էր մեր պետությանը

0
446

Կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության ևս մեկ հեղինակավոր ու վաստակաշատ գործիչ՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, Գյուղատնտեսության նախկին նախարար, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը։

Խորապես պետականամետ, սկզբունքային մարդ, իր գործի պրոֆեսիոնալ, որը և՛ խորհրդային տարիներին, և՛ Հայաստանի անկախության ժամանակաշրջանում, բոլոր իշխանությունների օրոք, իր գիտելիքներով, փորձով ու նվիրումով ծառայում էր մեր պետությանը։

Մեծ է նրա ավանդը հատկապես քաղաքային տնտեսության զարգացման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման, Սևանա լճի էկոլոգիական խնդիրների լուծման և այլ ոլորտներում։

Հանրային խորհրդում Յուրի Ջավադյանը շարունակում էր ակտիվորեն զբաղվել այդ խնդիրներով, կառավարությանը ներկայացնում էր հստակ ծրագրեր ու առաջարկներ, որոնցից շատերը նաև կյանքի էին կոչվում։ Ամենակարևոր ու հաջողված ծրագրերից էր Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը, որի լուծման համար հետևողականորեն պայքարեց մինչև վերջ, ինչի շնորհիվ կանխվեց Արարատյան դաշտավայրին սպառնացող էկոլոգիական աղետը։

Ցավակցում եմ հայրենանվեր գործչի ընտանիքին ու հարազատներին։

Վազգեն Մանուկյան