Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Հայաստանի անկախությանը մոտակա տասնամյակներում
վտանգ չի սպառնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ Ռուսաստանի կողմից: Այս իմաստով իզուր են սպասումները, թե Ռուսաստանում իշխանության կգան Խորհրդային Միությունը վերականգնող ուժերը. Ռուսաստանի իշխանություններն ու ժողովուրդը լավ հասկացել են` որևէ ֆինանսական, տնտեսական պարտավորություն չվերցնելով, հանրապետություններին իրենց ռազմավարական ազդեցության ոլորտում պահելու առավելությունը:
Պետությու՞ն ենք կառուցում
Հաճախ մեր իշխանավորներն ասում են՝ մի խանգարեք մեզ, պետություն ենք կառուցում:
Ես միանգամից մերժում եմ այդ միտքը` այժմ պետություն չի կառուցվում: Մեր պետությունը
զրոյից, մեծ դժվարությունների գնով, կառուցվում էր 1918թ., երբ մենք իսկապես
անկախություն ձեռք բերեցինք: Եղեռնից, Առաջին համաշխարհային պատերազմից (1914-
18թթ.) հետո մեր պապերը կարողացան կառուցել այս պետությունը: 20 թվականին կորցրինք
անկախությունը, բայց պետությունը շարունակեց գոյատևել ու զարգանալ: Չքննենք, թե
ինչպես: Երկրորդ անգամ անկախություն ստանալիս ունեինք պատրաստի պետություն` իր
կառույցներով՝ բանակ, ֆինանսական համակարգ, միջազգային հարաբերություններ
(արտգործնախարարություն): Զարգացնել պետությունը, հասարակությունը՝ այդ մենք
կանենք: Այնպես որ, պետության կառուցման մասին խոսակցությունները խաբեություն են:
1988 -ի շարժման առջև դրված նպատակները իրագործվեցի՞ն
Անկախությունը: Այն ստացանք բարենպաստ պայմաններում՝ աշխարհում տեղի ունեցող
գործընթացները, հայրենիքում ապրող հայությունը (3,5 մլն), պատրաստի պետական
կառույցները: Ժողովրդավարության խնդիրը, այն պետություններն են դառնում հզոր, որտեղ
ժողովրդավարություն է: Սակայն 1991թ. մենք այս խնդրում հետդարձի հսկա քայլ արեցինք:
Ճիշտ է, կային օբյեկտիվ դժվարություններ՝ շրջափակում, պատերազմ, երկրաշարժի
հետևանքներ: Ճիշտ է, ստեղծեցինք և ԳԽ-ում ընդունեցինք օրենքներ: Բայց ժողովրդա-
վարությունը պետք է հիմնված լինի այնպիսի տնտեսակարգի վրա, որը կախված չէ մեկ-երկու
կամ մի քանի հոգուց, համայնավարությունը ևս դրա հնարավորությունը չի տալիս: Չկային
Ժողովրդավարական ավանդույթներ, որպիսիք նման պետություններում գործում են գրված
օրենքներին հավասար: Բայց մենք համոզված էինք, որ շատ արագ կարող ենք անցնել այդ
ճանապարհը հարյուր տոկոսանոց գրագետ, Արևմուտքին չզիջող կրթական համակարգով,
կլանային բաժանումից զերծ, 1988-ի գաղափարները կրող հասարակությամբ: Ամեն ինչում
նահանջեցինք, ամեն ինչը ետ մնաց: Իշխանություններն օգտվելով բնական
դժվարություններից, տնտեսության փլուզումից, պատերազմից՝ ժողովրդի կամքին հակառակ
ամեն ինչ վերցրին իրենց ձեռքը: Նրանց բռնած ուղին ժողովրդավարություն չտարավ: Դրա
վերջին ապացույցն է հուլիսի 5-ը: Հայտնվեցին տասնյակ մտավորականներ, որոնք թերթերում
գրեցին իրենց չկարդացած սահմանադրության մասին: Մարդիկ հարմարվեցին՝ ոմանք
անձնական շահից ելնելով, ոմանք կիսաանձնական (թատրոնի, ինստիտուտի տնօրենն ասում
էր մի քիչ քծնեմ, որ իմ թատրոնը, ինստիտուտը կարողանամ պահել): Եղան ժողովրդի
շերտեր, որոնք իսկապես ճնշմանը չդիմացան: Սրանով հանդերձ հուլիսի 5-ի ընտրություններ
անցկացվեցին բռնի ուժի միջոցով, իսկ սահմանադրության հանրաքվեի արդյունքներն այդ
ուժով այլևս չկարողացան կեղծել, դրանք կեղծվեցին կենտրոնական հանձնաժողովում:
Ազգային միասնության մասին
Ազգային միասնությունն այն պայմանագիրն է, որը սահմանադրությամբ կնքվում է
պետության և հասարակության միջև: Այս սահմանադրությունը ընդունելի չէր, որովհետև այն
պետք է պայմանագիր լիներ ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև սփյուռքահայերի և
պետության միջև: Բայց «ընդունված» սահմանադրությունը անկախ դրանից էլ ընդունելի չէ,
որովհետև պայմանագիրը կեղծ է, չի վավերացվել ժողովրդի կողմից: Հիմքում կեղծիք է և
կեղծիքը շարունակվում է: Ոչ ոք չի կարող այդ վիճակը փոխել, բացի մեր ժողովրդից:
Հայաստանում ժողովրդավարության համար պետք է պայքարի ողջ ժողովուրդը: Դա միայն
ընդդիմադիր կուսակցությունների խնդիրը չէ, այլ ողջ ժողովրդի: Թող ոչ ոք չմտածի, որ ինքը
հարստանալով ու ծախսելով երջանկանալու է: Աղքատ, իրավազուրկ պետությունում երջանիկ
լինել հնարավոր չէ: Բոլոր երկրները, որ անցել են ժողովրդավարության ճանապարհով,
ներքին մեծ պայքար են մղել:
Անցա՞նք շուկային
Շարժման առջև դրված մյուս նպատակը շուկայական տնտեսության անցումն էր, ազատ
ձեռներեցության, մրցակցության շնորհիվ արդյունավետության ապահովումը: Միության
փլուզմամբ նախկին ինժեներա-տեխնոլոգիական պատվերները վերացել են, իհարկե, դժվար
է բոլոր իմաստներով: Իշխանություններն ասում են՝ կպահպանենք ֆինանսական խիստ
քաղաքականություն, կսահմանափակենք սոցիալական, կրթության, առողջապահության
ծրագրերը, կստեղծենք բոլորի համար հավասար պայմաններ, ուժեղը կհզորանա, թույլը
կմահանա: Դա դասակարգային մոդել է, դարվինիզմ՝ տնտեսության մեջ, որ լիովին ոչ մի
երկրում չի կիրառվել, որովհետև ոչ մի երկիր ժողովրդին թույլ չի տվել, որ իր շահերն
անտեսվեն: Սոված ժողովրդի առկայության պայմաններում դա հնարավոր չէ կիրառել,
որովհետև ավելի հեշտ է շրջանցել օրենքը, քան մահանալ: Եվ եթե օրենքով էլ կիրառվեր,
Հայաստանում բազմաթիվ ճյուղեր կփակվեին (և փակվում են), որովհետև մրցունակ չեն: Դա
կարող էր մեկ պլյուս տալ, եթե մրցակցության միջոցով ապահովվեր տնտեսությունը: Բայց
Հայաստանում մրցակցություն չկա, շուկա բառը դատարկ բառ է, և ամբողջ տնտեսությունն
այսօր անցնում է տասը-քսան ընտանիքների ձեռքը: Նրանց միջև կա մրցակցություն, թե ո՞վ է
ավելի մոտ կանգնած նախագահին, իշխանության ղեկին: Կա միայն քաղաքական
մրցակցություն: Մեր ժողովուրդը հաղթահարում է մոդելի պարունակած դժվարությունները,
բայց տնտեսության զարգացման հեռանկար չի երևում: Ճիշտ է, հայերն այն մարդիկ չեն, որ
սովից մահանան, կգնան արտասահման, դրսում կաշխատեն, ազգականները դոլար
կուղարկեն, և երկիրը ինչ-որ վիճակում կպահպանվի: Մի ծայրում դարվինիզմ տնտեսության
մեջ, մյուսում՝ 10-20 ընտանիքի աֆրիկյան տիպի իշխում, մենք գտնվում ենք այդ
ծայրահեղությունների միջանկյալ հատվածում: Մինչև այդ հատվածից դուրս չգանք,
տնտեսություն չի զարգանա:
Հայ դատի խնդիրը
Դա մեր ժողովրդի ազգային խնդիրն է: Դեռ կենդանի են այն մարդիկ, որոնք ծնվել են մեր
կորցրած երկրում, կրել են դժվարությունները և հայտնվել սփյուռքում, որովհետև հայրենիքից
նրանց դուրս են շպրտել: Սփյուռքահայության համար դա նաև իրավունքի խնդիր է: Մենք չենք
կարող այդ հարցը մոռանալ: Մեր պետությունը դրանից հրաժարվել չի կարող, բայց երբեմն չի
կարող իր քաղաքականության մեջ այն պարզել իբրև դրոշակ: Եվ մենք իրավունք չունենք
սփյուռքին ասելու տնտեսական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, դուք մի
զբաղվեք Հայ Դատով: Տնտեսական հարաբերություններ կարող ենք ունենալ, բայց
քաղաքական վեճը պետք է շարունակվի:
Արցախի հարցը
Արևմուտքի ջանքերն ակնկալում են այնպիսի լուծում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի
կազմում այս կամ այն ինքնավարությամբ: Կա նավթամուղի խնդիր, որը եթե անցնի
Հայաստանով, տարեկան 100 մլն դոլար կարող է բերել: Հաճախ լսում եմ կարծիքներ՝ ինչու
հոսանքին դեմ գնանք, եկեք համաձայնենք Արցախի կոնֆեդերատիվ ինչ-որ ձևին և ստանանք
մեր շահը: Բայց այս հարցը ոչ մի իրատեսական հիմնավորմամբ այսպես չի կարելի լուծել:
Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ժողովրդի ապագան: Կորցնելու դեպքում նա չի կարող ոչ
պետություն զարգացնել, ոչ էլ որևէ դեր խաղալ աշխարհում:
Սփյուռքը
Սփյուռքը պետք է չմիջամտի Հայաստանի կյանքին և հակառակը: Այս մտայնությունն է
զարգացվում: Նախագահի բառերով ասած` դա կեղծ կատեգորիա է: Սփյուռք-հայրենիք կապը
ուզում են կարգավորել իշխանությունների միջոցով և ոչ ողջ ժողովրդի մակարդակով: Ով
ընդունեց իշխանությունների թելադրանքը՝ նա վեր է բարձրացվում, և հաճախ այն խավը, որն
արհամարհված է հայության կյանքում: Սփյուռքի հետ հարաբերություննեը պետք է ելնեն
Հայրենիք-Սփյուռք միասնության գաղափարից՝ երկբևե՞ռ, բազմաբևե՞ռ, Հայաստանի՞ց
կարգավորվող` սփյուռքի հետ քննարկելու խնդիր է:
Մեր կողմից ավելացնենք, որ ԱԺՄ 6-րդ համագումարի բանաձևում Հայաստան-սփյուռք
հարաբերություններում վարչախմբի քաղաքականությունը անվանված է պառակտիչ,
Սփյուռքի ֆինանսական կարողությունները սեփական դիրքի ամրապնդման համար
օգտագործող, ՀՅԴ գործունեության կասեցմամբ, ՀՌԱԿ կազմաքանդմամբ և երկքաղաքա-
ցիության մասին օրենքի մերժումով, Սփյուռքի և հայրենիքի միջև պատնեշ հանդիսացող:
Քաղվածքներ Ժուռնալիստի տանը 1995թ.դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցած ԱԺՄ VI-րդ համագումարում
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից
Մարիետա Խաչատրյան
«Լրագիր», 1995, 12 դեկտեմբերի