Տեր-Պետրոսյանի՝ շարժմանը վերաբերող կարծիքի հետ համաձայն չեմ, բայց ողջունում եմ. Վազգեն Մանուկյան 168.am

0
427

Ես այդ կարծիքի հետ, որը վերաբերում է շարժմանը՝ համաձայն չեմ, բայց ես ողջունում եմ այն մթնոլորտը, որ, երբ մարդիկ ոչ թե իրար դեմ հարվածներ են ուղղում, այլ քննարկում են այս վիճակից դուրս գալու տարբերակներ: Այս մասին 168-am-ի  հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տարածած հայտարարությանը։

«Ամեն մեկն ինչ-որ մի տարբերակի դրականը կարող է գտնել, բացասականը կարող է գտնել, բայց դրական է, երբ մարդիկ խոսում են տարբերակներով, դա ողջունելի է, ավել բան հիմա չեմ կարող ասել, զբաղված եմ»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը, անդրադարձել «Հայրենիքի փրկության շարժման», մասնավորապես, Վազգեն Մանուկյանի առաջարկած տարբերակներին։

Նա մասնավորապես նշել էր․

«Վազգեն Մանուկյանն այսօր ունի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը, և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչո՞ւ. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում՝ նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը։

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»: