Գնացքից թռչելու ժամանակն է,մաս 1-ին

0
416

Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղա­քական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից: Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևան­ների և ողջ աշխարհի իրավիճակը, այլև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու աշխարհը, ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, պետք է ուղղակի քննարկել հավանական տարբերակները և գործո­ղությունների ընթաց­քում, հարմար առիթի դեպքում ինչ-որ չափով գնալ նաև խելամիտ ռիսկի, առանց որի հնարավոր չէ ոչ մի խնդրի իրա­կանացում: Եթե հաշվարկներ, կանխատեսումներ չկան, ապա սովո­րաբար ընտրում են երկու հնարովի պահվածքներից մեկը. կամ կծկված տրվում են հոսանքին՝ սպասելով, թե ինչ կլինի (սովորաբար ինքնիրեն ոչ մի լավ բան չի լինում), կամ նյարդերը չեն դիմանում անորոշ լար­վածությանը, և հիստերիկ ոգևորությամբ դիմում են ՙմահ կամ ազա­տություն՚ կարգախոսին, որը եթե ընդունելի է անհատի համար, ապա անընդունելի է, երբ վերաբերում է ողջ ազգին: Այդ երկու պահ­վածքների դրսևորումն էլ վառ արտահայտված է այժմյան իրա­կանության մեջ:

Մեր ազգը ապրում է այժմ իր համար մի բախտորոշ ժամա­նակաշրջանում, երբ կամաց-կամաց բոլորիս մեջ հասունանում է այն համոզմունքը, որ դեպքերի զարգացումը կարող է հնարավոր դարձնել մեր ազգի դարավոր երազանքի իրականացումը՝ անկախ պետակա­նու­թյան վերականգնումը, առանց որի անլուծելի կմնան մնացած համարյա բոլոր ազգային խնդիրները: Շատերին վախեցնում են ինքնուրույն գործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են մեր առջև:     Առհա­սարակ ամենածանր բեռը ինքնուրույն որոշումներ ընդունելու                պատաս­խա­­նատվությունն է, ստրկությունը՛՛քաղցր՛՛ է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը՝ ազատելով նրան պատասխանատվու­թյան զգացումից: Ստրկությանը սովոր մարդը վախենում է ազա­տու­թյունից, պատասխանատվությունից: Պատահա­կան չէ, որ այժմ, երբ մեր առջև բացվել են ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որո­շումներ ընդունելու և իրագործելու հնարավորություններ,կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին: Ոչ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որով անցել են շատ ազգեր, և որը տանում է դեպի երջանկություն:                                                      Պետք են միայն համա­գործակցություն, միաս­նու­թյուն, խելացի հաշվարկ և          վճռա­կանություն: Փորձենք այժմ կռահել, թե ինչ ուղղությամբ է շարժվում ԽՍՀՄ-ը, որոնք են այդ շարժման դրդապատճառները, և, ըստ դրա, տեսնենք, թե ինչ է հնարավոր անել և ինչպես: Այս հարցերի շուրջ ամենատարածված տեսակետը, որը սկզբում քարոզում էր ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեն, հետա­գայում քարոզում էին նաև բազմաթիվ կազմակերպություններ և անհատ­ներ, հետևյալն է: Խորհրդային Միությունը, գտնվելով տնտե­սական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ստիպված դիմեց վերափոխումների՝ փորձելով ստեղծել դեմոկրատական հասարակու­թյուն, ազատ տնտեսու­թյուն: Օգտվելով այդ հանգամանքից, մենք պետք է ձգտենք տնտեսական անկախության, ինքնիշխանության և հարմար պահին պատրաստ լինենք հռչակելու անկախություն:

Այնուամենայնիվ անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը հետ վերցնելու մասին), և այդ պատճառով առկա է նաև հետևյալ մտայ­նությունը. ձգտել կոնֆեդերացիայի և բավարարվել դրանով, չէ որ եվրոպական երկրներն էլ, զիջելով իրենց անկախության որոշակի մի մասնիկ, ստեղծում են նոր տիպի դաշինք, հետևաբար դա է զարգացման ուղին: Նախ նկատենք, որ մի բան զիջելու համար պետք է առաջին հերթին որոշես՝ ում և երբ զիջես, հանուն ինչի զիջես, ինչ ստա­նաս դրա փոխարեն, և երկրորդ՝ դարից դար փոխվում է անկախության բովան­դակությունը, դրա իրավաբանական ստատուսը: Եվրոպայում այժմ տեղի են ունենում գործընթացներ, որոնց այս կամ այն ձևով մասնակից կդառնան աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ ստեղծելով սկզբում             պե­տությունների փնջեր, որոնք հետագայում կձուլվեն մեկ համաշ­խարհային միասնության մեջ, և դրա արդյունքում կձևակերպվի, թե ինչ է նշանակում անկախությունը 21-րդ դարում: Նկատենք նաև, որ պետության կազմավորման կոնֆեդերատիվ ձևը անկայուն է, և պատմությանը հայտնի գրեթե բոլոր կոնֆեդերացիաները (Շվեյցարական, ԱՄՆ-ի, գերմանական և այլն) անցել են նույն ուղին՝ կոնֆեդերացիա, հետո ֆեդերացիա, ի վերջո դարձել են միասնական ունիտար պետություն:

Մենք առայժմ խոսենք Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացների մասին և տեսնենք՝ ճի՞շտ է արդյոք վերոհիշյալ տեսա­կետը, ըստ որի հնարավոր է ձեռք բերել անկախություն՝ հանդարտ գնա­լով դեպի ինքնիշխանություն: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այժմ ԽՍՀՄ-ում, ինչ ուղղությամբ է նա շարժվելու, և որոնք են այդ շարժման դրդապատ­ճառները, կատարենք մի փոքր պատմական էքսկուրս:

Ռուսաստանում դարերի ընթացքում փոխվում էին կառավարման ձևերը, բայց անփոփոխ էր մնում քաղաքականությունը՝ ծավալապաշտությունը: Իր ծավալվելու ընթացքում նա հասավ մեզ, գրավեց մեր հողերի մի մասը: Պետք է լավ գիտակցել, որ Ռուսաստանի այստեղ գալը ոչ մի ձևով կապված չէր մեր դիմումների կամ կողմնորոշման հետ: Ռուսաստանը կատարում էր իր առաքելությունը՝ ծավալապաշտությունը (հետաքրքիր է նկատել, որ նվաճված ժողովուրդների մի մասը Ռուսաստանում ապրում էր ավելի լավ պայմաններում, քան բուն ռուսները. այդ երևույթը ունի խորը արմատներ, բայց դա առանձին խոսակցության նյութ է): Զավթողական քաղաքականության ներքին տրամաբանությունը պարտադրում էր Ռուսաստանին չհանդուրժել իր ճանապարհին անկախ պետությունների ստեղծումը, անել ամեն ինչ, որպեսզի նվաճված ազգերը հնարավորություն չունենան ստեղծելու իրենց անկախ պետությունները: Այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսականացման քաղաքականությունը, ռուսականացում լեզվով, մշակույթով, խառը ամուսնությունների միջոցով և այլն: Այն դեպքերում, երբ դա չէր հաջողվում, արվում էր ամեն ինչ, որպեսզի տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում: Դրան էին ծառայում տեղա­հանությունները, ջարդերը, նվաճված տարածքները ռուսներով վե­րա­բնակեցնելու քաղաքականությունը: Այդ պատճառով օբյեկտիվորեն մեր դարավոր իղձի իրականացումը՝ միացյալ անկախ Հայաստանի ստեղ­ծումը, հակասում էր Ռուսաստանի շահերին:

Եվ այդ է նաև պատճառներից կարևորագույնը, որ մեզ չհաջողվեց ապահովել մեր հայրենակիցների մի զգալի մասի ֆիզիկական գոյությունը XIX դարի վերջում ու XX դարի սկզբում (Թուրքիայի շահագրգռվածությունն ու դերը այս հարցում հայտնի է, մենք այժմ խոսում ենք Ռուսաստանի մասին), խնդիր, որը մեզ հաջողվում էր իրականացնել դարերի ընթացքում՝ ապրելով ծանր պայմաններում՝ թուրքական և պարսկական կայսրու­թյուն­ների տիրապե­տության տակ: Այս առիթով նկատենք, որ եթե ծավալապաշտական քաղաքականություն իրագործող Ռուսաստանը մեր ազգային իղձերի իրականացման բնական թշնամին է, ապա Ռուսաստանի հրաժարումը այդ քաղաքականությունից հնարավորու­թյուն է ստեղծում վերականգնել մեր պետականությունը, և մեր անկախ պետության բնական դաշնակիցը կարող է լինել նոր ժողովրդավարական Ռուսաստանը: Ծավալապաշ­տական Ռուսաստանը օբյեկտիվորեն մեր թշնամին է: Ոմանց կարծիքով, եթե իր ծավալապաշտության մեջ նա հասած լիներ գոնե մինչև Վան, հետո քանդվեր, միգուցե մենք այժմ ավելի շահած լինեինք. բայց, նախ, եթե նա այդ տարածքները գրաված լիներ, ապա մեկ է, այդտեղ այժմ հայեր չէին բնակվի (հավանաբար այդ տարածքներում կստեղծվեին թուրքական և քրդական հանրապետու­թյուններ), ապացույց՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատ­մությունը, Նախիջևանը և այլն:

Երկրորդ՝ տեսանելի ապագայում այդպիսի բան չի սպասվում, ծավալա­պաշ­տական քաղաքականությունն այժմ հակասում է մարդկության զարգացման ուղուն, Ռուսաստանի հնարավորու­թյուններին, և եթե մենք, չունենալով պետականություն, անորոշ սպասենք մարդկության զար­գացման այն փուլին (եթե այդպիսի փուլ գա), որը նորից հնարավոր դարձնի Ռուսաստանի ծավալապաշ­տական քաղաքա­կանությունը, նույն անիմաստ հույսերը կապելով դրա հետ, ապա մինչ այդ մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ: Դեմոկրատական Ռուսաստանը մեր բնական դաշնակիցը կարող է լինել, հիշենք միայն, որ անկախ պետություն ունենալու դեպքում է միայն հնարավոր իրական դաշնակիցներ ունենալ: Պատմության, քաղաքականության ոլորտներում գործում են օրենք­ներ, որոնք կախված չեն այս կամ այն անհատի ցանկությունից: Այդ օրենք­ներից նշենք պարզ, բայց մեր դիտարկման համար կարևոր մի կանոն: Ամեն մի պատմական ժամանակաշրջանում գոյություն ունի մարդկության ընդհանուր զարգացման ուղի, և եթե մի որևիցե պետության արտաքին և ներքին քաղաքականության ուղղվածությունը չի համընկ­նում զարգացման ընդհանուր ուղուն, ապա այդ պետության ներսում առաջանում են պետությունը քանդող ուժեր, և ինչքան մեծ է շեղումը մարդ­կության ընդհանուր զարգացման սլաքի և տվյալ պետության կառուցվածքի ու քաղաքականության ուղղվածության սլաքների միջև, այնքան մեծ է քանդող ուժերի զորությունը, այն ուժերի, որոնց նպատակը՝ իրենց իսկ կողմից խորը չգիտակցված, շատ հաճախ նույնիսկ երկրի շարժման ուղղությունը հնարավորինս մարդկության զարգացման ուղղու­թյանը համապատասխանեցնելն է: Մեծ եռանդ, ուժ կիրառելով՝ իշխող­ները կարող են միառժամանակ այդ երևույթների դեմն առնել, կծկվել՝ երկիրը դատապարտելով տնտեսական, քաղաքական, ռազ­մական, գիտական, մշակութային և բարոյական լճացման: Ինչքան երկար տևի այդ լճացումը, այնքան մեծ կլինի պայթյունը: Օրինակ կարող են ծառայել իրադարձությունները Ռումինիայում: Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով որոշ կայսրու­թյուններ քանդվելով վերափոխվեցին նոր պետությունների, որոնց ընթացքի ուղղության սլաքները շատ թե քիչ համապատաս­խանեցին մարդկության զարգացման ուղղության սլաքին, օրինակ՝ Թուրքիան, Ավստրո-Հունգարիան: Երկրորդ համաշխարհային պա­տերազմից հետո այդ ճանապարհով գնացին Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան և այլք: Եվ այժմ մնացել է վերջին խոշոր դինոզավրը՝ Ռուսաստանը:

Մարդկության զարգացման այժմյան ուղղության՝ պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով պատճառա­բանված լինեն, դատապարտված են անհաջողության:

Օրինակ կարող են ծառայել կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսությունները և դրանց քաղաքականության իրականացման փորձի տապալումը: Այժմ հերթը հասել է Ռուսաստանին: Ինչպես արդեն նշել ենք, դարերի ընթացքում անշեղորեն իրագործելով ծավալապաշտական քաղաքա­կանություն՝ Ռուսաստանը ժամանակի ընթացքում փոխել է իր կառա­վարման ձևերը: Կառավարման վերջին ձևը բոլշևիզմն է: Ծավալապաշ­տական քաղաքականության վերջին փորձը՝ Աֆղանստանի նվաճումը, տապալվեց: Կառավարման վերջին ձևը երկիրը բոլոր ասպարեզներում կանգնեցրեց խորը ճգնաժամի առջև: Ավելին, կայսրությանը թույլ կպած կտորները՝ Լեհաստանը, Հունգարիան, սկսեցին կամաց-կամաց պոկվել: Կայսրությունն արդեն ուժ չուներ՝ պահելու նրանց: Ամբողջ մարդկությունը սարսափով նայում էր քայքայվող հսկային, որի բեկորների տակ կարող էր թաղվել ողջ աշխարհը: Աշխարհը զինվում էր՝ պատրաստվելով պաշտպանել իրեն հավա­նական արհավիրքից և լարված ուշադրությամբ հետևում էր կայսրության հոգևարքին:

Պայթյունից խուսափելու մի միջոց կար. արագ փոփո­խություններ կատարել երկրի արտաքին և ներքին քաղաքա­կանության ոլորտում՝ աշխատելով փոփոխությունների ընթաց­քը պահել հսկողության տակ: Խնդիր դրվեց նվազագույն տարածքային կորուստ­ներով, նվա­զագույն փոփոխություններով փոխել կառավարման ձևը, երկիրը հար­մարեցնել աշխարհի զարգացման ուղղությանը՝ ապահովելով գիտության, տեխնիկայի, տնտեսության և ռազմական արդյունաբե­րության առաջ­ընթացը նոր պայմաններում: Ռուսաստանում հայտնվեց մի մարդ, որն իր վրա վերցրեց այդ բարդ խնդրի իրականացումը. այդ մարդը Գորբաչովն է: Եթե սկզբում թվում էր, որ վերափոխման գործը կարելի է առաջ տանել փոքր ձևափոխությունների միջոցով, ապա ընթացքում պարզվեց, որ փոփոխությունները և կորուստները մեծ են լինելու, և ամենասարսափելին այն է, որ դրանց ընթացքը և արագու­թյունը հնարա­վոր չէ պահել լիակա­տար հսկողության տակ: Չարժե ինքնախա­բեությամբ զբաղվել, երկրի ղեկավարման հին ձևը, կոմունիստական կուսակցության ղեկավար դերը ոչնչացնում է ինքը՝ Գորբաչովը՝ վարպետորեն առաջ մղելով ժողովրդին: Այդ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ, բայց արդեն հասկանալի է, որ իշ­խա­նության կոմունիստական ձևը դատա­պարտված է: Բնական պատ­ճառներով երկրի տարբեր հատվածներում այդ իշխանության վերացումը կատարվում է տարբեր արագությամբ: Ինքը՝ Գորբաչովը, նպատակ ունենալով հնարավորինս պահպանել կայսրության ամբող­ջակա­նությունը, շահագրգռված է, որ ծայրամա­սերում այդ երևույթն առավել դանդաղ ընթանա: Ավելին, շատ վար­պետորեն փորձ է արվում Ռուսաստանի կողմից նվաճված ժողովուրդների ազգային-ազատա­գրական պայքարը, որը բնականորեն պետք է ուղղված լիներ կայսերա­պաշ­տական քաղաքականության դեմ, ուղղել կայսրու­թյունը ղեկավարելու ձևի դեմ, ազգային-ազատագրական պայքարը, որի բնական նպատակն է անկախությունը, փոխարինել հակակոմու­նիստական պայքարով:

Օգտվե­լով իրենց բնորոշ յուրահատուկ պայ­մաններից՝ որոշ հանրապետու­թյունների, օրինակ, Լիտվային, հաջողվեց ընտրել պայքարի ճիշտ ուղղու­թյուն՝ զանազանելով կայսերական քաղաքականությունը նրա իրագործ­ման ձևից և վարպետորեն հավասարակշռություն պահելով պայքարի այդ երկու ուղղությունների միջև: Ես չեմ խոսում ի պաշտպանություն կոմու­նիստական կուսակ­ցության, դա մարդկության և մեր ազգի հանդեպ հան­ցագործ կազ­մակերպություն է, որը պետք է իջնի քաղաքական թատերաբեմից, ես ուղղակի կոչ եմ անում սառը կշռադատել մեր քա­ղաքական պայքարի ուղղությունը: Ստիպված լինելով քանդել հին ղեկավարման ձևը, տալով արդեն տարածքային կորուստներ Արևելյան Եվրոպայում, Մերձբալթիկայում՝ Գորբաչովը ձգտում է վերափոխումներից հետո պահպանված տարածք­ների վրա ստեղծել մի միասնական դեմոկրատական պետություն, որի տնտեսությունը ղեկավարվում է ազատ շուկայի մեխանիզմով, ստեղծել մի կայուն միասնական երկիր, որն արդեն ենթակա չէ քանդվելու, և որի զարգացման ուղղությունը հնարավորին չափ համապատասխանում է մարդկության զարգացման ուղղությանը: Կհաջողվի՞ արդյոք Գորբաչովին լուծել այս խնդիրը, և ի՞նչ է սպասում մեզ այդ ճանապարհին: Ինչպես նշեցինք, ԽՍՀՄ-ի բռնած ճանապարհի անհամապա­տաս­խա­նությունը մարդկության ընդհանուր զարգացման ուղու հետ երկրի ներսում առաջացրեց այնպիսի երևույթներ, որոնք սկսեցին քանդել կայսրությունը:

Տնտեսությունը կամաց-կամաց դառնում էր անկա­ռավարելի, կենտրոնում ընդունված որոշումները հնարավոր չէր լինում իրագործել: Պաշտոնական գաղափարախոսությունը, որը կարևոր դեր էր խաղում երկիրը ղեկավարելու գործում, աստիճանաբար կորցնում էր իր ազդեցությունը: Տնտեսության քայքայումը, նավթի գների իջեցումը միջազգային շուկային հնարավորություն չէին տալիս տարբեր նե­րարկումների միջոցով իրեն ամուր կապված պահել սոցիալիստական երկրները: Լեհաստանում սկսվեց ազգային-ազատագրական պայքար, անհաջողություններ՝ Աֆղանստանում: ԽՍՀՄ-ը հետզհետե ավելի ու ավելի էր հետ մնում աշխարհի երկրների մեծ մասից տնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների մշակման գործում: Դա չէր կարող չազդել ԽՍՀՄ-ի ամենակարևոր հատկանիշի՝ ռազմական արդյու­նա­բերության, ռազմական ուժերի վրա: Կար վտանգ, որ այն փաստի գիտակցումը, թե ժամանակը աշխատում է իր դեմ, կարող է դրդել երկրի ղեկավարությանը դիմել արկածախնդրության, սկսել իրականացնել իր ռազմական հնարավորությունները՝ չթողնելով, որ մնացյալ աշխարհն իրենից առաջ անցնի: Բայց երկիրը ղեկավարող ՙծերակույտը՚ չունեցավ այնքան վճռականություն, կամ, ավելի ստույգ, ունեցավ խոհեմություն և չդիմեց այդ քաղաքականությանը, որը կարող էր կործանարար լինել ամբողջ մարդկության համար:

Այդ տեսակետից չափազանց մեծ էր ԱՄՆ-ի և նրա այն ժամանակվա պրեզիդենտ Ռ.Ռեյգանի ցուցաբերած վճռա­կանությունը, շանտաժի չենթարկվելը և ռազմական արդյունա­բերության մեջ նորագույն տեխնոլոգիայի օգտագործման ծրագրի իրականացումը: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը դիմեց ՙոտքերը վերմակի չափով մեկնելու՚ քաղաքականությանը և փորձեց վերափոխումների միջոցով հասնել մնացյալ աշխարհին: Սկզբում այդ քաղաքականության մեջ կար բլեֆի ինչ-որ տարր, փոքր վերափոխումներով խնդիրը լուծելու ցանկություն: Բայց իրադար­ձությունների ներքին տրամաբանությունը ցույց տվեց, որ փոփոխու­թյունները պետք է լինեն շատ խորը, իսկ նախորդ              ժամանակա­շրջանում կայսրության նվաճած տարածքների կորուստները՝ բավական մեծ: Սկսվեց իրադարձությունների մի շղթա, որոնց ուղղությունը և արա­գությունը կենտրոնը չկարողացավ իր հսկողության տակ պահել, զորքի և ՊԱԿ-ի օգտագործումն այդ նպատակով զգալի արդյունքներ չի տալիս: Տնտեսությունը վարչահրամայական եղանակով ղեկավարելու մեթոդ­ներից հրաժարումն արագացրեց տնտեսության քայքայումը, որը կարող է հանգեցնել և՛ տնտեսական, և՛ քաղաքական քաոսի: Մյուս կողմից՝ անընդհատ հետաձգվում են մասնավոր բարեփոխումները, որոնց իրագործման առաջին փուլը բնորոշվելու է հսկայական արժեզրկումով ու գործազրկությամբ, որոնք այս բազմազգ կայսրությունում կհանգեցնեն անկանխատեսելի քաղաքական հետևանքների: Հասկանալի է նաև, որ տնտեսական բարեփոխումների իրականացման դեպքում տնտեսու­թյունը երկրի ղեկավարության համար ամբողջովին կդառնա անկա­ռավարելի՝ բերելով իր հետ նաև քաղաքական գործընթացի ան­կառավարելիություն: Այս պայմաններում ոչ միայն մենք, այլ նաև երկրի ղեկավարությունը, որը մեզանից անհամեմատ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա, չի կարող հաշվարկել կամ կռահել, թե ինչ ճանապարհով կընթանա երկիրը, ինչ է նրան սպասում այս կամ այն որոշումը ընդունելիս: Կարելի է միայն նշել դեպքերի զար­գացման մի քանի հնարավոր տարբերակներ: Բայց մինչ այդ տար­բերակների քննարկմանն անցնելը խոսենք ցանկությունների մասին: Մ.Գորբաչովի վարած քաղաքականությունից կարելի է կռահել, որ նրա ցանկությունն է ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում կառուցել մի միասնական պետություն, որը հարմարեցված լինելով մարդկության զարգացման ուղղությանը՝ իր կառուցվածքով նման լինի ԱՄՆ-ին: Երկիրը բաժանված լինի մասերի (հանրապետություններ, ինքնավար միավորումներ, Ռուսաս­տանի երկրամասեր), որոնցից յուրաքանչյուրը ունենա մոտավորապես այնպիսի ազատություն և իրավունքներ, որպիսիք ունի ԱՄՆ-ի յուրաքանչ­յուր նահանգ: Դատելով ըստ Արևմուտքի քաղաքական գործիչների հայտարարու­թյունների և նրանց կողմից վարվող քաղաքականության՝ Արևմուտքը շահագրգռված է, որ Գորբաչովի այս ծրագիրը իրականանա: Այդ շահա­գրգռվա­ծության արմատները պարզ են, ագրեսիվ, մեծ ռազմական ուժ ունեցող, բայց փակ և չզարգացող տնտեսության տեր կայսրության կամ նրա քայքայումից հետո առաջացած փոքր, տնտեսապես թույլ, ազ­գամոլությամբ տառապող և իրար դեմ պատերազմող պետությունների փոխարեն Արևմուտքը կցանկանար ունենալ մի հարևան, որի դեմո­կրատական կառուցվածքը և բաց տնտեսական համակարգը երաշխա­վորեին Արևմուտքի ռազմական ապահովությունը՝ միաժամա­նակ բացե­լով նրա առջև հսկայական շուկա: Այնպես որ Արևմուտքը իր պրագմատիկ նպատակներից ելնելով՝ տվյալ ժամանակաշրջանում, ի տարբերություն նախորդ փուլի, չի խրախուսում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող որոշ հանրապետությունների անջատողական քաղաքականու­թյունը: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ հաշվի առնելով համաշխարհային հասարակական կարծիքը, Արևմուտքն ստիպված անում է որոշակի հայտարարություններ, նույնիսկ որոշ քայլեր՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազա­տությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և այլն: Արևմուտքի քաղաքականության մեջ շատ մեծ դեր է խաղում նաև այն մտա­վախությունը, որ հանրապետու­թյուն­ների կենտրոնախույս շարժումը կարող է հանգեցնել քաոսի՝ անկանխատեսելի վտանգավոր հետևանք­ներով ոչ միայն կայսրության, այլև իր իսկ Արևմուտքի համար: Մտավախություն կա նաև, որ այդ շարժումը կարող է ստիպել ԽՍՀՄ-ին վերադառնալ իր նախորդ վիճակին:

Այսպիսով, Մ.Գորբաչովի և Արևմուտքի ցանկությունները այս հարցերում համընկնում են: Բայց միևնույն է, այդ ցանկությունները լրիվ իրագործվել չեն կարող: Կայսրությունը ստիպված է կրել տարածքային կորուստներ: Օրինակ կարող է ծառայել մերձբալթյան հանրապետու­թյունների անխուսափելի անջատումը կայսրությունից: Այդ մտքի հետ արդեն ստիպված հաշտվել է համարյա ամբողջ Ռուսաստանը:          Գո­յություն ունի երկու կարևոր հանգամանք, որոնք թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում ստեղծել ԱՄՆ-ի նման մի պետություն:

Առաջին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի կազմում գտնվող շատ ժողովուրդներ ներառվել են կայսրության կազմի մեջ իրենց պատմական հայրենիքով, և շատ մեծ է վերստին սեփական պատմության ուղին կերտելու նրանց ցանկությունը:

Երկրորդ՝ այն տնտեսական վերափոխումները, որոնք անխուսափելիորեն պետք է իրագործվեն ԽՍՀՄ-ում, և որոնք գոնե սկզբնական շրջանում կուղեկցվեն ժողովրդի կենսամակարդակի կտրուկ իջեցումով, կնպաստեն կենտրոնախույս ուժերի հզորացմանը: Յու­րաքանչյուր հանրապետություն, բնականորեն ելնելով իր շահերից, կաշխատի իր տնտեսության զարգացումը իրականացնել ուրիշների հաշ­վին, հարուստը չի ցանկանա կիսվել աղքատի հետ: Օրինաչափ է նաև, որ տնտեսական վերափոխումները տարբեր ձևերով և տարբեր արա­գություններով ավելի հեշտ է իրագործել կայսրության առանձին մասե­րում, քան մեծածավալ կայսրության ամբողջ տարածքում միաժամանակ և միևնույն եղանակով: Այս հանգամանքը ևս կնպաստի կենտրոնախույս ուժերի հզորացմանը: Այժմ տեսնենք մենք ինչ ենք ուզում: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի վերանա աշխարհի երեսից, և վաղ թե ուշ կայսրությունից մնացած ամենամեծ բեկորի վրա կկառուցվի միասնական Ռուսաստան: Մի կողմ թողնենք, թե քանի փուլում կիրա­կանացվեն այդ խնդիրները, ինչ զոհեր կպահանջվեն, ինչ արհավիրքներ կհանդիպեն ճանապարհին:

Ենթադրենք (համարյա ֆանտաստիկ մի բան) մեզ հաջողվում է անցնել բոլոր արհավիրքների միջով և ստեղծվելիք միասնական դեմոկրատական Ռուսաստանի մասը կազմել: Արդյոք դա մեզ ձե՞ռք է տալիս, թե՞ ոչ: Ըստ իս, ոչ: Եթե այդ գրեթե անհավանական տարբերակը իրագործվի, և մենք մասը կազմենք միասնական դեմոկրա­տական Ռուսաստանի, ապա դրանով կվերջանա հայ ժողովրդի                 հա­զարամյակների պատմությունը, ինչպես որ, օրինակ, վերջացած է Շոտլանդիայի և Ուելսի ազգային պատմությունը. երկրներ, որոնցում կան, իհարկե, անկախության ձգտող կուսակցություններ, բայց այդ ժողո­վուրդների համատարած անգլիացումը, Մեծ Բրիտանիայում տիրող իրա­վահավասարությունը, բարձր կենսամակարդակը հանգեցրել են այն բանին, որ շոտլանդացիների ու վալիացիների ճնշող                      մեծա­մասնությունը սոսկ էկզոտիկ մի բան է դարձել: Այդպիսով այդ ժողովուրդները դուրս են մղվել մարդկության պատմության թատերա­բեմից, և ինչպես այժմ չկան շումերներ, արամեացիներ, դակեր, գարգարացիներ, ինչ-որ ժամանակից հետո չեն լինի նաև շոտլան­դացիներ, վալիացիներ: Մի՞թե մենք ուզում ենք նույն բախտին արժանանալ: Մենք՝ հայերս, տեսել ենք ինչպես են կառուցվում եգիպտական բուր­գերը, պատերազմել ենք Ասորեստանի և Հին Հռոմի դեմ, Տիգրան Մեծի ժամանակ տարածվել ենք մինչև Կարմիր ծով, ականատես և մասնակից ենք եղել համաշխարհային կրոնների՝ քրիստոնեության ու մահմեդա­կանության առաջացմանն ու տարածմանը, մեր աչքերի առջև ստեղծվել և քանդվել են հզորագույն կայսրություններ, շատ բան ենք տվել աշխարհին ու շատ բան վերցրել՝ անցնելով փորձություններով լի ճանապարհ, բայց իմ խորին համոզմամբ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ չենք կատարել այն առաքելությունը, որի համար ստեղծել է մեզ Աստված, և սրբա­պղծություն կլինի Աստծո, մարդկության և մեր նախնիների հանդեպ, եթե մենք հրաժարվենք կրել մեր խաչը, չիրագործենք անկախ պետականու­թյունը վերականգնելու մեր հնարավորությունը առաջին իսկ հարմար պահին:

Հետևաբար դեպքերի զարգացման այն ֆանտաստիկ տարբե­րակը, որի իրականացման դեպքում մենք, հրաշքով անցնելով քանդվող կայսրությանը սպասող բոլոր արհավիրքների միջով, մասը կկազմենք միասնական Ռուսաստանի, մեզ ձեռք չի տալիս: Մենք պետք է ձգտենք վերականգնել մեր անկախ պետականությունը: Ցանկություններից և ֆանտաստիկ վարկածներից նորից գանք մեր օրերին: ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման ժամանակաշրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնութագրական չէ պետության կայուն վիճակին: Հետևաբար անկախ պետականության վերականգնման մեր ցանկությունը պետք է իրագործենք հենց այս անցման ժամանակաշրջանում, որի տևողությունը մեզ դեռ հայտնի չէ: Դիտարկենք դեպքերի զարգացման հնարավոր տարբերակները:

1. Անգլիական տարբերակ

Սա մեզ համար ամենացանկալի, բայց և ամենաանհավանական տար­բերակն է, որն իրականանալու դեպքում ԽՍՀՄ-ում կկատարվի նույ­նը, ինչ կատարվեց Մեծ Բրիտանիայի կայսրությունում Երկրորդ հա­մաշխարհային պատերազմից հետո: Այսինքն՝ բոլոր նվաճված ժողո­վուրդները գրեթե առանց պայքարի հետզհետե կստեղծեն իրենց անկախ պետությունները: Դեպքերի այսպիսի զարգացումն ամենա­բարենպաստն է մեզ համար, որովհետև հնարավորություն է տալիս չշտա­պել, քայլ առ քայլ բարելավել տնտեսությունը, հանրապետու­թյունում ստեղծել առողջ բարոյական մթնոլորտ, ազատվել յոթանասուն տարի­ների ընթացքում մեզ պարտադրված բարքերից, վերադառնալ ազգային արմատներին, զարգացնել ժողովրդավարության սաղմերը, այս կամ այն ձևով վերջ­նականապես լուծել Ղարաբաղի հարցը և հետո, առանց մեծ պայքարի, հարմար պահին դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից: Դեպքերի այսպիսի բարենպաստ զարգացումը ես գրեթե անհավանական եմ համարում հետևյալ պատճառներով: Դրանցից մեկը արդեն նշեցի՝ ԽՍՀՄ-ի տնտե­սական անկայուն վիճակն է, որից հանդարտ դուրս գալու ճանապարհը չի երևում: Երկրորդ. Անգլիան իր կայսրությունը ստեղծելիս հիմնականում առաջնորդվում էր անգլոսաքսերին բնորոշ պրագմատիկ նպատակներով՝ հետապնդելով նյութական շահ, և երբ փոխվեց հա­մաշ­խարհային տնտեսական համակարգը, երբ տեղի ունեցավ գիտա­տեխնիկական հեղափոխությունը, որը զարգացման նոր հեռանկարներ բացեց, և արդեն գաղութներ ունենալով չէր պայ­մանավորված երկրի տնտեսության զարգացումը, Անգլիան առանց մեծ պայքարի ազա­տություն տվեց իր նվաճած ժողովուրդներին: Ռուսաս­տանի դեպքում քիչ այլ է պարագան: Այս երկրի զավթողական քաղա­քականությունն ուներ մի կարևոր յուրահատկություն. Ռուսաս­տանն, իհարկե, տնտեսապես օգտվում էր իր նվաճած երկրների բնական հարստություններից, բայց դա չէր նրան առաջ մղող հիմնական պատ­ճառը:

Ռուս ժողովրդի մեջ շատ խորն է մտած այն գաղափարը, որ նվաճողական քաղաքականություն վարելով և տարածվելով՝ կատարում է Աստծուց թելադրված առաքե­լություն, երջանկացնում է այն ժողո­վուրդներին, որոնց նվաճում է իր տարածվելու ճանապարհին ու ռուսացնում: Ռուսաստանի համար հեշտ չի լինի հրաժարվել այդ գրեթե միստիկ բնույթ կրող ազգային փիլիսո­փայությունից: Կա նաև մի այլ հանգամանք. նույնիսկ Անգլիան հեշտու­թյամբ չհրաժարվեց իր նվաճած այն տարածքներից, որոնք կազմում էին իր ազգային տարածքի անմիջական շարունակությունը: Շատ մեծ դժվարությամբ նա ազա­տություն տվեց Հարավային Իռլանդիային, իսկ Հյուսիսայինը դեռ պայքարի մեջ է, բացի դրանից, չազատագրվեցին Շոտլանդիան և Ուելսը: Իսկ Ռուսաստանի նվաճած բոլոր տարածքները իր տարածքի անմիջական շարունակությունն են կազմում, և պարզ է, որ այդ տարածքներին նա հեշտությամբ ազատություն չի տա:

Անգլիական տարբերակը քննարկելիս հարկ եմ համարում նշել նաև, որ նույնիսկ Անգլիայից հեշտությամբ ազատագրված գաղութները, որպես կանոն, նախապես հռչակում էին անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակը, ապա բանակցություններ վարում Անգլիայի կառավարության հետ, ընդ որում, նշվում էր անցման շրջանի ժամկետը, որի ընթացքում միայն հնարավոր էր լինում քայլ առ քայլ գնալ դեպի ինքնուրույնություն:

Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դեպքերը զարգանան այս գրեթե անհավանական տարբերակով, անհրաժեշտ կլինի վճռականություն ցուցաբերել և պաշտոնապես հայտարարել անկախ պետականություն վե­րա­կանգնելու մեր նպատակի մասին, որից հետո՝ կենտրոնի հետ վարվելիք բանակցությունների դրական արդյունքի դեպքում, հնարավոր կլինի զարգացնել անկախ տնտեսություն:

2. Կանգառների տարբերակ

Դիտարկենք դեպքերի զարգացման առավել հավանական այս տարբերակը: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի՝ միաս­նական դեմոկրատական պետության ստեղծման ճանապարհը մի քանի հանգրվան կունենա: Եթե ԽՍՀՄ-ին հաջողվի ինչ-որ չափով դուրս գալ ներկայիս ծանր ճգնաժամից, մի քիչ իր զարգացումը հարմարեցնի համաշխարհային զարգացման ուղղությանը, բարձրացնի ժողովրդի կենսամակարդակը, հնարավորություն ունենա մոտենալու ժամանա­կակից տեխնոլոգիաներին, ապա կառաջանան ուժեր (ամենայն հավանականությամբ հենց ինքը՝ Գորբաչովը), որոնք շահագրգռված կլի­նեն չշարունակել ընթացքը վերափոխումների ուղղությամբ և բավարար­վել ձեռք բերածով: Նորից դռները կփակվեն այն ժողո­վուրդների առջև, որոնք մինչ այդ անջատված չեն լինի կայսրությունից, և կստեղծվի կիսադեմոկրատական մի պետություն, որն այդ վիճակում կմնա մինչև իր հաջորդ հարմարեցումը համաշխարհային զարգացման հոսանքին: Եվ այսպես փուլ առ փուլ, յուրաքանչյուր փուլն՝ իր ան­կանխատեսելի արհավիրքներով, իսկ փուլերի միջև ընկած ժա­մանակամիջոցներում՝ մեզ սպասող ազգային ուծացում: Պայթյուն պայթյունի ետևից, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեր ազգի գո­յա­տևման վերջակետը դնել: Այս պայմաններում անկախ պետականության վերականգնումը ոչ միայն հետապնդում է ազգային վեհ նպատակներ, ոչ միայն ազատագրում ստրկությունից, բարեկեցիկ կյանքի     հնարավո­րություն ընձեռում, այլև դառնում է մեր ժողովրդի գոյատևման միակ պայմանը:

3. Քանդվելու տարբերակ 

Ինչպես արդեն նշեցինք ԽՍՀՄ-ի այժմյան վիճակը նկարագրելիս, երկրի տնտեսությունը անելանելի վիճակում է, ընդլայնվել են կենտրոնախույս ուժերը, տեղի են ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել կայսրության փլուզման: Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից:

Բացի մնացած ակնհայտ առավելություններից, նշենք նաև հետևյալը. չնայած մեր հարևան Թուրքիան ջանքեր է թափում՝ գնալու աշխարհի ընդհանուր զարգացման ուղղությամբ, արտաքին նվաճողական քաղաքականությունից անցնելով ներքին զարգացման քաղաքականության, դառնալով զարգացած (և պետք է խոստովանել, որ բավականին առաջադիմել է այդ ճանապարհին), բայց ԽՍՀՄ-ի անղեկավարելի քայքայման դեպքում շատ հավանական է, որ Թուրքիայում գլուխ բարձրացնեն առայժմ քաղաքական մեծ կշիռ չունեցող ուժերը, և այդ երկիրը մի պահ շեղվի իր ընտրած վերոհիշյալ ճանապարհից, կլանի ԽՍՀՄ-ի առավել հեշտությամբ մարսվող բեկորները ու հետո նորից գնա իր ճանապարհով: Դեպքերի նշված զարգացման պարագայում նման վտանգ կարող են ներկայացնել ԽՍՀՄ-ի մյուս հարևանները՝ ջանալով կլանել քայքայվող կայսրության ուրիշ հատվածներ:

Հասկանալի է, որ եթե մինչ այդ մենք անկախացած լինենք, կունենանք մեծ առավելություններ ինչպես Հայաստանի պաշտպանության, այնպես էլ մեր որոշ ազգային հարցերի լուծման գործում: Այսպիսի զարգացումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե, չնայած ԽՍՀՄ-ի ղեկավարության ջանքերին և Արևմուտքի ցանկությանը, հնարավոր չլինի ազդել անղեկավարելի գործընթացների վրա և կանխել երկրի՝ պայթյունով ու քաոսով քանդվելու հեռանկարը: Այդ գործում շատ մեծ նշանակություն ունի ԽՍՀՄ-ում գործող ուժերի զսպվածությունը, հանուն ընդհանուր շահի՝ հրաժարումը եսամոլական ձգտումներից: Ասածս լուսաբանելու համար բերեմ Մերձբալթյան հանրապետությունների օրինակը. օգտվելով հարմար առիթից, իմ կարծիքով, ճիշտ հաշվարկ անելով, նրանք կատարեցին վճռական քայլ՝ միմյանցից տարբեր ձևերով հռչակելով անկախություն: Եվ չնայած նրանք անկախություն դեռևս չեն ստացել և այդ գործընթացը կարող է տևել տարիներ, գլխավորն արված է, նրանք ապահովել են իրենց մի կողմ քաշվելը ԽՍՀՄ-ի փլուզման դեպքում, իրագործել են իրենց ժողովուրդների փափագը, ստացել ինքնուրույն զարգացման հնարավորություն: Թեև այդ գործողություններով նրանք դժվարին կացության մեջ դրեցին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներին, ավելացրին լարվածության աստիճանը երկրում, պոկեցին մի կարևոր օղակ ազատագրվող ժողովուրդների շղթայից, ժողովուրդներ, որոնք ջանում էին ուս ուսի տված, քայլ առ քայլ ազատագրվել կայսրությունից: Կարելի՞ է արդյոք մեղադրել մերձբալթյան հանրապետություններին եսամոլության մեջ: Կարելի է մեղադրել, կարելի է և չմեղադրել, դա չէ էականը, այլ այն, որ քաղաքական պարզագույն օրենքը ասում է՝ եթե ունես ազգային որևէ ծրագիր իրականացնելու հնարավորություն, ապա պարտավոր ես այն անմիջապես օգտագործել, չզոհաբերել ազգային շահը հանուն ուրիշ-ների: Հետո կարող է ուշ լինել: Ով չի օգտվում իրեն ընձեռված այսպիսի հնարավորությունից, պատմությունը նրան չի ներում: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և կամա թե ակամա մենք էլ պետք է ենթարկվենք այդ օրենքներին: Այս տարբերակի քննությունը ցույց է տալիս, որ մեր ազգային ծրագրի իրականանալու հնարավորությունը շատ հավանական է:

Նախորդ մասում նշեցինք մի կարևոր իրողություն. ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման շրջանում: Կարևոր է նկատել, որ անջատվել հնարավոր է միայն անցման շրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնորոշ չէ պետության կայուն վիճակին: Այդ տեսանկյունից ելնելով՝ մենք քննեցինք դեպքերի զարգացման տեսականորեն հնարավոր երեք տարբերակ: Բացի առաջին տարբերակից, որի իրականանալու հնարավորությունը չնչին է, մյուս տարբերակների քննությունը ցույց է տալիս, որ պետք է անջատվել հնարավորին չափ շուտ. դանդաղելը կարող է վտանգավոր լինել ազգի գոյության համար: Շտապելն անհրաժեշտ է նաև այլ պատճառով:

Բանն այն է, որ այն մտայնությունը, թե մնալով ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ հնարավոր է զարգացնել մեր տնտեսությունը և հետո նոր դուրս գալ, անհիմն է: Դա այն խայծերից մեկն է, որով աշխատում են մեզ պահել կայսրության մեջ, մինչև իրենք կկարգավորեն իրենց հարցերը, այսինքն՝ անցման շրջանի խայծ: Իրականությունն այն է, որ մեզ տալիս են ինչ-որ քանակությամբ մթերք ու հումք, որոնց դիմաց պահանջելու են ավելի ու ավելի մեծ վճար, մյուս կողմից՝ բազմաթիվ օրենքների միջոցով մեզ արգելում են ինքնուրույն զարգացնել մեր տնտեսությունը: Իհարկե, մեծ պայքար ծավալելով՝ կկարողանանք շրջանցել առաջացած խոչընդոտների մի մասը, բայց միշտ կառաջանան նորերը, և մեր գերագույն խորհրդի հիմնական աշխա-տանքը դարձյալ կլինի բողոքի նոտաներ կազմելը, կենտրոնի հետ անընդհատ առճակատման մեջ մտնելը և միշտ չնչին արդյունքներով: Ոչ մի բան այնքան չնպաստեց մերձբալթյան հանրապետություններին շտապ անկախության ճանապարհն ընտրել, որքան վերջին շրջանի իրենց փորձից եկած այն համոզմունքը, որ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը՝ շարունակելով մնալ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: ԽՍՀՄ-ի տնտեսությունը դեռ երկար ժամանակ շարունակելու է գահավիժել՝ իր հետ քաշելով նաև մեզ, չտալով զարգացման ոչ մի հեռանկար: Մենակ մնալով՝ մենք սկզբում, հնարավոր է, ավելի մեծ արագությամբ ընկնենք տնտեսական անդունդը, բայց և կապված չլինելով հսկայական երկրի քայքայված տնտեսությանը՝ անհամեմատ ավելի արագ դուրս կգանք անդունդից: Այս հարցում մեծ նշանակություն կունենան մեր ինքնուրույն լինելը, հայ ազգին բնորոշ ձեռներեցությունը և սփյուռքի գոյությունը: Այսպիսով պետք է շտապել անկախանալ: Բայց առաջանում է նպատակը իրականացնելու հնարավորության հարցը: Ճիշտ է, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մնալը մեզ ոչ մի հեռանկար չի խոստանում, ճիշտ է, դանդաղելը կարող է վտանգավոր լինել մեզ համար, բայց ճիշտ է նաև, որ նույնչափ վտանգավոր կարող են լինել չմտածված հապճեպ քայլերը: Մենք դառը փորձ ունենք, գիտենք, թե ինչքան վտանգավոր է կտրուկ շարժումներ անելը քայքայվող կայսրության մեջ: Այդ տեսակետից այժմ քննենք տիրող իրավիճակը ԽՍՀՄ-ում: Վերը նշեցինք, որ ռուս ժողովրդի համար շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ կարող է կորցնել նվաճած տարածքների մի մասը (դա ինչ-որ չափով բնորոշ է բոլոր նվաճողներին): Այս հարցում մեծ նշանակություն ունի ինչպես ռուս ժողովրդին հատուկ հոգեբանությունը, որը նրա մեջ արմատացել է դարերի ընթացքում, այնպես էլ նրա ցանկությունը՝ շարունակել ռազմական., քաղաքական նպատակներով օգտվել նվաճված տարածքներից: Բայց այժմ մի զարմանալի հոգեբանական վիճակ է ստեղծվել ռուս ժողովրդի մեջ, որը նպաստավոր է մեր նպատակներին հասնելու համար: Բանն այն է, որ Ռուսաստանի խճճվածությունը սեփական գործերի մեջ մի պահ մոռացնել է տվել նրա կայսերական բնազդն ու ձգտումները: Երկրի անմխիթար տնտեսական վիճակի համար մեղավորներ փնտրելը և այդ վիճակից դուրս գալու ձգտումը ռուսներին բերել են այն համոզման, որ իրենք մինչ այժմ ծառայում էին նվաճված ժողովուրդներին ՛՛երջանկացնելուն” ու սկսում են հետապնդել իրենց տնտեսական շահերը՝ մի քիչ նեղացած “անշնորհակալ” ժողովուրդներից և ասելով՝ գնացեք, ինքներդ պահեք ձեր գլուխը: Բացի դրանից, վերջին երկու տարվա իրադարձությունները, հրապարակումները ռուսների մի մասի մեջ առաջացրել են նվաճված ժողովուրդների հանդեպ մեղքի զգացում, և նրանք ձգտում են ապացուցել, որ հրաժարվում են իրենց նախորդ քաղաքականությունից, համաձայն են ազատություն տալ այդ ժողովուրդներին (նույն մեղքի զգացումն էր առաջացել գերմանացիների մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որն այժմ մեծ արագությամբ չքանում է իրենց հզորանալուն զուգընթաց):

Այս ամենը անցողիկ է և կարճատև. ճիշտ է նկատել Մ.Գորբաչովը իր ելույթներից մեկում, որ կայսերապաշտությունը նստած է իրենց գեների մեջ: Ավելին, ես կասկածում եմ, որ այս ամենի մեջ օբյեկտիվ պատճառների հետ միասին խառն է նաև Մ.Գորբաչովի մատը: Շարունակությունը ՝այստեղ:

Վազգեն Մանուկյան, Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի համակարգող ՛՛Հայք՛՛մայիսի 19, 27, հունիսի 10,17, 1990, թիվ 15, 16, 18, 19