«Իշխանությունը գործունեությունը շարունակելու համար իրեն ևս մեկ գործիք է հարմարեցնում». Վազգեն Մանուկյան

0
47

Այսօր խորհրդարանում Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարեց, որ Հանրային խորհրդի ներկա կազմն անհրաժեշտ է ցրել և փոխարենը ստեղծել նոր խորհուրդ, որն իր հերթին՝ կկազմավորի փաստահավաք քննչական հանձնաժողով։

Օրենսդրական փոփոխությունների նպատակը Խորհրդի կազմում հատուկ հանձնաժողովի ստեղծումն է։ Նախաձեռնությունը հանգամանալիորեն կորոշի այդ հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, սկզբունքները, կազմավորման կարգը, գործառույթները և կանոնակարգերը։

«Նախագծի համաձայն՝ նոր հանձնաժողովը պետք է իրականացնի մարդու իրավունքների հիմնական և պարբերական խախտումների փաստերի պարզումը տարբեր ոլորտներում 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2023թ.։ Հետո այն պետք է կազմի դրա վերաբերյալ զեկույց։ Հաշվետվությունում պետք է բացահայտվեն այդ խախտումների համակարգային պատճառները, ներկայացվեն հանձնարարականներ դրանց հետևանքների կանխման կամ վերացման, այս կամ այն խախտումից տուժած անձանց իրավունքների վերականգնման կամ ճանաչման մասին, և այլն։

«Մշակումից հետո զեկույցը կփոխանցվի կառավարությանը հետագա դիտարկման համար»,- ասաց Տիգրան Դադունցը։

«Սա դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես՝ այն լիազորությունները, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին Սահմանադրության տեսանկյունից, խնդրահարույց են, քանի որ նման լիազորություններ չունի մարմինը՝ Հանրային խորհրդի կարգավիճակից բխող լիազորություններին չի համապատասխանում։ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, և վերջ՝ սա է Սահմանադրական պահանջը»,- իր խոսքում նշեց Արծվիկ Մինասյանը։

Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ (2009-2019) Վազգեն Մանուկյանը Կառավարության առաջարկի և Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ 168.am հետ զրույցում ասաց՝ ներկա իշխանությունն օգտվելով առիթից՝ իր համար հարմար գործիք է ստեղծում։

«Ես ի՞նչ մեկնաբանեմ՝ իշխանությունն իր գործունեությունը շարունակելու համար իրեն ևս մեկ գործիք է հարմարեցնում։ Գործունեություն, որն  այսօր բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում՝ արդեն ավելի քողարկված, սա է, այլ բան չկա»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այս նախագծի մասին իշխանությունները սկսել են խոսել ամիսներ առաջ, ինչին դեմ են արտահայտվել քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ։