Մենք հաղթել ենք մեր զինվորների արյան գնով

0
365

Սիրելի հայրենակիցներ:

Մենք բոլորս ուշադիր լսեցինք ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի օգոստոսի 5-ի ելույթը։ Գնահատականներ չենք ուզում տալ ելույթին, միայն ասեմ, որ իմ կարծիքով, վայել չէր պետության ղեկավարին այդպիսի ելույթ ունենալ։ Բայց նրանում բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են պահանջում, և մենք կփորձենք պատասխանել։

Առաջինը պատերազմի և խաղաղության հարցն է: Ի դեպ, ասեմ, որ ելույթում և՛ Վազգեն Սարգսյանը և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեցին, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԺՄ-ի հետ, որի ժամանակ նրանք զգուշացրել են կամ խոսել այդ մասին։

Ասեմ, որ հանդիպում իրոք տեղի ունեցել է՝ ոչ պաշտոնական, գաղտնի, և իմ ելույթի մեջ մի երկու խոսքով կպատմեմ նաև այդ հանդիպման մասին։ Իմ նպատակը չէ հիմա մանրամասն վերլուծել Ղարաբաղի շարժման և պատերազմի պարտություններն ու հաղթանակները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է գտնել պատճառը, թե ո՞նց էր, որ մենք հաղթած դուրս եկանք մինչև հիմա։

Նախագահը սխալ պատասխան է տալիս դրան, որովհետև իրեն այս րոպեին ձեռնտու է այդպիսի պատասխան տալը։ Նա ասում է՝ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանում պառակտում կար։

Ո՛չ։ Մենք հաղթում էինք, և մեր հաղթանակների պատճառով Ադրբեջանում առաջանում էին պառակտումներ, և փոփոխվում էին հանրապետության նախագահները։ Շուշիից և Լաչինից հետո փոխվեց Մութալիբովը, Քելբաջարից, Մարտակերտից և Աղդամից հետո փոխվեց Էլչիբեյը։

Իր ասածով նա լուծում էր այդ րոպեի խնդիրը, բայց դա նվաստացուցիչ էր մեր ժողովրդի համար, որովհետև ժողովուրդն է հաղթել։ Մեր հաղթանակով մենք պարտական ենք մեր ժողովրդին, մեր ֆիդայիներին, մեր զինվորներին, մեր այն սպայական կազմին, որ հիմա ծառայում է մեր բանակում և Ղարաբաղում, այն կազմակերպական աշխատանքին, որ կատարվեց Հայաստանի բանակում և Ղարաբաղի ղեկավարության կողմից Ղարաբաղում։ Եվ ամենակարևորն այն է, որ բանակի առջև և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում խնդիր դրվեց՝ հաղթել։

Հնարավոր չէ հաղթել, եթե չի դրված այդպիսի խնդիր։ Մենք դեռ չենք հիշում, որ հանրապետության նախագահը մեր ժողովրդի առջև, կառավարության առջև կամ իր առջև որևիցե խնդիր դնի։

Ասում է միայն՝ կանենք այն, ինչ հնարավոր է։ Ունենալով այսպիսի զինվորականություն, սպայական կազմ, այսպիսի ժողովուրդ, մենք էլի կարող էինք պարտվել, եթե դրված չլինեին ռազմական խնդիրներ։ Մեր այս հաղթանակը հարյուրավոր ու հազարավոր զոհեր պահանջեց։

Զոհվեցին շարժման մասնակից տղաներ, որոնցից շատերին մենք ճանանչում էինք և՛ դեմքերով, և՛ անուններով։ Շարժման օրերին մեզ համար անընդունելի է եղել պատերազմի միտքը։ Մենք միշտ խուսափել ենք պատերազմի մեջ ներքաշվելուց։ Մեզ պարտադրեցին պատերազմ, և մենք հաղթեցինք։ Եվ այն պարզաբանումը, թե Ադրբեջանը երկու անգամ մեծ է կամ այսքան զենք ունի, բոլորը դատարկ խոսակցություններ են։ Ազգային քաղաքականության մեջ թվաբանությունն անզոր է։ Բարձրագույն մաթեմատիկան է գործում, բայց շատերն էլ ծանոթ չեն այդ գիտությանը։Առաջին հայացքից թվում էր, որ հաղթանակների շնորհիվ կհասնենք խաղաղության։

Այնուամենայնիվ, ի՞նչ նպատակ ունեինք մենք Ղարաբաղի հարցում։ Ղարաբաղի ժողովուրդը դուրս էր եկել ազգային ազատագրական պայքարի, մեր նպատակն էր, որ նա հաղթանակ տանի, և խաղաղություն տիրի։ Խաղաղություն ոչ թե ամեն գնով, այլ ազգային հարցը լուծելու շնորհիվ։ Եվ թվում էր, նորից կրկնում եմ, որ հաղթանակներից հետո Ադրբեջանի ժողովուրդը կհաշտվի այն մտքի հետ, որ Ղարաբաղն իր համար արդեն կորած է, կստորագրի պայմանագիր, և դրանից հետո Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը կանցնեն խաղաղ շինարարության, կանցնեն իրենց ժողովուրդների հարցերի լուծմանը։

Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ։ Ես գտնում եմ, որ իրական խաղաղությունը, ինչքան էլ դրսից ուժեր գան ու արանքում կանգնեն, կարող է լինել միայն այն դեպքում, երբ կամ հայերը հաշտվեն այն մտքի հետ, որ Ղարաբաղը իրենցը չի, կամ՝ Ադրբեջանցիք։

Բնական է, որ մեր ժողովուրդը երբեք չի հաշտվի, մանավանդ հաղթանակներից հետո։ Ադրբեջանի ժողովուրդը, իմ կարծիքով, մոտ էր այդ մտքին, եթե կողքից, ուրիշ երկրների կողմից չխրախուսվեր, որ այդ իրավիճակը կարելի է փոխել։

Հիմա ի՞նչ վիճակ է տիրում։ Բանակցություններ են վարվում։ Ես մանրամասն այդ բանակցություններին չեմ անդրադառնա, բայց ուզում եմ ասել, որ անընդունելի կլինի ցանկացած փոփոխություն, որտեղ չնշվի Ղարաբաղի անկախության կարգավիճակը։ Եթե այդպիսի փաստաթուղթ չլինի, դա ուղղակի պատերազմի հետաձգում է նշանակում։ Տա Աստված, որ հնարավոր լինի խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել։ Բայց ամենայն հավանականությամբ դա չի լինի։

Այդ դեպքում պատերազմը, ցավոք սրտի, կշարունակվի, բայց թերևս ուրիշ բնույթ կրի։ Մենք մի անգամ այդ մասին խոսելիս օգտագործեցինք Իսրայել բառը։ Լևոն Տեր-Պետրոսյանը վարպետորեն և միտումնավոր հակառակ ձևով ներկայացրեց։ Ի՞նչը նկատի ունեի ես, երբ ասում էի, որ պատերազմը նմանվում է Իսրայելին։ Նկատի ունեի անընդհատ պատերազմական վիճակ։ Իսրայելի պատերազմն այդպիսին էր. լինում էր 6 օր պատերազմ, մի քանի տարի խաղաղություն, մի ամիս պատերազմ, մի քանի ամիս խաղաղություն։

Դա մեր ուզածը չէ։ Բայց, ցավոք սրտի, մեզ կարող է պարտադրվել այդպիսի սցենար, և մենք պետք է պատրաստ լինենք նաև դրան։ Իսկ այդպիսի սցենարի պատրաստ լինելու համար պետք է ունենանք հզոր բանակ։ Ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Հնարավոր չէ թույլ պետությունով ունենալ ուժեղ բանակ։ Բանակ, որը հիմնված է միայն տղաների անձնազոհության վրա, այդ բանակը երկար ժամանակ հաղթանակներ տանել չի կարող, եթե իր մեջքին չունենա հզոր պետություն։ Հզոր ասելով՝ ես ի նկատի չունեմ միայն տնտեսապես։ Դա ակնհայտ է։ Բայց ես ասում եմ, եթե պետությունում թալան է, թալանը մտնում է նաև բանակ։ Բանակը պետության շարունակությունն է, մեր հասարակության շարունակությունը։ Եթե այսօր հասարակության մեջ տիրում է անբարոյականություն և ցինիզմ, ապա շուտ թե ուշ այդ հիվանդությունները կտարածվեն նաև բանակում։ Եթե հասարակությունում կաշառակերություն է տիրում, ապա այդ ախտը կներխուժի նաև բանակ՝ քայքայելով այն։ Այսպիսով, հետագայում բանակի ուժեղացման մասին խոսելով մենք պետք է խոսենք բացառապես պետության ուժեղացման մասին։

Այս առիթով ես նույնպես ուզում եմ նշել. երբեմն մեր ժողովրդին հուշում են, թե հաղթանակները եղան, որովհետև Ռուսաստանը մեզ օգնեց։ Ես ուզում եմ այդ հարցին բացահայտ պատասխանել։ Այն ժամանակ Ռուսաստանի գնահատականը հետևյալն էր։ Քաղաքական տեսակետից Ռուսաստանը մեզ հետ էր։ Իր գնահատականով Ադրբեջանի բանակն Անդրկովկասում ամենահզոր բանակն էր, երկրորդ տեղը Հայաստանն էր, Վրաստանը բանակ չուներ։ Այն գործողությունները, որ կատարվեցին ռազմաճակատում՝ Քելբաջարում, անսպասելի էր ինչպես Ադրբեջանի համար, այնպես էլ Ռուսաստանի։

Մենք հաղթել ենք մեր զինվորների արյան գնով, մեր ուժով ենք հաղթել. հիշեք այդ բանը։ Եվ ձեր սիրտը թող լցվի հպարտությամբ։ Երբ մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք, մեզ հետ սկսեցին հաշվի նստել։ Եթե դու քեզանից ուժ չես ներկայացնում, քեզ կարող են խղճալ, ողորմություն տալ, բայց դու գործընկեր չես։

Հիմա վերադառնանք այն հանգամանքին, որ անընդհատ նշվում է՝ Էլչիբեյի և Գամսախուրդիայի տարբերակը, թե ինչու՞ Հայաստանում տեղի չունեցավ, Վրաստանում և Ադրբեջանում տեղի ունեցավ, և վերագրվում է մեր իշխանություններին, թե իբր նրանք ամեն ինչ արեցին, որ Հայաստանում այդպիսի բան տեղի չունենա։ Որ Հայաստանում այդպիսի բան տեղի չունեցավ, ունի բազմաթիվ պատճառներ, բայց ես հիմա ասեմ կարևորագույնը։

Ի տարբերություն Հայաստանի, և՛ Ադրբեջանը, և՛Վրաստանը, եթե ոչ իրավաբանորեն, ապա փաստացիորեն ֆեդերատիվ պետություններ էին, որոնց մեջ կային ազգային փոքրամասնություններ, անկլավներ։ Եվ այն ազատագրական շարժումը, որ սկսվեց ամբողջ սոցիալիստական ճամբարում, Խորհրդային Միությունում, եկավ հասավ այդ փոքրաթիվ ժողովուրդներին, որոնք սկսեցին ազատագրական պայքար մղել։ Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները փորձեցին ռազմական ձևով լուծել հարցը, սկսեցին կրել պարտություններ, և նրանց ներսում տեղի ունեցան հեղաշրջումներ։ Դա էր հիմնական պատճառը, այդ տեսակետից մենք էապես տարբերվում ենք նրանցից։

Բայց մեծ նշանակություն ունի նաև մեր ժողովրդի յուրահատկությունը։ Մեր ժողովուրդը թույլ չի տա այդպիսի բան։ Ես չգիտեմ՝ ինչ ծայրահեղ վիճակ պետք է լինի, որ ժողովուրդը գնա այդ քայլին։

Երկրորդը՝ մեր քաղաքական այն կազմակերպությունները և գործիչները, որոնք ի վիճակի էին այդպիսի բան անել, իրենց երբեք թույլ չեն տա, խոհեմություն կցուցաբերեն։ Եվ երրորդ՝ մենք իշխանության եկանք, այնուամենայնիվ, որոշակի ծրագրերով։ Այդ ծրագիրը նշված է «Գնացքից թռչելու ժամանակը»հոդվածաշարում, և այնտեղ ասված է, որ մեր առաջին թշնամին ներքին զինված ջոկատներն են։ Ոչ թե այն տղաները, որոնք այդ ջոկատների մեջ են։ Բայց Հայաստանի համար ամենամեծ վտանգը ներկայացնում էին իշխանություններից դուրս գտնվող ջոկատները, որոնք կարող էին ընկնել այս կամ այն ազդեցության տալ և փորձել ինքնուրույն լուծել քաղաքական հարցերը։ Մեր իշխանության գալու առաջին րոպեից իսկ սկսեցինք պայքարել նման ջոկատների դեմ։ Զինաթափվեց ՀԱԲ-ը, ձերբակալվեց Սարի թաղի Վրեժը, և այդպես շարունակաբար ամբողջ Հայաստանում։ Այս կազմակերպություններում անձնազոհ, ազգային տղաներ էին։ Նրանք ազգի թշնամիներ չէին։ Խոսքը կազմակերպվածության մասին է, կազմակերպությունների, որոնք չէին ենթարկվում պետությանը։ Եվ հիմա այդ նույն տղաները գտնվում են կառույցների մեջ և արիաբար կռվում են ռազմաճակատներում։ Այդ գործը սկսվեց, հերթը հասավ հանցավոր կազմակերպություններին, որոնք զբաղված էին թալանով և ռեկետով, և հիմա Հայաստանում փաստորեն այդպիսի ուժ գրեթե չկա։

Այսպիսով, բացի հիմանական պատճառից,կային այս երեք պատճառները, որոնք զուսպ պահեցին մեր հանրապետության ներքին կյանքը,և որը խախտվեց միայն պարտությունների ժամանակ, երբ մենք մեծ պարտություններ կրեցինք՝ թողնելով Շահումյանը, Մարդակերտը, Մարտունաշենը։ Եվ ես ասեմ, որ այն ժամանակ ստեղծված այդ շարժումը, դաշինքը (խոսքը Ազգային դաշինքի մասին է–«Ա») մեծ դեր խաղաց հետագայում ռազմական իրավիճակը շտկելու գործում։ Եվ անձնականն էլ ասեմ։ Երբ ես պաշտպանության նախարար էի, անընդհատ զգում էի այդ կուսակցությունների շունչը իմ հետևում՝ և՛ ԱԻՄ-ի, և՛ Դաշնակցության, և՛ Հանրապետական։

Հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է։ Ոչ մեկն այստեղ խաղ չէր անում։ … Հիմա առաջ գնա՞լ ռազմական տեսակետից. նոր ռազմական հաղթանակները ոչինչ չեն ավելացնի մեր քաղաքական հարցերին։ Պետք է շարունակել բանակցությունները, բայց պատրաստ լինել վատ սցենարի։

Վատ սցենարը պարբերական պատերազմն է, ոչ թե անընդհատ պատերազմը: Դրա համար պետք է ունենալ ուժեղ պետություն, ուժեղ բանակ։ Էլչիբեյին և Գամսախուրդիային ես մի անգամ էլ եմ ուզում անդրադառնալ, որովհետև երբեմն հետևյալ հարցն էլ է արծարծվում։ Երբ մենք գրավեցինք Շուշին, դա պատմական մեծ հաղթանակ էր մեր ժողովրդի համար, և մենք, փաստորեն, չնշեցինք դա։ Այն տարիներին, երբ Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլում առաջնությունը շահում էր, Բրազիլիայի ազգային եկամուտը մեծ թռիչք էր ունենում։ Այսինքն՝ ոգևորությունը նպաստում է և՛ տնտեսության զարգացմանը, և՛ գիտության զարգացմանը, և՛ ամեն ինչին։ Օրինակ են բերում, թե Էլչիբեյն ու Գամսախուրդիան իրենց ժողովուրդներին ոգևորում էին, տեսա՞ք, ինչով վերջացավ։ Այո, ոգևորում էին։ Ճիշտ քաղաքական գործիչներ չէին, ճիշտ չէին ոգևորում։ Իսկ ինչու չի բերվում Չերչիլի օրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կարողանում էր համախմբել իր ժողովրդին, ինչու՞ չի բերվում Դը Գոլի օրինակը, Մարգրետ Թետչերի օրինակը։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում այդպես է։

Իհարկե, մտածել, որ ժողովուրդը միշտ ոգևորված լինի, մոլորություն է։ Բայց ամեն առիթ օգտագործել, որպեսզի ժողովուրդը ոգևորվի, իսկ սովորական կյանքում ոգևորության մի փոքր ֆոն բոլոր պետություններում կա և՛ Ամերիկայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում։ Առանց ոգևորության՝ ոչ մի աշխատանք առաջ չի գնա։ Երրորդ հանրահավաքի ժամանակ այստեղ հավաքված էին և՛ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, և՛, ցավոք սրտի, զինվորներ, որոնց ուղարկել էին։ Մենք դա համարում ենք անթույլատրելի։ Սրանից 1,5 տարի առաջ, երբ Պարույր Հայրիկյանը մեծ հանրահավաք կազմակերպեց, և եկան ու շրջապատեցին նախագահի դղյակը, Անվտանգության խորհրդի նիստ էր, ես էլ էի մասնակցում։ Որոշում ընդունվեց փաստաթուղթ գրել, մատ թափ տալ հավաքված ժողովրդի վրա։ Պետք է ստորագրեին ներքին գործերի նախարարը, ԿԳԲ-ի պետը և պաշտպանության նախարարը։ Եվ ասացին՝ հինգ րոպեում հրաժարական ես տալու և դուրս գալու, եթե չես ստորագրում։ Ես հարցը դրեցի այսպես՝ նախագահները գալու ու գնալու են, պաշտպանության նախարարները գալու ու գնալու են,բանակը մնալու է, բանակը հայրենիքի պաշտպանության համար է։

Եվ բոլոր հավաքներում, որ տեղի են ունեցել մեր սպայական կազմի հետ, ես միշտ ասել եմ նույնը. բանակը իրավունք չունի հեղաշրջում անելու, բանակը իրավունք չունի ենթարկվելու իշխանություններին, եթե նրանք ուղղվում են ժողովրդի դեմ։ Այս երկու բանից բանակը պիտի մի կողմ կանգնած լինի, երբ նա օգտագործվում է սեփական իշխանությունը պահելու համար։

Հաջորդ հարցը, որ միշտ կիրարկվում է, Ղարաբաղի հարցն է։ Հիշենք այն հայտնի ելույթը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ Դաշնակցության դեմ։ Այդ ամբողջ ելույթի մեջ անընդհատ նշվում էր,թե,ժողովու՛րդ, դու ապրում ես վատ, որովհետև Ղարաբաղում պատերազմ է, որովհետև Ղարաբաղի ժողովուրդն ուզում է իր անկախությունը պահպանել։

Այսինքն՝ սեպ էր խրվում Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև։ Երկրորդ անգամ, Պարույրի հանրահավաքներից հետո, երբ ես չստորագրեցի այդ փաստաթուղթը, պարտադրեցին, Սերժ Սարգսյանը հեռուստացույցով ելույթ ունեցավ և Ղարաբաղի կողմից սպառնաց ժողովրդին, որ եթե դուք չհանդարտվեք, ապա մենք կխառնվենք։

Երրորդ անգամ դա արեց Լևոն ՏերՊետրոսյանն իր վերջին ելույթում։ Չի՛ կարելի կարճատև, փոքր խնդիրներ լուծելու համար զոհաբերել մեր ազգային մեծ արժեքները։ Այդ ամեն ինչի մասին խոսվել է այն հանդիպման ժամանակ, որի մասին ձեզ ասացի։

Երրորդ հանրահավաքից հետո ես զանգեցի Ղարաբաղ՝ Ռոբերտ Քոչարյանին, հայտնեցի իմ անհանգստությունը իրավիճակից, որ զինվորներն օգտագործվում են այսպիսի հանրահավաքները ճնշելու համար։ Նա անհանգստացած էր. հանրապետությունում վիճակի ապակայունացումը կարող էր այս կամ այն ձևով ազդել Ղարաբաղի պատերազմական վիճակի վրա։ Ես ասացի, որ երկու շաբաթը մեկ արված հանրահավաքները այդպիսի դեր կատարել չեն կարող, Բաքվին խրախուսել չեն կարող, մանավանդ որ Բաքվում շատ լավ գիտեն, թե ովքեր են կազմակերպում հանրահավաքները։ Դա իրենց շանս չի տալիս։ Բայց Քոչարյանն ասաց, թե իրեն անհանգստացնում է ուրիշ բան։ Եթե երկու կողմից մեկն ու մեկը՝ մենք կամ իշխանությունները, ընդունեն սխալ որոշում կամ սխալ մտադրություն ենթադրեն դիմացինի մեջ, ընկնեն հիստերիկայի մեջ, ապա հանրապետությունում կարող է իսկապես ապակայունացում տեղի ունենալ։ Ես ասացի՝ մեր կողմի համար ես լրիվ վստահ եմ, բայց վստահ չեմ իշխանությունների հարցում։ Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ տվեց հանդիպել և խոսել Վազգեն Սարգսյանի հետ։ Մի քանի օրից հետո ինձ զանգեց Վազգեն Սարգսյանը և ասաց, որ ուզում են հանդիպել ինքը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի զորքերի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը։

Մենք հանդիպեցինք «Արցախ» կոմիտեում։ Ես շարադրեցի բոլոր այն մտքերը պատերազմի և խաղաղության մասին, որ հաղորդեցի ձեզ, ասացի, որ եթե իսկապես Հայաստանում խառնաշփոթ լինի, առավելագույնս բանակի կողմից կարող է լինել, բայց ոչ ժողովրդի անկարգության պատճառով:

Հանդիպումը եղել է գաղտնի, բայց ոչ պաշտոնական զրույց, և ես չէի կարծում, որ նախագահը կամ Վազգեն Սարգսյանը կօգտագործեն մեր զրույցը։ Բայց ես ձեզ հիմա պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ հարց է առաջանում՝ այս հանրահավաքները ինչ նպատակ են հետապնդում։ Տարբեր մարդիկ տարբեր մտադրություններ ունեն մեր դեմ, և ասում են՝ իրենք այս են ուզում, և սկսում են քննադատել:

Ես պարզ ասեմ, մենք հետապնդում ենք 4 նպատակ։

Նպատակ համար առաջին. հանրապետությունում ստեղծվել էր մի այնպիսի վիճակ, որ ժողովրդին հուշում էր, թե իշխանությունների դեմ խաղ չկա։ Դե, ասենք, ամեն մեկդ ձեր տանը նստեք, վեր ընկեք տեղներդ, մենք կանենք ինչ որ պետք է, կվայելեք։ Մեր դեմ խաղ չկա։ Եվ ժողովուրդը, մենակ մնալով, չզգալով իր ուսին իր հարևանի, բարեկամի, իր ազգակցի ուսը, ընկճվում էր։ Եվ պետք էր մի ուժ, որ հավաքեր նրան, ասեր՝ ո՛չ։

Ամբողջ աշխարհում միակ ուժը, որի դեմ խաղ չկա, ժողովուրդն է։ Հասա՞նք այդ նպատակին։ Ես ասում եմ՝ ոչ լիովին, որովհետև, այնուամենայնիվ, այստեղ հավաքվածները ամբողջ ժողովուրդը չեն։ Դե, բնական է, հնարավոր էլ չէ ամբողջ ժողովուրդին հավաքել։ Բայց տեղաշարժեր արդեն զգացվում են մարդկանց հոգեբանության մեջ։ Մարդիկ զգում են, որ ինչ-որ բան կարելի է փոխել, և արդեն մտածում են այդ ուղղությամբ՝ ի՞նչ է պետք փոխել և ո՞նց է պետք փոխել։

Երկրորդ. կլինի այս իշխանությունը, թե կփոխվի, իշխանություններին պետք է պարտադրել որոշ հարցեր, որ նա լուծի ժողովրդի համար։ Շավարշ Քոչարյանը մանրամասն բացատրեց, շատ հարցեր, որ հիմա ստորագրվում են, սրանից մեկուկես տարի առաջ ասվել են: Դա կոչվում է կոնստրուկտիվ ընդդիմություն, երբ որ դու մի բան ասում ես, հետո մեկուկես տարի անց հանրահավաք ես անցկացնում և դա ստորագրում։ Այսինքն՝ այս հանրահավաքները նաև ճնշման ձև են։ Օրինական ճնշման ձև են՝ լուծելու մեր ժողովրդի կենցաղի և ազգային նպատակների հարցերը։

Երրորդ. ժողովրդի կամքը կարող է արտահայտվել ընտրությունների միջոցով։ Շուտով ընտրություններ են լինելու՝ և՛ պառլամենտի, և՛ նախագահի։ Այս պայմաններով եթե շարունակենք մեր ընթացքը, ժողովուրդը չի գնա ընտրությունների (եթե գնա էլ, մեկ է, արդյունքները լրիվ կեղծվելու են)։ Դա բացահայտ երևում է։ Ոստիկանական մեքենան թույլ չի տա, որպեսզի ժողովուրդն իր կամքը արտահայտի։

Չորրորդ նպատակն այն է, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք։ Միգուցե վաղաժամ ընտրություններ՝ և՛ նախագահի, և՛ Գերագույն խորհրդի։ Համաձայնության կառավարություն և այլն, և այլն։ Բայց այս նպատակներին կարելի է հասնել միայն մի դեպքում։ Միգուցե մենք՝ այստեղ հավաքվածներս, գտնում ենք, որ դա ճիշտ է, բայց ժողովուրդը գտնում է, որ ճիշտ չէ։ Ուստի պետք է իմանանք ժողովրդի կարծիքը, որը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ և՛ հանրահավաքներով, և՛ կոլեկտիվների որոշումներով, և՛ ժողովներով, և՛ հանրաքվեով։

Դրանից հետո այս հարցերը պետք է լուծվեն օրինական ճանապարհով։ Այսինքն՝ պառլամենտի միջոցով։ Ուրեմն ժողովուրդը պետք է ազդի պառլամենտի վրա և, բացի դրանից, խորհրդարանում ներկայացված կուսակցությունները կարողանան համախմբվել այդ ծրագրի շուրջը։

Ուրեմն մեր առաջին երեք նպատակները մենք իրագործում ենք բոլոր դեպքերում, չորրորդ նպատակը կախված է ժողովրդից և մյուս կուսակցություններից։ Բայց մենք լի ենք վճռականությամբ՝ մինչև վերջ գնալ այս ճանապարհով։

Ես ասեմ, որ իշխանությունները միշտ, արդեն որերորդ անգամ է, կատարում են նույնը։ Իրենք ասում են՝ դու գնա առաջ, գնացքի պես սլացիր առաջ, մենք էլ գնացքի պես կսլանանք քո դիմացից։ Բախում որ եղավ, ժողովրդի համար վատ է։ Դու ժողովրդի մասին մտածում ես, ազգի մասին մտածում ես, դե շեղվիր։ Այնպես է ստացվում, որ իրենք չեն մտածում։

Ես ասեմ, որ մենք գնալու ենք օրինական ճանապարհով, բայց ոչ մի ուժի միջոցով մեզ մեր ճանապարհից շեղել հնարավոր չէ։ Այնուամենայնիվ հիմա ես ուզում եմ անդրադառնալ մեր տարբեր կուսակցությունների քաղաքական նպատակներին։ Ճիշտ է, ժողովուրդը դեռ քաղաքականացված չէ այն իմաստով, որ կուսակցությունները մի նոր երևույթ են մեր ժողովրդի համար։ Ժողովրդի ամենաակտիվ զանգվածը երևի ներգրավված չի կուսակցությունների մեջ։ Բայց մեր ժողովրդին էլ են հուզում կարևոր հարցեր՝ մեր անկախության հարցը, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեր հանրապետության կառուցվածքային հարցը: Կոպիտ ասած՝ կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ։ Այս բոլոր հարցերը հրատապ են, և այդ հարցերն էլ պետք է պատասխան ստանան։

Մենք ձեռք բերեցինք անկախություն և, իմ կարծիքով, անկախությունը ազգային սրբություն է մեզ համար։ Բայց մի բան հաշվի առեք։ Անկախության գաղափարը հիմա աշխարհում ձևափոխվում է։ Հպարտ, միայնակ անկախություն այլևս չի ընդունվում։ Տարբեր երկրներ, զիջելով իրենց անկախության մի փոքր մասնիկ, կարողանում են համախմբվել դաշինքների մեջ և արդեն ոչ թե առանձին-առանձին, փոքր պետություններ են իրար հետ խոսում, այլ խոսում են թիմերով։

Այստեղ հարց է առաջանում. Հայաստանը ո՞ր թիմի մեջ պետք է լինի։ Բնական է, մենք հայացքը ենք գցում դեպի նախկին հանրապետությունները, դեպի Ռուսաստանը։ Եվ այստեղ միտք է առաջանում է։ Կան քաղաքական կազմակերպություններ և գործիչներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել Խորհրդային Միությունը՝ հիշելով, որ այն ժամանակ գոնե կենցաղային տեսակետից մենք լավ էինք ապրում։ Եվ այս միտքը ներշնչվում է մեր ժողովրդին։

Ես ուզում եմ մի փոքր վերլուծել, տեսնենք, թե ինչ է մեզանից կախված, և թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Ռուսաստանում հիմա կա երեք քաղաքական ուժ։ Մի ուժը, իսկապես, ցանկանում է Խորհրդային Միության վերականգնումը։ Բայց դա արդեն էլ հին Խորհրդային Միությունը չի լինի։ Հին Խորհրդային Միությունը հիմնված էր կոմունիզմի, սոցիալիզմի գաղափարների վրա, որը ենթադրում է հավասարաչափ բաշխում ժողովրդի մեջ։ Հիմա նրանք, ովքեր ուզում են վերականգնել Խորհրդային Միությունը, ելնում են ռուսական ազգային մտածողությունից։ Այսինքն՝ մենք կլինենք՝ մի քրջոտ արվարձան, և հզոր կենտրոնը՝ Ռուսաստանը։ Մեզ համար այլևս հնի վերադարձ չի լինելու։ Մեզ համար դա անընդունելի է, դա չի իրականացվի, որովհետև դա ոչ հայ ժողովրդի համար է շահավետ, ոչ էլ ռուս ժողովրդի, որն ընտրել է ներքին զարգացման ուղին։

Երկրորդ ուժը, որը կա Ռուսաստանում, զբաղվում է Ռուսաստանի զարգացմամբ, բայց միևնույն ժամանակ ստրատեգիական տեսանկյունից ուզում է իր թաթի տակ պահել Անդրկովկասը, Միջին Ասիան և այլն, և այլն։ Իրենց համար մեծ նշանակություն չունի՝ Հայաստանը զարգանում է, չի զարգանում, ժողովրդավարություն է, թե դիկտատուրա։ Դա իրենց հոգսը չէ։ Իրենց համար կարևոր է, որ Հայաստանը լինի իրենցը։ Մի կարճատև դաշինքը այդ ուժի հետ կարող է օգտակար լինել՝ կապված Ղարաբաղի հարցի հետ։ Բայց երկարատև դաշինքը մեզ օգուտ չի բերելու։

Բայց կա նաև երրորդ ուժը Ռուսաստանում, որը կամաց-կամաց ոտքի է ելնում, և նրանն է ապագան. Ռուսաստանի տնտեսապես զարգացում, ժողովրդավարական պետություն և դաշինք մյուս պետությունների հետ, որոնք ունեն մոտավորապես նույն կառուցվածքը, մոտավորապես նույն ազգային եկամուտը մեկ շնչի համար։ Այդ տեսակետից այդպիսի դաշինք մեզ Ռուսաստանի համար պետք է։

Այդ երրորդ ուժը հաղթելու է Ռուսաստանում, և պետք է արագորեն պատրաստել մեր տնտեսությունը, մեր կառույցները, որպեսզի կարողանանք նրա հետ դաշինքի մեջ մտնել։ Մենք հիմա գտնվում ենք խաչմերուկում։ Ինչո՞վ են պայմանավորված այս հանրահավաքները։ Բացի այն չորս պատճառից, որ ես ասացի, կարևորագույնն այն է, որ մենք գտնվում ենք խաչմերուկում։

Մենք կարող ենք գնալ մի ճանապարհով և դառնալ, կներեք արտահայտությանս համար, մի քրջոտ պետություն, որտեղ գրագետ մարդը տեղ չունի, ժողովուրդը անկախ չէ, բայց մի կերպ ապրում է, արտաքուստ դեմոկրատական պետություն, որտեղ կան կուսակցություններ, որտեղ խորհրդարանում վիճում են՝ ստորակետ դնել աջ կողմից, թե ձախ, և կա մյուս ճանապարհը։

Մենք մեր առջև չպետք է դնենք միայն գոյատևելը կամ սոված չլինելը, դա խնդիր չէ։ Մեր առաջին ճանապարհը ես անվանում եմ սովորական ժողովրդի ճանապարհ, երկրորդը՝ համաշխարհային ժողովրդի, երբ մրցակցության մեջ է աշխարհի մեծ պետությունների ժողովուրդների հետ և այդ մրցակցության մեջ կարողանում է առաջավոր դիրքեր գրավել։

Այս պատերազմի հաղթանակներն էլ ցույց են տալիս, որ մենք արեցինք այն, ինչ որ հարյուրավոր ժողովուրդներ չէին կարող անել։ Եթե ժողովրդի առջև դրվի խնդիր, ժողովուրդն այդ խնդիրները կլուծի, մենք ի վիճակի ենք այդ խնդիրները լուծել։ Ես հասկանում եմ, որ իսկապես շատ դժվար է ժողովրդի համար, որն ապրում է այս անիրավական վիճակում, սոցիալապես ճնշված, երբ ոչ մեկի աշխատավարձը չի հերիքում, որպեսզի նա նորմալ ապրի, դժվար է ժողովրդին պատմել բարձր, ամպագոռգոռ նպատակների մասին։ Ես գիտեմ, որ մեր ժողովուրդը հուսահատված է։ Հուսահատված չէ, սխալ բառ է։ Հիասթափված է։ Ես անգամ փոքր-ինչ իմ մեջ էլ եմ զգում այդ հիասթափության բարդույթը։ Մենք 70 տարի ապրում էինք Խորհրդային Միությունում, շատ հպարտ էինք մեզնով։ Ասում էինք՝ մենք աշխարհի ամենախելոք ազգն ենք, ունենք Վիկտոր Համբարձումյան, Արտեմ Ալիխանյան, Տիգրան Պետրոսյան, ունենք լավագույն եկեղեցիներ, ունենք մի հզոր Սփյուռք։ Խորհրդային Միությունը քանդվեց, երկաթյա վարագույրները մի կողմ նետվեցին, հարյուր հազարավոր մեր հայրենակիցները դուրս եկան, աշխարհով պտտեցին, տեսան հրաշալի կոթողներ, որ կառուցել են մյուս ժողովուրդները։ Տեսան, թե ինչպես մեզ պես մարդիկ ապրում են ազատ, հպարտ, բարեկեցիկ կյանքով։ Տեսան և հիասթափվեցին, ասացին՝ նրանք մեզանից լավն են, մենք նրանցից խելոք չենք, բարձր չենք։

Ոչինչ, կանցնի ժամանակ, և շատ կարճ ժամանակ, և դուք նորից կտեսնեք, որ աշխարհի լավագույն կառույցները մեր եկեղեցիներն են, որ մենք խելոք ժողովուրդ ենք, որ իրապես տարբերվում ենք շատ ու շատ ժողովուրդներից մեր միասնությամբ, մեր աշխատասիրությամբ, մեր ձեռներեցությամբ և պետք է գնանք դեպի մեր ապագան, ապագա պետության կառուցումը։ Բոլոր հարցերը հնարավոր է լուծել,ես նորից եմ ուզում կրկնել։ Պատերազմում արդեն պարտվում էին թվաբանությամբ,թուղթ ու մատիտով հաշվում էին,որ պատերազմ հնարավոր չէ հաղթել։ Մենք հաղթեցինք։ Նույն մարդիկ թուղթ ու մատիտով հիմա հաշվում են,որ հնարավոր չէ ապահովել նվազագույն զամբյուղը,հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել։ Եթե մենք ունենանք իշխանություն, որը ժողովրդից է, սիրում է ժողովրդին, բանիմաց է և պատրաստ է իր շուրջը համախմբել ժողովրդին, ապա բոլոր այդ հարցերը շատ կարճ ժամանակում կարող են լուծվել ։

Վ.Մանուկյանի ելույթը 1994թ. օգոստոսի 12-ի հանրահավաքում «Ասպարեզ», 1994 թ.օգոստոսի 20