Փաշինյանը կարող է նաև Վարդենիսը հանձնել, հետո ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել». ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյան

0
363

Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս իրականության հետ։ Իշխանությունները ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այն մեղքերը, որոնք ինքն է գործել, ուզում է բարդել ժողովրդի վրա։ Կարծում եմ, որ անհնար է մարդկանց երկար պահել այս վիճակում»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, եթե նայեք ԱՄՆ Անկախության հռչակագրին, ապա այնտեղ մեղադրանքներ կան Մեծ Բրիտանիայի հասցեին, սակայն դա չի խանգարում նրանց բարեկամական հարաբերություններ ունենալ։

«1991 թվականին Հայաստանն ընդունեց նոր հռչակագիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 1918 թվականի հռչակագիրը, և ըստ դրա՝ այդ սահմանները չեն համընկնում այս երկրների ներկայիս սահմանների հետ»,- նշել է նախկին վարչապետը։

Նա անհեթեթ է անվանել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրությունը՝ Հռչակագրին հղումները բացառելու նպատակով։

«Փաշինյանն, ըստ էության, կոչ է անում «ազատվել» Հռչակագրից, քանի որ դրա պատճառով մեզ կարող են ծեծել։ Երբ նա ասում է սա, դա պարզապես ծիծաղելի է թվում, այդ թվում՝ արտաքին լսարանի համար: Բայց եթե իշխանությունները կեղծիքներով ու ճնշումներով հասնեն Սահմանադրության փոփոխության ընդունմանը, ապա բարոյական հարված կհասցվի ողջ հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է պատմական արդարության գաղափարին, որը կա Հռչակագրում, ապա դա կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»,- եզրափակեց Մանուկյանը։Մանրամասները տեսանյութում․