Մանկություն և պատանեկություն

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մոկսից Երևան գաղթած Մանուկյանների ընտանիքում։ Հայրը՝ Միքայել Մանուկի Մանուկյանը,  ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պրոֆեսոր։ Մայրը՝ Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆալուլտետը:

Վազգեն Մանուկյանը էքստեռն կարգով ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում, 1966-1967 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանում: 1967 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը և վերադառնալ Երևան: 1969-1972 թթ. սովորել է՝ ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտուրայում։

Հայաստան վերադառնալուց հետո 1972-1990 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Օպտիմիզացիայի մեթոդներ» և «Մաթանալիզ» առարկաները: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

Քաղաքական վաղ շրջանի գործունեություն

Վազգեն Մանուկյանը քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից։ Մինչև 1988 թ. եղել է տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ։

1967-1968 թթ. Վազգեն Մանուկյանն ու ընկերները Մոսկվայի համալսարանում հիմնում են Հայ մշակույթի ակումբը, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ ազգային գործունեություն էր ծավալում՝ արծարծելով անկախության, Արցախի, ժողովրդավարության և այլ հարցեր, այնուհետև նմանատիպ կազմակերպություն են ստեղծում նաև Երևանի պետական համալսարանում:

1967 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում մի խումբ համախոհների հետ Թուրքիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպում՝ նախապես մշակելով սցենարը, այցելելով Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով և իրազեկելով ցույցի մասին: Ապրիլի 24-ին հազարավոր ուսանողներ հավաքվում են Մոսկվայի թուրքական դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված՝ սկսում երգել «Զարթնիր լաո»-ն, որից հետո ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել ցույցը։ Բայց ցույցն արդեն կայացել էր։ Նախորդ տարիների անհաջող փորձերից հետո սա առաջին հաջողված ցույցն էր։ Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ և նշում իրենց հաղթանակը։ Մի քանի օր անց ցույցի կազմակերպիչներին, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին, հեռացնում են համալսարանից։

Այդ ցույցին պատրաստվելիս Վազգեն Մանուկյանը ծանոթանում է Խորհրդային Միության արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետ, Կանադայում Խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանի հետ, որը շատ հարգված ու ազդեցիկ գործիչ էր մոսկովյան քաղաքական շրջանակներում։ Կարելի է ասել, որ հենց նա է դրել Մանուկյանի քաղաքական գործունեության հիմքը։

Մոսկվայում կազմակերպված ցույցից հետո էլ նրանց շփումը շարունակվում է։ Համո Հարությունյանը Մանուկյանին ու ընկերներին ծանոթացնում է քաղաքականության ու դիվանագիտության նրբություններին, ազգային քաղաքականությունից մինչև համաշխարհային գործընթացներ, խոսում պետությունների կառուցվածքից, դրանց ներքին խոհանոցից, այն մասին, թե ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները և այլն։

Հարությունյանը երիտասարդներին ծանոթացնում էր նաև հայտնի հայերի հետ։ «Նրա տունը հայության համար կենտրոն էր։ Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել։ Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ։ Ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով, ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ»,-հիշում է Մանուկյանը։

Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից, որը մաթեմատիկոս էր, հայրը՝ Արմեն Թախտաջյանը, Պետերբուրգում հայտնի ակադեմիկոս։

Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան։ «Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն։ Իսկ Համո Ակիմիչի ազդեցության տակ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետք է գնանք և այլն։ Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ» հիշում է Վազգեն Մանուկյանը։

1970-ական թթ. Վազգեն Մանուկյանը Վազգեն Ա. Կաթողիկոսի առաջադրանքով իր ընկերների հետ իրականացնում է նաև մշակութային արժեքների փրկության միջոցառումներ Նախիջևանի և Արցախի տարածքներում: Նրանք իրականացնում են նաև Բեյրութում ռմբակոծության տակ հայտնված հայ մանուկների փրկության և շատ այլ ձեռնարկումներ։

Թարգմանչաց տոներ

1974 թ. Վազգեն Մանուկյանը  համախոհների հետ սկսում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոն», որով իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը։ Նպատակն այն էր, որ ստեղծվի ազգային մի ակումբ, որը մարդկանց միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և այդ հարցերը քննարկելով՝  համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու հնարավորություն կտա, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ։ Քննարկվում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թե ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ցեղասպանության հետ կապված հարցերը, երբեմն անգամ ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցեր։

«Երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան։ Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներին էին հարում։ Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը». Վազգեն Մանուկյան։

Արցախյան շարժում

1988 թվական: Հայաստանում մեծ թափ է առնում մի շարժում, որը հետագայում անվանվելու էր Արցախյան: Շարժման նպատակն էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին միավորելը: Շարժումը համակարգելու և ուժերի համախմբման նպատակով 1988 թվականին ստեղծվում է«Ղարաբաղ» կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը: Նա նախ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր (1988 թ. փետրվարից),  ապա կոմիտեի համակարգողը (1988 թ. հունիսից)

«Կյանքիս ամենամեծ հոգեկան վերելքն ապրել եմ, երբ հանրահավաքում իմ առաջին ելույթի ժամանակ հարյուրհազարավոր աչքեր էի տեսնում: Չնայած ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, և մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ո՛չ մշտական բարեկամ ունենք, ո՛չ էլ մշտական թշնամի»:

1988 թ. փետրվարյան ցույցերի ժամանակ Վազգեն Մանուկյանն իր հրապարակային ելույթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին։

Ղարաբաղ կոմիտեի անդամների հրապարակային ելույթները սղագրվում էին և ներկայացվում Քաղբյուրո։ Լավ իմանալով դա՝ Վազգեն Մանուկյանը երբեմն իր ելույթն անուղղակիորեն ուղղում էր հենց Քաղբյուրոյին։ «Մի օր իմ ելույթում ասացի, որ մենք «նավակը ճոճելու ենք», եթե նույնիսկ Ղարաբաղը մեզ չտաք, Մերձբալթյան երկրները, միևնույն է, վաղ թե ուշ ոտքի են կանգնելու, և Խորհրդային Միությունը փլուզվելու է»:

«Ղարաբաղ» կոմիտեից Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանն ու Դավիթ Վարդանյանը կարծում էին, որ պետք է ընդլայնել կոմիտեի հարցերի շրջանակը, որոշակի գաղափարական սկզբունքներ ամրագրել։ Մանուկյանը գրում է այդ սկզբունքները և հանրահավաքի ելույթում ներկայացնում։ Հետագայում դրանք դառնում են Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները։

«1988 թ. շարժումն առաջ բերեց մի խնդիր, որն ընդունելի էր ողջ ժողովրդի, այդ թվում և կոմունիստական նոմենկլատուրայի, մտավորականների համար: Դա Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Բայց դրանից հետո շարժումն առաջ բերեց երկու կարևոր գաղափար, որոնք հակասության մեջ մտան մինչ այդ եղած գաղափարախոսության հետ: Առաջինն ազգային գաղափարախոսությունն էր: Գրվեց «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը, գրվեց «Գնացքից թռչելու ժամանակը», հանրահավաքում հայտարարվեց, որ «մենք չունենք մշտական բարեկամ և մշտական թշնամի», հռչակվեցին շարժման գաղափարական սկզբունքները, և այդ ամենը բուռն կերպով քննարկվեց հասարակության շրջանում: Դա նշանակում էր վերանայել ամբողջ ազգային քաղաքականությունը, որն իշխող էր եղել հայ հասարակության մեջ նախորդ երկու հարյուր տարվա ընթացքում»Վազգեն Մանուկյան

Երկրորդ կարևորագույն սկզբունքը, որ հռչակեց շարժումը, նոր, լիբերալ պետության կառուցումն էր: Հարց դրվեց փոխել ամբողջ պետության կառուցվածքը, վերաբերմունքը մարդու իրավունքներին, ազատություններին, դրվեցին ազատ տնտեսության, ազատ քաղաքական մրցակցության, բազմակուսակցական համակարգի և այլ հարցեր:

«Մի կողմից «Ղարաբաղ» կոմիտեով առաջ էինք մղում Ղարաբաղյան հարցը սահմանադրական ճանապարհով լուծելու գաղափարը՝ ձգտելով օրենքների, միջազգային իրավունքի հարցում գործընկերներ գտնել ամբողջ աշխարհում, մյուս կողմից, հասկանալով պատերազմի անխուսափելիությունը, ինչոր ձևով, այսպես ասած տակից խրախուսում էինք կամավորական ջոկատների ստեղծումը… Շարժման վերածումը էթնիկական կամ կրոնական հարցի կամ միայն պատմության վրա հենվելն աղետալի սխալ կարող էին լինել հայերիս համար: Միակ ճանապարհը սահմանադրականն էր, որը քեզ հասկանալի և ընդունելի էր դարձնում ամբողջ աշխարհի համար»։

Արցախյան շարժումը շատ արագ՝ 1988 թ. մայիսից զուտ ազգայինից սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման։  1988 թ. մայիսին շարժման առաջնորդների միջև ի հայտ եկան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ: Ոմանք կարծում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, և պետք չէ որևէ այլ խնդիր առաջ քաշել: Մյուս մոտեցումն այն էր, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել և հաջողության հասնել՝առանց բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ բարձրաձայնելու:

Վազգեն Մանուկյանը վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է, և պայքարը փուլ առ փուլ տեղափոխվեց անկախության դաշտ: Մանուկյանի և նրա ընկերների՝ անկախ պետություն ստեղծելու ձգտումներն անընդունելի էին խորհրդային իշխանությունների համար, և նրանց զսպելու նպատակով, 1988 թ. դեկտեմբերի 10-ին Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց, Գրողների միության շենքից, որը կոմիտեի ոչ պաշտոնական գրասենյակն էր «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Սակայն ձերբակալությունը միայն թրծեց Մանուկյանի ու նրա ընկերների ոգին և ավելի բորբոքեց շարժումը, ընթացքը դեպի անկախ պետականություն անկասելի էր:

«Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվում է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրված վարչության կազմում էին «Ղարաբաղ» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։ Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀՇ վարչության առաջին նախագահ:

Երրորդ հանրապետության առաջին վարչապետ

1990 թ. մայիսին Վազգեն Մանուկյանն ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր, 1990 թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ), դառնալով Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի հանրապետության առաջին վարչապետը։ Դա Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան էր․ արագորեն փլուզվում էր ԽՍՀՄ-ը, սկսվել էր Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակումը հյուսիսից։

«Մի կողմից՝ անհրաժեշտ էր ջանքեր գործադրել դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից՝ անհրաժեշտ էր արագ անցնել նոր տնտեսական համակարգի»,- հիշում է Վազգեն Մանուկյանը: Կառավարությունը, որի ձեռքում էր ամբողջ գործադիր իշխանությունը (սահմանադրությամբ չկար նախագահի պաշտոն, և ԳԽ-ի կողմից ամբողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը՝ քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ։ Վազգեն Մանուկյանը պահպանում է պրոֆեսիոնալների կարևոր շերտը, փորձառու նախարարներին և խոշոր գործարանների տնօրեններին, որոնք մեծ դեր ունեցան նոր կառավարության  և ԽՍՀՄ տնտեսական կառույցների հետ լիարժեք հարաբերություններ հաստատելու գործում։ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունը համակարգային մի շարք բարեփոխումներ է սկսում, որոնք լուրջ հիմք են ստեղծում երկրի հետագա զարգացման համար։

  • 1990 թ. օգոստոսի 21-ին նորընտիր վարչապետ Վազգեն Մանուկյանը ստորագրեց թիվ 411 հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»։ Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսել անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունից։ Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»։ Հատուկ գնդի ստեղծումը հիմք դրեց Հայոց բանակի ստեղծմանը։ 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Մանուկյանը իր ողջույնի խոսքում ասաց. «…Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը։ Այն դեռ լրիվ անկախ չէ։ Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության։ Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:
  • 1991 թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի թիվ 325 որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Այդ որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե։
  • Շահագործման հանձնվեց միջազգային կապի նոր համալիրը, որը Հայաստանին այդ կարևորագույն հարցում առաջ մղեց մյուս հանրապետություններից։ 1990-1991 թթ. ՀՀ կառավարությունը ձեռնարկեց կարևոր մի նախագիծ՝ հաշվի առնելով, որ Խորհրդային Միությունը փլուզվում է,  Հայաստանը մտնում էր նոր աշխարհ և կապի միջոցները շատ կարևոր են: Պայմանագիր կնքվեց ամերիկյան «AT&T» ֆիրմայի հետ և Հայաստանը ունեցավ միջազգային կապ, որը Խորհրդային Միության ուրիշ հանրապետություններ կամ քաղաքներ չունեին։ Հետագայում դա դարձավ ամենաեկամտաբեր ճյուղը Հայաստանի համար։
  • Շարունակվեց և ավարտին հասցվեց Հայաստանի կողմից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառուցումը, որը դարձավ Հայաստանի համար կյանքի ճանապարհ,  երբ 1991-ին փակվեց Ադրբեջանի տարածքով եկող գազամուղը։
  • Իրականացվեցին հողի սեփականաշնորհումը և հարակից ծրագրային փաթեթները։ 1990-1991 թթ. հողի սեփականաշնորհումից առաջ և հետո որոշումներ ընդունվեցին կապված գյուղատնտեսական մթերքների պետական մթերումների խթանման հետ (1991 թ. օգոստոսի 3-ի թիվ 490 որոշում), համաձայն որոնց կառավարությունը հացահատիկի, խաղողի, ծիրանի, խորդենու, ծխախոտի, կաթի և բրդի պետական մթերումների դիմաց գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններին նպաստավոր պայմաններով տրամադրում էր նյութատեխնիկական ռեսուրսներ և ժողովրդական սպառման ապրանքներ։ Մեկ այլ որոշմամբ (1991 թ. մայիսի 23-ի թիվ 373 որոշում) ՀՀ կառավարությունը սահմանում էր գյուղացիական տնտեսությունների և ձեռնարկությունների գույքի կամավոր ապահովագրման կարգը և պայմանները: Ընդունվեցին ևս մի շարք այլ որոշումներ։ «Սեփականաշնորհմամբ առաջացած փոքր հողակտորների մշակումը արդյունավետ չէ, պետք էր պետական ծրագիր մշակել հողակտորների աստիճանական խոշորացման նպատակով։ Սեփականաշնորհումը գործի առաջին կետն էր։ Հողի սեփականաշնորհումից հետո գալիս է իսկական հոգատարությունը պետության կողմից գյուղացու նկատմամբ»,- պնդում էր Վազգեն Մանուկյանը:
  • ՀՀ կառավարությունը 1991 թ. հունիսի 13-ին և օգոստոսի 13-ին ընդունեց թիվ 392 և 525 որոշումները, որոնց համաձայն հանձնարարվում էր ՀՀ նախարարություններին  և գերատեսչություններին, կազմակերպություններին մինչև 1991 թ. դեկտեմբերի 1-ը ապահովել լրացուցիչ 600 հազ. տոննա մազութի ներկրումը հանրապետություն, աղետի գոտու բնակչության կողմից օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի գծով չվճարված պարտքերի մարման համար  «Հայէներգո»  ԱՄ-ին և «Հայգազ» ԱՄ-ին հատկացնել գումարներ։
  • 1990 և 1991 թթ. ՀՀ-ում ատոմակայանի չգործելու պայմաններում արտադրվել է համապատասխանաբար 10.4 և 9.5 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա, որը 100 տոկոսով բավարար էր և ձեռնարկությունների,  և  բնակչության բնականոն կենսագործունեության համար՝ ապահովելով օրական 24 ժ էլեկտրաէներգիայով։
  • 1990 և 1991 թթ. հանրապետությունում շահագործման են հանձնվել համապատասխանաբար՝ 1,46 մլն քմ և 1,91 մլն քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր։ 1991 թ. բնակարան է ձեռք բերել շուրջ 21 հազար ընտանիք՝ 1992 թ.  4 հազարի փոխարեն։ Բնակարանային շինարարությունը գյուղական բնակավայրերում 1991-ին կազմել է 866 հազար քմ։ 1991 թ. աննախադեպ աճ ապահովվեց սոցիալ մշակութային նշանակության օբյեկտների՝ մասնավորապես նախադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ակումբների և մշակույթի տների շահագործման ոլորտում:
  • Համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 13-ի թիվ 206 և 1991 թ. օգոստոսի 9-ի թիվ 506 որոշումների հանրապետության նախարարներին և գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնարարվում էր սեփական գործունեության գլխավոր խնդիր համարել 1991 թ. երկրաշարժի գոտում շինարարության օբյեկտների շահագործման հանձնման առաջադրանքների անվերապահ կատարման ապահովումը։
  • 1990 թ. հանձնվեց 500 հազար քմ բնակելի տարածք, 1991 թ. 750 հազար քմ բնակելի տարածք։ Գյումրի քաղաքում 1991-ի առաջին 7 ամսվա ընթացքում հանձնվել է մոտ 180 հազար քմ բնակմակերես կամ գրեթե անյնքան որքան 1989-1990 թթ. միասին վերցրած։ Այդ ժամանակ Խորհրդային Միությոնից պետությունը 500 մլն ռուբլի պարտք վերցրեց, որը անվերադարձ եղավ։ Դա շինմոնտաժային աշխատանքների առումով  կազմում էր 250 մլն ԱՄՆ  դոլար։
  • Համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մայիսի 21/29, 237/379 «Մոսմարզգործկոմին» առընթեր «Մոսմարզշինկոմիտեին» «Պոդմոսկվոյե» ԱՇՄ-ն Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը հանձնելու մասին» որոշման՝ աղետի գոտում աշխատող տարբեր միութենական կազմակերպությունների արտադրական բազան թողնվել է Հայաստանի Հանրապետությունում։
  • Աղետի գոտում շինարարական և վերականգնման աշխատանքները տեղական շինանյութով ապահովելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ստորագրեց ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. սեպտեմբերի 14-ի թիվ 557 որոշումը։ Համաձայն այդ որոշման հստակ հանձնարարականներ տրվեցին «Հայարդշինանյութեր» ԱՄ-ին, «Արարատցեմենտ»» ԱՄ-ին, «Հրազդանի ցեմենտի գործարանին» և «Երևանի գաջի գործարանին»։
  • 1991 թ. ցեմենտի արտադրությունը կազմել է 1 մլն 507 հազար տոննա, այնքան ինչքան 1992-1998 թ. միասին վերցրած։ Նույնը վերաբերում էր նաև այլ կարևորագույն շինանյութերի արտադրությանը, ինչպիսիք են բնական քարից որմնաբլոկները, փոքր որմնաբլոկները, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքները և իրերը, ասբեստցեմենտի թերթերը (շիֆեր) և այլն։
  • Նորից շահագործման հանձնվեցին կարբիդի և կաուչուկի արտադրությունները՝ 1991 թ. մայիսի թիվ 331 որոշմամբ գործարկվեց «Նաիրիտի գիտարտադրական միավորման արտադրությունների գործարկումը», որով նաև խստորեն ճշտվում էր սահմանային թույլատրելի արտանետումների և արտահոսքերի նորմերը, պահպանվում էին արտադրությունների անվտանգությունը և բնապահպանական նորմերը։
  • Չնայած արդեն սկսել էին էներգետիկ դժվարությունները, փակվել էր Ադրբեջանի գազամուղը և դեռ չէր կառուցվել Վրաստանինը, կառավարությունում որոշում էր ընդունվել Սևանը չօգտագործել էներգետիկ նպատակների համար։ Կլիման բարենպաստ էր, և դա հանգեցրեց նրան, որ Սևանի մակարդակը 10 սմ-ով  բարձրացավ։
  • Երևանում տեղի ունեցավ հայաստանցի և սփյուռքահայ գործարարների  համատեղ համաժողովը։ Գրանցվեցին բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ։
  • 1991 թ. ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունեց նաև մանրածախ գների ռեֆորմի կապակցությամբ՝ բնակչության սոցիալական պաշտպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումների մասին  (1991 թ.  մայիսի 3-ի թիվ 324, 1991 թ. օգոստոսի 3-ի թիվ 492)
  • Ընդունվեց «Բորսաների մասին» առաջին որոշումը, որով օրինականացվեցին շուկայական առաջին կառույցը և համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գրանցման կարգը և այլն։

Վազգեն Մանուկյանի և ՀՀՇ-ի վերնախավի միջև ավելի ու ավելի էին խորանում անհամաձայնությունները Հայաստանի ապագա քաղաքական ուղղության վերաբերյալ։ Վազգեն Մանուկյանը 1991 թ. սեպտեմբերի 25-ին, Գերագույն Խորհրդում ելույթ ունենալով հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, սեպտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունում է նրա հրաժարականը։

Ազգային ժողովրդավարական միություն

Աստիճանաբար 1988 թ. համաժողովրդական ղեկավարության ներսում մեծամասնություն ստացավ մի ուղղություն, որն, ընդդիմախոսների կարծիքով հետևողականորեն զոհաբերում էր շարժման ծրագրում ամրագրված խնդիրները և ժողովրդավարական սկզբունքները «իշխանություն հանուն իշխանության» և «իշխանություն ամեն գնով» սկզբունքներին։ Համաժողովրդական շարժման ղեկավարության մի մասը Հայաստանի համար այդ ուղղության մեջ վտանգ տեսնելով, ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից։

Տիգրան Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը, որոնք հետագայում Վազգեն Մանուկյանի հետ ստեղծեցին Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), ՀՀՇ նիստերից մեկում հարց էին բարձրացրել, որ իրականացվող սեփականաշնորհումը խորացնում է սոցիալական անարդարությունը։ Տարաձայնությունների համար շատ առիթներ կային։ Կոմիտեի անդամները տարբեր կերպ էին պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ սկսած «ոչ մի թիզ հող» քաղաքականությունից մինչև խնդիրը սառեցված պահելը։ Տնտեսական խնդիրների լուծման ճանապարհները ոչ միշտ էին ընդունելի։ Երբեմնի գաղափարակիցները Հրանտ Բագրատյանի վարած քաղաքականությունն անվանում էին «վայրի լիբերալիզմ» և քննադատում էին այն:

Գերագույն խորհրդում «Ազգային ժողովրդավարներ» խմբակցության ձևավորումից հետո Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Լյուդվիգ Խաչատրյանի, Տիգրան Սարգսյանի, Սեյրան Ավագյանի և այլ գործիչների հետ նախաձեռնում է շարժման ակտիվ մասնակիցներին և համախոհներին միավորող «Ազգային ժողովրդավարական միության» (ԱԺՄ) հիմնադրումը։ 1991 թ. ստեղծվում է ԱԺՄ-ն, կուսակցության վարչության նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը։

ԱԺՄ-ն Ազգային ժողովում խմբակցություն է ունեցել 1995-2003 թթ.։

ՀՀ պաշտպանության նախարար

1992 թ. սեպտեմբերին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձևավորվում է ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվում է Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվում են քաղաքական բանակցություններով:

Կապանի օպերացիա

1992 թ․ աշնան և ձմռան ամիսներին երկրի սահմաններին իրավիճակն օրհասական էր։ Շահումյանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը և ըստ այդմ՝ Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը՝ մշտական սպառնալիքի տակ էին։ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր էր, երբեմն՝ անհնար։ Հակառակորդը տարբեր զինատեսակներից գնդակոծում էր նաև Կապանի շրջանի հայկական գյուղերը՝ վտանգի տակ պահելով Կապան-Գորիս ավտոմայրուղին։

1992 թ. ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճում են լուրջ մարտական գործողությունների։ Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը։

Որոշում է կայացվում միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակում է պլանը, օպերացիայի ղեկավար է նշանակվում Յուրի Խաչատուրովը։

Դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան գործողությունը սկսվում է։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո հայկական կողմին հաջողվում է լիակատար պարտության մատնել թշնամուն և փոխել պատերազմի ելքը։

Քարվաճառի օպերացիա

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը տեղի է ունեցել 1993 թ․ մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Դա նույնպես Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման օրոք էր և նրա անմիջական ղեկավարությամբ։

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր: Քարվաճառից էր հրետակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվում է երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ:

Կապանի և Քարվաճառի օպերացիաների մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նմանգործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի։

Մարտակերտի ազատագրում

Պաշտպանության նախարար դառնալուց հետո Վազգեն Մանուկյանը հավատարիմ մնաց իր երդմանը: Քարվաճառի օպերացիայից անմիջապես հետո սկսվեցին Մարտակերտի ազատագրման նախապատրաստական աշխատանքները: Շատ կարճ ժամանակում վերախմբավորեցին ուժերն ու միջոցները: 1993 թ․ամռան սկզբին սկսվեցին գործողությունները: Հայկական ուժերը մարտնչում էին կարելի է ասել, ողջ հյուսիսային ճակատով, և հունիսի 26-ին նրանց հաջողվում է գրավել «Հեռուստաաշտարակ» և «Պուշկեն յալ» կոչվող բարձունքները: Երբ Պն նախարար Վազգեն Մանուկյանը զեկուցում է բարձունքները գրավելու մասին նախագահ Տեր-Պետրոսյանին, վերջինս հետաքրքրվում է, թե դա ինչ է նշանակում: Վազգեն Մանուկյանը բացատրում է, որ գիշերը հետախուզությունը կմտնի Մարտակերտ, իսկ առավոտյան արդեն զորքը կմտնի քաղաք, ու վաղը Մարտակերտը կրկին մերը կլինի: Ամեն ինչ կատարվեց ըստ պլանի, և  հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը: Հայկական կողմն անցավ գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանությանը:

Թշնամին այլևս հաղթանակի որևէ շանս չուներ, և դա գիտակցում էին բոլորը:

1993 թ. մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Արցախի բանակը։ Գրավված էր Քելբաջարը, վերադարձված էր Մարտակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որն ընդունում էր պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։

1993 թ. օգոստոսին Վազգեն Մանուկյանն ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից՝ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում էական դերակատարում ունենալով Արցախյան պատերազմի հաղթանակի նվաճման գործում։

1996 թվական

Հայաստանում իրավիճակն օրեցօր ծանրանում էր, իշխանությունը չէր կարողանում լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը մեծ թափ էր առնում։ Ժողովրդի հիասթափությունը խորանում էր։

1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորվում է լուրջ ընդդիմադիր ճակատ։ Հիմնական քաղաքական կուսակցություններն ու ուժերը համախմբվում են՝ Վազգեն Մանուկյանին առաջադրելով ազգային համաձայնության թեկնածու նախագահական ընտրություններում։

1996 թ. նախագահական ընտրությունները վերաճում են համատարած ընտրակեղծիքների՝ հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի, մինչդեռ ընտրություններում բացահայտ հաղթանակ էր տարել ընդդիմության թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը չէր զիջում դիրքերը։ Անգամ համատարած ընտրակեղծիքների արդյունքում պաշտոնական տվյալներով Վազգեն Մանուկյանը ստացել էր 41% ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51%։

ԱԺՄ-ն հատորներով ապացուցային բազա է ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Այդուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի»,- հիշում է Վազգեն Մանուկյանը։

Սկսվում են ընդդիմության հանրահավաքները։ Սեպտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․ «Հիմա որոշվում է, թե պետությունն ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»:

Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու հետ գնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այդ ժամանակ տեղակայված էր Ազգային ժողովի շենքում, և առաջարկում է ամեն մարզից 3 արկղ բացել։ Մինչ այդ նա Ազգային ժողովի շուրջը հավաքված ցուցարարներին հայտարարում է․«Եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»:

ժողովուրդը «Վազգե՛ն, նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվում է դեպի ԿԸՀ։ Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքված էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների: Քիչ անց Ազգային ժողովից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Վովա Հախվերդյանը. «Ես անձամբ ասում եմ Վազգեն Մանուկյանի խոսքերը․ «Մենք կհասնենք հաջողության, միայն թե համբերեք: Իր անձնական խնդրանքն է` համբերատար սպասել, բայց բանակցությունները գնում են բավականին ծանր մթնոլորտում»:

Որոշ ժամանակ անց տեսնելով, որ Վազգեն Մանուկյանը Ազգային ժողովի շենքից դուրս չի գալիս, ժողովուրդը կոտրում է ԱԺ երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք: Սկսվում են բախումներ:

Վազգեն Մանուկյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել. «Այստեղ հանձնաժողովը մի որոշում է ընդունում, որը մեզ լիովին գոհացնում է: Ժողովուրդ, այս պահից կախված է մեր ողջ ժողովրդի ապագան»:

Նա կոչ է անում ժողովրդին անկարգությունների չդիմել և ձեռք չբարձրացնել ոստիկանների վրա։

Հատվածներ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցից 1996 թ. նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադրության վերաբերյալ:

«…Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները»։

«․․․Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին»։

«․․․Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողներին սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության»:

«․․․Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում են Գերագույն դատարանի վարույթում»։

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

2009 թ. մինչև 2019 թ. նոյեմբերի 13-ը Վազգեն Մանուկյանը ղեկավարել է Հայաստանի հանրային խորհուրդը (ՀԽ)։ Հանրային խորհուրդի նպատակն է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, իշխանության ու հասարակության տարբեր շերտերի միջև կառուցողական երկխոսության ծավալմանը։

Խորհրդում ներգրավված են եղել անվանի գիտնականներ, հասարակական, մշակութային, նախկին պետական անվանի գործիչներ, մտավորականներ, որոնք խորհրդի կազմում միավորվելու և համագործակցելու շնորհիվ ձևավորել են ընդհանուր տեսլական Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ, ձևակերպել խնդիրներ, որոնք ներկայացվել են նաև օրվա իշխանություններին։

Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին խորհուրդն իրականացրել է ակտիվ գործունեություն՝ արձագանքելով Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել կամ հուզել են հասարակությանը: Բազմաթիվ հարցեր խորհրդում բարձրացվել, քննարկվել և դրանց վերաբերյալ ՀՀ նախագահին կամ ՀՀ կառավարություն առաջարկներ են ներկայացվել Հանրային խորհրդի անդամների կամ հանձնաժողովների նախաձեռնությամբ։ Այդ հարցերի մի մասն անմիջապես ստացել է լուծումներ, որոշ մասը ներառվել է Հայաստանի կառավարության գործունեության ուղենիշների ու ծրագրերի մեջ։

2010 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԿՄԱ) ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԿՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է Հանրային խորհուրդների միջազգային կառույցի անդամ:

Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային խորհուրդը ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր։

Միջազգային ասոցիացիայի շրջանակներում  ստեղծվել է նաև Ֆրանկոֆոնյան երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թ. անդամակցում է ՀՀ Հանրային խորհուրդը։

Խորհուրդը սերտ համագործակցություն է ծավալել Հայաստանի նախագահի, կառավարության ղեկավարի, պետական գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՀԽ հանձնաժողովներն ակտիվորեն համագործակցել են համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հանրային երկխոսության, հանրային քննարկումների մշակույթը զարգացման նոր աստիճանի հասցնել։

«Վերնատուն» ակումբ

2019 թ., ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային՝ նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը:

Հայրենիքի փրկության շարժում

2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրին: Հանրությունը պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններ ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդ և 2020 թ. դեկտեմբերի 3-ին անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին:

 

    [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

      [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

        [pbvariable selector="contact-form-popup" attribute="contact-form-popup"]

        This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.