Հայաստանում իրավիճակն օրեցօր ծանրանում էր, իշխանությունը չէր կարողանում լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը մեծ թափ էր հավաքում։ Ժողովրդի հիասթափությունը գնալով խորանում էր։
1995թ. Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 20 ընտրատարածքից:
1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորվում է լուրջ ընդդիմադիր ճակատ։ Հիմնական քաղաքական կուսակցություններն ու ուժերը համախմբվում են՝ Վազգեն Մանուկյանին առաջադրելով ազգային համաձայնության թեկնածու նախագահական ընտրություններում։
1996 թվականի նախագահական ընտրությունները վերաճում են համատարած ընտրակեղծիքների՝ հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի, մինչդեռ ընտրություններում ակնհայտորեն հաղթանակ էր տարել ընդդիմության թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը չէր զիջում դիրքերը։Անգամ համատարած ընտրակեղծիքների արդյունքում պաշտոնական տվյալներով Վազգեն Մանուկյանը հավաքել էր 41% ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51,3%։
ԱԺՄ-ն հատորներով ապացուցային բազա է ներկայացրել Սահմանադրական դատարան։
«Այդուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի»․ Վազգեն Մանուկյան։
Սկսվում են ընդդիմության հանրահավաքները։ Սեպտեմբերի 26-ի հանրահավքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․ «Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»:
Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու հետգնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այդ ժամանակ տեղակայված էր Ազգային ժողովի շենքում՝ առաջարկելով ամեն մարզից 3 արկղ բացել։ Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․«Եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»:
ժողովուրդը «Վազգե՛ն, նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվում է դեպի ԿԸՀ։ Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքված էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:Քիչ անց Ազգային ժողովից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Վովա Հախվերդյանը. «Ես անձամբ ասում եմ Վազգեն Մանուկյանի խոսքերը․ «Մենք կհասնենք հաջողության, միայն թե համբերեք: Իր անձնական խնդրանքն է` համբերատար սպասել, բայց բանակցությունները գնում են բավականին ծանր մթնոլորտում»»:
Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ Վազգեն Մանուկյանը Ազգային ժողովի շենքից դուրս չի գալիս, ժողովուրդը կոտրում է ԱԺ երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք: Սկսվում են բախումներ:
Վազգեն Մանուկյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել՝ ասելով.«Այստեղ հանձնաժողովը մի որոշում է ընդունում, որը մեզ լիովին գոհացնում է: Ժողովուրդ, այս պահից կախված է մեր ողջ ժողովրդի ապագան»:
Նա կոչ է անում ժողովրդին անկարգությունների չդիմել և ձեռք չբարձրացնել ոստիկանների վրա։
Հատվածներ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցից1996 թ նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադրության վերաբերյալ
«Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները․․․։
«․․․Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին․․․»։
«․․․Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողների սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության․․․»
«․․․Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում է Գերագույն դատարանի վարույթում․․․»։