Փորձելու ենք փաստաթղթում եղած ամեն մի անորոշություն դարձնել հօգուտ ՀՀ-ի. Վազգեն Մանուկյան

0
398

Շատ հատկանշական է, որ այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988-ին մեր ժողովուրդը միասնությամբ, մեծ հավատով հավաքվեց և երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ և արդար պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգությունը և վերամիավորում Հայաստանի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

 

«Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց կառուցեցինք, հաղթեցինք պատերազմում։ Հայաստանի և Արցախի բանակը համարվում էր ամենահզորը այս տարածաշրջանում, սփյուռքի հետ համագործակցելով՝ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Հիմա հավաքվել ենք հին հրապարակում 30 տարի անց՝ վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով, և այն ամենը, ինչ արել էին Արցախի հարցի համար, գրեթե կորած է, բայց վտանգված է նաև Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով սահման և ոչ մի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից։ Սա է վիճակը, հարմարվե՞նք»,-հայտարարեց նա։

Ըստ Մանուկյանի՝ 1988-ին դրված բոլոր խնդիրները նորից են դրվել և բոլորը պետք է լուծվեն։

 

«Մենք թշնամացանք իրար դեմ, թշնամացանք հայաստանցի-արցախցի, հին-նոր, սև-սպիտակ, ազնիվ-ոչ ազնիվ։ Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին և միայնակ առաջ գնացինք, իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մեզ մոտեցնում էին պատերազմին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե պատերազմի սկսելու հենց առաջին օրվանից եղան անգրագետ և դավաճանական որոշումներ, և մենք հասանք այս վիճակին։

«Մենք կարող էինք կանխել պատերազմը, կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ, և հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը՝ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում»,-ասաց նա։

Մանուկյանն ընդգծեց՝ Փաշինյանի հեռացումը միայն արժանապատվության հարց չէ, նրա իշխանության ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում։

«Նրանք մարդիկ են, որ ոչ մի բանի պիտանի չեն։ Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք և հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա՝ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իր համար լավ։ «Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որ իրեն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա նշեց, թե ինչ խնդիրներ պետք է զուգահեռ լուծվեն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո։ «Ստորագրված համաձայնագրի հետ երբեք չենք հաշտվի, դրանից չենք հրաժարվի, բայց այն կա։ Հրաժարվելը կնշանակի պատերազմ։ Պետք է անորոշությունները դարձնել հօգուտ Հայաստանի։ Երկրորդ՝ անվտանգության հարց՝ վերականգնել բանակը, մարտունակությունը։ Վերականգնել դաշնակցային հարաբերությունները։ Եթե ստեղծվի դաշինք Թուրքիայի դեմ, մենք դրա մեջ ենք լինելու։ Մտնել բանակցային պրոցեսի մեջ։ Անհայտ կորածների, գերիների, զոհված զինվորների ընտանիքների, փախստականների հարցերը լուծել»,-ասաց նա։

Շարունակելով իր ելույթը՝ Վազգեն Մանուկյանը կարևորեց Հայաստանի մթնոլորտի առողջացումը: «Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին և 2,5 տարի լուծում էին իրենց աշխարհաքաղաքական հարցերը` մեզ օգտագուրծելով որպես խաղալիք, պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ամեն մի պարտությունից հետո սկսում է հաջորդ հաղթանակը, մենք պետք  է կարճ ժամանակում ոտքի կանգնենք, ինքնավստահ լինենք և գնանք առաջ: «Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,-հավելեց նա: