Տիրապետենք իրադրությանը, հստակեցնենք մեր քաղաքականությունը

0
303

Մի քանի խոսք ընդհանուր իրավիճակի մասին: Վերջին ասուլիսի ժամանակ ասացի, որ ստեղծվել է գորշ մթնոլորտ: Գուցե իսկապես մի քիչ խտացված են գույները, և չափազանցություն կա, բայց երևույթն, այնուամենայնիվ, առկա է: Այդ գորշությունը, իհարկե, Միության տնտեսական կացության հետևանք է, սննդամթերքի պակասի և այլն:

Նույն վիճակն է, իմիջիայլոց, նաև որոշ հանրապետություններում, որտեղ հաղթել է շարժումը:

Դա արգասիք է նաև այն մեծ ոգևորության, թե շարժումները կգան իշխանության գլուխ, ամեն ինչ միանգամից կբարելավվի, և մենք անկախություն կստանանք: Բայց շարժումները եկան, բախվեցին բարդ տնտեսական կապերի հյուսվածքին, կանգ առան և սկսեցին վերադասավորել իրենց ուժերը: Առաջացան որոշ հիասթափություններ, առջևում էլ ծանր աշխատանք էր սպասվում:

Անդրադառնանք մեր հանրապետությանը: Նշեմ երկու կարևոր հանգամանք, որոնք ազդում են այդ մթնոլորտի վրա՛ քաղաքական անորոշությունը և կարգուկանոնի պակասը: Նախ քաղաքական անորոշության մասին: Մենք մեծ քայլ կատարեցինք դեպի անկախություն՛ կտրելով այն հիմնական թելը, որը մեզ կապում էր Մոսկվայի հետ: Ամռանը Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, ընտրություններ անցկացվեցին, և կապը, որ հնարավորություն էր տալիս Մոսկվային թելադրել իր քաղաքական կամքը, կտրվեց: Մենք ընդունեցինք հռչակագիր Հայաստանի անկախության մասին: Որոշ քայլեր այդ ուղղությամբ արվեցին, բայց ես պետք է ասեմ, որ այս ճանապարհով գնալով  մենք անկախություն չենք ստանա: Ի՜նչ է կատարվում: Մենք սպասում ենք: Այսինքն, Գերագույն խորհուրդը, Նախարարների խորհուրդը, անկախության գործընթացն ինչ-որ չափով իրենց վրա վերցնելով, որոշ նախադրյալներ ստեղծելով անկախության համար, այնուամենայնիվ հիմնական գործը թողել են պարոն Գորբաչովին. նա երկիրը կքանդի, և մենք անկախություն կստանանք: Ինձ թվում է՛ այս հարցում պետք է որոշակիություն մտցնել: Ժողովրդի համար շատ ծանր է, երբ չկա նախագիծ, չկա քայլերի հերթականություն, որը լուծում է իր առջև ծառացած խնդիրները: Այդպիսի նախագիծ մենք չունենք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին:  1988-89թթ. ազգային-ազատագրական, ժողովրդավարական շարժումներ սկսվեցին նաև ԽՍՀՄ այլ հանրապետություններում, մասնավորապես մերձբալթյան երկրներում, Անդրկովկասում և Ռուսաստանում այդ շարժումները հաղթեցին: Իմ կարծիքը մնում է նույնը: Այսօր ոչ թե պետք է մանևրենք, որովհետև մանևրելու հնարավորություն է տրված, այլ հաշվի առնենք, որ մենք մանևրելու շատ ավելի մեծ հնարավորություն ենք տալիս Կենտրոնին:

Պետք է ավելի որոշակի լինենք այս հարցում: Անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, պարզել ժողովրդի կարծիքը, արժանապատվությամբ, առանց առճակատումների, գնալ Մոսկվա և պայմանագիր կնքել՝ քանի տարի է տևելու այս անցման շրջանը, հստակեցնել, թե փուլ առ փուլ ինչպես է իրականացվելու մեր անկախությունը: Այլապես մենք մի քայլ ենք անում, Մոսկվան՝  հակառակ քայլ, և պարզվում է, որ մենք դոփում ենք նույն տեղում: Տնտեսական բնագավառում, օրինակ, քայլեր ենք անում․ ասենք, հինգ քայլ առաջ ենք գնում, հետո Կենտրոնը մի որոշում է ընդունում, և վեց քայլ նահանջում ենք: Դա մեր ցանկությունից չի կախված: Մենք Միության հետ կապված ենք ընդհանուր դրամով, չունենք տնտեսական սահման, այսինքն, անհասկանալի բարդ հյուսվածք է ստեղծված, որը ջարդելը շատ դժվար է: Եվ ամեն մի որոշման արձագանք, որն ընդունում է կենտրոնը (մենք, իհարկե, կարող ենք ասել, որ այդ որոշմանը չենք ենթարկվում), խողովակներով գալիս, հասնում է մեզ: Ասեմ, որ Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է տնտեսական բարեփոխումների ծրագիր: Բայց համոզված չեմ, որ այդ ծրագիրը կկարողանանք իրականացնել այն հերթականությամբ, որ նախատեսված է, որովհետև դա միայն մեզնից չի կախված: Արդեն ասացի, թե ինչպես եմ վերաբերվում անկախությանը: Չեմ գտնում, որ Լիտվայի օրինակով առճակատումն այսօր օգուտ կտա, իսկ նստել տեղում և մտածել, որ մենք խորամանկություն կանենք և դիմացինները դա չեն հասկանա ու թույլ կտան մեզ առաջ գնալ, անհեթեթություն է: Եվ եթե մենք քաղաքական որոշակիություն մտցնենք այդ հարցում, կունենանք քաղաքական որոշակիություն նաև Արցախի խնդրում:

