Նա երբեք իր պայքարը չդարձրեց քաղաքական-ֆինանսական շահերի գործիք․ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը՝ Հակոբ Սանասարյանի մահվան կապակցությամբ

0
132

ՀՀ առաջին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Հակոբ Սանասարյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցագրում ասվում է․

Բնապահպան, ՀՀ առաջին գումարման պատգամավոր, հասարակական գործիչ Հակոբ Սանասարյանը բնության պաշտպանության իր պայքարը սկսել էր դեռևս խորհրդային տարիներին և այդ պայքարը շարունակեց մինչև կյանքի վերջ։

Նա այն հատուկենտ մարդկանցից էր, որ անմնացորդ նվիրվելով Հայաստանի շրջակա միջավայրի և իր հայրենակիցների առողջության պաշտպանությանը՝ երբեք իր պայքարը չդարձրեց քաղաքական-ֆինանսական շահերի գործիք, ինչն ամբողջ աշխարհում տարբեր հոսանքների կողմից դարձել է վատ օրինաչափություն։ Նա բնապահպան էր բառի լավագույն իմաստով։

Շատ հարցերում կարելի էր նրա հետ վիճել ու չհամաձայնել, բայց անհնար էր չհարգել նրա սկզբունքայնությունն ու ազնվությունն իր մասնագիտական ոլորտում։

Ցավակցում եմ Հակոբ Սանասարյանի ընտանիքին, հարազատներին ու գաղափարակից ընկերներին։