Նապոլեոնի խոսքերը մեջբերեմ՝ եթե մի բան կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չէ բացատրել դավադրությամբ»․Վազգեն Մանուկյան

0
450
Վազգեն Մանուկյանի ճեպազրույցը ս․թ․ ապրիլի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) գործով դատական նիստից առաջ․
Լրագրողի այն հարցին, որ վարչապետի թեկնածու առաջադրվելուց հետո սկսվեց քրեական հետապնդումը նրա նկատմամբ, չի՞ փոշմանել արդյոք Վազգեն Մանուկյանը այդ ամենի համար, վերջինս պատասխանեց․ «Ափսոսում եմ, այն ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, և այդ խեղկատակությունը չէր լինի՝ ընտրությունների գնալը ու վերահաստատումը, լեգիտիմացումը այս իշխանությունների»։
Այն հարցին, թե որևէ հույս կա՞ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ տեխնոլոգիաներ նկարագրել չի կարող և չի էլ ցանկանում, բայց Նիկոլ Փաշինյանի երկար իշխանության մնալը Հայաստանը տանում է դեպի վերջնական կործանում։
Ընդդիմության նկատմամբ քննադատությունների մասին հարցին Մանուկյանն ասաց, որ ընդդիմության քննադատությամբ չի ուզում զբաղվել, ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է անել։
Անդրադառնալով իշխանությունների հետ ընդդիմության ստվերային համագործակցության մասին խոսակցություններին՝ Մանուկյանն ասաց․ «Ես այդպիսի ենթադրություններ չունեմ։ Ամեն ինչ մենք ցանկանում ենք բացատրել դավադրություններով, բայց ես Նապոլեոնի խոսքերը մեջբերեմ՝ եթե մի բան կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չէ բացատրել դավադրությամբ»․
Նիկոլ Փաշինյանի ասածները մեկնաբանելու հետ կապված Վազգեն Մանուկյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ այնքան անհեթեթություն կա, անընդհատ չեմ ուզում բացատրել այդ պարզ ճշմարտությունները։ Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դրել, մտածում է գոնե մի մասը կխաբվի, բայց քանի գնում է՝ ավելի քիչ մասն է խաբվում, որովհետև կողքից բացատրություններ են լինում»․
Տեսակետը, որ ընդդիմությունը շարժման ընթացքում Վազգեն Մանուկյանի անունը, հեղինակությունն օգտագործեց, արդյունքում տուժեց վերջինիս անձն ու հեղինակությունը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Ես հատուկ «խփնված» չեմ իմ հեղինակության վրա, ես դեպքերը գնահատում եմ՝ Հայաստանին օգտակա՞ր է, թե օգտակար չի։ Օգտակար բան էր արվում, որը կիսատ մնաց»։