Վազգեն Մանուկյանը հիշում է, թե ինչպես 1967 թ. Մոսկվայում բողոքի ցույց կազմակերպվեց Թուրքիայի դեսպանատան առջև

0
426

1966 թ. Երևանի պետական համալսարանի ուսանող Վազգեն Մանուկյանը տեղափոխվեց Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ` ուսումն այնտեղ շարունակելու:

Մոտենում էր 1967 թ. ապրիլի 24-ը: Հայ ուսանողությունը բորբոքված էր, ցանկանում էր այդ օրը որևէ բան նախաձեռնել, սակայն զրույցի ժամանակ ասում են, որ նախկինում երկու անգամ փորձել են ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց, սակայն ԿաԳեԲեն շրջափակել է ու թույլ չի տվել մոտենալ դեսպանատանը: Եվ այդպես, ուսանողների առջև խնդիր դրվեց՝ ինչպե՞ս կազմակերպել ցույցը, որ ԿաԳեԲեն չկանխի: Մյուս կարևոր հարցն էլ այն էր` այդ ցույցը Հայաստանի համար օգտակար կլինի՞, թե՞ ոչ:

– Քննարկումների ժամանակ մի հայ ասպիրանտ ունեինք, ասաց, որ Մոսկվայում մի շատ լուրջ հայ քաղաքական գործիչ է ապրում՝ Համո Ակիմիչ Հարությունյանը, որից կարելի է խորհուրդ հարցնել՝ անենք այդ ցույցը, թե ոչ: Մենք ընդունեցինք նրա առաջարկը և չորս հոգով սկսեցինք նախաձեռնել այդ մարդու հետ հանդիպումը: Ինչ-որ ձևով կարողացանք գտնել նրա տունն ու առանց զգուշացնելու գնացինք:

Ակիմիչն ապրում էր Կուտուզովի պողոտայում՝ այն շենքում, որտեղ Բրեժնևն ու մյուսներն էին ապրում: Դռան զանգը տվեցինք, դուռը բացեց, իմացավ, որ հայ ուսանողներ ենք, ներս հրավիրեց: Ասացինք, որ մի հարցով ուզում ենք իր հետ խորհրդակցել: Կնոջը՝ տիկին Անահիտին, որը Հովհաննես Թումանյանի թոռն էր, ասաց, որ սեղան դնի, ու սեղանի շուրջ անցանք զրույցի,- հիշում է Վազգեն Մանուկյանը:

Համո Հարությունյանն այդ ժամանակ Խորհրդային Միության արտգործ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետն էր, միաժամանակ շատ հարգված ու ազդեցիկ կերպար մոսկովյան քաղաքական շրջանակներում: Երբ հայ ուսանողները նրան հայտնում են ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու մտադրության մասին և հետաքրքրվում` հնարավո՞ր է, որ դա Հայաստանին ավելի շատ վնասի, քան օգուտ բերի, Հարությունյանը ոչինչ չի պատասխանում:

Զրույցը շարունակվում է: Հետո տղաները հասկանում են, որ նա չպատասխանեց, որովհետև փորձել էր հասկանալ` տղաներն իսկապե՞ս ազնիվ մղումներով երիտասարդներ են, թե՞ ԿաԳեԲե-ից ուղարկված սադրիչներ:

– Երբ մեզ վստահեց, անկեղծացավ ու ասաց, որ դա հայ ժողովրդի համար շատ կարևոր կլինի: Միաժամանակ զգուշացրեց, որ հնարավոր է՝ բոլորիս ձերբակալեն, բայց միևնույն է, դա այնքան կարևոր է, որ պետք է անել: Ու մենք, նրա խոսքից ոգևորված, որոշեցինք անպայման ցույցը կազմակերպել,- պատմում է Մանուկյանը: Նախ` սցենարն են մշակում, թե ինչպես պետք է մոտենան Թուրքիայի դեսպանատանը, որից հետո մի քանի հոգով սկսում են այցելել Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնել ու իրազեկել ցույցի մասին:

Մեկ ամսվա ընթացքում մոտ 3000 հայ ուսանողների հետ են հանդիպում: Սակայն այդ հանդիպումների ժամանակ բոլորին ասում էին, որ պետք է ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 10:00-ին հավաքվեն Վերնադսկու արձանի մոտ, որը մոտ էր Թուրքիայի դեսպանատանը, և այնտեղից շարժվեն դեպի դեսպանատուն: Դրանից հետո նախապես ուսումնասիրում են դեսպանատան շրջակայքը, լուսանկարում, մշակում հատուկ սխեմա:

