Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Վազգեն Մանուկյան,տեսանյութ

0
405

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։

«Պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու։ Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո, քանի որ դա վերջին  կաթիլն էր։ Բայց պետք է ժողովրդին հմախմբելով գնալ։ Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը: Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել  Բուզանդի փողոցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։