«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքը՝ ուղիղ

0
329

Ի՞նչ ունեինք մենք 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ մի կողմից գաղափարական հզոր կուսակցությունները կամաց-կամաց կորցրել էին իրենց ազդեցությունը քաղաքական դաշտում, որովհետև անընդհատ կար անվստահություն ընտրությունների նկատմամբ, և ապացուցված էր, որ ընտրությունների միջոցով արդյունքի հասնել չես կարող, և սա բերեց նրան, որ շատ հզոր կուսակցություններ քանդվեցին և քաղաքական դաշտը որոշակիորեն ամայացավ: Այդ տեղը զբաղեցրին քիչ թե շատ պոպուլիստական հոսանքի ներկայացուցիչներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ուսանողների և լլրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը:

«Պոպուլիզմը ոչ այնքան առաջարկում է նոր գաղափարներ, նոր կառույցներ, նոր համակարգ, ինչքան չարիքների, դժբախտութոյւնների մեջ մեղադրում է հենց իշխանավորներին, անձերին, մեղադրում է իրենց անբարոյականության մեջ, ատելությամբ լցվելով ՝ատելությունը դարձնում է դրոշ ու սկսում դրանով շարժվել առաջ: Բայց ամայացած դաշտում մնացին նաև դրսից գրանտներ ստացող ՀԿ-ները: Նախ հասարակական կազմակերպություններն ի տարբերություն մնացած կուսակցությունների ֆինանսական խնդիրներ չունեին, քանի որ դրսից սնուցվում էին, 2-րդ իրենք պաշտպանված էին արևմուտքի կողմից և իշխանությունները չէին կարող հետապնդել իրենց, և իրենք այս ամայացած դաշտում սկսեցին գրավել այնպիսի տեղեր, որոնք իրենցը չէին, քանի որ ՀԿ-ների տեղն ու դերը և քաղաքական ուժերինը նույնը չէ, 3-րդ հանգամանքն այն էր, որ ժողովուրդը բացարձակապես օտարված էր իշխանմություններից»:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ չնայած անկախությունից մինչև 2016 թվականը տնտեսական նկատելի աճ կար, բայց ժողովրդի դժգոհությունն էլ էր ակնհայտ. «Մարդկանց սոցիալական, տնտեսական դժգոհությանը գումարվում էր այն, որ ժողովուրդը զգում էր, որ օտարված է իշխանություններից, իշխանությունն ինչ ուզում անում է և կախված չէ ժողովրդից: Այս հանգամանքները բերեցին նրան, որ տեղի ունեցավ պայթյունը: Հեղափոխություն անողները միշտ հպարտանում են, որ աշխարհում նման բան ոչ մի տեղ չի եղել, որ աշխարհը մեզնից պետք է սովորի, բայց երբ բացում ես գրքերը, տեսնում ես, որ նման հեղափոխությունները շատ մանրամասն նկարագրված են»:

Մանուկյանը նշեց, որ արտասահմանյան հեղինականերն անդրադարձել են նաև պոպուլիզմի գաղափարին:

«Ըստ հեղինակների՝ պոպուլիստական ուժերը երբ գալիս են իշխանության, նրանք փորձում են ողջ իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, իրենք զավթում են իշխանությունը, իրենց համար շատ կարևոր է դառնում դատական համակարգը վերցնել իրենց ձեռքը, քանի որ գործադիրն ու օրենսդիրն արդեն իրենց ձեռքում են, իսկ երբ դատական համակարգն իրենց ձեռքում չի լինում, իրենք փորձում են պարալիզացնել դատական համակարգը, և այսօր այս ամենը մենք ակնհայտ տեսնում ենք Հայաստանում:

Երկրորդ՝ պոպուլիստները երբ գալիս են իշխանության, սկսում են հայտարարել, որ իրենք ներկայացնում են ժողովրդին ու ժողովրդի այն հատվածը, որն իրենցը չի, չեն ընդունում նրանց կարծիքն ու սկսում են անվանել նախկիններ, ժողովրդի թշնամիներ, ծախվածներ, ու ժողովրդին բաժանում են 2 հատվածի՝ իրական ժողովուրդ, որոնք իրենց ձայն են տվել ու իրենց կողքին են ու մնացած մասը, որն իրենց ժողովուրդը չի: Ու այս ամենի պատճառով երկրում գնալով պակասում են այլընտրանքային կարծիքները:

Պոպուլիստներին բնորոշ մյուս հատկությունն այն է, որ իրենք գտնում են, որ իրենք փրկիչն են ժողովրդի ու հետևաբար իշխանությունը ոչ մեկին պետք է չտան, առաջնորդվում են այն կարգախոսով, որ եթե իրենք փրկիչն են ժողովրդի, ապա նրանք, ովքեր ուզում են իշխանությունը տարբեր ձևերով վերցնեն, ապա նրանք թշնամին են ժողովրդի»:

Ըստ Մանուկյանի այս ամենը բերում է քաղաքական, տնտեսական, ֆինանսական կոռուպցիայի, և հասարակությունը բաժանում յուրայինների ու թշնամիների, այս դեպքում յուրայիններին կարելի է ամեն ինչ, իսկ թշնամիների հետ խոսում են դատարանների ու օրենքի միջոցով:

«Այս տարբերակում կոռուպցիան աճում է: Այս երրորդ տարբերակը Հայաստանում դեռ ամբողջությամբ նկատելի չէ, չնայած կան նշույլներ: Մեկ այլ հոսանք էլ կա՝ նեոլիբերալիզմը, որը քանդում է ազգային սյունը, դրան պետք է դիմադրել»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ կարող է առաջին միտքը լինել այն, թե այս երևույթը հաղթահարելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն անել, բայց ինքն առաջարկում է այլ՝ ավելի բարդ տարբերակ:

«Մեր հասարակությանը մի թույլ վիրուս են սրսկել, մեր իմունային համակարգը պետք է դրա դեմ պայքարելու հակամարմիններ ստեղծի, որպեսզի ավելի լուրջ հիվանդությամբ չհիվանդանանք: Պետք է Հայաստանում առաջանա մի շերտ, որը հետագայում անհնարին դարձնի պոպուլիստական հեղափոխությունները: Ես ոչ կոչ եմ անում իշխանությանը պահել, ոչ՝ հանել, ես ավելի բարդ նպատակ եմ դնում՝ հասարակության մեջ ստեղծել այնպիսի մտածողություն, որը կապահովի Հայաստանն այդպիսի ցնցումներից»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

 

Տեսանյութ Վազգեն Մանուկյան «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