Մեր ամեն մի զիջումը ավելի է մեծացնում պատերազմի հավանականությունը

0
573

Տեղի ունեցողը հակասում է և՛ միջազգային պրակտիկային, և՛ մեր սահմանադրությանը: Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա: Կարևոր է, որ ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։  Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, այսօր բերվում են փաստարկներ, որ եթե մենք այսօր չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի: Մի կողմից հայտարարվում է, որ ՀՀ-ն ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է  խոսում։

«Ինքը խոսում է Հայաստանի մասին՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ինքը նպատակ ունի ամրապնդվել մեր անկլավներում, մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը։ Անդառնալիության կետը հատված չէ, եթե ժողովուրդը միասնական որոշում է  ընդունում, այդ որոշմանը շատ դժվար կլինի դեմ գնալ»,- ասաց նա»,-հավելեց Վազգեն Մանուկյանը՝ շեշտելով, որ այս պահին միջազգային մթնոլորտն այնպիսին է, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել:

«Արցախի տեղահանման ու  ագրեսիայի հետևանքով միջազգային կարծիք է ձևավորվել, բացի այդ, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է  Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ տիրանալ հայկական հողերին, հետո ավելի հեշտ դիրքերից շարունակել  նվաճումը»,- ընդգծեց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանի խոսքով,  հարցի լուծումը Երևանում է, բայց Երևանը կարող է ոտքի կանգնել և հարցը լուծել միայն այն դեպքում, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, եթե տեսնի, որ Տավուշում ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար։