Վազգեն Մանուկյանն իրավունք չունի՞ քաղաքականությամբ զբաղվելու․Հրապարակ

0
332

Քաղաքական նոր իրողության մեջ թավշյա իշխանավորներին թվում է, թե երկրում արդեն իրենք են որոշողը՝ թե ով կարող է քաղաքականությամբ զբաղվել, ով՝ ոչ, ով կարող է խոսել, ով պետք է լռի, քանի որ իրենք են քաղաքական եղանակ ստեղծողն ու թելադրողը: Եվ բավական է, որ իշխանության համար մի անցանկալի մարդ համարձակվի գլուխ բարձրացնել եւ խոսել քաղաքական թեմաներով, այն էլ՝ ոչ իշխանահաճո բաներ ասել, թավշյաները մոբիլիզացնում են իրենց բոլոր ուժերն ու ռեսուրսները եւ հարձակվում վրան: 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը բավականին երկար ժամանակ, կարծես թե, դուրս էր մնացել քաղաքականությունից, քաղաքական ակտիվ գործունեություն չէր ծավալում, կարծիք չէր բարձրաձայնում, եւ թվում էր, թե նա քաղաքականության մեջ անցել է «թոշակի» ու այլեւս միայն զբաղված է Հանրային խորհրդով: Վերջերս, սակայն, նա սկսեց քաղաքական ակտիվություն ցուցաբերել եւ կարծիք հայտնել: Ի սկզբանե Փաշինյանի նախատրամադրվածությունը Մանուկյանի հանդեպ դրական էր, վարչապետն անգամ նրան համարեց քաղաքական զոհ… Հիշեցնենք, որ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, 1996թ․ նախագահական ընտրություններում Մանուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրապայքարում հաղթել էր, բայց չէր դարձել նախագահ:

Չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Մանուկյանի աջակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում, որոնք ավարտվեցին ԱԺ շենք ներխուժմամբ եւ իրավապահների հետ բախումներով: Փաշինյանի կողմից Մանուկյանին որպես զոհ ներկայացնելը լեզվական սայթաքո՞ւմ էր, թե՞ կանխամտածված խոսք, դժվար է ասել, քանի որ այս խոսքով Փաշինյանը հաստատեց հասարակության մեջ տարածված այն թեզը, որ առաջին ընտրակեղծարարության հիմքը դրվել է հենց 1996-ին՝ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ տապալվել է սահմանադրական կարգը, եւ, հետեւաբար, եթե պատասխանատվության է կանչվում Քոչարյանը, ապա պետք է կանչվի նաեւ ՀՀ առաջին նախագահը: Ինչեւէ, Փաշինյանը Մանուկյանին ներկայացրեց որպես Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի զոհ, իսկ այդ թիմի անդրկուլիսյան անդամն է նաեւ ինքը: Վազգեն Մանուկյանը, ով նախկին իշխանության ժամանակ ՀԽ նախագահն էր, Փաշինյանի օրոք էլ նշանակվեց այդ պաշտոնին:

Ու չնայած Փաշինյանի այս դրական վերաբերմունքին, Վազգեն Մանուկյանը որոշեց դառնալ նրա իշխանության ընդդիմությունը: Ի՞նչն էր պատճառը, գուցե Վազգեն Մանուկյանը լավ գիտակցո՞ւմ է, որ, անկախ արտաքին «մասկիրովկայից», Փաշինյանի քաղաքական հիմնական թիմը ոչ թե երիտասարդ քայլարածներն են, այլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, որի հետ ինքն ունի «դարավոր թշնամանք»: Կամ, միգուցե, Վազգեն Մանուկյանը, լինելով պետական գործիչ, իսկապես մտահոգ է երկրի ներկայով ու ապագայով, ինչի համար էլ որոշեց մտնել քաղաքականություն ու սկսեց խոսել արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում իշխանության թույլ տված կոպիտ սխալներից: Վազգեն Մանուկանը, ով ժամանակին պայքարել է Քոչարյանի իշխանության դեմ, միացավ նրա պաշտպանության համար ստորագրողների բանակին: Իսկ սա արդեն Փաշինյանը  «մահացու» մեղք է համարում: Մանուկյանը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով՝ երկրում ստեղծված իրավիճակը համեմատելով 37 թվի հետ:

«Վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետեւ հեչ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարան ձերբակալեն, ում չեն կարա ձերբակալեն: Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում էդ սլաքները: Սա ձգտում է՝ մի ձեռքում վերցնել իշխանությունը, ու կարեւոր չի՝ նախորդներն այդպիսի՞ն են եղել, թե՞ չէ: Ես կարամ քննարկեմ էդ հարցը, բայց հիմա ես տեսնում եմ, որ ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին: Եվ էս վտանգը բոլորի շեմին է կանգնած»,- Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը։ «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւով, եւ մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է՝ պետությունը դարձնելու անիրավական եւ կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»,- ասում է Մանուկյանը:

Մանուկյանը հիմնեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը, որը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ: 
Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաեւ բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բեւեռացվածություն եւ արդարության դեֆիցիտ:
Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման եւ իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր։
Մենք արձանագրում ենք.
– իշխանության վարած քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները
– հակառակ սիրո եւ հանդուրժողականության խոստումներին՝ հանրությանը սեւերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումը ստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ
– Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:
Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Վերնատուն» ակումբը խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձեւավորմանը եւ հանրային կոնսոլիդացիային»։ 

Քաղաքական սուր քննադատություն-հայտարարությունները, Մանուկյանի՝ ընդդիմադիր դաշտ մտնելը չներվեցին քաղաքական նարցիսիզմով տառապող Փաշինյանի իշխանության կողմից, որն էլ անցավ հակամանուկյանական գրոհի: Իր գործին անցավ Արման Բաբաջանյանը, ով դիմեց վարչապետ Փաշինյանին՝ պահանջելով, որ նա ՀԽ նախագահի  պաշտոնից ազատի Վազգեն Մանուկյանին, իր պահանջը հիմնավորելով, թե ապաքաղաքական պաշտոն զբաղեցնողը հանդես է գալիս քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով. «Հստակ իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ: Իսկ նա, 1998 թվականից սկսած, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել, նշանակումներ է ստացել»: Բաբաջանյանը, դարձյալ շահարկելով իր եւ Նաիրի Հունանյանի բացառիկ «դարակազմիկ» հանդիպումը, սկսեց ակնարկել, թե Վազգեն Մանուկյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, որ նա «ոռոգել» է Հունանյանի արյունոտ մտահղացումը. «Նաիրի Հունանյանը քաղաքական ուժի եւ այլ գործիչների անուններ է տվել եւ մասնավորեցրել է այս դեպքում Վազգեն Մանուկյանին՝ մի քանի անգամ խոսելով նրա մասին: Ես, իհարկե, հեռու կմնամ եւ չեմ կարող որեւէ կերպ հավատալ, որ Վազգեն Մանուկյանը որեւէ դերակատարություն ունի Հոկտեմբերի 27-ի իրագործման մեջ, բայց որ Վազգեն Մանուկյանը մեկն է այն գործիչներից, ովքեր սնել են Նաիրի Հունանյանին այդպիսի տրամադրություններ, որը հանգեցրել է այդպիսի ոճիրի, դա հաստատապես կարող եմ պնդել»: 

Վազգեն Մանուկյանը չի կարող պաշտոնանկ արվել, քանի որ նրա պաշտոնավորումը սահմանվում է օրենքով, եւ մինչեւ ժամկետի լրանալը վարչապետն իրավունք չունի նրան պաշտոնից ազատելու: Իսկ նրա պաշտոնավարման ժամկետը չի սպառվել՝ ավարտվում է 2020-ի ապրիլին: Այդ հարցը թողնենք մի կողմ եւ խոսենք նրա քաղաքական գործունեության հեռանկարից: Ճիշտ է, Մանուկյանը խոցելի է այն հարցում, որ ՀԽ նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է 2009-ից, առանձնապես աչքի չի ընկել հանրության եւ հասարակության համար բարենպաստ որոշումներ կայացնելով, ավելի շատ իշխանահաճո որոշումներ են կայացվել: Սակայն այստեղ հարցն այն է, որ հայոց պատմության մեջ եւ, առհասարակ, հայրենիքի համար որեւէ դերակատարում չունեցած արմանբաբաջանյաններն են արդեն մեր երկրում որոշում, թե ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքականությունից խոսելու, ով՝ ոչ:

Չմոռանանք, որ այս դեպքում խոսքը մի մարդու մասին է, ով անմիջական դերակատարում է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ. Վազգեն Մանուկյանը «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային դեմքերից էր, կոորդինատորը, երկրորդ հանրապետության առաջին վարչապետը, այնուհետեւ՝ պաշտպանության նախարարը, եւ արժանապատվորեն է կատարել իր ստանձնած բոլոր պաշտոնները, եղել է լավ դիվանագետ եւ ռազմագետ, կարողացել է նորանկախ Հայաստանը ոտքի կանգնեցնել եւ ճիշտ ուղով տանել:

Մի խոսքով, Մանուկյանը Հայաստանի երկրորդ հանրապետության  պատմության կերտողներից է, քաղաքականության առանցքային դեմքերից, եւ հանկարծ դասալիքների իշխանությունը որոշում է քաղաքականապես լռեցնել Վազգեն Մանուկյանին… այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունն ունի պետական գործիչների, պետականամետ մտածողությամբ մարդկանց պակաս եւ նրանց խորհուրդների կարիք…
 

Նաիրա Վանյան