Դրանք, համոզված եղեք, միմյանց հետ կապված հարցեր են: Եվ անկախության գնալու ուղին հստակեցնելը կհստակեցնի նաև Արցախի հարցը: Մենք կիմանանք մեր անելիքը: Դիմացիններին էլ արդեն դժվար կլինի մանևրել: Ամեն ինչ շատ հստակ ձևակերպված կլինի: Հիմա անդրադառնամ կարգուկանոնին:

Հանրապետությունում, իսկապես, վիճակը ծանր է: Սննդի մասին չէ, որ ես ցանկանում եմ խոսել: Ես,որպես Նախարարների խորհրդի նախագահ, կարող եմ ասել, որ Հայաստանում սով չի լինի: Այլ հարց է, որ տարբեր տեղերից դժվարությամբ  Հայաստան բերված սնունդը բաժանվում է ոչ հավասարաչափ, ոչ արդար: Հանրապետությունում քաոս է տարբեր պատճառներով  և տարբեր ոլորտներում: Իհարկե, տնտեսական անարդարությունը վերացնելու համար հարկավոր է հիմնարար լուծումներ գտնել: Պետք է անցնել մասնավոր սեփականության, որն ինչ-որ չափով կկարգավորի վիճակը: Բայց այս պայմաններում մասնավոր սեփականության անցնել հնարավոր չէ: Ամբողջ տնտեսությունը կանցնի մաֆիայի ձեռքը: Իսկ դա ոչ միայն կհակասի սոցիալական արդարությանը, այլև կքանդի մեր տնտեսությունը: Մասնավոր սեփականության հիմնական նպատակը, հիմնական առավելությունը մրցակցությունն է: Բայց այս ճանապարհով եթե գնանք, տնտեսությունը կհանձնենք մաֆիային, և ազատ մրցակցություն չի լինի: Կլինեն գաղտնի պայմանավորվածություններ, զենքի օգտագործում տնտեսական մրցակցության մեջ: Մենք փորձում ենք որոշ կադրային փոփոխություններ անել:

Քրեական գործեր ենք հարուցել: Միայն ծխախոտին վերաբերող 37 քրեական գործ է հարուցվել, առևտրի ոլորտում՝ շուրջ 43, բայց սա լուծում չէ: 70 տարի Խորհրդային Միությունը ստեղծում էր լծակներ, որ կարողանա վերահսկել պետական ունեցվածքը, բայց արդյունքի չհասավ:

Նախկինում շրջանները տեր ունեին՝շրջկոմի առաջին քարտուղարը: Վատ էր, բայց շրջանը տեր ուներ: Մենք այդ համակարգը վերացրինք: Եվ ճիշտ արեցինք: Բայց փոխարենը նորը չստեղծեցինք: Չհաջողվեց: Այդ համակարգը կստեղծվի, իհարկե, և բնական է ժողովրդավարության հիմքի վրա:

Պարզ է, որ ընտրություններ կլինեն, օրենքներ կընդունվեն տեղական խորհուրդների մասին: Ի վերջո, մենք կունենանք այդ լծակները, այդ իշխանությունը: Դրա տերը պետք է լինի ժողովուրդը, որն իր կամքը կարտահայտի ընտրությունների միջոցով: Շրջաններ կան, որ ուղղակի անտերության են մատնված  և՛ գյուղատնտեսության, ևՙ արդյունաբերության, և՛ քաղաքական բնագավառներում: Մենք կորցնում ենք թափը: Կորցնում ենք և՛ քաղաքականության,և՛ՙ տնտեսության, և՛կադրային քաղաքականության առումով:

Կադրային քաղաքականությունը մենք սկսեցինք զրոյից: Եվ խորհրդարանը մեզ սատար չկանգնեց: Յուրաքանչյուր խոսք, որ այստեղ ասվում է, յուրաքանչյուր քվեարկություն մեծ նշանակություն է ունենում մեր ժողովրդի համար: Եվ այն, ինչ որ տեղի էր ունենում այստեղ, որոշ չափով նպաստում էր նաև գործադիր իշխանությունների թուլացմանը: Մենք փաստորեն հնարավորություն ենք տալիս դրսի ուժերին կազմակերպված ձևով ազդել մեր կադրային քաղաքականության վրա, դա անթույլատրելի է: Նման պայմաններում կձգձգվի այս աշխատանքը և ավարտին կհասցվի շատ ուշ: Մինչդեռ մեր առջև դրված են ՛ՙ քաղաքական, և ՛ ուրիշ խնդիրներ:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը ՀՀ Գերագույն խորհրդում 1990 թ. նոյեմբերի 30-ին «Հայաստանի Հանրապետություն», 1990 թ., 1 դեկտեմբերի