Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

0
353
OLYMPUS DIGITAL CAMERA

Փետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման 20-ամյակը: Մի Շարժում, որի ժամանակները հիշում եմ հպարտությամբ, պայծառ զգացումներով, ոգեւորությամբ, ժամանակներ, երբ բոլորս համերաշխ էինք, նույն զգացմունքներով էինք համակված, նույն նպատակներով էինք տոգորված, կարողանում էինք միասին գործել: Մենք բոլորս անվախ էինք:

Երբ 1990 թ. Շարժման գաղափարների հիման վրա Գերագույն խորհուրդն այս դահլիճում ընդունեց Հռչակագիր, որով գծագրվեց, թե ինչպիսի պետություն ենք ուզում տեսնել՝ ոգեւորված էինք, գնում էինք այդ ճանապարհով: Հետագայում, երբ պետական անկախությունն իրավական ձեւակերպում ստացավ, Հռչակագիրը հիմք դարձավ այդ պետությունը կառուցելու համար: Դրանից հետո, որպես անկախ պետություն, հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմում, դրվեցին ժողովրդավարության, ազատ ձեռներեցության հիմքերը, բայց եղան նաեւ հուսախաբություններ ու հիասթափություններ, վախ ապագայի հանդեպ: Եվ այսօր հայտնվել ենք այս վիճակում։ Դրանում բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Չեմ խոսի այն մասին, թե ով ինչ չափով է մեղավոր, ով ինչ է արել, ես դատավոր չեմ, թող պատմությունը դատի:

Այսօր ի՞նչ պետությունում ենք գտնվում: Հռչակվել է ժողովրդավարություն, բայց ընտրությունները՝ ժողովրդավարության ամենահիմնական մեխանիզմը, որը պետք է ապահովեր ժողովրդի իշխանությունը, բացարձակապես չի գործում: Իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքում է, որոնք անում են՝ ինչ ուզում են: Դատական համակարգ չկա, այն իշխող խմբի սպասարկողն է: Համատարած կոռուպցիա է՝ վերից վար, ամբողջ պետական ապարատը, ամբողջ հասարակությունը թաթախված է դրա մեջ: Բնական հարստություններն են քամուն տրվում, հերթը հասավ Թեղուտին: Դրամի անսպասելի արժեւորումը ոչ միայն խփում է մեր ժողովրդի մի մեծ մասի գրպանին, այլեւ քայքայում է մեր տնտեսությունը: Այս վիճակում ենք ապրում: Մի պետության մեջ, որտեղ չկա ոչ քաղաքական, ոչ տնտեսական ազատ մրցակցություն, եւ որպես դրա հետեւանք, քաղաքական եւ տնտեսական լծակների մոտ են հայտնվում անպիտան մարդիկ, որոնց միակ նպատակը այդ դիրքերը պահելն է: Այն մարդիկ, ովքեր ունեն բարոյականություն, բանականություն, գիտելիքներ, դուրս են մնում այդ համակարգից: Ահա այս պայմաններում ենք ապրում: Եվ պատահական չէ, որ հասարակության մեջ առաջացել է մի բանաձեւ՝ ազատվել սրանցից, ազատվել ամեն գնով: Դա է մեր հասարակության ներկայիս հրամայականը: Բայց հարց է՝ կկարողանա՞նք, եւ եթե կարողանանք, նույն ծուղակը չե՞նք ընկնելու: Քանի որ միայն անձերով չի պայմանավորված այս ամենը, սրա տակ թաքնված է վաղուց ի վեր ձեւավորված, երկար տարիներ աշխատող մի համակարգ: Որո՞նք են այդ համակարգի արմատները: Այն համընդհանուր ոգեւորությունից հետո ինչպե՞ս այսպիսի համակարգ ձեւավորվեց:

Առհասարակ հեղափոխություններից հետո միշտ էլ առանձնանում է հեղափոխությունն իրականացրած մարդկանց մի խումբ, որոնք սկսում են մտածել, թե իրենք ընտրյալներն են, թե իրենք առաջնորդվում են այնպիսի սկզբունքներով ու գաղափարներով, որոնց ժողովուրդը դեռ անհաղորդ է, հետեւաբար վտանգավոր է լսել ժողովրդի ձայնը, իշխանություն տալ ժողովրդին։ Նույնը տեղի ունեցավ մեզանում: Մարդկանց մի խումբ երեւակայեց, որ իրենք վեր են կանգնած ժողովրդից, ճակատագրով իրենց է տրված առաջնորդի դերը, իսկ ժողովրդի ձայնը լսելը նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ միշտ էլ կարող է մեջտեղ գալ մի արկածախնդիր, որը, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից, կառաջնորդի նրան: Իրենք հասկանում են՝ ինչ է անկախությունը, ժողովուրդը չի հասկանում, իրենք հասկանում են՝ ինչ է նշանակում ժամանակակից պետություն, ժողովուրդը չի հասկանում: Եվ որպեսզի ժողովուրդը շարունակ դեմ չկանգնի, խոչընդոտներ չստեղծի այս ճանապարհին՝ կապված նաեւ ազգային հիմնահարցերի հետ, պետք է նվազեցնել նաեւ ազգային մտածողությունը: Եվ, ըստ նրանց, ազգային մտածողությունը դառնում է կեղծ կատեգորիա:

Միաժամանակ ծագում է մյուս խնդիրը. եթե անկախ պետություն ենք դարձել, եթե պետություն ենք կառուցում, որտեղ պետք է ձեւավորվի տնտեսական ու ֆինանսական էլիտա, որը հետագայում վճռական դեր է խաղալու իշխանությունը փոխելու կամ իշխանություն պահելու խնդրում, ապա այդ էլիտան պետք է ձեւավորվի միայն յուրայիններից: Ահա թե ինչու սեփականաշնորհման ամբողջ գործընթացը կատարվեց ոչ թե մրցակցային սկզբունքով, սեփականությունը շնորհվեց ոչ թե այն արժանիներին, ովքեր ի վիճակի էին աշխատեցնել եւ զարգացնել այն, այլ տրվեց միայն յուրային մարդկանց: Կաբինետներում նստած՝ թուղթ ու գրիչով որոշում էին՝ այս գործարանը սրան, այն մեկը՝ նրան:
Այս համակարգը հետագայում ամրագրվեց 1995թ. ընդունված Սահմանադրությամբ եւ լուրջ փորձության ենթարկվեց 1996 թվականին, փորձություն, քանի որ դիմացը կանգնած էին ոչ թե կոմունիստական կամ այլ ուժեր, որոնց կարելի կլիներ մեղադրել, թե դեմ են անկախությանը, ժամանակակից պետության կառուցմանը, այլ կանգնած էր Շարժման մի հսկայական հատված, որն առաջնորդվում էր անկախության, ազատության նույն գաղափարներով, նույն սկզբունքներով: Եվ պարզ դարձավ, որ այդ ամենը ինքնախաբեություն էր եւ իրականում դրանց տակ անձնական շահեր էին ընկած: Ցավոք, իշխող խումբը չկարողացավ վեր կանգնել թիմային եւ անձնական շահերից: Եվ 1996-ով էր պայմանավորված 1998-ը, 98-ով՝ հոկտեմբերի 27-ը, հոկտեմբերի 27-ով՝ 2003 թ. ընտրությունները, եւ դրանով է պայմանավորված այս օրը: Սա մի շղթա է: Կարելի է կարծել, թե ինձ համար դժվար է այդ շղթայի մասին խոսել, որովհետեւ իմ անունը այդ շղթայի մեջ կա։ Բայց, համոզված եղեք, դա բացարձակապես անձնական հարց չէ։

1998թ. եկան նորերը: Բայց ի՞նչ նորեր: 1996 թ. հետո իշխանության մի մասի մեջ հոգեբանական լուրջ կոմպլեքսներ առաջացան, բայց այն հատվածը, որը կոմպլեքսներ չուներ, վերցրեց իշխանությունը. ինչ է եղե՞լ որ: Ի՞նչ նոր բան բերեցին: Եթե նախորդներն ասում էին, որ ժողովուրդը ոչինչ չի հասկանում ժողովրդավարությունից եւ ժամանակակից պետությունից, ապա սրանք սկսեցին խոսել, թե այս ժողովուրդը ոչինչ չի հասկանում Ղարաբաղի հարցից, ընդհանրապես ազգային հարցերից. «Սրանց թողնենք՝ Ղարաբաղն էլ կհանձնեն, ամեն ինչ էլ կհանձնեն»: Հին մտայնությունը փոխվեց մի ուրիշով: Նրանք կեղծում էին՝ հիմնվելով «ազատ պետության» գաղափարի վրա, սրանք կեղծում են՝ հիմնվելով «ազգային գաղափարի» վրա:
Երկրորդ հարցը: Սրանք էլ մտածում էին՝ նույն տրամաբանությամբ. եթե էլիտայի վրա ենք հենվում, ուրեմն պետք է բերենք մեր մարդկանց, հարստացնենք, հանդուրժելով նաեւ քաղաքական վտանգ չներկայացնող նախորդներին: Բնական է, քանի որ ղարաբաղցի էին, բերում էին ղարաբաղցիներին, ստեփանավանցի լինեին՝ ստեփանավանցիներին կբերեին: Եվ Հայաստանում ստեղծվեց մի սարսափելի վիճակ: Մի ազգ, որը միասնական էր, մի ազգ, որ համախմբված հաղթել էր Ղարաբաղի պատերազմում, հանկարծ սկսեց հայաստանցի-ղարաբաղցի բանաձեւով մտածել: Դրան գումարվեց մի ուրիշ երեւույթ: Եթե մինչ այդ կոռուպցիա կար եւ բավականին խորն էր, ապա այժմ այն համակարգ է դարձել: Ծավալուն աշխատանքներ են արվում. ճանապարհներ ու շենքեր են կառուցվում, նախարարություններ են աշխատում, եւ ամեն ինչի հիմքում կոռուպցիան է ընկած: Կոռուպցիան հանես՝ պետական ապարատը կփլվի: Այսինքն՝ կոռուպցիան ոչ թե ժամանակավոր մի բան է, այլ դրա վրա է կառուցված ամբողջ աշխատանքը, պետական բոլոր մեխանիզմները կառուցված են հենց այդ կոռուպցիայի վրա:
Մենք ուզում ենք ոչ միայն ազատվել սրանցից եւ այս ամենից, այլեւ համակարգը փոխել: Մեր մտածողությունն ենք ուզում փոխել, պետությունն ենք ուզում վերափոխել: Ակնհայտ է, որ ներկա իշխանավորները պետք է գնան: Բայց միայն անձերը փոխելով՝ չենք կարող պետությունը նորոգել ու դարձնել նորմալ պետություն: Դա անհնար բան է:
Հետեւաբար հարց է ծագում՝ իսկ ի՞նչ փոփոխություններ պետք է անենք: Երբ խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես նոր Սահմանադրություն, նոր օրենքներ: Ճիշտ ընկալում է, իհարկե, բայց դա բավարար չէ: Կարող ենք մեխանիկական ճանապարհով գնալ: Ասենք, կարող ենք վերցնել որեւէ լավ պետության օրինակ, նրա Սահմանադրությունը, օրենքները, ընդօրինակել եւ մտածել, որ այսուհետեւ կապրենք լավ պետության մեջ: Այդպես չէ: Կարող եմ ասիական եւ աֆրիկյան երկրների տասնյակ օրինակներ բերել, որոնք 60-ական թթ. անկախություն ստացան, վերցրին Միացյալ Նահանգների, Անգլիայի, (հիմնականում այդ երկու երկրների) Սահմանադրությունը, բայց ոչնչի չհասան: Դա իրենց համար զուտ մեխանիկական, թղթի վրա գրած օրենքներ էին, ուրիշ ոչինչ:

Ամեն մի արդյունավետ աշխատող համակարգի հիմքում ընկած են որոշակի փիլիսոփայական, գաղափարական սկզբունքներ, որոնք ընդունվում են ժողովրդի հիմնական մասի կողմից՝ դառնալով ոչ պարտադրված դոմինանտ նրա մտածողության մեջ։ Եվրոպական համակարգի հետեւում ընկած է դարավոր պայքար, ընկած է Վերածնունդը, ռեֆորմացիայի շարժումը, Ֆրանսիական հեղափոխությունը, 1848թ. եվրոպական հեղափոխությունները, եւ դրանց գաղափարների վրա է հիմնված ներկա եվրոպական համակարգը։ Եվ պետք է հասկանալ, որ ոչ մի մեխանիկական ճանապարհ չկա՝ ուրիշներից վերցնել լավ սահմանադրություն, լավ օրենքներ եւ դառնալ լավ երկիր։ Այդպես չի լինում: Նորից կրկնենք, որ արդյունավետ գործող համակարգի մոդելի հիմքում միշտ էլ լինում են դոմինանտ գաղափարներ, որոնք չեն պարտադրվում, սակայն ժողովրդի մեծամասնությունը դրանք իր սեփականն է համարում: Եթե գնում ենք միայն մարդ փոխելու, եթե ժողովուրդը համախմբված չէ ինչ-որ գաղափարի շուրջը, այն գաղափարի, որը մեր մտքում դոմինանտ է, պարտություն ենք կրելու: Ոչ թե հաղթելու ենք ու ծուղակն ենք ընկնելու, այլ ուղղակի չենք հաղթելու: Որովհետեւ աշխարհում ամենամեծ ուժը, որ կարողանում է ժողովրդին ոտքի բարձրացնել եւ փոխել կյանքը, մտքի մեջ արմատացած դոմինանտ գաղափարներն են:
Որո՞նք են մեր ժողովրդի մեջ այդ դոմինանտ գաղափարները, որոնք դրսեւորվեցին 1988թ. եւ որոնց վրա է միայն հնարավոր կառուցել արդյունավետ համակարգ: Ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում երկու սյուն կար, որոնց վրա էր հենված մեր ամբողջ մտածողությունը: Եվ երկուսն էլ դոմինանտ էին:

Մեկը ազատության գաղափարն էր. հայ մարդը սիրում է ազատություն: Նայենք պատմությունը, եւ կտեսնենք, որ նա միշտ պայքարել է իր ազգային եւ անհատական ազատության համար: Ուրիշ երկրներում էլ, Հնդկաստանից մինչեւ Հունգարիա, բոլոր ազատագրական պայքարների մեջ հայերը եղել են առաջին դիրքերում: Ազատության ձգտման շնորհիվ է կառուցվում ժողովրդավարական պետությունը, որտեղ մարդը հնարավորություն է ստանում ապրել ազատ, օրենքով պաշտպանված լինել իշխանությունների ոտնձգություններից, շփվել աշխարհի հետ, հպարտ ապրել որպես ազատ քաղաքացի: Դա դոմինանտ է, եւ ցանկացած մեկը, որը ասի եւ պարտադրի, թե հանուն իր ազգային ինչ-ինչ մտապատկերի, բոլորս մժեղի պես պարտավոր ենք լծվել այդ մի սայլին եւ առաջ տանել, չարաչար կսխալվի: Դա անարդյունավետ ճանապարհ է:

Բայց հայերիս համար մի ուրիշ դոմինանտ էլ կա: Հայ մարդը նվիրված է իր ազգային ավանդական արժեքներին. ուզում է ապրել հայկական ավանդույթներով, հայկական նիստուկացով, ուզում է մասնակցել ազգային խնդիրների լուծմանը: Բայց հայերը նաեւ ձգտում են եւ կարողանում են համագործակցել մյուս ժողովուրդների հետ, եւ դա հայերի շատ կարեւոր առանձնահատկությունն է: Թերեւս ամենահանդուրժող ու համագործակցող ժողովուրդն ենք, բայց նաեւ ուզում ենք մյուսների հետ խաղաղ մրցակցության պայմաններում զգալ մեզ որպես թիմի անդամ եւ հպարտանալ այդ թիմի յուրաքանչյուր հաղթանակով: Եվ հասկանալի է, որ մրցակցության մեջ առաջադիմելը ոչ միայն հպարտության առիթ է, այլ նաեւ շահավետ է յուրաքանչյուրի համար առանձին: Հայն ուզում է լինել այս պետության լիարժեք քաղաքացի, բայց ուզում է նաեւ զգալ համաշխարհային հայության անդամ: Եվ այն, թե թող Սփյուռքը ինչ-որ ձեւով կազմակերպվի, հետո կնստենք, իրար հետ կխոսենք, ճիշտ չէ: Հայերի մեծ մասը ապրում է դրսում եւ այնտեղ կարողանում են համագործակցել միմյանց հետ, հպարտանում են Հայաստանով, ուզում են ընդհանուր գործեր անել: Սահմանափակվել միայն պետությունով, նշանակում է հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում կուտակած ներուժը դեն շպրտել: Ու այս առումով կարեւոր է այն, որ այս երկու գաղափարը (ազատություն, ազգային կերպ) չեն հակասում իրար եւ արդյունավետ գործում են միայն այն դեպքում, երբ միասին են:

Երբ հրաժարվում ես ազգայինից, չի գործում ազատության գաղափարը, հրաժարվում ես ազատության գաղափարից՝ չի գործում ազգայինը: Դրանք շատ սերտ շաղկապված են: Եվ եթե մոդել ենք կառուցում, եթե կրթության ծրագիր ենք ներկայացնում, առողջապահության, գյուղատնտեսության ծրագիր ենք ներկայացնում, ապա միշտ պետք է հաշվի առնենք այս երկու բաղադրիչները: Օրինակ՝ գյուղատնտեսության համար Միացյալ Նահագների մոդելը, երբ կատարվում է հողերի խոշորացում, մեծ ֆերմաներ են առաջանում, բնակչության մեկ տոկոսը աշխատում է ու մնացածներին կերակրում, բացարձակապես մեզ չի համապատասխանում: Բայց իտալական մոդելը, որը հողերի խոշորացմանը հասնում է կոոպերացիայի միջոցով, մեզ հոգեհարազատ է: Եթե խնդիր ենք դնում այս հողի վրա մի կերպ ապրել, ապա կրթական համակարգը մեզ համար կարեւոր բան չէ: Խորհրդային միությունում ունեինք լավ գիտական եւ կրթական համակարգ: Ինչո՞ւ, որովհետեւ Խորհրդային միությունը՝ որպես կայսրություն, մեծ հավակնություններ ուներ, պայքարում էր աշխարհի հետ եւ հասկանում էր, որ այդ պայքարում շատ կարեւոր են կրթությունն ու գիտությունը:

Միությունը օգտագործում էր մեզ, մենք էլ օգտվում էինք նրանից, ունեինք փայլուն գիտական եւ կրթական համակարգ: Եթե մեր մտքում ունենք այն գաղափարը, որ մի թիմ ենք, որ համագործակցելով մյուս ժողովուրդների, մյուս պետությունների հետ՝ նաեւ մրցում ենք նրանց հետ, ապա դարձյալ առաջանում է այդ անհրաժեշտությունը: Առաջ ընկնելու համար այդ ոլորտները պետք է զարգացնել: Այդ է մեր ճանապարհը: Եվ ես համոզված եմ, որ հայերի 90 տոկոսի մտքում կա այդ հեռանկարը՝ երբեմն գիտակցված, երբեմն՝ չգիտակցված: Եվ եթե ժողովուրդը առաջ չգնա՝ նպատակ ունենալով կառուցել պետություն, որը հիմնված է ազատության եւ ազգային գաղափարների վրա, ապա չի հաղթի խուժանին, հաղթի էլ, չի կարողանա տեր դառնալ այս երկրին: Այնինչ վիճաբանությունների արդյունքում ոմանք հրաժարվում են ազգայինից, ոմանք՝ ազատության գաղափարից: Եվ այդ տեսանկյունից է երբեմն քննարկվում նաեւ Ղարաբաղի հարցը:

Երբեք ընտրությունների ժամանակ այնքան մեծ նշանակություն չի ունեցել Ղարաբաղի հարցը, որքան այժմ: Այդ իսկ պատճառով ուզում եմ համառոտ ներկայացնել մեր պատկերացումները Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Շատ վտանգավոր է այն կարծիքը, թե Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք: Հանգիստ չեք ապրի. Հայաստանը կվերանա: Եվ մյուս տեսակետը՝ ոչ մի թիզ ոչ մեկին, սա մեր պապենական հողն է, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ դա քաղաքական մոտեցում չէ:
Ղարաբաղյան շարժումը կրոնական պայքար չէր, էթնիկական պայքար չէր, ինչպես ոմանք ներկայացնում են: Դա պայքար էր ժողովրդի ինքնորոշման համար, պայքար էր ազատության համար, պայքար էր անվտանգության համար: Բայց դրա հիմքում նաեւ պատմական արդարության հարց կա, ազգային երազանքի հարց՝ եւ ղարաբաղցիների, եւ հայաստանցիների համար: Ղարաբաղի քաղաքական պայքարին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով եւ ռազմական գործողություններով, որոնք հետագայում վերաճեցին լուրջ պատերազմի: Իրենք սկսեցին այդ պատերազմը, մենք հաղթեցինք այդ պատերազմում: 1994թ. բանակցություններ սկսվեցին, եւ մենք ողջունում ենք դրանք, անշուշտ, գտնելով, որ Ղարաբաղն այդ բանակցություններում պիտի լինի բանակցող կողմ:

Ղարաբաղն արդեն 15 տարուց ավելի անկախ պետություն է, եւ նվաճել է այդ անկախությունը։ Այնտեղ ապրում է մի սերունդ, որի համար հին կարգավիճակը պատմական անցյալ է, ինչպես մեզ համար Նիկոլայ թագավորի ժամանակները: Իհարկե, այնտեղ կան ներքին պրոբլեմներ, դա այն պետությունը չէ, որտեղ ամեն ինչ իդեալական է, մեր հիվանդությունները նրանք էլ ունեն։ Բայց դա անկախ պետություն է: Ես չգիտեմ մի դեպք, որ մի այսպիսի կարգավիճակ ունեցող պետության վերաբերյալ ուրիշ պետություններ թուղթ ստորագրեն եւ նրան մտցնեն այս կամ այն պետության կազմի մեջ: Այդպիսի պատմական դեպք չեմ հիշում: Միայն երկու դեպքում է դա լինում. եթե ժողովուրդն ինքը կամավոր որոշում է իր կարգավիճակը, ասում է՝ մտնում ենք այսինչ պետության մեջ, կամ տեղի է ունենում պատերազմ, կատարվում է նվաճում օտարի կողմից:

Քանի դեռ այս հարցերը չեն գիտակցվել մյուս բոլորի կողմից, խոսել տարածքների զիջման մասին, այն տարածքների, որոնք ապահովում, երաշխավորում են Ղարաբաղի անվտանգությունը, պաշտպանվածությունը, ուղղակի անհեթեթություն է: Դրանով ընդամենը Ադրբեջանին դրդում ես պատերազմ սկսել, վտանգելով Ղարաբաղի անվտանգությունը, վտանգելու ենք նաեւ Հայաստանի անվտանգությունը, կորցնելու ենք Զանգեզուրը, կորցնելու ենք շատ բան: Կորցնելու ենք ինքնավստահությունը, հավատը մեր ուժերի նկատմամբ, մեր ապագայի նկատմամբ:
Ինչո՞ւ բանակցություններն արդյունք չեն տալիս: Ո՞վ է մեղավոր: Առաջին մեղավորը, իհարկե, Ադրբեջանն է, եթե դա կարելի է մեղք համարել: Ո՞րն է նրա «մեղքը»: Նա, համոզված լինելով, որ ժամանակը աշխատում է իր օգտին, պահանջում է ամբողջական զիջում։ Ժամանակը աշխատում է իր օգտին բանաձեւը նշանակում է, որ ունենալով նավթի մեծ պաշարներ, նա ոչ միայն հնարավորություն ունի զարգացնել իր տնտեսությունը, ամրապնդել իր բանակը, այլ նաեւ կարեւոր դերակատար է սկսում ընկալվել այս տարածաշրջանում ուրիշ պետությունների կողմից՝ ունենալով նաեւ բնական դաշնակից՝ Թուրքիան։ Եվ այս պայմաններում նա չի խոսում փոխզիջումների մասին, ասում է՝ զիջեք ամբողջությամբ եւ բանակցությունների մեջ միայն այդ նպատակն է դնում։ Իսկ ինչն է Հայաստանի «մեղքը»: Հայաստանը մեղավոր է, որ չի կարողանում եւ լրջորեն չի փորձում ժամանակն աշխատեցնել իր օգտին: Իսկ կա՞ այդպիսի հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։

Առաջին պայման. Հայաստանը պետք է իրոք ազատ երկիր լինի, ժողովրդավարական, ազատ երկիր: Այն ձեռներեց մարդիկ, որոնք գնում են ամերիկաներում եւ ռուսաստաններում ձեռներեցությամբ զբաղվելու, կարող են այստեղ գործ անել: Տվեք հային ազատություն, կտեսնեք՝ ինչ թափով զարգացում կլինի բոլոր ասպարեզներում: Մարդիկ ինչքան հպարտ կլինեն, ինչքան անձնազոհ կլինեն իրենց հայրենիքի նկատմամբ:
Դրա հետ միասին մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայություն, որի գումարային ֆինանսական կարողությունները եւ ազդեցությունը համեմատելի են Բաքվի նավթի գործոնի հետ: Եթե այդ հնարավորությունները գործի մեջ չդնես, տանուլ ես տալու: Մինչեւ ժամանակը մենք մեր օգտին չդարձնենք, ոչ մի բանակցություն Ադրբեջանի կողմից իրական չի լինելու: Լինելու է խաբեություն: Պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը համոզված էր, որ կհաղթի, մերոնց հետ բանակցություններ էր վարում Ստոկհոլմում, տարբեր վայրերում: Բայց դա խորամանկություն էր իր կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված էր, որ պատերազմում հաղթելու է: Պատերազմում մենք հաղթեցինք եւ պարտադրեցինք, որ գնա բանակցությունների: Պատկերավոր ձեւով կարելի է ասել, որ այժմ, մի կողմից, Հայաստանի ու Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ «սառը պատերազմի» պես մի բան է ընթանում: Ո՞վ կհաղթի այդ սառը պատերազմում: Միայն մեր հաջողությունն այս «սառը պատերազմում» բանակցությունները կդարձնի իրական, եւ այդ հարցը արդար լուծում կստանա:

Բայց մի ուրիշ հարց էլ կա, որ ուզում եմ կապել Ղարաբաղի հետ: Այն տարածքներում, որտեղ պետությունները հակամարտության մեջ են, ցանկացած լուծում ժամանակավոր է: Իսկ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բոլոր պետությունները հակամարտությունների մեջ են: Ոչ մի խնդիր չէր լուծվի հին Եվրոպայում, լինի Պրուսիայի հարցը, Դանցինգի թե Էլզաս-Լոթարինգիայի հարց: Երկու համաշխարհային պատերազմ եղավ: Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո առաջացավ Միացյալ Եվրոպայի ծրագիրը, եւ այդ ծրագրի մեջ այդ բոլոր հարցերը լուծում գտան: Ուրեմն մենք ամենից շատ ենք շահագրգռված, որ այս տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներ սկսվեն: Կովկասի լեռներից մինչեւ Պարսից ծոց: Պատկերացրեք մի տարածք, որտեղ կա Աբխազիայի հարց, Օսեթիայի հարց, Ղարաբաղի հարց, Պաղեստին-Իսրայելի հարց, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց, Իրանի եւ Արեւմուտքի հարց: Բայց մի՞թե ֆանտաստիկ չէր թվում նույնանման ծրագիրը Եվրոպայում, երբ այն ներկայացվեց: Այնտեղ էլ ժողովուրդներ էին, որոնք իրարից հող էին խլում ու իրար դեմ կռվում: Բայց ծրագիրն իրականացավ: Մեր առաքելությունն այդ է այս տարածաշրջանում. հետեւողականորեն շարունակելով Եվրամիության անդամ դառնալու գործընթացը, միաժամանակ նախաձեռնել մի նախագիծ, մի պատկերացում, որը շահագրգռի, օգտավետ լինի այս տարածաշրջանի բոլոր պետությունների, ժողովուրդների համար: Դա տասնյակ տարիների աշխատանք է: Բայց առանց այդ աշխատանքի՝ մեր տարածաշրջանում ցանկացած առանցքային հարցի լուծում լինելու է ժամանակավոր:
Իսկ մինչ այդ, ժամանակը աշխատեցնելով մեր օգտին, գուցե պետք է դիտարկել Ղարաբաղին 10-20 տարով Եվրամիության մանդատ շնորհելու տարբերակը: Ժամանակին այն կցկտուր ներկայացվել է հասարակությանը, եւ ավելի մանրամասն կներկայացնենք ծրագրի մեջ, բայց դա, իհարկե, լուրջ քննարկման առարկա է: Մեր կարծիքով՝ դա ձեռնտու կլիներ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ առհասարակ ողջ տարածաշրջանի համար:
Ղարաբաղի հարցը ոչ թե խոչընդոտ է մեր երկրի զարգացման համար, այլ հակառակը՝ խթան է մեր ժողովրդի ստեղծագործական հատկությունների դրսեւորման, ոգեշնչման, ժամանակակից պետություն կառուցելու համար։

Վերադառնամ պետության այն մոդելին, որը կուզեինք իրականացնել: Կարո՞ղ է մեկ կուսակցություն իրականացնել այն: Բացառվում է: Եթե այդ մոդելը չդառնա դոմինանտ հասարակության մեջ, եթե հասարակությունը չհամախմբվի այդ գաղափարի շուրջը, այդ խնդիրը լուծել հնարավոր չի լինի: Չնայած այժմ քննարկվում է իմ թեկնածությունը, ես կոչ չեմ անում՝ եկեք հավաքվեք իմ շուրջը, ես ասում եմ՝ եկեք հավաքվենք գաղափարների շուրջը: Ով կառաջնորդի՝ կգտնենք: Բայց պետք է իմանանք, որ մեր թիմի մարդիկ ոչ թե եկել են իշխելու եղած մոդելի շրջանակներում, այլ իսկապես ուզում են այն փոխել: Եվ այս գաղափարի շուրջ համախմբվողները պետք է իրենց կյանքով ապացուցած լինեն, որ իրենք մոդել փոխող են, ոչ թե մոդելից օգտվող: Գիտեք ինչ, հիմա կարող ենք մեկին հրել, բերել նստեցնել աթոռին: Ենթադրենք այդ մարդը նստեց այդ աթռին. ի՞նչ է փոխվելու, եթե նույն մոդելն է շարունակվելու: Հեշտ իշխանություն, դրամ. էլ ինչո՞ւ պիտի փոխի: Եթե դա համատարած ժողովրդական շարժում չէ, եթե այդ մարդը տվյալ գաղափարի կրողը չէ, ինչպե՞ս պետք է փոխվի: Մի ծուղակից ընկնելու ենք մյուս ծուղակը:
Բազմաթիվ կուսակցություններ կան, Շարժման բեկորներ, շատերը կան, որ կրում են եւ ազգային գաղափարը, եւ ժողովրդավարության գաղափարը միասին: Այսպես ասելով, ես մյուսներին չեմ ուզում վիրավորել, ինձ էլ, ԱԺՄ-ին էլ համարում եմ հսկա Շարժման բեկոր: Կան կուսակցություններ, որոնք անմիջապես Շարժումից չեն, բայց նրանց հետ մենք ճանապարհ ենք անցել, որոշ գաղափարներ ընդհանուր են: Դաշնակցության հետ ճանապարհ ենք անցել, որոշակի ազգային գաղափարները համընկնում են, «Օրինաց երկրի» հետ, համաձայն ենք այն բարեփոխումների ծրագրի հարցում, որ իրենք ուզում են իրականացնել: Ընդհանրապես, ես չեմ հասկանում, թե գաղափարների առումով ինչով ենք տարբերվում «Ժառանգությունից»: Բոլորին չթվարկեմ, բազմաթիվ այդպիսի կուսակցություններ կան: Ես կոչ եմ անում բոլորին միավորվել գաղափարի շուրջը:

Բայց ենթադրենք՝ այս ամենը կատարվեց: Եվ ընտրվեց նոր նախագահ. ի՞նչ է նա անելու: Փորձեմ ներկայացնել մեր պատկերացումը:
Նախ՝

1. Նոր նախագահը, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովի մեծամասնության կարծիքը հաշվի առնելով, պետք է ձեւավորի նոր կառավարություն: Նախագահի լիազորությունները փոքր չեն. նա կարող է նպաստել այնպիսի կառավարություն կազմելուն, որը լինի ավելի բարձր մակարդակի, ավելի արդյունավետ, ավելի մաքուր, որի աշխատանքները լինեն ավելի թափանցիկ: Պատկերացրեք մի մարդ, որը ժողովրդական ալիքի վրա եկել, դարձել է նախագահ: Անհրաժեշտության դեպքում նա կարող է ժողովրդի միջոցով ճնշումներ կատարել Ազգային ժողովի եւ կառավարության վրա պետությանը եւ ժողովրդին անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար: Դա մեծ ուժ է:

2. Նախագահի լիազորությունները բավական են արդեն գոյություն ունեցող կլանների անօրինական հիմքերը խարխլելու համար՝
– մոնոպոլիաները (մենաշնորհները) կարելի է վերացնել՝ անցնելով քվոտաների տենդերների, այսինքն՝ ապրանքի որոշակի քանակ ներմուծելու իրավունքը բաց մրցութային վաճառքի միջոցով տալով տարբեր ընկերությունների։ Այժմ այդ քայլերի մասին չեմ ուզում մանրամասն խոսել, ծրագրում կբացեմ,
– հարկերի եւ մաքսերի անհավասարության վերացում։

3. Ձեւավորել պատասխանատու հանձնաժողով մասնագետներից, ոչ արատավորված պաշտոնյաներից, հարգված քաղաքական գործիչներից եւ քաղաքացիներից, որը կքննարկի հասարակական տարբեր շերտերի նկատմամբ կատարված բոլոր անօրինականությունները, հանցագործությունները, անարդարությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարիների ընթացքում՝ լինի դա տնտեսական, թե քրեական, եւ կներկայացնի այն հասարակության լայն շերտերին՝ բավարար հիմքերի դեպքում դիմելով օրինական դատական ատյաններին:
Բայց եթե նախագահը ինքը որոշի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ, ինքը սկսի պատժել մարդկանց, կունենանք այն, ինչ ունենք հիմա, եթե ոչ ավելի վատը: Ինչ որ թվարկեցի, կառավարություն, մոնոպոլիաներ, հանձնաժողովի ստեղծում եւ այլն, շտապօգնության հարցեր են, բայց հիմնական խնդիրն այն է, թե ինչպես փոխել համակարգը:

4. Անպայման պետք է ընդունել նոր Սահմանադրություն. երկու Սահմանադրություններն էլ վատն են, երկուսն էլ կեղծված են, երկուսն էլ չեն ընդունվել ժողովրդի կողմից: Ըստ մեր պատկերացումների՝ ի՞նչը պետք է կարեւորել նոր Սահմանադրության մեջ:
– Պառլամենտական հանրապետություն: Բայց դա ես չեմ որոշում, հասարակությունը պետք է որոշի, ես ավելի կողմնակից եմ պառլամենտական, ոչ թե կիսանախագահական կամ նախագահական համակարգին, որոնք Հայաստանի պայմաններում հեշտությամբ դառնում են թագավորական:
– Անկախ դատարան: Չի կարող լինել ազատություն, եթե չկա անկախ դատարան՝ անկախ գործադիր իշխանությունից: Նաեւ օրենքների համակարգը, որը թույլ չի տա, որ դատավորները կոռումպացված լինեն: Որովհետեւ կարող են անկախ լինել իշխանությունից, բայց՝ կոռումպացված: Դա օրենքներով պետք է կարգավորել:
– Տեղական ինքնակառավարում: Մարզպետները պետք է լինեն ընտրովի, մարզային խորհուրդ պետք է լինի: Մարզային իշխանությունը չպետք է ամբողջովին կախված լինի կենտրոնական իշխանությունից, հորիզոնական կապեր պետք է լինեն: Ամեն մարզ պետք է կարողանա ապրել ոչ միայն համապետական կյանքով, այլեւ իր մարզի կյանքով՝ իր մարզում հարցեր լուծելով, իր բյուջեն ունենալով:
– Հանրաքվեի իրավունք։ Ժողովուրդը պետք է ունենա հանրաքվե հրավիրելու իրավունք. ստորագրություններով: Եթե 50 հազար մարդու ստորագրություն հավաքվի, կարողանան հարցը դնել հանրաքվեի: Հարցերի ցանկ պետք է լինի, որոնց վերաբերյալ ժողովուրդը իրավունք ունի հանրաքվե անցկացնել, այդ թվում նաեւ՝ կարողանալով անվստահություն հայտնել իշխանություններին ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում։

5. Նախագահը պարտավոր է նաեւ նպաստավոր պայմաններ ստեղծել կուսակցությունների զարգացման համար, որոնք ժողովրդավարական պետության կարեւորագույն մեխանիզմ են. անկախ այն հանգամանքից, թե կուսակցությունն ինչ գաղափարախոսություն է կրում, կամ իշխանությա՞ն, թե՝ ընդդիմության մեջ է:
Այս ամենը ժամանակ է պահանջում՝ երկու-երեք տարի, որից հետո պետք է պարտադիր նոր Սահմանադրությամբ նոր իշխանություն ընտրվի: Միայն այդ դեպքում կարող ենք համոզված ասել, որ առաջ ենք գնում:
Եվ մի բան էլ հիշեք: Երբ գնում ես պայքարի, իշխանություն փոխելու, նոր որակի պետություն կառուցելու, ապա դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ թիկունքում կանգնած է ժողովուրդ, որի համար դու ոչ թե կուռք ես, այլ դրոշ, եւ ժողովուրդը, եւ դու նույն գաղափարներն եք կրում: Այդ դեպքում դա մի ուժ է, որի դեմ, իսկապես, խաղ չկա: Խորը գիտակցված այս ցանկությունը եւ ձգտումը կապահովեն նախ, որ նոր եկած իշխանությունը մինչեւ խոստացված համակարգային փոփոխություններ իրականացնելը՝ կգտնվի իշխանությունը փոխող եւ նոր կյանքը պատկերացնող քաղաքացիների վերահսկողության տակ։ Կխաբեն՝ ամեն մի ցնցում, հեղափոխություն օրինական է:
Այս էր, որ ուզում էի ասել: Կրկնում եմ, մենք հաղթանակ տարանք 1988 թ., որովհետեւ համախմբված էինք ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջը: Մենք հաղթանակ կարող ենք ունենալ, եթե համախմբվենք պարզ, հասկանալի գաղափարների շուրջը, որոնք գծագրված են ամեն մի հայի հոգում ու մտքում: Շնորհակալություն: