Ամփոփ տեղեկանք Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ

0
414

ՀՀ Հանրային խորհուրդը (ՀԽ) ստեղծվել է 2008 թ. հուլիսի 12-ին՝ նպատակ ունենալով նպաստել երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, իշխանության ու հասարակության տարբեր շերտերի միջև կառուցողական երկխոսության ծավալմանը:

2008 թ. մինչև 2019 թ. նոյեմբերի 13-ը խորհուրդը ղեկավարել է Վազգեն Մանուկյանը: Խորհրդում ներգրավված են եղել անվանի գիտնականներ, հասարակական, մշակութային, նախկին պետական անվանի գործիչներ, մտավորականներ:

2010 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիայի ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԿՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀԽ-ն դարձել է Հանրային խորհուրդների միջազգային կառույցի (www.aicesis.org ) անդամ:

Միջազգային համագործակցության շրջանակներում  ՀԽ-ն ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր: Միջազգային ասոցիացիայի շրջանակներում ստեղծվել է նաև Ֆրանկոֆոնյան երկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է ՀՀ ՀԽ:

2015 թ․ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհուրդն, իբրև Կառավարության խորհրդակցական մարմին, ամրագրվել է սահմանադրորեն:

2018 թ․ մարտի 7-ին Ազգային ժողովն ընդունել է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որով որով ամրագրվել են ՀԽ-ի գործունեության խնդիրներն ու գործառույթները, սահմանվել են խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը և այլն:

2018 թ․ նոր կառավարության ձևավորումից հետո մեկնարկել է ՀԽ-ի նոր կազմի ձևավորումը: 2019 թ․ ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը վարչապետի առաջարկով ՀԽ կազմից Վազգեն Մանուկյանին նշանակել է խորհրդի նախագահ:

Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին խորհուրդն իրականացրել է ակտիվ գործունեություն՝ արձագանքելով Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել և հուզել հասարակությանը:

Այդ հարցերից են՝

  1. Համաներում հայտարարելու անհրաժեշտություն,
  2. «ՀայաստանիՀանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններ,
  3. օտարալեզու դպրոցներ,
  4. ինտերնետ ծառայությունների որակ, բարձր սակագներ,
  5. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման որոշում,
  6. հեռուստաեթերի մաքրման պահանջ,
  7. Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի խնդիրներ,
  8. Ա.ԱլիխանյանիանվանՖիզիկայիինստիտուտիհետագաճակատագիր
  9. Մաշտոցի պուրակ,
  10. Փակ (ծածկած) շուկա,
  11. ուղեվարձի թանկացում,
  12. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) քանդման որոշում,
  13. պարտադիր կուտակային կենսաթաշակային համակարգ, «Դեմ եմ» շարժում,
  14. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքար, «Էլեկտրիկ Երևան»
  15. ալյուրի հարստացման ծրագիր,
  16. սահմանադրական բարեփոխումներ,
  17. զինված հարձակում ՊՊԾ գնդի վրա,
  18. կարմիր գծեր, երթևեկության խնդիրներ,
  19. ռուսաց լեզվի հայեցակարգ,
  20. 2017 թ. սպառողական մի խումբ ապրանքների գնաճ,
  21. ընտանեկան բռնության ոլորտը կարգավորող օրենք,
  22. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք, «Տարկետում լինելուԱ» շարժում,
  23. համահայկական կառույցների ստեղծում, Հայաստան-Սփյուռք համագործակցություն,
  24. Սևանա լճում առկա խնդիրներ և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր,
  25. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգներ, և կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը,
  26. ՀՀ տրանսպորտային ոլորտի, մասնավորապես անվտանգ երթևեկության կազմակերպման խնդիրներ և այլ հարցեր:

Բազմաթիվ հարցեր խորհրդում բարձրացվել, քննարկվել և դրանց վերաբերյալ ՀՀ նախագահին կամ ՀՀ կառավարություն առաջարկներ են ներկայացվել Հանրային խորհրդի անդամների կամ հանձնաժողովների նախաձեռնությամբ։ Այդ հարցերի որոշակի մասն անմիջապես ստացել է լուծումներ, որոշ մասը ներառվել է ՀՀ կառավարության գործունեության ուղենիշների ու ծրագրերի մեջ։

Կրթության և գիտության ոլորտը մշտապես առանցքային նշանակություն է ունեցել Հանրային խորհրդի համար։ Հանրային խորհուրդը բազմիցս քննարկել է դպրոցական ծրագրերի, ուսումնական ծանրաբեռնվածության մակարդակի, դասագրքերի բովանդակությանը վերաբերող հարցեր, 12-ամյա կրթության, հատկապես ավագ դպրոցի բովանդակային կայացման հետ կապված դեռևս չլուծված հիմնախնդիրներ։ Քննարկվել են հարցեր` կապված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության, կրթության շարունակականության ապահովման հետ:

Գիտության ոլորտը նույնպես ՀԽ առանցքային թեմաներից մեկն է եղել, և ոլորտի խնդիրները հետևողականորեն բարձրացվել են ՀԽ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում ու Հանրային խորհրդում՝ ներկայացվելով նաև ՀՀ նախագահի պատկան մարմինների ղեկավարների հան հանդիպումների ժամանակ։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը խորհրդի ամենաակտիվ գործունեություն ծավալող հանձնաժողովներից մեկն է եղել, որտեղ քննարկումներ են ծավալվել տնտեսությանն առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ, բարձրացվել կոնկրետ խնդիրներ, քննարկվել պետական ու մասնավոր ծրագրեր, առաջարկվել լուծումներ:

Հանձնաժողովի Օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը մշտապես քննարկել է քաղավիացիայի զարգացմանն առնչվող հարցեր, հանդես եկել առաջարկներով, մասնավորապես բարձրացրել ազգային ավիափոխադրող ունենալու հարցը։

Երևանի մետրոպոլիտենի զարգացման, մասնավորապես Աջափնյակ կայարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցի վերաբերյալ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ: Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն հարցն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու նպատակով:

Քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ ՀԽ համապատասխան հանձնաժողովում և ՀԽ փոքր խորհրդի նիստերում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, աշխատանքային խորհրդակցություններ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ակտիվ համագործակցել են տարբեր պետական ու հասարակական կառույցների հետ:

Գյուղատնտեսության ոլորտը նույնպես Հանրային խորհրդի առանցքային ոլորտներից մեկն է եղել, որի խնդիրները ՀԽ կազմավորումից իր վեր գտնվել են խորհրդի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության հարցը լրջորեն բարձրացվել է, խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրվել, ներկայացվել են առաջարկներ ՀՀ կառավարություն:

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների արյունավետ օգտագործման հարցը ՀԽ-ն հետևողականորեն բարձրացրել է ստեղծման օրվանից և պատկան մարմիններին ներկայացրել առաջարկությունների փաթեթ: Հատկապես Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի փակ և կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Արդյուքնում խնդիրն ամբողջովին լուծվել է: Առանձին քննարկումներ են տեղի ունեցել նաև երկրի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ:

Անասնաբուծության ու սերմնաբուծության զարգացման հնարավորությունները մշտապես քննարկվել են ՀԽ համապատասխան հանձնաժողովում։

Հանրային խորհուրդն ակտիվորեն ներգրավված է եղել գյուղատնտեսության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների, ոլորտի զարգացման ծրագրերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իրականացրել վերլուծություններ ու ներկայացրել առաջարկներ:

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու համար կազմակերպվել են նաև արտագնա նիստեր դեպի մարզեր և համայնքներ:

Հանրային խորհուրդը մեծ դեր է ունեցել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության զարգացման գործում։

ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովն ակտիվորեն մասնակցել է հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, ՀՀ կառավարությանը ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ։

Մշակվել, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել և 2012թ. ՀՀ ղեկավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի»նախագիծը, որը հավանության է արժանացել թե´ տեղական և թե´ Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետների կողմից: Այնուհետև հայեցակարգը գրքույկի տեսքով բազմացվել է և տրամադրվել 300-ից ավելի շահառու կազմակերպությունների։ Նախագծի մի շարք կարևոր դրույթներ տեղ են գտել 2014թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների» հայեցակարգում:

Մշակվել և 2012-2015թթ. ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ պետություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ, այդ նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր հասարակական կազմակերպություններին պատվիրակելու մեխանիզմների ու մշակույթի արմատավորման մասին:

Հանրային խորհուրդը մշտապես բարձրացրել է Հայաստանում կոռուպցիայի, դրա հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին թե´ զանգվածային լրատվության միջոցներով, թե´ ՀԽ նիստերի և թե´ Հանրապետության Նախագահի ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:

Կոռուպցիայի դեմ պայքարի և այդ գործընթացների աջակցության միջոցառումների շրջանակներում ՀԽ-ում անց են կացվել լսումներ:

ՀԽ համապատասխան հանձնաժողովը քննարկել է Հայաստանի դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքի բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման խնդիրները:

Աշխատանքային քննարկման արդյունքների հիման վրա մշակվել է հանրային ծառայողների էթիկայի կանոնների նախագիծը:

Պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հանրային խորհուրդը քննարկումներ է իրականացրել փակ և բաց ձևաչափերով:

Մասնավորապես քննարկվել են բանակին, սպառազինությանը, ռազմարդյունաբերական համալիրին, զինվորական ծառայությանը, սահմանամերձ գոտիներին պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովման հարցերը ՀԽ ուշադրության կենտրոնում են եղել կառույցի գործունեության առաջին իսկ օրվանից:

Քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են ներկայացվել հետևյալ հարցերի շրջանակներում՝ դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցման հարցերը, սահմանը ժամանակակից տեխնիկայի միջոցներով զինելու անհրաժեշտությունը, սահմանամերձ գոտու բնակչության ներգրավումը պաշտպանության գործին, նրանց սոցիալապես ապահովելու խնդիրը և այլն:

Հայ-ռուսական փոխհարաբերությունների խնդիրը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում, բազմիցս է քննարկվել Հանրային խորհրդում։

ՀԽ նախագահը հարցի առնչությամբ մեկնաբանություններ է հնչեցրել զանգվածային լրատվամիջոցներում, խնդիրը քննարկել ՀՀ Նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպումների ժամանակ։

2016 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո Հանրային խորհրդում տեղի է ունեցել արտակարգ նիստ քննարկելու քառօրա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։ Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարել ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժերում լուրջ բարեփոխումների իրականացումը, Ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը և, առհասարակ, պետության բոլոր ոլորտներում առողջացման ծրագրերի մեկնարկը։

Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ։ Ծրագրի հեղինակը «Շիրակ տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանն է։ Հայեցակարգը Հանրային խորհրդում քննարկվել է հեղինակի և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ: Քննարկումից հետո առաջարկները քննարկվել են նաև միջգերատեսչական հանձնաժողովում, դրական արձագանք ստացել և ներառվել ՀՀ ՊՆ համապատասխան ծրագրում, որից հետո ծրագիրը պիլոտային ձևով սկսվել է իրականացվել սահմանամերձ որոշ համայնքներում։

ՀԽ-ն քննարկել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը (1000 դրամների նախաձեռնություն)։ Հանրային խորհրդի անդամները հարցը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ և ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Հանրային բարձրացրել մի շարք հարցեր ու մտահոգություններ:

ՀԽ-ն քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։Հավանության արժանացնելով ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը՝ ՀԽ-ն հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված առաջարկներով։

Բնապահպանական ոլորտի հիմնախնդիրների նկատմամբ ՀԽ-ի ուշադրությունը սևեռված է եղել մի քանի ուղղություններով՝ հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, բնության հատուկ պահպանվող տարածքներ, էկոլոգիական ոլորտում վարվող քաղաքականություն և այլն:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը բնապահպանության ոլորտին առնչվող տարբեր տեղական ու միջազգայն գիտաժողովներում, ԶԼՄ-ներում, ինչպես նաև Հանրապետության Նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել է էկոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները, ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքներ և համապատասխան առաջարկությունների փաթեթներ:

Մասնավորապես քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման հարցերը։ Առանձնապես կարևորելով Երևանի էկոլոգիական պաշտպանության խնդիրը՝ ՀԽ-ն ներկայացրել է Երևանի էկոլոգիական պաշտպանությունն ապահովող գործողությունների համալիր ծրագիր:

Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով էկոլոգիական խնդիրների առաջացման վերաբերյալ նույնպես կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են առաջարկներ։

Կանաչ գոտու կառուցապատման խնդիրը ամենասուր ձևով բարձրացվել է պետական ու հանրային սեկտորի հետ քննարկումներում: Քննարկվել են, մասնավորապես, Դալմայի այգիների խնդիրը, անտառվերանորոգման, անտառաշինության հետ կապված հարցեր, Կոմիտասի, Մոնումենտի այգիների խնդիրը, օդային ավազանի պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող խնդիրներ (Խոսրովի անտառ, Թռչկանի ջրվեժ և այլն), Հրազդանի ձորի աղտոտվածության խնդիրը, Տավուշի և Լոռու մարզերում էկոլոգիական ու առողջապահական իրավիճակը, կենցաղային թափոններին և վնասակար արտանետումներին վերաբերող և այլ հարցեր:

Հանրային խորհուրդը առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում ակտիվորեն նախաձեռնել ու իրականացրել է ոլորտներին առնչվող խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ, կառավարության ծրագրերի փորձաքննություններ, անահատական դիմում-բողոքների ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ համապատասխան դիրքորոշում, առաջարկներ ու նամակներ են ներկայացվել պատկան մարմիններին:

Բարձրացվել են՝ ՀՀ բնակչության առողջական վիճակը և այն պայմանավորող որոշ գործոնների համալիր դինամիկ գնահատականը տալու հարցը, ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները` քաղաքական, տնտեսական, նորմատիվային-իրավական կարգավորման տեսանկյուններից, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցը, այլ հարցեր։

Հանրային խորհուրդը քննարկվել է բուժհաստատությունների մասնավորեցման հանրային հնչեղություն ստացած հարցը, որը նախ բարձրացվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանրային խորհուրդը քննարկել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:

Սոցիալական ոլորտի ամենահրատապ հարցերի մեկը, որը շարունակաբար բարձրացվել էՀանրային խորհրդում, արտագաղթի հիմնախնդիրն է:

Արտագաղթի իրական չափերի, պատճառների ու հետևանքների վերաբերյալ Հանրային խորհրդում ծավալվել են բազմաթիվ քննարկումներ, հիմնախնդիրը բարձրացվել է նաև Հանրապետության նախագահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ:

Հանրային խորհուրդը քննարկել է սոցիալական ոլորտին առնչվող առանձին հարցեր, ինչպիսիք են՝ ինտեգրված ծառայությունների հետ կապված բարեփոխումների ծրագիրը և մանկատների բեռնաթափման հարցը, հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կազմակերպման և իրականացման արդի խնդիրները, պետպատվերի սահմանափակ լինելու հարցը, սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործման հարցը, ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու հարցը, այլ հարցեր։

Հանրային խորհուրդն արձագանքել է սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ դիմում-բողոքների՝ Հանրային խորհրդի նախագահի անունից պատրաստելով համապատասխան գրություններ և ուղղելով պատկան մարմիններին: Նամակների մեծ մասին դրական ընթացք է տրվել:

Տարածքային համաչափ զարգացման խնդիրը, մարզերի, հատկապես սահմանամերձ համայնքների զարգացումը ՀԽ օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է:

Խորհուրդը պատկան մարմինների հետ, համայնքներ կատարած այցերի ընթացքում բացահայտել է ոլորտի խնդիրները, ներկայացրել ՀՀ կառավարություն: Փորձագիտական վերլուծության են ենթարկվել ոլորտի օրենսդրական նախաձեռնությունները:

ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հարցը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում տարբեր ձևաչափերով: Մանրամասն քննարկելով ու վերլուծելով ծրագրի դրական ու բացասական կողմերը, հնարավոր հետևանքներն ու նախկին փորձը՝ Հանրային խորհուրդը գտել է, որ Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի և գյուղերում տեղի ունեցող արտագաղթի պայմաններում նպատակահարմար չէ ծրագրի ամբողջական իրականացումը:

ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի և Երևանի քաղաքապետի մասնակցությամբ քննարկվել են բազմաբնակարան շենքերի, դրանց բակերի պահպանման, ինչպես նաև համատիրությունների գործունեությունն արդի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրների վերաբերյալ հարցը: Ուսումնասիրվել և ընթացք են տրվել քաղաքապետարանի, կադաստրի և նոտարական գրասենյակների կողմից անհիմն և ավելորդ խոչընդոտներ ստեղծելու վերաբերյալ քաղաքացիների դիմումների: Քննարկվել է Երևանի աղբահանության խնդիրը, Երևանի բնակֆոնդի պահպանման և տանիքների վերանորոգման հարցը, բազմաբնակարանային շենքերի վթարային վիճակը, մայրաքաղաքի հին վերելակների խնդիրը և այլն։

Հանրային խորհուրդը պարբերաբար կազմակերպել է արտագնա նիստեր, այցելություններ դեպի մարզեր, որոնց ընթացքում քննարկվել են համայնքների խնդիրները, հատկապես արտագաթղի խնդիրը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր՝ ոռոգման ջրի, գյուղմթերքների իրացման, վերամշակման կետերի ստեղծման, գյուղտեխնիկայի ապահովվածության հետ կապված, ինչպես նաև բնակչության աշխատատեղերի ապահովման, ճանապարհների վիճակի, խմելու ջրի և այլ հարցրերի վերաբերյալ: Այցելություններից հետո համապատասխան եզրակացությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին:

Հայաստանում մշակույթի ոլորտի խնդիրները, նոր ծրագրերն ու առաջարկները, խնդրահարույց օրենսդրական առաջարկությունները ակտիվորեն քննարկվել են ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում և ՀԽ փոքր խորհրդի նիստերում:

Քննարկվել են պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրները: Մասնավորապես բարձրացվել են՝

  • ՀՀ Կառավարության թիվ 2 մասնաշենքն օտարելու վերաբերյալ հարցը:
  • Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի ոչ պատշաճ վերանորոգման հարցը:
  • «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հարցը:
  • Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնման խնդիրների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը:
  • «Հնագիտական ժառանգության ուսումնասիրության և պեղումների մասին» ՀՀ օրենք մշակելու հարցը:
  • Երևան քաղաքի խորհրդային ժամանակաշրջանի նշանակության բազմաթիվ շենքեր մշակույթի հուշարձանների ցանկում ներառելու և այդ շենքերը կամայական ձևափոխումներից զերծ պահելու (ցուցափեղկեր, լուսամուտների ձևափոխումներ, պատշգամբների ոչ միաշունչ խմբագրումներ, տանիքային հարկերի հավելումներ և այլ) հարցը:
  • Հուշարձանային շենքերի և նրանց տարածքների կառուցապատման կամ ընդարձակման նախագծերի նկատմամբ ռեվիտալիզացիոն պահանջներ դնելու հարցը:
  • Հուշարձան և ոչ հուշարձան շենքերը քանդված վիճակում թողնելու (Սևան հյուրանոց, Սունդուկյանին առընթեր տարածք, Կարմիր բլուրի պեղված էքսպեդիցիոն տարածք և այլն) արատավոր երևույթն ու այդ շենքերի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերը վերանայելու հարցը:
  • Արևմտյան Հայաստանում և ներկա Թուրքիայի այլ տարածքներում հայ հոգևոր-մատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառվող թուրքական քաղաքականության կողմից վարվող քաղաքականությունը:
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու խնդիրը:
  • Կառավարության շենքի բակում գմբեթի կառուցման հարցը:
  • Թումանյան 25 հասցեում գտնվող հին երևանյան բնակելի շենքում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու հարցը և այլ հարցեր:

ՀԽ-ն Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող կարևոր իրադարձությունների ժամանակ ՀԽ դիրքորոշումը հայտնել է նաև հայտարարությունների միջոցով:

Մասնավորապես, ՀԽ-ն հայտարարություն է տարածել՝

  • ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու առնչությամբ։
  • ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարության վերաբերյալ
  • Հանրային խորհուրդը կոչով դիմել է աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
  • Հանրային խորհոհրդն արձագանքել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցին։
  • Հանրային խորհուրդը նամակ է հղել Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային` 2016 թվականի ապրիլին արցախա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողությունների վերսկսման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
  • Հանրային խորհուրդը հայտարարություն է հղել ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այլ հայտարարություններ։

ՀԽ-ն Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին սերտ համագործակցություն է ծավալել ՀՀ նախագահի, կառավարության ղեկավարի, պետական գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՀԽ հանձնաժողովներն ակտիվորեն համագործակցել են համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանրային երկխոսության, հանրային քննարկումների մշակույթը զարգացման նոր աստիճանի է հասել։