Սովորական ժողովուրդն այն վիճակն է,որում մենք ենք գտնվում

0
380

Պետք է ասել, որ մեզ սննդով օգնող երկրներում չկան «կոլխոզներ» և «սովխոզներ»:

Համայնավարական ժամանակաշրջանում նույնիսկ ԽՍՀՄ-ի պես ահռելի հարուստ հողատարածքներ ունեցող երկիրը չէր կարողանում կերակրել իր ժողովրդին և ստիպված էր սնունդի հսկայական գնումներ կատարել զարգացած երկրներից: Այդ սնունդի, ինչպես նաև անասնակերի մի մասը տրամադրվում էր Հայաստանին: Եվ նոր կարգավիճակի պայմաններում, որը սկսեց իշխել ԽՍՀՄ-ի նախկին տարածքում, այդպիսի անբնական վիճակը շարունակվել չէր կարող: Իր բոլոր թերություններով հանդերձ հողի սեփականաշնորհումը ճիշտ էր, և արդեն ակնհայտ է, որ եթե հողը մնար պետական, ապա մեր գյուղատնտեսությունից բացարձակապես ոչինչ չէր մնա, ինչպես որ եղավ արդյունաբերության բնագավառում, խոշոր գործարաններում: Ամեն ինչ ուղղակի թալանվելու էր, ուրիշ ոչինչ:

Գյուղացուն գոնե հողը մնաց, մյուսներին ոչինչ չմնաց: Բայց համաձայն լինլեով հողի սեփականաշնորհման հետ՝ ես անընդունելի եմ համարում այն վիճակը, որում հայտնվեց մեր գյուղատնտեսությունը, մեր գյուղացիությունը:

Դեռևս հողի սեփականաշնորհման ընթացքում կառավարության շրջանակներում քննարկվում էին այն երեք կարևորագույն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին գյուղատնտեսության մեջ, և մինչ այժմ այդ ծրագրերից գրեթե ոչինչ իրականացված չէ:

Գյուղացուն դնելով այն անմխիթար վիճակում, որում նա գտնվում է այժմ, վտանգի տակ է դրվում նաև մեր ամբողջ գյուղատնտեսության ապագան, որը ստրատեգիական նշանակության ունի ցանկացած պետության համար: Ներկայացնեմ այդ երեք ծրագրերը.

1. Սեփականաշնորհումից առաջացած փոքր հողակտորների մշակումը արդյունավետ չէ։

Հողակտորների աստիճանական խոշորացման պետական ծրագիր էր անհրաժեշտ: Այս տեսակետից համաշխարհային փորձը բազմաթիվ ձևեր է հուշում: Ես ինքս կողմնակից էի հողակտորների խոշորացումն իրականացնել իտալական կոոպերացիայի ձևով, երբ գյուղացիները, կամավոր միացնելով իրենց հողակտորները և տեխնիկան, ստեղծում են կոլեկտիվ տնտեսություն: Սեփականաշնորհումը հենց այդպիսի կոոպերացիայից սկսելու փորձը Հայաստանում հաջողություն չունեցավ, չնայած գյուղացիների կամավոր համաձայնության դեպքում այն նախատեսված էր օրենքով: Հավանաբար հայ մարդու հոգեբանությունից էր, որ նա ուզում էր նախ տեսնել, շոշափել այն հողը, որն արդեն իր սեփականությունն էր, հետո նոր որոշել, թե ինչ անել դրա հետ: Բայց հետագայում կառավարությունը վարկերի և հարկերի համապատասխան քաղաքականության միջոցով պետք է խրախուսեր կոոպերացիայի առաջացումը:

2. Բոլոր երկրներում (բացառությամբ միգուցե Հայաստանի) պետությունը սուբսիդիաների, խոշոր ֆինանսական միջոցների ներդրման միջոցով խրախուսում է իր գյուղատնտեսության գործունեությունը և զարգացումը: Որոշ երկրներում, ինչպես Ճապոնիայում, Նորվեգիայում և այլուր, այդ սուբսիդիաները, մտնելով գյուղատնտեսական ապրանքի գնի մեջ, կազմում են դրա մոտ 70-80%-ը: Այդպիսի ծրագրավորված վերաբերմունք գյուղատնտեսության նկատմամբ այժմ Հայաստանում չկա:

3. Հայաստանը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, պետք է որոշի գյուղատնտեսության այն ճյուղերը, որոնց պահպանումն ու զարգացումը իր համար ստրատեգիական նշանակություն ունի և իր ներքին շուկան կպաշտպանի այդ արտադրատեսակների զարգացմանը՝ ստեղծելով նաև նպաստավոր պայմաններ մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:

Հակասություններ ՀՀՇ-ի ներսում

«Ղարաբաղ» կոմիտեն և հետագայում ՀՀՇ-ն առաջնորդվում էին այն գաղափարական սկզբունքներով ու քաղաքական մոտեցումներով, որոնք նշված էին ՀՀՇ-ի ծրագրերի մեջ և «Գնացքից թռչելու ժամանակն է» իմ հոդվածաշարում: Այդ պատճառով իշխանության գալուց հետո այն հարցերը, որոնց պատասխանները բխում էին մեր գաղափարական սկզբունքներից, մեծ հակասություններ չէին առաջացնում գոնե սկզբնական շրջանում: Բայց պետք է հիշել, որ այդ գաղափարական սկզբունքները հիմնականում վերաբերում էին մեր արտաքին քաղաքականությանը՝ պարունակելով իրենց մեջ իրատեսական մոտեցումներ աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Բացի պարզագույն լոզունգից, որ շուկան ավելի լավ տնտեսական արդյունքներ է բերում, քան պլանային տնտեսությունը, ոչ մի մշակված տեսակետ կամ հայացքների համակարգ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ՀՀՇ-ում չկար ոչ մինչև իշխանության գալը, ոչ էլ իշխանության գալուց հետո: Եվ բոլորի համար ես հեղինակություն էի այդ հարցերում, ինձ հետ այդ հարցի շուրջը գրեթե չէին վիճում: Ի դեպ, այժմ իրավիճակը տարբեր է. ՀՀՇ-ի մեջ տեղի է ունեցել որոշակի զարգացում տնտեսական հայացնքերի առումով, և այժմ արդեն բավականին մեծ տարբերություններ կան ՀՀՇ-ի և ԱԺՄ-ի տնտեսական տեսակետների միջև:

Վեճեր էին առաջացնում հիմնականում հետևյալ խնդիրները՝ կադրային նշանակումները, իշխանությունը իրականացնելու ոճը և նպատակները: Հակասությունների և վեճերի աղբյուր էր նաև ոչ կատարյալ պետական կառուցվածքը, որը Կենտկոմի իշխանության վերացման պայմաններում կրում էր երկիշխանության տարրեր: Գործադիր իշխանության բոլոր լծակները գտնվում էին վարչապետի ձեռքում, մյուս կողմից՝ ԳԽ-ի նախագահը ոչ թե պառլամենտի խոսնակ էր, այլ գրեթե զրկված լինելով գործադիր իշխանության լծակներից, այնուամենայնիվ, հանդիսանում էր պետության ղեկավար: Այդ ամենը, բացի այն բնական հակասություններից, որոնք գոյություն ունեն ցանկացած երկրում, գործադիր և օրենսդիր մարմինների միջև և օգտակար են պետության զարգացման համար, առաջացնում էր նաև հակասություններ, որոնք կարգավորված չէին օրենքով: Որպես իշխանության երրորդ ուժ՝ հանդես էր գալիս ՀՀՇ-ն՝ փորձելով կատարել նախկին Կենտկոմի դերը: Օրենքներով և ավանդույթներով չկարգավորված հարաբերությունները օգտագործելու բոլորի ձգտումը՝ խառնվել միմյանց գործերի մեջ, խառնաշփոթ էր առաջացնում: Առաջին հերթին դա վերաբերում էր կադրային քաղաքականությանը, որպես բոլորի կողմից ամենահասկանալի և շահավետ հարց: Եվ եթե տնտեսական հարցերում ՀՀՇ-ն այն ժամանակ գրեթե փորձ չէր անում միջամտել կառավարության աշխատանքներին, ապա կադրային հարցերում ձգտում ուներ թելադրողի դիրքերից հանդես գալ: ՀՀՇ-ի այդ չբավարարված մղումից վարպետորեն օգտվում էին Լ. Տեր-Պետրոսյանը, Բ. Արարքցյանը և Վ. Սիրադեղյանը՝ ՀՀՇ-ն իրենց բուռը հավաքելու և, վերջին հաշվով, պետության ղեկը ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելու նպատակով: Բնական է, որ դա հանգեցնում էր նաև անձնական հակասությունների, մանավանդ որ նրանց մեջ կասկածներ էին առաջանում, թե ես, իբր, ձգտում եմ, իրենց դուրս մղելով, ամեն ինչ իմ ձեռքը վերցնել:

Առհասարակ դեմոկրատական երկրներում, երբ կուսակցությունը ընտրությունների միջոցով գալիս է իշխանության, տարբեր ձևերով է լուծվում կուսակցության մասնակցությունը կադրային քաղաքականություն իրականացնելու հարցը: Մեզ մոտ չկային այդ հարցերը կարգավորող ոչ օրենքներ, ոչ ավանդույթներ, և վտանգ կար, որ երկիրը կարող էր մեծ արագությամբ ընթանալ դեպի քաոս և տնտեսական փլուզում, և ես, որպես վարչապետ, ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեի զբաղվելու այդ բացը լրացնելու գործով:

Պետք է նաև նկատի ունենալ, որ խոսքը ոչ թե լավ կամ վատ կադրային նշանակման, այլ, ըստ էության, իշխանության մասին էր: Իշխանության լծակները իմ ձեռքում պահելու ցանկությունը պայմանավորված չէր միայն այն հանգամանքով, որ ըստ օրենքի, պատասխանատվությունը դրված էր ինձ վրա, պայմանավորված չէր նաև նրանով, որ իշխանության լծակները ձեռքում պահելը «քաղցր» պարտականություն է: Վերջ ի վերջո էականը այն է, թե ինչի համար են դրանք օգտագործվում և ինչպես: Այս հարցում, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, երբ հնարավոր էր լինում միասնական որոշումներ ընդունել, ստեղծվել էր նոր իրավիճակ: Նոր կարգավիճակի պարագայում շատերի մեջ արդեն իրազեկության պակաս էր նկատվում: Ոմանց մեջ իշխանության օղակներում գտնվելը առաջացրել էր գլխապտույտ և անձնական շահի գիտակցում: Ոմանք, միգուցե մեր ժողովրդի լավը ցանկանալով, առաջարկում էին, ըստ իս, ոչ ճիշտ լուծումներ:

Ինձ ներքուստ վրդովեցնում էր այն հանգամանքը, որ այդ ծանր պայմաններում, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, քանդվում էր համատեղ տնտեսական համակարգը, տեղի էին ունենում ռազմական գործողություններ, և ես՝ որպես վարչապետ, գտնվում էի ծանր լծի տակ, Լ. Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ի մյուս քաղաքական ղեկավարները չէին փորձում համախմբել ժողովրդին, ցույց տալ մեր ազգային նպատակները, ոգևորել, որպեսզի մենք միասնության շնորհիվ կարողանայինք անցնել այդ բեկումնային պահը: Ինձ համար բացարձակապես ընդունելի չէր այն անհանդուրժողական ոճը՝ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսով: Ինձ համար ընդունելի չէր այն ոճը, երբ ոմանք ատելության զգացումով էին վերաբերվում և հալածում նրանց, ովքեր խելքով, ինտելեկտով կամ իրենց կյանքի ընթացքում աշխատած գումարներով գերազանցում էին ՀՀՇ-ի ղեկավարության այս կամ այն անդամին:

Ինձ համար ընդունելի չէր, որ ժողովրդի շահերի հետապնդումը կատարվի անօրինական ճանապարհով, դա հղի էր շատ վատ հետևանքներով ապագայի համար: Ինչ վերաբերում է իշխանությունը պահելու նպատակին, ապա ինձ համար իշխանությունը, Հայաստանի անկախությունը, Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատումը, ժամանակակից տնտեսավարական համակարգին անցնելը միջոց էին իրատեսական քաղաքականություն վարելու ճանապարհով իրականացնելու համար մեր ազգային դարավոր երազանքը, որը ես ձևակերպեցի «համաշխարհային ազգ» գաղափարով: Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, այժմ չանդրադառնամ դրան: Այդ գաղափարին Լ.Տեր-Պետրոսյանը հակադրեց «սովորական ժողովուրդ» գաղափարը, որը, ըստ իս, նշանակում էր որևէ պարտավորություն չվերցնել մեր ազգի ապագայի խնդրում, գնալ սովորական ճանապարհով, այն ամենը, ինչ ինքնիրեն կստացվեր, ներկայացնել իբրև օբյեկտիվ անհրաժեշտություն:

Ինչպես երևում է, ես լավատես էի, և սովորական ժողովուրդ ասածը այն վիճակն է, որում մենք գտնվում ենք այժմ:

Այդ «իշխանություն՝ հանուն իշխանության, իշխանություն՝ ամեն գնով» կարգախոսի հետևողական իրականացումը հասցրեց նրան, որ ՀՀՇ-ի ղեկավարությունից դուրս եկա ոչ միայն ես, այլ նաև շարժման շատ ու շատ հին և վաստակ ունեցող անդամներ: Ես ինձ մեղավոր եմ զգում այն տրոհման համար, որը տեղի ունեցավ և օգտակար չէր Հայաստանին, որովհետև մինչ այդ և՛ «Ղարաբաղ» կոմիտեում, և՛ ՀՀՇ-ում մեծ հեղինակություն ունեցող ղեկավար էի, շատերի համար ուսուցիչ և ինչքան էլ զբաղված լինեի, ես ավելի զգոն ու համբերատար պետք է լինեի տեղի ունեցող երևույթների նկատմամբ և դեպքերի այդպիսի ընթացք թույլ չտայի: Քաղաքական գործչի այդ հատկությունները միշտ էլ անհրաժեշտ են եղել նախորդ տարիների ընթացքում փրկելու համար «Ղարաբաղ» կոմիտեն ու շարժումը փլուզման վտանգից: Բայց ինչ-որ պահից հետո, երբ աստիճանաբար իմ դեմ սկսեց օգտագործվել ոչ ազնիվ խաղ, դա անհնարին դարձավ: Մի կողմից՝ և՛ Հայաստանի, և՛ արտասահմանյան մամուլում փորձ էր արվում, նենգափոխելով շարժման պատմությունը, բացառիկ դեր վերագրել Լ. Տեր-Պետրոսյանին, որը նա շարժման ժամանակ չուներ, դրանով իսկ նախապատրաստելով ժողովրդի աչքում խարիզմատիկ ղեկավարի կերպար ստեղծելը, մյուս կողմից՝ իրենք սկսեցին աննախադեպ բամբասանքների տարածումը իմ անձի մասին: Մի քանի տարբեր անհաջող փորձերից հետո նրանք կարողացան գտնել պետության գործադիր իշխանության լծակներին տիրանալու լուծումը, այն է՝ անցկացնել ԳԽ-ում նախագահական համակարգի հարցը, և քանի որ ամենահավանական նախագահական թեկնածուն Լևոն ՏերՊետրոսյանն էր,  նտրվելու դեպքում նա, օրինական ձևով շրջանցելով ինձ, տնօրինելու էր մինչև այդ վարչապետի ձեռքում գտնվող կառավարման լծակները: Այդ ծրագրի իրականացման պարագայում շարունակել վարչապետ աշխատելը, նույնիսկ եթե ինձ թողնեին այդ պաշտոնում, ես համարեցի անիմաստ: Եվ ես չէի գտնում, որ իշխանության լծակները անցնում են արժանի մարդկանց խմբին, որոնք կկարողանային և կցանկանային այն ճիշտ օգտագործել: Մնում էր կա՛մ նախագահ դառնալ, կա՛մ հրաժարական տալ:

Վազգեն Մանուկյան

«Այժմ», 1996,  24-30 հուլիսի