Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծը և պաշտոնապես հայտարարեց՝ նոր նախագծում չի լինելու Անկախության հռչակագիրը։
Այսօրվա գործող Սահմանադրության՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն անվանման մեջ նոր նախագծում իշխանությունն ավելացրել է «աշխարհիկ» բառը։ Բացի այդ, ՀՀ խորհրդանիշների վերաբերյալ հոդվածներում նոր Սահմանադրությունում չի լինելու այդ խորհրդանիշների նկարագրությունը։ Եթե գործող Սահմանադրությունում նշված է, որ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարը վարչապետն է, ապա նորում միայն նշվում է՝ ԶՈՒ գերագույն հրամանատարը վարչապետն է։
Այսպիսով՝ նոր նախագծում, բացի այս փոփոխություններից, տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացիության, դատարանների, ԶԼՄ-ների, կուսակցությունների և այլ ոլորտների վերաբերյալ։
ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, արդյո՞ք այն պատկանում է ՀՀ քաղաքացուն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում։
Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց.
«Իհարկե, Սահմանադրությունը պետք չէ փոխել, հատկապես, որ սա թելադրված է դրսից՝ Ադրբեջանի կողմից։
Եթե Ադրբեջանի կողմից թելադրված չլիներ, արդյո՞ք արժեր ընդունել, չարժեր, որովհետև եթե նայում ես Սահմանադրությանը, Հայաստանը համարվում է մի ուղղակի տարածք, որի վրա կա պետություն, և այդ պետությունը ոչ մեկին չի պատկանում, բացի իր ղեկավարից»։





