ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ․ ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի ծրագիրը

0
324
1991թ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի ծրագիրը

Յուրաքանչյուր ազգ ձգտում է հզորանալ, ընդլայնել իր ազդեցության ոլորտը։ Դարից դար փոխվում են հզորության չափանիշները, ազդեցության ոլորտն ընդլայնելու ձևերը, բայց մի պարագա մնում է անփոփոխ. բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի համար հզորանալու առաջին անհրաժեշտ պայմանն է անկախ պետություն ունենալը։

Այժմ քաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս մեզ սկսել այն, ինչի համար մենք պայքարում էինք, այն է՛ անկախ պետականությունը վերականգնելու գործընթացը։ Վերականգնելով մեր պետականությունը՛ մենք առաջին կարևոր քայլը կկատարենք մեր ազգի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ։ Այժմ մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ամբողջ աշխարհի հայության համախմբվածությունը և համագործակցությունը, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության զգացման դրսևորումը։

Անկախության վերականգնման ճանապարհին հաջողվեց կտրել մեզ կենտրոնի հետ կապող ամենակարևոր թելերից մեկը: Այժմ Հայաստանի ղեկավարությունը ենթակա չէ Մոսկվային, կտրվեց կոմունիստական կուսակցության կենտրոնից դեպի մեզ ուղղված շոշափուկը, և ես համոզված եմ, որ հայ կոմունիստները իրենց մեջ այնքան ուժ և խոհեմություն կգտնեն, որ իրենց կուսակցությունն իրենք կանջատեն Մոսկվայից և կդարձնեն ազգային։ Կտրվեց մի կարևոր թել, մեր Գերագույն խորհուրդը կկտրի ևս բազմաթիվ թելեր, որոնք մեզ կապում են կենտրոնի հետ, շատ թելեր էլ կտրվելու են իրենք  իրենց։

Բայց մեր հետագա քաղաքական քայլերը էապես կախված են մեր տնտեսական համակարգից։ Մի կողմից, մենք ժառանգում ենք քայքայված, անդունդի եզրին գտնվող պետություն, մյուս կողմից՝  կոչված ենք ոչ միայն վերականգնելու այն, այլև ստեղծելու անկախ պետությանը բնորոշ տնտեսական կառուցվածքներ։ Լրիվ տնտեսական անկախություն, իհարկե, գոյություն չունի, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարելի անվանել լրիվ անկախ տնտեսություն ունեցող պետություն. նա բազմաթիվ թելերով կապված է աշխարհի բոլոր պետությունների հետ և տնտեսապես կախված է այդ կապերից, միևնույն ժամանակ որոշումներ ընդունելիս նա ևս լրիվ անկախ չէ, պետք է հաշվի առնի մրցակիցների հնարավոր պատասխան քայլերը։

Չկա լրիվ տնտեսական անկախություն, բայց կան տնտեսական անկախության աստիճաններ։ Այդ տեսակետից մենք այժմ գրեթե զրոյի վրա ենք։ Եթե մարդը տնտեսապես կապված է միայն մեկի հետ, այն էլ՛ իրենից հզորի, ապա նա ստրկական վիճակում է, իսկ եթե կապված է հարյուրավորների հետ, ապա նա ազատ մարդ է։ Տնտեսության, ինչպես և քաղաքականության մեջ գործում է նույն օրենքը. որքան շատ գործընկերներ ունենաս, այնքան ավելի շատ մանևրելու հնարավորություն կընձեռվի, այնքան ավելի անկախ կլինես։ Հետևաբար անկախ պետություն ստեղծելու գործընթացի ժամանակ պետք է բազմաթիվ նոր տնտեսական կապեր ստեղծել այլ երկրների հետ։ Բայց այդպիսի կապեր ստեղծելու համար անհրաժեշտ է արտադրել անպիսի ապրանքներ, որոնք հնարավոր է հանել միջազգային շուկա։ Խոսքը միայն ապրանքի որակի մասին չէ, ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ այսօր մենք արտադրում ենք շուրջ 3,5 մլն անվանատեսակի արտադրանք, այսինքն՛ արտադրում ենք ամեն ինչ, միաժամանակ՛ ոչինչ, հիմնականում դետալներ, կիսաֆաբրիկատներ, որոնցով համաշխարհային շուկա դուրս չես գա։ Այն տնտեսական կապերը, որոնք մեզ կապում են կենտրոնի և մյուս հանրապետությունների հետ, ոչ թե նպաստում են մեր տնտեսության հզորացմանը, այլ ծառայում են մեզ ստրկության մեջ պահելուն։

Այժմ անդրադառնանք մեր քայքայված տնտեսությունը վերականգնելու հնարավորության հարցին։ Խորհրդային Միությունն իր կազմավորման սկզբից, հրաժարվելով ազատ, ինքնաղեկավարվող տնտեսությունից, ստեղծեց ամբողջությամբ կենտրոնից ղեկավարվող պլանային սոցիալիստական տնտեսական համակարգ՝ պնդելով, որ այդպիսի կառուցվածքը ապահովում է երկու կարևոր խնդիրների լուծում. Առաջին․ տնտեսական ավելի արագ զարգացում, և երկրորդ․ սոցիալական հավասարություն և արդարություն։ Չիրականացավ ոՙչ առաջինը, ոՙչ երկրորդը։

Ինչ մասնավորապես վերաբերում է սոցիալական արդարությանը, ապա բերեմ միայն մի ցուցանիշ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության  ընդհանուր թվի 20 տոկոս ամենահարուստները 20 տոկոս ամենաաղքատներից 3 անգամ ավելի բարեկեցիկ են ապրում։ Խորհրդային Միությունում այդ ցուցանիշը հավասար է 6-ի, իսկ Հայաստանում՝ 9-ի։ Եվ դա համատարած աղքատության պայմաններում։ Այս երևույթի դեմ պետք է, իհարկե, պայքարել, սակայն նաև պետք է հիշել բոլշևիկյան հեղափոխության դասերը՝ կապված էքսպրոպրիացիայի երևույթի հետ: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի ընթանալ հակառակ ուղղությամբ: Պետք է ոչ թե մարդկանց հարկադրաբար դնել տնտեսական սահմանափակումների մեջ, այլ իրենց կապիտալը ներդնելու և դրա հետ կապված եկամուտներ վաստակելու ազատություն տալ: Պետք է մշակել տնտեսական ու իրավական պաշտպանության մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ մարդիկ իրենց ունեցած միջոցները դնեն շրջանառության մեջ: Սոցիալական արդարություն հնարավոր չեղավ ստեղծել, հնարավոր չեղավ ապահովել նաև տնտեսության նորմալ զարգացում։

Այժմ սոցիալիստական տնտեսությունը սկսել է մեծ  արագությամբ քայքայվել, այն փրկելու բոլոր ջանքերը ապարդյուն են անցնելու։ Կենտրոնի փորձը,   ԽՍՀՄ ամբողջ տարածքում միաժամանակ իրագործել դանդաղ տնտեսական վերափոխումների ծրագիր, սոցիալիստական տնտեսությունից անցնել մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների, նույնպես արդյունքի չբերեց։ Հզորացան կենտրոնախույս ուժերը, և հիմա շատ հանրապետություններ փորձում են ինքնուրույն դուրս գալ տնտեսական ծանր վիճակից, իրագործել ինքնուրույն ծրագրեր։ Այժմ հանրապետություններն ավելի ու ավելի մեծ արագությամբ են հեռանում կենտրոնից` շարունակելով, այնուամենայնիվ, կենտրոնի և միմյանց հետ կապված մնալ ընդհանուր դրամով և նախորդ տասնամյակների ընթացքում սոցիալիստական տնտեսության շնորհիվ ստեղծված որոշ ավանդական և առայժմ դեռ անհրաժեշտ, բայց հետագայում գրեթե անիմաստ դառնալու դատապարտված տնտեսական կապերով։ Սկսվում է մրցավազք հանրապետությունների միջև։ Քայքայվող սոցիալիստական տնտեսությանը գալիս է փոխարինելու մի տնտեսություն, որի հիմքում ընկած են մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություններ, ազատ շուկա։

Առաջ կընկնեն այն հանրապետությունները, որոնք ավելի շուտ կկողմնորոշվեն, որոնք ունեն ավելի մեծ բնական հարստություններ, ավելի լավ գիտատեխնիկական և բանվորական ուժ, ավելի ձեռներեց բնակչություն։ Սոցիալիստական տնտեսությամբ բնորոշվող կապերը կխզվեն, կառաջանան նորերը, եթե մենք հետ ընկնենք այդ մրցավազքից, ապա ինչ-որ ժամանակից հետո չենք ստանա վառելանյութ, մթերք, հումք, և դա ոչ թե անկախություն հռչակելու, այլ բնական տնտեսական պատճառներով։ Հետ մնալու դեպքում այն ապրանքները, որոնք մենք մինչև այժմ վաճառում էինք Ռուսաստանին և դրա փոխարեն ստանում մթերք, վառելանյութ և այլն, ուղղակի պետք չեն լինի Ռուսաստանին, կամ նա այդ նույն ապրանքները՝ ավելի բարձրորակ, կկարողանա գնել այլ աղբյուրներից։ Այդ տեսակետից մեր տնտեսությունը շատ խոցելի է։ Այսպիսի դաժան պայմաններում մենք պետք է սկսենք մեր մրցավազքը՝ աշխատելով քանդվող հին սոցիալիստական տնտեսությունը որքան կարելի է շուտ փոխարինել նոր տնտեսությամբ, որի հիմքում ընկած կլինի մասնավոր սեփականությունը։

Դժվարին ճանապարհ պետք է անցնել։ Մի կողմից  անհրաժեշտ է արագացնել պետական սեփականությունը մասնավոր դարձնելու գործընթացը, մյուս կողմից՝ գոնե ինչ-որ չափով միառժամանակ պետք է պահել ապագա չունեցող սոցիալիստական տնտեսության մի մասը՝ գործազրկության կտրուկ աճը կանխելու և տնտեսության համար անհրաժեշտ հումք ստանալու նպատակով։

Նոր տնտեսությունը զարգացնելու գործում մեծ նշանակություն կունենա ինքնուրույն վարկային քաղաքականության մշակումը, բայց  դա կարող է անհնարին դառնալ կենտրոնական իշխանությունների դիմադրության դեպքում։ Կենտրոնը կաշխատի թույլ չտալ, որ մենք առաջ ընկնենք, և նա այս հարցում մեծ առավելություն ունի, քանի որ մեր զարգացման հիմքում ընկած է իր դրամը։ Մեր տնտեսությունը զարգացնելու և ինքնուրույն դարձնելու գործում շատ մեծ նշանակություն կունենա այն հանգամանքը, թե որքանով կկարողանանք գտնել արտասահմանյան ֆինանսական աղբյուրներ։ Այս պայմաններում հնարավոր չէ մոտ ապագայում նկատելիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը. միակ բանը, որ ես տեսնում եմ, իրավիճակը ինչ-որ չափով կայունացնելու հնարավորությունն է և մի քանի տարվա ընթացքում այն մեխանիզմների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան դուրս հանել մեր տնտեսությունը այս ճահճից։ Բայց ոչ մի տնտեսական, քաղաքական հարց լուծել հնարավոր չի լինի, եթե Հայաստանում չապահովվի երկու կարևորագույն սկզբունքների առկայությունը․ լայն ժողովրդավարություն և կարգուկանոն։

Ոչ մի բան մեզ այնքան չի հեռացնում մեր երազանքից, անկախ պետության վերականգնումից, ոչ մի բան այնքան չի խանգարում մեր տնտեսության զարգացմանը, որքան  անօրինական գործող զինված ջոկատների ստեղծած ապակայունացումը։ Այս պայմաններում ոչ ոք ոչ մի կոպեկ չի ներդնի Հայաստանի տնտեսության մեջ։ Պետք է հատուկ օրենք ընդունել ներքին գործերի նախարարության վերաբերյալ, հանել այն Մոսկվայի ենթակայությունից՛ ենթարկելով միայն մեր կառավարությանը, վերակառուցել, դարձնել երեք մասերից բաղկացած՝  ոստիկանությունից, քննչական կամ հետախուզական բաժնից և հանրապետության պաշտպանության բաժնից։

Երրորդ բաժնում պետք է ընդգրկել բոլոր այն առողջ զինված ջոկատները, որոնց նպատակը  ոչ թե թալանն է, այլ հայրենիքին ծառայելը։ Դրա հիման վրա հետագայում կստեղծվի Անկախ Հայաստանի բանակը։  Իսկ պետական կառուցվածքներից դուրս գոյություն ունեցող ամեն մի զինված կազմավորում պետք է ընդունել որպես ավազակախումբ՛ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կուզենայի ավելացնել ևս մի բան, որը կարևոր եմ համարում։ Մեր բոլոր ջանքերը զուր կանցնեն, չի օգնի ոչ մի հերոսություն, ոչ մի հնարք, չի հաջողվի վերականգնել անկախ պետականությունը, լուծել Արցախի հարցը, զարգացնել տնտեսությունը, եթե այդ ազգային խնդիրների շուրջը չհամախմբվի ամբողջ հայությունը՝ լցված մի զգացումով, որը ես կանվանեի առողջ ազգայնականություն։ Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ իր հուշերում Ու.Չերչիլը, գրելով հայերի մասին և հիշատակելով 1915թ. ցեղասպանությունն ու 1920թ. հանրապետության վերացումը, նշում է, որ, իր կարծիքով, հայերի պես հին և նախկինում հզոր ազգն ընդմիշտ դուրս եկավ համաշխարհային քաղաքական թատերաբեմից։ Բայց մենք վերադառնում ենք, վերադառնում ենք լի վճռականությամբ՛ վերականգնելու մեր նախկին փայլն ու հզորությունը։

Վարչապետ Վ. Մանուկյանի ելույթը 1990 թ., օգոստոսի 13-ին ՀՀ ԳԽում «Հայք» 17 օգոստոսի, 1990 թ.