Մեր միասնությունից է կախված՝ կդառնա՞նք արդյոք հզոր ու համաշխարհային ազգ, թե՞ ոչ:

0
479
1991թ

Նախ անդրադառնամ Պարսից ծոցում ծավալված պատերազմական իրավիճակին, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր, այլև ողջ աշխարհի համար: Մենք,հայերս, սփռված ենք աշխարհով մեկ, և այն, ինչ կատարվում է աշխարհում, այս կամ այն չափով անդրադառնում է մեզ վրա: Իհարկե, այն պատերազմը, որ Պարսից ծոցում մղում են միացյալ ուժերը, արդար պատերազմ է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ XX դարի վերջում հնարավոր չէ ուժի միջոցով անպատիժ գրավել թեկուզ մի փոքր պետություն: Բայց կան հանգամանքներ, որոնք ինչ-որ չափով առնչվում են մեզ, և ցանկալի չէ, որ այդ պատերազմը երկար տևի:

Բանն այն է, որ հազարավոր հայեր են ապրում Իրաքում և այս կամ այն կերպ կարող են տուժել: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ պատերազմը ծավալվում է Հայաստանի սահմաններին շատ մոտ: Պատերազմն իր ազդեցությունն ունեցավ և շարունակելու է ունենալ Խորհրդային Միության ներքին քաղաքականության վրա: Մինչ այդ ուզում եմ նշել, որ եթե այդ պատերազմը երկարի, կարող է վերաճել զարգացած երկրների և հետամնաց մահմեդական երկրների միջև պատերազմի, որն անխուսափելիորեն իսլամական ֆունդամենտալիզմի նոր ալիք կառաջացնի մահմեդական երկրներում, որն, ինչ խոսք, ցանկալի չէ:

Հիմա անդրադառնանք նախորդ հարցին,պատերազմի ազդեցությանը: Խորհրդային Միությունում վերջին երկու տարիներին բավականաչափ բարդ գործընթացներ էին կատարվում: Տարբեր հանրապետություններում ազգային, ժողովրդավարական ուժերը պայքար էին մղում իշխանության համար, որն իհարկե, ինքնանպատակ չէր, այլ որոշ ձգտումներ իրականացնելու միջոց էր: Այն ժամանակ էլ հասկանալի էր, որ առջևում վտանգներ կան, որովհետև ճոճանակը կարող էր և հետ դառնալ: Իշխանությունը վերցնելուց, պատասխանատվություն ստանձնելուց հետո շատ քիչ հնարավորություններ կային էապես բարելավելու տնտեսական վիճակը, և ժողովրդավարական ուժերը, ինչ-որ իմաստով, իրենց վրա էին վերցնում իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը: Հիասթափությունը նորից կարող էր առաջ մղել աջակողմյան ուժերին: Ամառվա ամիսներին հանրապետություններում մեծ ոգևորություն էր տիրում, և թվում էր, թե մի քանի քայլից հետո դրանցից մի քանիսը ինքնուրույնություն կստանան, որն, ինչ խոսք, հետաքրքրական էր և թույլ էր տալիս հանրապետություններին ազատվել Կենտրոնի տնտեսական ճնշումից: Սակայն այդ մեխանիզմները լավ չաշխատեցին: Ինչու՞: Նախ՛, ժամանակը սուղ էր, և հնարավոր չեղավ ստեղծել անհրաժեշտ բոլոր կառույցները, երկրորդ՛, չկային այդ պայմանագրերի իրականացումը ապահովող լծակներ:

Աշխարհի բոլոր երկրներն են միմյանց հետ տնտեսական կապերով կապված, և մշակված մեխանիզմներ կան, որոնք բոլորին ստիպում են կատարել իրենց պարտավորությունները: Խորհրդային հանրապետությունները այդ մեխանիզմները չունեին: Բացի դրանից, իշխում էր եսամոլությունը, հանրապետությունները քաղաքակիրթ աշխարհից հետ էին մնացել, և յուրաքանչյուրն ուզում էր ինչ-որ բան վերցնել, իսկ իրենից պահանջվածը՝ չտալ: Պատժելու մեխանիզմներ էլ չկային: Այս տեսակետից կենտրոնը շատ ավելի լավ վիճակում է: Նրա ձեռքին է հսկայական մի մեքենա՝ բանկային համակարգը, որի միջոցով նա կարող է պատժել, կարող է ապահովել պայմանագրերի կատարումը: Կար նաև մի ուրիշ հանգամանք: Խորհրդային Միության հեղինակությունն արտասահմանում ընկնում էր, նրան վարկեր չէին տրամադրում, տնտեսական վիճակը վատանում էր, և հանրապետություններում խուճապ էր առաջանում: Զգացվում էր, որ ամրանում է կենտրոնական իշխանության ուժը: Դա ոգևորում էր կենտրոնին: Առջևում Պարսից ծոցի պատերազմն էր: Արևմուտքը շահագրգռված էր, որ Խորհրդային Միությունն իր հետ լինի, և աչքերը կփակեր, եթե նա ներսում որոշ քայլեր ձեռնարկեր: Ու կենտրոնն սկսեց ավելի ձգել պտուտակները՝ աշխատելով վերադառնալ հին, միասնական պետությանը:

Իմ կարծիքով, Լիտվայում Գորբաչովը սխալվեց: Նա ինչ-որ մի եզր անցավ, Լիտվայի դեպքերն, իրոք, արյունալից էին, բայց Արևմուտքի արձագանքը ցույց տվեց, որ նույնիսկ պատերազմական այս օրերին Խորհրդային Միությանը այդպիսի բան չի ներվի:  Իսկ դա, հատկապես տնտեսական առումով, խորհրդային երկրի համար մեծ նշանակություն ուներ: Լիտվայի դեպքերի քաղաքական նշանակությունը մեծ է: Արյունահեղությամբ էլ, իհարկե, մեզ հարկավոր չէ զարմացնել: Մայիսի 27-ին մենք ավելի շատ զոհեր ունեցանք, բայց դա իր արձագանքը գտավ: Դա էլ հասկանալի էր՝ Պարսից ծոցի պատերազմը:

Կենտրոնի ձգտումը  այս թոհուբոհի մեջ որոշ խնդիրներ լուծել, հանգեցրեց նրան, որ իրավիճակը սրվեց նաև Արցախում: Պետք է խոստովանել, որ մեր ձեռքում շատ քիչ լծակներ կան իրավիճակը շտկելու և կատարվող դեպքերի վրա ազդելու համար: Համեմատենք անցած ամռան ոգեշունչ ամիսների հետ, տարբեր հանրապետություններում վճռականությամբ լի ժողովրդական շարժումները անցնում էին իշխանության գլուխ, և թվում էր, թե հեշտությամբ կկարողանան հաղթահարել տնտեսական խոչընդոտները. դա չիրականացավ:

Այսօր մենք էլ ենք այդ գործընթացի մեջ և պարտավոր ենք գնահատել մեր անելիքները: Ինչպես մինչ այժմ եղած բոլոր կայսրություններն են քանդվել, այնպես էլ կքանդվի Խորհրդային Միությունը և կքանդվի մոտ ժամանակներս: Մեր ժողովուրդն ընտրեց անկախության ուղին, ընդունեց, որ մենք ուզում ենք ստեղծել անկախ պետություն, որը մեր դարավոր երազանքն է: Բայց քանի որ կայսրությունը քանդվում է, կարող է լինել և այնպիսի պահ, որ անկախ մեր ցանկությունից, անկախություն ստանանք: Այնուհանդերձ շատ էական է, որ մենք ցանկանուՙմ ենք մեր անկախությունը: Իսկ դրան պետք է պատրաստվել:

Ի՞նչ քայլեր է հարկավոր անել: Մեր ցանկությունն է անկախանալ՝ ունենալով որոշ ինքնուրույն պետական կառույցներ, ինքնուրույն տնտեսական իրավիճակ, անկախանալ՝ առանց պատերազմների մեջ մտնելու: Մենք պետք է ստեղծենք ներքին կառույցներ, որոնք բնորոշ են անկախ պետությանը: Դրանք իշխանության կառույցներ են․ բանակը, այն ծառայությունը, որն ապահովում է հանրապետության հետախուզությունն ու հակահետախուզությունը և այլն: Ի՞նչ է հարկավոր անել տնտեսության մեջ: Որպեսզի տնտեսապես մեզ ապահով զգանք (իսկ մեր տնտեսությունն այսօր խոցելի վիճակում է), պետք է անցնենք մասնավոր սեփականության: Դա տնտեսությունը կդարձնի ավելի ճկուն: Պատմական փորձը ցույց է տալիս, որ բոլոր թերություններով հանդերձ, դա է տնտեսությունը զարգացնելու միակ ուղին: Մենք, իհարկե, այդ ճանապարհի առաջին քայլերն արել ենք: Իհարկե, դժվարություններ կան ընդհանուր ապապետականացման կուրսի մեջ, և հիմնականը սոցիալական արդարության հարցն է: Պետական ունեցվածքը կարելի է տալ մասնավորին, բայց դժվարն է այն այնպես կազմակերպել, որ չխախտվի արդարության սկզբունքը: Սակայն տնտեսությունը զարգացնելու համար միայն մասնավոր սեփականության անցնելը բավական չէ, պետք է կարողանանք մտածել նաև մեր տնտեսության ռազմավարական նպատակների մասին: Էներգետիկայի մասին. մենք էներգիայի ոչ մի ինքնուրույն աղբյուր չունենք: Արևի ճառագայթների կամ քամու էներգիայի վրա հույս դնելն այնքան էլ իրատեսական չէ: Դա մեր էլեկտրաէներգիայի 5-10 տոկոսը կարող է ապահովել: Մեր հիմնական հումքը գազն է և մազութը, իսկ դրանց հետ կապված յուրաքանչյուր միջադեպ աղետալի վիճակի մեջ է դնում մեր էներգետիկան: Իհարկե, տարբեր առաջարկներ կան: Նույնիսկ համարձակ առաջարկ կա՝ մտածել 10 բալանոց սեյսմակայունությամբ ատոմակայանի մասին: Դրանք քննարկվելիք խնդիրներ են, բայց կասկածից վեր է, որ պետք է լուրջ գրաֆիկ կազմվի, թե ինչպես ենք պատկերացնում ապագա Հայաստանի էներգետիկան: Արևմուտքի երկրների զարգացման հիմքը նրանց ձեռք բերած նախնական կապիտալն էր, որն ինչ-որ չափով նրանք ստացան գաղութատիրական քաղաքականության միջոցով: Մենք այդ նախնական կապիտալը չունենք և պիտի գնանք այն ճանապարհով, որով գնացել է ողջ մարդկությունը. զարգացնենք գյուղատնտեսությունը, վաճառենք հումքի մի մասը, և դա մեզ կտա այն նախնական կապիտալը, որով ինչ-որ բաներ կարող ենք անել:

Այժմ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե մեր անկախությունը ձեռք բերելու ինչ ճանապարհներ կան: Այսօր քննարկվում է երեք ճանապարհ: Առաջինն այն է, որով հիմա ընթանում ենք, այսինքն, գիտենք, թե ինչ է հարկավոր անել, անընդհատ հարմարվում ենք այն վիճակին, որում տվյալ պահին գտնվում է Խորհրդային Միությունը, և անում ենք այն քայլը, որը տվյալ դեպքում հնարավոր է կատարել: Եվ քանի որ Խորհրդային Միության ներքին կյանքում գերակշռում է անորոշությունը, դա փոխանցվում է նաև մեզ: Մեր ծրագրերի մեջ որոշ անորոշություն է առաջանում, որը վհատեցնում է մարդկանց. մարդիկ որոշակիություն են սիրում:

Երկրորդ ճանապարհը, որի մասին ևս մի քանի անգամ արդեն խոսել եմ, հանրաքվեն է: Կա Խորհրդային Միության օրենքը. հանրաքվեի արդյունքներով դուրս ես գալիս Խորհրդային Միության կազմից: Այդ պահը վճռականություն է պահանջում, այն հղի է որոշակի վտանգներով, բայց հանրաքվեի փաստն արդեն միջազգային նշանակության հանգամանք է, և դա չի կարող ուրիշ երկրների կողմից շրջանցվել: Դրա հետ պետք է հաշվի նստել: Միաժամանակ, քանի որ դա վերապահված է սահմանադրությամբ, կենտրոնն էլ չի կարող այդ փաստն անտեսել: Մենք արդեն հասկանում ենք, որ Հայաստանի անկախությունն ուրիշները կարող են ճանաչել այն դեպքում, եթե կենտրոնը ստիպված լինի ճանաչել: Դա է Արևմուտքի քաղաքականությունը: Հանրաքվեից հետո կարելի է կենտրոնի հետ պայմանավորվել փուլերի և պարտավորությունների մասին:

Երրորդ ճանապարհը. Հայաստանի Գերագույն խորհուրդը ժամանակ առ ժամանակ պետք է հայտարարի մեր անկախ լինելու մասին, անկախ Հայաստանի անձնագրեր բաժանենք կամ թագավոր ընտրենք և հայտարարենք, որ մենք անկախ ենք, անկախ թագավորություն ենք և այլն:

Այսինքն, թատերայնություն… Քաղաքականության մեջ դա ոչ մի դրական արդյունք չի կարող տալ, ընդհակառակը, կարող է վնասել: Դա կնշանակի գեղեցկության համար հարվածի տակ դնել ժողովրդին: Դարձյալ անդրադառնամ հանրաքվեին: Խորհրդային Միության հանրաքվեին մասնակցելն ուղղակի անիմաստ է, որովհետև այնտեղ որոշակի ոչինչ չկա: Որոշ հանրապետություններ հայտարարել են, որ իրենք այդ հանրաքվեին չեն մասնակցելու: Իմ կարծիքով, մենք նույնպես չպետք է մասնակցենք: Բայց եթե որոշենք, որ հանրապետությունում հանրաքվե ենք անցկացնելու, ապա դա ավելի շուտ պիտի անենք, քան Խորհրդային Միությունը: Մենք չպետք է շփոթենք մեր և Խորհրդային Միության հանրաքվեները:

Կրկին անդրադառնամ մեր տնտեսությանը: Այն, իրոք, խոցելի վիճակում է: Մենք հպարտ հայտարարություններ ենք անում, բայց նվաստացուցիչ հանգամանքներում դիմում ենք պարեն, բենզին, և զանազան ապրանքներ ստանալու համար: Յուրաքանչյուր հանրապետություն ինչ-որ լծակ ունի, որով կարողանում է ազդել Կենտրոնի վրա: Մեր հանրապետությունը այդ լծակը չունի: Փորձեմ մի վտանգավոր հարցի մասին խոսել: Հանրապետությունում ի՞նչ արտադրություններ փակվեցին. կաուչուկի արտադրությունը, ատոմակայանը, Ալավերդու գործարանը: Վերջինս այն վիճակում էր, որ ոչ մի վերանորոգում արդյունք չէր տա, ստիպված էինք փակել: Բայց ինչի՞ դա հանգեցրեց. պղինձ, որը ստրատեգիական հումք է, մեծ արժեք ունի միջազգային շուկայում և մեծ քանակությամբ վալյուտա կարող էր բերել (մեր նախնական կապիտալը կազմելուն կարող էր ծառայել), չունենք: Ալավերդու գործարանն, այո, պետք է փակվեր, բայց մի սկզբունք անհրաժեշտ է ընդունել. քանի դեռ նորը չենք կառուցել, հնից չհրաժարվենք: Մենք այսօր ուզում ենք նոր պղնձաձուլական գործարան կառուցել: Կառուցել միջազգային չափանիշներով, սակայն դրա համար անհրաժեշտ է 120-150 մլն դոլար:

Ատոմակայանի մասին: Շատ վտանգավոր էր, այո: Եթե այն վթարվեր, մենք պետք է Հայաստանը թողնեինք: Ատոմակայանի փակելը ճիշտ էր: Բայց կարելի էր մտածել: Միգուցե հնարավոր էր այն անվտանգ դարձնել: Այդ հնարավորությունները թերևս կային: Այսօր մեզ անհրաժեշտ է ծրագրեր կազմել: Երկու ծրագիր կա. ապապետականացումը և ստրատեգիական խնդիրները:

Մի քանի խոսք մեր հանրապետության ներքին կյանքի մասին: Փոփոխություններ, իհարկե, կատարվում են, թեպետ կան բաներ, որոնց արդյունքը հետագայում կերևա: Խորհրդային Միությունում քաոսը դեռ կշարունակվի: Խոսքը տնտեսական, քաղաքական անկայունության, հանցագործության չափերի մասին է: Եվ որքան էլ դժգոհենք մեր ներքին կյանքից, պիտի նկատենք, որ Հայաստանը կայունության մի կղզի է, և յուրաքանչյուր վաղվա օրն ավելի կայուն է նախորդից: Այդ բանը լավ են զգում թե՛ արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչները, թե ՛ քաղաքական գործիչները:

«Ժամանակ» ծրագրով շարունակ հայերին վարկաբեկելու պատճառներից մեկն էլ սա է: Աշխարհին ուզում են ցույց տալ, որ Հայաստանը չէ Խորհրդային Միության այն կղզին, որի վրա կարելի է հենվել: Դա կենտրոնական իշխանությունների «նուրբ» քաղաքականությունն է: Խեղաթյուրված տեղեկատվության միջոցով նա փորձում է խանգարել Հայաստանին դառնալու կապիտալի ներդրման և տնտեսական բարգավաճման կղզի: Հարյուր տարին մեկ է մեր ժողովրդի համար այնպիսի պահ լինում, երբ նրա կատարած քայլն անդրադառնում է ապագա սերունդների վրա, ողջ հայ ժողովրդի պատմության վրա:

Ես  բոլորին կոչ եմ անում, զգանք այս պահի պատասխանատվությունը և ներքին հանդարտությամբ ու ոգևորությամբ ընդունենք այն: Մեր ջանքերից է կախված մեր ապագան: Կլինեն տարբեր խավեր, շերտեր, կազմակերպություններ, կուսակցություններ, յուրաքանչյուրը կհետապնդի իր շահը, բայց այդ ամենը կլինի միասնության մեջ: Եթե մենք հիմա միասնական ազգ չլինենք, կկորցնենք պահը: Ես երազում եմ այն ժամանակները, երբ մեր հանրապետությունում, սփյուռքի հետ միասին, կստեղծենք այնպիսի կառույց, որը կբազմապատկի մեր ուժերը և հնարավորություն կտա ազդելու աշխարհի տարբեր կետերի վրա: Մեր միասնությունից է կախված՝ կդառնա՞նք արդյոք հզոր ու համաշխարհային ազգ, թե՞ ոչ:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը 1991 թ. հունվարի 21-ի մամուլի ասուլիսում «Հայաստանի Հանրապետություն» 1991 թ., 22 հունվարի