Վազգեն Մանուկյան․ «Ուժայիններին, բանակին, ոստիկանությանը՝ երդվել եք երկիրը պաշտպանել, ոչ թե՝ Նիկոլին։ Հավաքվեք իրար հետ, հակասահմանադրական որոշումները պարտավոր չեք կատարել»

0
329

«Առանձին-առանձին մեր խնդիրները չենք կարող լուծել, զուտ մաթեմատիկորեն այդ խնդիրը չի լուծվի՝ եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, առանձին՝ Արցախի հարցը։ Դրանք շաղկապված են»,-այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած ՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված հանրահավաքին իր ելույթում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Նա ասաց, որ Արցախի ժողովուրդը ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որպեսզի Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն․ «Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի։ Ու այնտեղ ծծկեր երեխաներ, կանայք, տղամարդիկ, մեծահասակներ․․․ այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետեւ քիչ է այսպիսի բան պատահում, որ 120 հազար հոգի մնան մի տեղում պաշարված եւ չուզենան հանձնվել իրենց հայրենիքը պահելու համար։ Սա ոսկի տառերով գրվելու է համաշխարհային պատմության մեջ։ Այդ ժամանակ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք։ Դա ոչ միայն բարոյական կամ քաղաքական տեսակետից սխալ է, դա սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»։ Մանուկյանի կարծիքով՝ Արցախի այս ընդվզումը, պահվածքը հանգեցրեց  նրան, որ ամբողջ աշխարհն այսօր հետաքրքրվում է Արցախով․ «Ֆրանսիացիներն են գալիս մեքենայով, տարբեր խորհրդարաններում խոսում են դրանց մասին։ Արցախի մասին չէին խոսա․․․ քո մասին խոսում են, քեզ հետ հաշվի են նստում, եթե դու քեզ ամուր ես պահում, եթե համառ ես։ Հիմա Նիկոլը նոր բան է մտածել, ասում է՝ մենք պետք է հասնենք միջազգային կառույցներ, որոնք կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Սուտ է ասում, չկա այդպիսի բան։ Ռուսական բանակն այնտեղ կանգնած է՝ այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիներն ուզում են մեքենայով ապրանք տանեն, չեն կարողանում։ Էդ ո՞նց է էդ խնդիրը միջազգային կարգով լուծվում։ Դա անլուծելի խնդիր է։ Ես չեմ ասում՝ ինչ ծրագրեր ունեն մյուս պետությունները, որովհետեւ մեր պետության եւ մեր ազգի շահերն ու նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, ոչ թե Վաշինգտոնում կամ Անկարայում, այլ՝ Երեւանում։ Եվ այդ ազգային հարցերը մի անգամ մենք ժողովրդով որոշել ենք։ Մենք եկել ենք համաձայնության ու գրել հռչակագիր, որը դարձել է մեր պետության հիմքը, Սահմանադրության հիմքը։ Ես այդքան լուրջ չէի վերաբերվում հռչակագրին, ինչքան հիմա եմ վերաբերվում, որովհետեւ ես տեսնում եմ, որ կյանքը ցույց տվեց, որ այդ հռչակագիրը շատ կարեւոր փաստաթուղթ էր, երբ մի փաստաթղթի մեջ կապվեց Արցախը Հայաստանին, Հայաստանի ներսի արդարությունը, ժողովրդավարությունը, ցեղասպանությունը, ամեն ինչ  մտավ մեջը»։

Մանուկյանի ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործություն է կատարում՝ Արցախը հանձնելով։ «Նորից եմ կրկնում՝ ուժային կառույցներին, մեր բանակին, ոստիկանությանը, որոնք հերոսաբար իրենց պահեցին պատերազմի ժամանակ, հիշեք, դուք երդվել եք երկիրը, Սահմանադրությունը պաշտպանելու, ոչ թե՝ Նիկոլին։ Հավաքվեք իրար հետ, ընտանիքներով խոսեք, ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումներ, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, պարտավոր չեք կատարել, հակառակը դուք մեղսակից կլինեք՝ եթե բան կատարեք»,-հայտարարեց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ պետք է համազգային շարժում սկսել․«Մի խղճուկ մարդ իր թիմով, կայծակնային արագությամբ աղքատությունից դարձավ Հայաստանի  հարուստ մարդկանցից։ Այդ թիմով ուզում է Հայաստանի ճակատագիրը որոշի։ Մենք պետք է հարցը որոշենք ժողովրդով․․ եթե մենք էլ Արցախի պես նույն համառությամբ մեր սկզբունքների շուրջ համախմբված մնանք, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի։ Մենք պետք է ձեւակերպենք մեր խնդիրները, հետո նոր դաշնակից փնտրենք՝ թե ով է մեզ հետ այդ խնդիրը լուծելու, ոչ թե դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրը այստեղ լուծենք։ Դրա համար մեկ-երկու հանրահավաքները հարց չեն լուծում։ Պետք է լինի ազգային-ժողովրդական շարժում։ Կան կարող ուժեր, մեծ կուսակցություններ, նրանք պետք է համախմբվեն, պայմանագիր կնքեն՝ մենք գնում ենք այս խնդիրը լուծելու, ամենքս ունի այս պարտավորությունը, նրանք պետք է կոմիտե ստեղծեն 7-10 հոգանոց, որը ղեկավարելու է շարժումը։ Կոմիտեի մեջ մտած կուսկացությունները պետք է ենթարկվեն կոմիտեի որոշումներին։ Կոմիտեն պետք է ստեղծի համազգային շարժումը, պետք է կարողանա ցույց տալ աշխարհին Հայաստանի կամքը, եւ առաջին հաղթանակը կոմիտեի պետք է լինի իշխանափոխությունը։ Սա մեծ պարտություն կլինի Բաքվի եւ Անկարայի համար»։