– Քանի որ գիտեինք, որ նախորդ տարիների փորձը չի հաջողվել, մի խորամանկ քայլ արեցինք: Բոլորին ասացինք, որ հավաքվեն ժամը 10:00-ին արձանի մոտ,- ասում է Մանուկյանը,- իրականում մենք այդ 3000 հոգուց ընտրել էինք 71 ամենավստահելի մարդկանց, որոնք, տասնյակներ կազմած, խումբ-խումբ տարբեր փողոցներից պետք է մոտենային դեսպանատանը և ոչ թե ժամը 10:00-ին, այլ 9:30-ին:

Այդպես բոլորս պետք է գայինք ու միանայինք իրար, ինչպես սնդիկի հատիկները: Երբ հավաքվում են դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված սկսում են երգել «Զարթնիր լաո»-ն, ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել:

Վազգեն Մանուկյանը հիշում է, որ ուսանողներից մեկին բռնել և նստեցրել էին Վոլգան, որ տանեն: Իրենք մյուս կողմից դուռը բացեցին ու նրան դուրս քաշելով՝ հանեցին: Մի խոսքով՝ ցույցը 100 տոկոսով իրականանում է:

Հետո իմանում են, որ ժամը 10-ից 15 պակաս ԿաԳեԲե-ն բեռնատար ավտոմեքենաներով Վերնադսու արձանի մոտ կազմ և պատրաստ սպասել է, որ բոլորին տանի: Փաստորեն, իսկապես ճիշտ էին վարվել` այդ 3000 ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասելով, որ հավաքվելու են ժամը 10-ին, քանի որ, բնական է, լուրը ԿաԳեԲե-ին կհասներ:

– Բայց նաև շատ կարևոր էր պարզել, որ այդ 71 հոգին այնքան վստահելի էին, որ նրանցից ոչինչ դուրս չէր եկել,- նշում է նա: Հայ ուսանողները ոգևորված վերադառնում են հանրակացարաններ, նշում իրենց հաղթանակը: Մի քանի օր անց Խազբուլատովը, որ այն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանի կոմսոմոլի երկրորդ քարտուղարն էր, կազմակերպիչներին, այդ թվում նաև Մանուկյանին կանչում է և ասում, որ «փասափուսաները հավաքեն ու Մոսկվայից գնան»:

– Այդ ցույցին պատրաստվելիս և դրանից հետո էլ Մոսկվայում մեծ ոգևորություն էր տիրում: Մենք երկու մեծ ազդեցություն էինք կրում: Մեկը Համո Ակիմիչ Հարությունյանն էր, որն էլ իր հերթին շատ ոգևորվել էր՝ տեսնելով մեր հաջողությունը: Նա սկսեց մեզանից քաղաքական գործիչներ պատրաստել: Կանչում էր իրենց տուն, կինը ճաշ էր պատրաստում, ինքը մեզ սովորեցնում էր, թե ինչ բան է պրոտոկոլը՝ ամերիկյան, եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և այլն:

Հետագայում, երբ ինքս քաղաքական գործիչ դարձա, տեսա, որ այդ պրոտոկոլները համարյա ոչ ոք չի կիրառում, անգամ չգիտեն բարձր խավի քաղաքական գործիչները, բայց Հարությունյանը բոլոր նրբություններով դրանք բացատրում էր մեզ: Բացի պրոտոկոլներից, Հարությունյանը նրանց բացատրում էր, որ ազգային քաղաքականության հետ միաժամանակ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ համաշխարհային գործընթացներ են տեղի ունենում, ինչպես են կառուցված պետությունները, որն է այն խոհանոցը, որտեղ ընդունվում են քաղաքական որոշումները և այլն: Դրա հետ միասին Հարությունյանը երիտասարներին ծանոթացնում էր հայտնի հայերի հետ:

– Ինչ-որ իմաստով նրա տունը հայության համար կենտրոն էր: Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել: Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ,- հիշում է Մանուկյանը:

Ի դեպ, նա ափսոսանքով է նշում, որ Համո Հարությունյանի պես մարդու անունը Հայաստանում մոռացության է տրված, մինչդեռ նա Խորհրդային Միության լավագույն քաղաքական գործիչներից ու տնտեսագետներից էր, մի քանի տարի եղել է Կանադայում Խորհրդային Միության դեսպանը, անգամ մի պահ նրան Հայաստանի առաջին քարտուղար նշանակելու հարց է բարձրացել, բայց Սուսլովն ասել է. «Cлишком жирный для Армении»:

Ծանոթանում են նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով՝ ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ: Վազգեն Մանուկյանը հիշում է, որ մի օր, երբ խոսում էին ազգային հարցերի մասին, մարշալ Բաբաջանյանը, որը բնավորությամբ կոպիտ մարդ էր, ասում է. «Որ մի օր անկախ Հայաստան լինի, ինձ կհրավիրե՞ք` դառնամ պաշտպանության նախարար,-ու սկսում քահ-քահ ծիծաղել:

– Այդ ժամանակ ի՞նչ կարող էր մտքովս անցնել, որ հետո իսկապես անկախ Հայաստան է լինելու, և ես եմ դառնալու պաշտպանության նախարար,- ժպտում է Մանուկյանը: Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից: Նա մաթեմատիկոս էր, հայրը հայտնի ակադեմիկոս էր Պետեբուրգում, ինքը եկել էր Երևանից` վերապատրաստման: Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան:

– Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն,- խոստովանում է Մանուկյանը,- իսկ Ակիմիչի ազդեցության տակ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետք է գնանք և այլն:

Վազգեն Մանուկյանը նշում է, որ այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ:

– Ես դիտմամբ անուններ չտվեցի, որովհետև բոլորն ինձ համար շատ հարազատ են, և մեկի անունը տաս, մյուսինը չտաս` ճիշտ չի լինի: Թող ներեն ինձ իմ ընկերները, դրանով ինձ չէ, որ ուզում եմ առաջ մղել: Այդ երկու տարիներին՝ 1967-68 թթ., երիտասարդները Մոսկվայի համալսարանում հիմնում են Հայ մշակույթի ակումբ, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ նաև ազգային գործունեություն էր իրականացնում:

– Մենք քողարկված էինք գործում, որովհետև դրանից առաջ ուզբեկները ստեղծել էին հայրենակցական կազմակերպություն, նույնիսկ կնիք էին պատրաստել, բայց բոլորին ձերբակալեցին: Մենք նույնիսկ Մոսկվայում հայկական դպրոց բացեցինք՝ կրկին ոչ ֆորմալ, որովհետև մինչ այդ մարշալ Բաղրամյանի միջոցով փորձել էին կենտկոմի հետ համաձայնեցնել, բայց ասել էին, որ դա անհնարին բան է: Մեր հանրակացարանում շաբաթը մեկ անգամ հավաքում էինք երեխաներին, հայոց լեզու և հայերեն այլ առարկաներ դասավանդում: Գրադարան բացեցինք, ես Մարտիրոս Սարյանի հետ հանդիպեցի, ու նա բավական շատ գրքեր նվիրեց, այլ հայտնի մարդիկ էլ գրքեր ուղարկեցին: Ցավոք, դպրոցի գործունեությունը երկար չտևեց, որովհետև այդ պայմաններում հնարավոր չէր գործել: Հետագայում դա դառնում է Վազգեն Մանուկյանի գործելաոճը, որ եթե ապրում ես մի պետության մեջ, որտեղ մի բան արգելված է` «գլխով բետոնին խփելու փոխարեն կարելի է ուզածդ անել այլ անվան տակ»:

1968 թ. Վազգեն Մանուկյանն ու մի քանի ընկերները, Մոսկվայից վտարվելով, վերադառնում են Երևան և այս անգամ արդեն Երևանի պետական համալսարանում հիմնում Հայ մշակույթի ակումբ` կրկին նույն սկզբունքով` քողարկված: Այդ ակումբը նույնպես շատ հետաքրքիր պատմություն ունի և առանձին զրույցի առարկա է: Ի՞նչ ազդեցություն է թողնում 1967 թվականին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպած ցույցը Վազգեն Մանուկյանի և նրա գաղափարակից ընկերների վրա:

– Շատ մեծ ազդեցություն՝ կապված Ցեղասպանության, անկախ պետություն ունենալու, պետության ներսում ազատ կյանք կառուցելու և մի շարք այլ հարցերի հետ,- ասում է Մանուկյանը և խոստովանում, որ հենց այդ պահից հասկացավ, որ իր ճանապարհը դա է:

Հետագայում, ճիշտ է, Վազգեն Մանուկյանը շարունակեց զբաղվել մաթեմատիկայով, սակայն հիմական գործունեությունը մաթեմատիկայից թեքվեց դեպի քաղաքականություն: