«Հրապարակ»․ Հանրահավաքի կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել

0
333

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին համազգային հանրահավաք է տեղի ունենալու: Մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

– Իմ մասնակցելով ինչ…. դեռ չգիտեմ, անկեղծ ասած:

– Իշխան Սաղաթելյանը նշում է, որ սա համազգային շարժում է: Հետաքրքիր է` ինչո՞ւ դեռեւս չեք կողմնորոշվել՝ մասնակցել, թե ոչ:

– Հստակ չէ, որովհետեւ կազմակերպիչներն ինձ չեն առաջարկել ելույթ ունենալ, ես էլ իրենց չեմ առաջարկել: Ինչ վերաբերում է ուղղակի հանրահավաք գնալուն, ապա ես դեռ չգիտեմ: Կախված է հանգամանքներից:

– Ի՞նչ եք կարծում՝ այդ հանրահավաքը կտա՞ արդյունք: Կիրակի օրն Արցախում հուժկու հանրահավաք էր….

– Արցախի հանրահավաքը շատ մեծ նշանակություն ունեցավ, եւ դա ազդեցություն թողեց նաեւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման վրա: Դա շատ կարեւոր հանրահավաք էր, իսկ այստեղ կայանալիք հանրահավաքը դեռ չի ասել իր նպատակների մասին, դրա համար էլ ես չեմ կարող ասել` կհաջողե՞ն, թե՞ ոչ: Այո, մեծ հանրահավաք կլինի, բայց կազմակերպիչները չեն ասել, թե ինչ արդյունքներ են ուզում տեսնել։

– Նշում եք, որ Արցախում տեղի ունեցած հանրահավաքը Սոչիի հանդիպման վրա ազդեցություն ունեցավ, սակայն Փաշինյանը Սոչիում անգամ չխոսեց Արցախի հարցի մասին, հայտարարության տեքստում ոչ մի բառ չկար Արցախի վերաբերյալ….

– Ես մամուլից տեղեկացա, որ Սոչիում Արցախի հարցի մասին խոսակցություն եղել է: Մանրամասնություններին ոչ մեկս տեղյակ չենք, այնպես որ՝ հստակ գնահատականներ տալ չենք կարող: Հասկանալի են կողմերի շահագրգռվածությունները, բայց ո՛չ ամեն ինչ: