«Մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»․ Վազգեն Մանուկյան

0
375

Անկախ-ի խնդրանքով «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին։

 

-Պարոն Մանուկյան, արդյո՞ք ներկա Սահմանադրական դատարանը խանգարում է նոր իշխանություններին իրականացնել բարեփոխումներ, զարգացնել մեր երկրի տնտեսությունը, բարելավել ժողովրդի կենսամակարդակը, լուծել կրթության, առողջապահության ոլորտների խնդիրները, ապահովել երկրի անվտանգությունը, կառուցել արդար պետություն ու առողջ հասարակություն։

-Այն լիազորությունները, որոնք ունի երկրի վարչապետը նոր Սահմանադրությամբ, աննախադեպ մեծ են։ Նույնիսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այն կոչում էր «սուպերվարչապետություն»։ Բացի այդ, դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, հանդես գալով որպես քաղաքացիական հասարակության հատված, նախորդ ժամանակաշրջանում իշխանությունների կատաղի քննադատներն էին, իսկ այժմ սպասարկում են իշխող քաղաքական համակարգին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես խոչընդոտ չեն։ Այս ամենի հետ մեկտեղ ժողովրդի մի զգալի հատված գոնե սկզբնական շրջանում վստահում ու սատարում էր իշխանություններին։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, դեռևս չի եղել դեպք, երբ այն խոչընդոտ հանդիսանա իշխանության կողմից որևէ օրենքի կամ որոշման ընդունմանը։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անկախությունից ի վեր նման լիազորություններով օժտված և նման շահավետ վիճակում գտնվող իշխանություն դեռևս գոյություն չի ունեցել։ Եվ եթե այս պայմաններում իշխանությունը չի կարողանում իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտականություններն ու խոստումները, չի կարողանում արդյունավետ ձևով կառավարել երկիրը, ապա միակ խոչընդոտը հենց ինքն է, իր անկարողությունն ու գայթակղությունը իշխանության բարիքներով։

Այս ամենը փորձ է արվում մատուցել «քանդված, թալանված պետությունը հնարավոր չէ վերակառուցել կարճ ժամանակահատվածում» պատճառաբանության ներքո, բայց դա ընդամենը մարդկանց մոլորեցնելու պարզամիտ մեթոդ է։

Բոլոր սխալներով, բացթողումներով և նույնիսկ հանցանքներով հանդերձ մեր երկիրն այս 30 տարիներին կայացել է որպես պետություն, մենք կառուցել ենք հզոր բանակ, հաղթել պատերազմում, ստեղծել ենք բանկային համակարգ, քիչ թե շատ արդյունավետ պետական ինստիտուտներ, ձևավորվել է բարեխիղճ տնտեսվարողների միջավայր, ունեցել ենք ՀՆԱ-ի կայուն, երբեմն նույնիսկ կտրուկ աճ, ստեղծել ենք արտաքին հարաբերությունների պետական համակարգ՝ իր բոլոր կառույցներով, ստեղծել ենք միջազգային կայուն փոխհարաբերություններ, և այդ ամենը ձևավորել է հաստատուն մի հարթակ, որի վրա կարելի էր վստահ կանգնել ու առաջ գնալ։ Առհասարակ, պետք էր ոչ թե ամեն ինչ քանդել, զրոյացնել ու սկսել նոր կետից, այլ շարունակել կառուցածի վրա՝ զարգացնելով ու ավելացնելով։

-Հիմնավո՞ր է իշխանությունների այն թեզը, թե Սահմանադրական դատարանի կազմը, նշանակված լինելով նախորդ իշխանությունների կողմից, կգործի նախորդների կամ որևէ այլ արտաքին ազդեցության ներքո։  

-Միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդել դատական իշխանության որոշումների վրա  և կամայական փոփոխություններ անել այդ մարմնի կազմում՝ ելնելով իր քաղաքական շահերից։ Անկախության ապահովման սկզբունքներից մեկն էլ բարձրագույն դատական մարմիններում նախորդ իշխանությունների օրոք նշանակված անդամների առկայությունն է, ինչը տարիների ընթացքում, իշխանափոխությունից իշխանափոխություն, այդ մարմնում առաջացնում է շերտեր և հնարավորություն տալիս լինել առավել անկախ՝ ազդեցություն չկրելով ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններից և առաջնորդվելով միայն օրենքով։

Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմում նույնպես այս տարիների ընթացքում ձևավորվել են շերտեր (ՍԴ ներկա կազմում դատավորներից 2-ը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի, 5-ը՝ Սերժ Սարգսյանի, 2-ը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք):

Հետևաբար, Սահմանադրական դատարանում նախորդ իշխանությունների կողմից նշանակված անդամների առկայությունը ոչ միայն ընդունելի է, այլև միջազգային կարևոր պրակտիկա։

-Այդ դեպքում ի՞նչն է դրդում ներկա իշխանությանը փոխել Սահմանադրական դատարանի կազմը և այն դարձնել «իրենը»։ Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը, ի՞նչ խնդիրներ ու նպատակներ են հետապնդում մերձիշխանական շրջանակները, և ի՞նչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ մեր երկրի և ժողովրդի համար։

-Դա հասկանալու համար նախևառաջ պետք է հիշել, թե ի՞նչ նպատակներ են հռչակել իշխանություններն ու ի՞նչ քայլեր են կատարել մինչ օրս։

• Կոռուպցիայի դեմ պայքար։  

Այս կարգախոսի ներքո իրականացվել է․

Ա) Ընտրովի քրեական գործերի կազմում հիմնականում քաղաքական դրդապատճառներով (որն ազդակ է մյուսներին՝ ծառայելու իշխանությանը)։

Բ) Աննախադեպ չափերի հասնող պարգևավճարներ՝ աշխատանքային արդյունավետությամբ չհիմնավորված (որը նշանակում է թալանել պետական բյուջեն)։

Գ) Գործարարներին պարտադրվող ֆինանսական մուտքեր իշխանությունների կողմից ստեղծվող հիմնադրամներ («նախկիններ» չհամարվելու վախի մթնոլորտի պայմաններում)։

Դ) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և նմանատիպ այլ օրենքների առաջադրում։ «Թալանածը ետ վերադարձնելու» և «արդարությունը վերականգնելու» կարգախոսերի ներքո այդ օրենքներն իրականում, ինչպես ցույց է տալիս ներկա պրակտիկան, կօգտագործվեն որպես մահակ ինքնուրույն մտածող անձանց, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ անկախ ունեցվածքի չափից (հիշենք Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի պատմությունը)։

Այս ամենը չի կարող չանդրադառնալ նաև տնտեսության ու ներդրումների վրա, որովհետև որևէ գործարար ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ գործում են նման օրենքներ և ձևավորված է նման կասկածելի տնտեսական միջավայր։

• Մարդու իրավունքներ ու ազատություններ։

Այս կարգախոսների ներքո տարբեր նպատակներ հետապնդող հիմնադրամներից ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, որոնք ներգրավված են իշխանական շրջանակների մեջ, առաջ են քաշում իրենց գաղափարներն ու երբեմն նույնիսկ ճնշումների միջոցով փորձում հասնել այնպիսի օրենքների և որոշումների ընդունմանը, որոնց նպատակը մեր ազգային մշակույթի ու արժեհամակարգի խարխլումն է։ Հատկանշականն այն է, որ փոխանակ վերցնելու արևմտյան ժողովրդավարական ֆունդամենտալ արժեքները (խոսքի ազատություն, իշխանությունների տարանջատման սկզբունք, հասարակական վերահսկողություն, հանդուրժողականություն և այլն), վերցնում են այն արժեքները, որոնք նույնիսկ Եվրոպայում միարժեք չեն ընկալվում և սերմանում են անտարբերություն ազգային պատկանելության և ազգային արժեքների ու նպատակների նկատմամբ։

«Յուրային» Սահմանադրական դատարան ունենալու դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել ապագա ընտրություններում իշխանության վերարտադրման գործոնը։

-Այնուամենայնիվ, արդյո՞ք մեզ անհրաժեշտ են Սահմանադրական փոփոխություններ։  

-Իհա՛րկե անհրաժեշտ են։ Սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում և Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ (ապահովելով ՍԴ իրական անկախությունը)։ Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետևաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։

-Ի՞նչ եք կարծում, կկայանա՞ հանրաքվեն ՝ հաշվի առնելով, հատկապես, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ։  

-Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաև պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետևաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որևէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։

Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետևյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։