Ստեղծվում է կոմիտե, վաղը ձեզ կասեմ Կոմիտեի կազմը․ Վազգեն Մանուկյան

0
299

Վազգեն Մանուկյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքին ․․

Որ փոքր էի, գիրք էի կարդում, թե ոնց 1915 թվին ցեղասպանություն եղավ։ Ու զարմանում էի, ասում էի՝ ո՞նց հայերը չկարողացան դիմադրել։ Պապս ասում էր՝ Վազգեն, որովհետև անկախ պետություն չունեինք։

Ես ինձ նվիրեցի անկախ պետությանը, ու մենք ունեցանք անկախ պետություն։

Վերջին անգամ այստեղ եղել եմ 1993 թվին՝ որպես պաշտպանության նախարար։ Ընդունում էի հաղթած զորքերի շքերթը։ Անցնում էին զրահամեքենաները, անցնում էին հրթիռները, անցնում էին մեր զինվորները։

Հիմա մենք ունենք պետություն, ունենք բանակ, և նայեք՝ ինչ է կատարվում․ մեր աչքի առաջ՝ անկախ Հայաստան պետության աչքի առաջ, տեղահանություն և կոտորած է տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Արցախում։

Ո՞վ կհավատար դրան։

Էրդողանն ասում է՝ մենք դեռ պայմանավորվածություններ ունենք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների վերաբերյալ։ Հարց տվեք ձեզ՝ ի՞նչ է նշանակում պայմանավորվածություն․ եթե երկու պետություն կամ երկու անձ իրար հետ պայմանավորում են, դա նշանակում է՝ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս։ Մենք որևիցե բան ստացե՞լ ենք Թուրքիայից ու Ադրբեջանից։ Ուրեմն ո՞վ է ստացել։ Ստացել է Նիկոլը։

Փաստորեն Հայաստանի ամենակոռումպացված թղթակիցը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու ու դարձավ Հայաստանի ղեկավար։ Չլինի Նիկոլը, չեն լինի այդ պայմանավորվածությունները։

Բոլորս զարմանքով նայում ենք աշխարհին, ասում են՝ էդ ո՞նց են աշխարհի աչքի առաջ տեղի ունենում այսպիսի սարսափելի դեպքեր, և ոչ ոք չի արձագանքում։ Իսկապես գրեթե ոչ ոք․․․ Ֆրանսիան արձագանքեց, բայց դրանք արտահայտություններ էին, երևի բավական անկեղծ։ Ռուսաստանը չարձագանքեց, ինքն ասեց՝ երկու կողմին հանգստացնում եմ։

Բայց մի զարմացեք։ Մենք կարճ ժամանակաշրջան է, որ անկախ պետություն ունենք և չենք իմանում, որ աշխարհն էդպիսին է։ Այս աշխարհում դու պիտի ուժեղ լինես, նախահարձակ լինես, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն։

Ու բոլորն ի՞նչն էին վերցնում՝ որպես պատճառ․ ասում էին՝ չէ՞ որ Նիկոլը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է գտնվում։ Իհարկե դա մեծ նշանակություն ունի, բայց շատերի համար դա պատրվակ է։ Այն, ինչ անընդհատ ասում է Զախարովան, մյուսները՝ դա պատրվակ է։ Ուղղակի հասկանալի է, որ իրենք Թուրքիայի հետ մտել են մի դաշինքի մեջ, և ինչ-որ բան էստեղ իրենց շահերից պիտի զոհաբերեին։ Իրենք պիտի զոհաբերեին այսքան, Նիկոլի շնորհիվ զոհաբերեցին այսքան։

Բայց պետք չի հուսահատվել։ Էլի բոլորի հետ կարելի է լեզու գտնել։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ ամուր ժողովուրդ ենք և կարողանում ենք մեզ պաշտպանել, կարողանում ենք մեր իշխանությունը ձևավորել։

Սա քաղաքական պայքար չէ։ Քաղաքական պայքարը՝ եթե երկու տարբեր քաղաքական հոսանք կամ կուսակցություն ունեն տարբեր գաղափարներ ու իրար հետ կռվում են։ Էստեղ թշնամին նստած է Հայաստանի կենտրոնում, մեր ազգի, մեր ժողովրդի թշնամին։ Ու ես համաձայն չեմ, որ աում են՝ մի քիչ հանգիստ եղեք։ Մտածել պետք է հանգիստ, բայց էմոցիաները մի պահեք ձեր մեջ, էմոցիաները թույլ տվեք արտահայտվեն։

Չի՛ կարող լինել ազգային շարժում, եթե մեջը չկա սեր և ատելություն։ Մեջներդ թող բոցկլտա սերը երկրի նկատմամբ և ատելությունը թշնամիների կատմամբ։ Միայն զգացմունքով կարելի է այդ հարցը լուծել, միայն խելքը հարց չի լուծելու։

Համոզված եղեք՝ իշխանությունը կփոխվի, նոր իշխանություն կգա (ով կլինի՝ դեռ մի կողմ, իհարկե լավ կլինի, որ կարգին մարդ գա, միայն թե սա գնա)։ Երկիրը ոտքի է կանգնելու, մենք այս փորձությունից ուժեղացած ենք դուրս գալու։ Մենք մեծ պրոբլեմներ ենք ունենալու Արցախի հարցում, բայց Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնելու։

Տեսեք, թե Արցախը ոնց էր կռվում։ Երբ որ կարդում էի Լեոի գրքերը, տարբեր գրականություն, հայերն արևելքում համարվում էին ամենալավ զինվորները։ Բոլոր ժողովուրդներն ուզում էին հայկական ստորաբաժանումներ ունենալ։ Ես կարծում եմ, որ աշխարհի 5 լավագույն զինվորներից Պրուսիան ուներ, Ռուսաստանը, Ուկրաինան, մի ժամանակ թուրքերն ունեին այդպիսի բանակ և մենք չտեսնված զինված ուժ ենք ունեցել, մենք չտեսնված ժողովուրդ ենք։

Արցախում չկար «սալյարկա» ու բենզին, որ գնային գյուղից մի ձու առնեին իրենց երեխայի համար ու այդ վիճակում այդքան դիմադրեցին։ Հերոս ժողովուրդ են։ Մենք հերոս ժողովուրդ ենք։ Ու դրա համար ձեզ պահեք որպես հերոս։ Չնվնվալ, այլ պայքարե՛լ։

Եթե հիշում եք, անցյալ հանրահավաքում ես բարձրացրեցի կոմիտե ստեղծելու հարցը, որն իմ հնարածը չէր, տարիներով դրա մասին խոսում էինք, ես ուղղակի բարձրաձայնեցի ձեզ մոտ։ Այժմ դա իրականացվում է։ Այժմ ստեղծվում է կոմիտե, բանակցություններ են գնում տարբեր ուժերի հետ, բայց պայմանն այս է՝ այդ տարբեր ուժերը հենց մտան կոմիտեի մեջ, իրենց կուսակցությունն արդեն նշանակություն չունի։ Պիտի լինեն անձեր, և ամբողջ քաղաքական դաշտը պետք է ենթարկվի այդ կոմիտեին իշխանություն փոխելու հարցում։

Վաղը՝ ժամը վեցին, երբ մենք այստեղ հավաքվենք, ես ձեզ կասեմ Կոմիտեի կազմը և կասեմ՝ ինչ գործունեությամբ ենք մենք զբաղվում։

Բայց մի հարց էլ եմ ուզում տալ՝ ընդունված է մտածել, որ Ղարաբաղ կոմիտեն մի շատ հզոր, ուժեղ կոմիտե էր, որը կարողացավ աբողջ երկրի, նույնիսկ Խորհրդային միության պատմության վրա ազդել։ Դա և՛ ճիշտ է, և՛ սխալ է։ Ճիշտ է այնքանով, որ դեպքերն այդպես էին գնում, բայց սխալ է գիտե՞ք ինչով՝ գործողությունների մեծ մասը ժողովուրդն ինքնաբուխ էր անում։ Չմտածեք, որ մի հատ կոմիտե կլինի, ձեզ ինչ ասի՝ կանեք, ու ամեն ինչ լավ կլինի։ Ամեն մեկդ ձեր խելքն աշխատացրեք, սիրտն աշխատացրեք, նախաձեռություններ ցույց տվեք, անպայման չի ամեն ինչը համաձայնեցնեք։ Ամեն մեկն իր տեղում կռվում է։ Եվ իշխանության թշնամին ոչ թե Ղարաբաղ կոմիտեն է կամ այն կոմիտեն, որ այստեղ կլինի, այլ իշխանությունը պիտի չիմանա, որովհետև ամեն տեղից «կրակոց» կա («կրակոցն», իհարկե, պատկերավոր եմ ասում), ամեն տեղից դուրս է գալիս իր հակառակորդը՝ շոշափուկներով։

Նորից կոչ եմ անում՝ եղեք էմոցիոնալ, սիրեք ձեր երկիրը, ատեք ձեր թշնամիներին մինչև ուղնուծուծը և սառը մտածեք։ Երբ որ կոմիտեն ձևավորվի, այստեղից սկսի ինչ-որ բան ասել, համաձայնվեք, իսկ եթե համաձայն չեք, ձայն հանեք, ինքնուրույն գործողություններ արեք։

Ես դիմում եմ մեր ուսանողությանը՝ 1988 թվին ուսանողությունն ինքնուրույն գործողություններ էր անում, բայց քանի որ հայտնի էր գործողությունների ընդհանուր ուղղվածությունը, ամեն մեկը տեղավորվում էր դրա մեջ։

Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք նոր փուլի մեջ։ Ի տարբերություն նախորդ շարժումների՝ Փրկության կոմիտե, Դիմադրության շարժում, որոնք բավականին արդյունավետ ինչ-որ բաներ անում էին, մենք հիմա մի շրջանում ենք, երբ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է Հայաստանում։ Իրենք ասելու են՝ անկլավները մերն են, ուրեմն ով էնտեղ է, ագրեսոր է, սեպարատիստական գործ է անում, Սյունիքը փորձելու են վերցնել։ Ու ես կոչ կանեի Սյունիքի ժողովրդին զինվել։ Զինվե՛ք, կազմեք ջոկատներ, միայն բանակի վրա հույսը չդնեք։ Մեր բանակն ուժեղ է, բայց գտնվում է մի մարդու ձեռքին, որը ոնց ուզում է, օգտագործում է։ Զինվեք, պաշտպանեք մեր երկիրը, մենք էլ փորձենք այստեղ իշխանություն փոխելով պաշտպանել մեր երկիրը։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը։

Վ