1918-ի մայիսի 28-ին իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում

0
344
Վազգեն Մանուկյան

95 տարի առաջ` 1918-ի մայիսի  28-ին  հռչակվեց  Հայաստանի  առաջին  հանրապետությունըԱյն գոյատևեց ընդամենը 2,5 տարի. 1920-ի դեկտեմբերի        2-ին  Երևան մտան 11-րդ Կարմիր  բանակի զորամասերը, և հանրապետությունը  խորհրդայնացվեց: Մայիսի 28-ը   տոնական, ոչ աշխատանքային օր է սկսած 1991-ից:

Առաջին հանրապետության  հռչակման տարեդարձի առիթով այդ պատմական   իրադարձության    նշանակության ու քաղած դասերի  շուրջ «Անկախը»  զրույցել է  ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ  Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, որքան էլ խոսենք առաջին հանրապետության դերի ու նշանակության մասին, էլի ասելիք կա: Ըստ Ձեզ, 1918-ին առաջին հանրապետության հռչակումն ի՞նչ նշանակություն ունեցավ մեր պատմության հետագա ընթացքի համար:

– Առաջինը և ամենազարմանալին այն է, որ մենք դրանից մոտ  6 հարյուր տարի առաջ կորցրել էինք մեր անկախությունը, հետո միշտ երազել ենք անկախության մասին, բայց ոչ ոք անկախության հռչակումը որպես խնդիր չէր դրել իր առջև: 1890-ականներից Արևմտյան Հայաստանում սկսված շարժումների նպատակը բարեփոխումներն էին Թուրքահայաստանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում: Դաշնակցության ծրագրի մեջ կար  Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարության ստեղծումը   և  Թուրքիայի կազմում` Արևմտյան Հայաստանի, այսինքն` անկախության խնդիր նույնիսկ դրված չէր: Բայց 1918-ի մայիսի 28-ին, փաստորեն, իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում:

Անդրկովկասյան սեյմի գոյության ժամանակ թաթարների, մուսաֆատիստների նպատակը Թուրքիայի հետ վերամիավորումն էր, վրացիները ձգտում էին անկախության, Հայաստանի նպատակն էր, որ Անտանտը հաղթի և Հայաստանն ինչ-որ  կերպ ստանա Արևմտյան Հայաստանը, թեկուզ և ինքնավար: Մենք ստացանք անկախություն, այսինքն`  ավելին, քան կուզեինք, սակայն մեծ կորուստներից` Ցեղասպանությունից  հետո:

Կարծում եմ` եթե այդ պահը ճիշտ չօգտագործվեր, եթե այդ պահին մենք անկախություն չստանայինք, Սարդարապատում պարտվեինք և թուրքերը մտնեին Երևան, գուցե դրանից հետո հայկական պետության մասին մտածելն այլևս անիմաստ դառնար: Հայերը կդառնային հազարավոր էթնոսների նման մի էթնոս, որ աշխարհով մեկ սփռված է, ունի իր լեզուն, որը կամաց-կամաց կորսվում է, ունի իր հիշողությունը  և պատմությունը, որը կամաց-կամաց կորչում է, և ոչինչ ավելին: Դա հազարամյակների մեջ մի վճռական կետ էր, որից հայ ժողովրդի պատմությունը շարունակվեց:

Նունիսկ Չերչիլը, որ այդպիսի մեծ քաղաքական գործիչ էր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին  իր գրքում  հայերի և Ցեղասպանության  մասին ասում է` հայերը շատ ծանր որոշման առջև էին կանգնած, քանի որ երկու կայսրությունների մեջ էին, որոնք իրար հետ կռվում էին, և պետք էր այդ երկու կայսրություններում չեզոքություն պահել, արդյունքում  հայերն ունեցան կոտորած: «Ցավոք սրտի, այդ շնորհքով ազգը կորավ պատմության բեմից»,- ասել է նա: Բայց փաստորեն ոչ միայն պահպանվեցինք, այլև դրանից տարիներ հետո անկախ պետություն ստեղծվեց:

– Իսկ որքանո՞վ ենք քաղել առաջին հանրապետության դասերը: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք մինչ օրս շարունակում ենք:

– Շատ սխալներ կան, որոնք կրկնում ենք: Երբեմն, երբ կարդում ես առաջին հանրապետության մասին, ինտրիգներ,  ամբարտավանություն, անհավասարություն նկատում ես, շատ բան կրկնվում է: Կան բաներ, որոնք կապված են ընդհանուր հասարակության, մարդկանց հետ, անընդհատ կրկնվում են: Չգիտեմ` դրանցից հնարավո՞ր է խուսափել:

Բայց, օրինակ, այն ժամանակ ֆիդայական շարժումը վերածվեց խմբապետական շարժման, շատ դժվար էր. կանոնավոր բանակի հետ միասին կային նաև խմբապետներ: Այդ փորձը հաշվի առնելով` մենք  90-ականներին անկախության գնալիս դա շրջանցեցինք:

Այն, որ չի կարելի ունենալ մի բարեկամ և մի թշնամի, այլ պետք է կարողանալ բոլորի հետ ինչ-որ չափով բարեկամություն անել, թշնամիների հետ էլ կարողանալ խոսել, մենք 90-ականների սկզբից որդեգրեցինք, և դա նույնպես դաս էր առաջին հանրապետությունից,  առաջին հանրապետության  քաղաքական գործիչների վերլուծության արդյունքն էր:

– Եթե համեմատենք տարածաշրջանի իրավիճակը և մեր երկրի ունեցած դերը, ի՞նչ տարբերություններ կան այն ժամանակվա և ներկայի միջև:

– Այն ժամանակ անհամեմատ ավելի թույլ  վիճակում էինք: Անդրկովկասի կենտրոն քաղաքները Բաքուն ու Թիֆլիսն էին, որտեղ կենտրոնացած էին նաև հայ մտավորականները, հայ հասարակական կյանքը, հայ բիզնեսը, հայկական թատրոնը: Երևանը երկրորդական, հետամնաց նահանգ էր, որտեղ չկար ոչ մի լուրջ բան: Նույնիսկ Հայաստանի առաջին կառավարությունը, որ 1918-ի մայիսին  Քաջազնունու գլխավորությամբ  հռչակվեց Թիֆլիսում, հունիսի 20-ին նոր միայն տեղափոխվեց Երևան: Այն ժամանակ Բաքուն և  Թիֆլիսը բոլոր առումներով շատ ավելի հզոր էին: Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո  Երևանը, Թիֆլիսն ու Բաքուն  համարժեք քաղաքներ էին  դարձել:

Տարածքային տեսանկյունից Խորհրդային Միությունը օգուտ բերեց Վրաստանին ու Ադրբեջանին, բայց զարգացման տեսանկյունից ամենից շատ, ինձ թվում է, օգտվեց Հայաստանը:

– Պարոն Մանուկյան, 1918-ի մայիսի 28-ի նշանակությունը  ներկայիս հասարակությունը լիարժեք գիտակցում և գնահատո՞ւմ է:

– Կարծում եմ` ոչ: Դրա մեջ էլ բնական բան կա: Մարդը ծնվում  է, ապրում ինչ-որ միջավայրում` առանց մտածելու, թե այդ միջավայրն ինչի շնորհիվ է ստեղծվել:  Հիմա որևէ մեկի մտքով չի անցնում հիշել, որ եթե 1918-ը չլիներ, մենք անկախ չէինք լինի, պետություն չէինք ունենա: Ամեն մեկը ծնվում է, կյանքից վերցնում այն, ինչ  կյանքն իրեն տալիս է, առանց մտածելու, թե ոնց է դա ստացվել: Մեծ մասամբ այդպես է:

– Սակայն տոն է` առանց տոնական մթնոլորտի: Ինչպե՞ս կարելի է դա շտկել:

– Դա արդեն ուրիշ բանից է գալիս: Մասամբ` իշխանություններից: Երկրորդ մասը էլի ինչ-որ չափով կախված է իշխանություններից: Մարդիկ պետք է անընդհատ վստահություն զգան երկրի  ապագայի նկատմամբ, որ իրենք ու իրենց երեխաներն ապագա ունեն այս երկրում,  և դա պիտի  ոգևորություն առաջացնի: Այդ դեպքում ոգևորության արմատները հասնում  են անցյալ. մեր երկիրն ունի ապագա, քանի որ 1918-ին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, 1988-ին այնպիսի դեպքեր են տեղի ունեցել:

Մի քիչ օբյեկտիվ պատճառներ կան, մի քիչ էլ սրսկվում է, որ այս երկիրն ապագա չունի, որի մի փոքր մասը ճշմարտություն է, մնացածը քարզչություն և թույն է:  Դա հանգեցնում է նրան, որ մարդկանց մեջ ուրախ տրամադրություն հազվադեպ է առաջանում: Կարծում եմ` նույնիսկ այդ պայմաններում կարելի էր և՛ քարոզչության,  և՛ միջոցառումներ կազմակերպելու միջոցով ավելի բարձր պահել վիճակը:

– Իսկ գուցե ներկա վիճակը մեր պատմությունը չիմանալու հետևա՞նք է, չգիտենք 1918-ը, չգիտենք 1988-ը, դրա հետևանքով էլ անկումային տրամադրություն է տիրում:

– Երևի, գուցե դա էլ նշանակություն ունի: Բայց տեսեք` խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշվում էր որպես Հայաստանի երկրորդ հանրապետության օր, պատերազմից հետո մարդիկ ծարավ էին, սոված էին,  Ստալինը հարյուրհազարների Սիբիր էր աքսորում, բայց մարդիկ  դուրս էին գալիս, քանի որ կազմակերպվում  էր և պարտավոր էին ուրախ լինել: Այսինքն` միջոցառումներ կան, որ պետք է  կազմակերպվեն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս կրթական քաղաքականությունը` երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու առումով:

– Կարդացել եմ 8-րդ և 9-րդ դասարանների պատմության դասագրքերը, ինչ-որ բաների հետ համաձայն եմ, բայց ինչ-որ բաներ էլ, իմ կարծիքով, պետք էր ավելի լավ գրել, նույնիսկ որոշ դիտողություններ գրավոր հեղինակներին եմ ուղարկել: Քանի որ շատ դեպքեր, որ տեղի են ունեցել Հայաստանում, եղել են աշխարհի դեպքերի արձագանքը, բայց երբեմն էլ մեր դեպքերն են արձագանք գտել աշխարհում: Այդ կապը  հաճախ այնքան էլ լավ չի զգացվում: Իհարկե, կարելի էր ավելի լավ անել:

Այդ քարոզչությունը շատ կարևոր է: Ճապոնիան անցած դարի  60-70-ականներին սրընթաց ՀՆԱ-ի 11-տոկոսանոց աճ էր ունենում, հետո մի պահ դանդաղեց: Նակասոնեն, որ  այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր և անվտանգության խորհրդի անդամ, հարց բարձրացրեց, որ ամենայն հավանականությամբ դասագրքերը վատացել են և հայրենասիրության քարոզչություն չի տարվում, դա էլ ազդում  է տնտեսական աճի նվազման վրա: Հետո ինքը վարչապետ դարձավ, և առաջին հերթին դասագրքերը փոխեցին: Գուցե մի քիչ ծայրահեղացված  է հնչում, բայց դասագրքերից կախված է նաև տնտեսությունը:

– Ի՞նչ է պետք իսկապես հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, միայն դասագիրքը բավարա՞ր է:

– Դասագիրք է պետք, քարոզչություն է պետք, որ չկա: Գաղափարների քարոզչություն է պետք, դրա հետ միասին էլ ամեն օր պետք է ապացուցել: Ամեն օր երիտասարդը պետք է տեսնի, որ եթե իր երկրում անարդարություն է տեղի ունենում, ապա պայքարելով հնարավոր է անարդարությունը վերացնել, տեսնի, որ արժանավոր մարդիկ են վերև  բարձրանում, անարժան մարդիկ պատժվում են: Եթե այդ բաներն անընդհատ  ցույց չտաս, միայն քարոզչությունը քիչ է, քանի որ դրա մեջ կամաց-կամաց կեղծ տարր է առաջանում:

 

Զրուցեց  Հայկուհի Բարսեղյանը