Շարժում 1988/25. Վազգեն Մանուկյան` իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր

1
424

Ակունքները

Ղարաբաղի հարցը միշտ էլ անհանգստացրել է ժողովրդին: Խրուշչովյան ժամանակաշրջանում, երբ մի փոքր ազատության շունչ զգացվեց, Պարույր Սեւակը, Սարգիս Մուրադյանը ստորագրություններ հավաքեցին եւ նամակ ուղարկեցին Մոսկվա:

Ես մասնակցել եմ այդ ստորագրահավաքին, մոտ 30-40 հազար ստորագրություն էր հավաքվել: Այդ խնդրի մեջ խտացված էր ողջ հայ ժողովրդի հարցը, քանի որ մենք Ցեղասպանություն էինք տեսել եւ կորցրել էին մեր պատմական հողերը:

1960-ականներից հայ ժողովրդի մոտ ինքնավստահության ներուժ կուտակվեց: 1915 թվականի, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների կորուստներից հետո մտավորականությունն աճեց, բոլորս ոգեւորվում էինք Տիգրան Պետրոսյանի հաղթանակներով, քաղաքն ընդարձակվում էր եւ բարգավաճում, Սփյուռքը նույնպես աշխուժանում էր: Ժողովուրդը սկսեց գիտակցել իր ներուժը եւ հպարտանալ իր պատմական անցյալով: Ընդամենը մի կայծ էր պետք, որ շարժում սկսվեր: Այդպիսին հանդիսացավ Գորբաչովի նոր քաղաքականությունը:

Հիշում եմ, 1960-ականների վերջերին եւ 1970-ականների սկզբներին, երբ քննարկումներ էինք ունենում Սիլվա Կապուտիկյանի հետ (երբեմն` գաղտնի), կարծիք հնչեց, որ պետք է Ղարաբաղը վերցնել եւ ԽՍՀՄ-ից դուրս գալ: Այս գաղափարը բոլորին անհավանական թվաց: Ես նույնպես կարծում էի, որ իմ կյանքի ընթացքում նման բանի ականատես չեմ դառնա: Անհավանական էր թվում, բայց ինչ-որ սպասումներ ունեինք:

Սկիզբը

Ժողովրդի ընդվզումը եւ ոգեւորիչ էր, եւ անհանգստացնող, քանի որ առաջնորդներից պահանջում էր մտածված քայլեր: Պետք էր կառավարել մարդկային էմոցիաները, դրանք տանել անհրաժեշտ ուղղությամբ, իսկ դա, երբեմն, դժվար է:

Երիտասարդների մոտ խորհրդային գաղափարախոսություն չկար: Ճիշտ է, նրանք հակախորհրդային չէին, սակայն սովետական գաղափարախոսությունն էլ իր ազդեցությունը չէր ունենում: Նոր ժամանակներ էին եկել` արդեն տեսամագնիտոֆոններ կային, «Ամերիկայի ձայնը» խլացնելու քաղաքականությունը շարունակվում էր, սակայն նախկին արդյունքը չէր ապահովում: Մշակութային, քաղաքակրթական գլոբալացման հարցը հասել էր սովետական երիտասարդությունը, նա «գարնան» սպասումներով էին ապրում:

Կյանքիս ամենամեծ հոգեկան վերելքն ապրել եմ, երբ հանրահավաքում իմ առաջին ելույթի ժամանակ հարյուր հազարավոր աչքեր էի տեսնում: Չնայած` ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, եւ մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ոչ մշտական բարեկամ ունենք, ոչ էլ մշտական թշնամի:

Լուսանկարը` Վ. Մանուկյանի կայքից:

Այլընտրանքային իշխանության ձեւավորումը

Առաջին հանրահավաքներից մեկում հայտարարվեց, որ բոլոր հիմնարկություններում պետք է ստեղծվեն «Ղարաբաղ» կոմիտեներ: Փաստորեն, այդ աշխատանքը ընդամենը մեկ օր տեւեց: Հայաստանի ողջ տարածքով շատ արագ կազմավորվեցին կոմիտեները եւ կառավարելի դարձան:

Չեմ ասի, որ, օրինակ, ԵՊՀ-ի կամ «Հայէլեկտրո» գործարանի «Ղարաբաղ» կոմիտեները հեշտ էին ընդունում էին այն ամենն, ինչ մենք իրենց ասում էինք: Մեր տանն էի հավաքում կոմիտեների ղեկավարներին եւ միասնականություն քարոզում, փորձում էինք գաղափարախոսություն կերտել: Ուզում էինք, որ գաղափարախոսության ընդհանրությունը միավորի բոլորին: Գաղափարախոսության հիմքում ընկած էին ազատության, անկախության, ազգային արժեքների գաղափարները:

«Ժողովուրդը շատ հեռու էր քաղաքականությունից եւ շատ տարրական կարծրատիպեր էին գործառնում` կապիտալիզմ եւ կոմունիզմ, մահմեդականություն եւ քրիստոնեություն»

Դա շատ կարեւոր էր, քանի որ ժողովուրդը շատ հեռու էր քաղաքականությունից եւ շատ տարրական կարծրատիպեր էին գործառնում` կապիտալիզմ եւ կոմունիզմ, մահմեդականություն եւ քրիստոնեություն: Մենք փորձում էինք հասկացնել, որ մեր խնդիրների հիմքում քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ ընթացող պայքարը չէ, որ մենք կարող ենք նաեւ համագործակցել նրանց հետ:

«Ղարաբաղ» կոմիտեն

Բոլորը հիշում են, որ առաջին հանրահավաքներում հիմնականում ելույթ էին ունենում Իգոր Մուրադյանը եւ Վաչե Սարուխանյանը: Այդ ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի մասին քչերն էին լսել: Շարժման սկզբից մի քանի ամիս անց ձեւավորվեց 11 հոգուց բաղկացած կոմիտեի «դասական» կազմը. Ալեքսան Հակոբյան, Բաբկեն Արարքցյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գեւորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Լեւոն Տեր-Պետրոսյան:

Ժամանակի ընթացքում կոմիտեի կազմը փոխվում էր: Հիմնական դերակատարը սկզբում Իգոր Մուրադյանն էր: Նրան հանդիպեցի 1987թ.-ին: Նա սկսել էր Ղարաբաղի հարցով զբաղվել եւ նրան խորհուրդ էին տվել իմ հետ կապ հաստատել: Մի անգամ նույնիսկ միասին Ղարաբաղում ձերբակալվեցինք:

Հետո կոմիտեին միացավ նաեւ գրող ու հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը: Շատ մարդիկ են եղել «Ղարաբաղ» կոմիտեի կազմում, հետո դուրս են եկել, բայց բոլորը հիշում են վերջին 11 հոգուն:

Այս 11-ի մասին կարող եմ ասել, որ մի կարճ ժամանակահատված իսկապես կուռ կոլեկտիվ էինք: Հետո, երբ զարգացման հետագա ճանապարհ ընտրելու հարցեր առաջացան, ի հայտ եկան գաղափարական տարբերություններ:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները

Իրականում բոլորին միմյանց կապողը Իգոր Մուրադյանն էր: Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը կոմիտեին էին միացել կոմսոմոլից, որտեղ 70-ականներին որոշակի ռեֆորմիստական շարժումների էին մասնակցել: Կոմիտեի աշխատանքներին ես ներգրավել էի Բաբկեն Արարքցյանին եւ Դավիթ Վարդանյանին: Սամսոնը Ղազարյանն ու Սամվել Գեւորգյանը մեզ միացան էկոլոգիական շարժումներից: Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տվեց վերցնել Համբարձումը Գալստյանը:

Կոմիտեում ներգրավում էի այնպիսի մարդկանց, ովքեր հաջողակ էին, քանի որ գիտեի, որ զանգվածային շարժումներն առավելապես գրավում են անհաջողակ մարդկանց: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտությունների դոկտոր էր եւ Մատենադարանի գիտքարտուղարն էր, Բաբկեն Արարքցյանը բուհում ամբիոնի վարիչ էր…

Կապը Ղարաբաղի հետ

Սկզբնական շրջանում Ղարաբաղի ղեկավարությունն իրեն ավելի կարեւոր էր համարում, սակայն մեծամտություն չէր ցուցաբերում: Նրանց թվում էր, թե իրենք առաջ են գնում` մեզ օգտագործելով, իսկ մեզ թվում էր, թե մենք ենք առաջ տանում շարժումը: Իրականում երկու կողմերն էլ շատ կարեւոր դեր էին խաղում: Ղարաբաղում շարժման հիմքում ընկած էր ազգային-կոմունիստական գաղափարախոսությունը, իսկ  Հայաստանում` ազգային-ժողովրդավարական գաղափարախոսությունը: Հաղթող դուրս եկավ հայաստանյան գաղափարախոսությունը:

Ղարաբաղի այն ղեկավարները, ովքեր կապվեցին հայաստանյան շարժման հետ, կարողացան դիմանալ: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դիմակայեցին պրագմատիզմի փորձությանը:

Բանտի մասին

1988 թվականի դեկտեմբերին, Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասին ձերբակալեցին Գրողների միության շենքում, որը կոմիտեի ոչ պաշտոնական գրասենյակն էր:

Ես միշտ մտածել եմ, որ բանտ նստելը սխալ է: Երբ ինձ հետ նույն խցում նստած երիտասարդներից մեկը հարցրեց, թե ինչ հաղորդի կնոջս (նրան ազատ էին արձակում), երբ վերադառնա Երեւան, ասացի, որ նույն կարծիքին եմ` բանտ նստելը հիմարություն է:

Ղարաբաղ, թե՞ անկախություն

Շարժման նպատակը թե Ղարաբաղի միացումն էր Հայաստանին եւ թե Հայաստանի անկախացումը: Եթե նման շարժում է ծավալվում, պետք է այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք լուծելի են: Այդ ընթացքում քանիցս բարձրացրեցինք նաեւ Ցեղասպանության հարցը, սակայն դա լուծելի չէր: Եկել էր ժամանակը լուծելու Ղարաբաղի, Հայաստանի անկախացման հարցերը: Այլ հարցեր բարձրացնելու ժամանակը չէր:

Երբ սկսվեցին առաջին հանրահավաքները, Գորբաչովը ազատեց այլախոհներին. Պարույր Հայրիկյանը եւ այլոք ազատ արձակվեցին բանտից: Սկզբում մեզ թվում էր`Մոսկվայի կողմից խրախուսանք կա: Մի օր Քաղբյուրոյի նիստին մասնակցել էր նաեւ հայկական պատվիրակությունը: Հետո մեզ զանգահարեց Սիլվա Կապուտիկյանը եւ ասաց, որ հարցը չի լուծվում, եւ կարծես թե, փորձում էին Ղարաբաղյան հարցն օգտագործել ուրիշ խնդիրներ լուծելու համար: Հաջորդ օրը որոշեցինք լայնածավալ ցույցեր սկսել: Այդ օրերին հանդիպեցի Պարույր Հայրիկյանի հետ, ով անկախության ջատագովներից էր եւ ասացի, որ այս ամենի վերջն անկախությունն է լինելու: Միաժամանակ հասկանում էինք, որ եթե այդ պահին սկսենք խոսել անկախությունից, Ղարաբաղի մասին կարող ենք մոռանալ: Որոշեցինք, որ ժողովրդին պետք է աստիճանաբար տանել այդ ճանապարհով: Հարկավոր էր, որպեսզի ժողովուրդը ինքը լիներ որոշում կայացնողը:

Հարցն այսպես էինք դնում` եթե Ղարաբաղը տան մեզ, ժողովուրդը շատ կոգեւորվի ԽՍՀՄ քաղաքականությամբ եւ չի ցանկանա անկախանալ: Եթե Ղարաբաղը չտան, ժողովուրդը կպայքարի իր անկախության համար: Պատերազմի վտանգ կար, սակայն քաղաքական տեսակետից բոլոր լուծումները դրական էին մեզ համար: Փորձագետները կանխատեսում էին, որ պատերազմում պարտված ենք լինելու: Սիլվա Կապուտիկյանը շատ վախեցած եւ զայրացած էր իրադարձությունների ընթացքից, կանխատեսում էր, թե մոտ 100 հազար մարդ կկորցնենք պատերազմի ժամանակ:

Ռոմանտիզմի, իդեալիզմի եւ պրագմատիզմի մասին

«Հեղափոխությունը սկսում են ռոմանտիկները, իրականացնում են պրագմատիկները, իսկ պտուղներից օգտվում են սրիկաները» բանաձեւի մասին Վազգեն Մանուկյանն ասում է, որ այդ ընդամենը «գեղեցիկ հնչող սխեմա է»:

Կոմիտեի աշխատանքներում փորձում էինք չընդգրկել շատ ռոմանտիկ մարդկանց, սակայն հետագայում համոզվեցի, որ դա սխալ էր:

Մեզ պետք էին մարդիկ, ովքեր կկարողանային «մաթեմատիկական հաշվարկներ» կատարել եւ գիտակցել, թե ինչ է կատարվում աշխարհում: Երբ հուզական շարժման մեջ ներգրավվում են ռոմանտիկները, ապա ծայրահեղ հայրենասիրությունը կարող է նաեւ կործանարար լինել:

«Եթե չկա իդեալիզմ, պրագմատիզմը քաղաքականության մեջ շատ արագ վերածվում է ցինիզմի»

Միաժամանակ, եթե չկա իդեալիզմ, պրագմատիզմը քաղաքականության մեջ շատ արագ վերածվում է ցինիզմի: Ես դրանում շատ արագ համոզվեցի: Այնպես որ, հեղափոխություն իրագործողների մեջ հավասարաչափ պետք է եւ իդեալիզմ եւ պրագմատիզմ լինի:

Սխալներ եւ ափսոսանք

Հետադարձ հայացք նետելով, մեր գործողություններում շատ սխալներ եմ գտնում, սակայն դա չի նշանակում, թե այդ ժամանակ ոչինչ չէինք հասկանում: Դեռ այն ժամանակ մեզ համար ամեն ինչ պարզ էր եւ գիտակցում էինք, թե ուր ենք գնում: Ղարաբաղյան շարժումը մեծ կազմակերպչական աշխատանքներ եւ պրագմատիզմ է պահանջել:

Գիտեինք, որ մեր ելույթների սղագրությունները ներկայացվում են Քաղբյուրո: Իմանալով դա, մի անգամ ելույթ եմ ունեցել, որի իրական հասցեատերը ոչ թե ժողովուրդն էր, այլ Քաղբյուրոն: Այդ օրն ասացի, որ մենք «նավակը ճոճելու ենք», եթե նույնիսկ Ղարաբաղը մեզ չտաք, Մերձբալթյան երկրները, միեւնույն  է, վաղ թե ուշ ոտքի են կանգնելու եւ Խորհրդային Միությունը փլուզվելու է:

Հետ նայելով` իմ անձնական սխալներն եմ տեսնում, որոնք ինչ-որ կերպ ազդել են այս կամ այն դեպքերի վրա: Բայց չեմ կարծում, որ ազգային-պետական տեսանկյունից սխալ որոշումներ ենք կայացրել: Իհարկե, սա չի վերաբերվում տնտեսական քաղաքականությանը, քանի որ հանցագործության հասնող սխալ որոշումներ են կայացվել այս ոլորտում: Այս հարցում ինձ քիչ եմ մեղադրում, քանի որ կարճ ժամանակ եմ եղել կառավարության ղեկավար: Իմ օրոք իրականացվել է միայն հողի սեփականաշնորհում, որը պետք է շարունակություն ունենար: Շատ սխալ է ընթացել արդյունաբերության սեփականաշնորհումը` ի սկզբանե դեմ էի վաուչերներին: Կարծում եմ, եթե չլինեին այդ սխալները, երկիրն այսօր ավելի լավ վիճակում կլիներ:

«Իշխանության էին եկել սովետական մարդիկ, ովքեր պետք է բաժանեին այդ ունեցվածքը, սակայն ստացողները չպետք է իրենք լինեին»

Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել: Քանդվել էր մի պետություն, որտեղ հսկայական ունեցվածք կար, որը փաստացի ոչ մեկին չէր պատկանում: Հարկավոր էր այդ ունեցվածքը բաժանել: Մասնավորից վերցնելն ավելի հեշտ է, քան բաժանելը, քանի որ բաժանողն աղքատ էր: Իշխանության էին եկել սովետական մարդիկ, ովքեր պետք է բաժանեին այդ ունեցվածքը, սակայն ստացողները չպետք է իրենք լինեին: Շարժման մասնակից ընկերներս ինձ ասում էին, որ ես փորձում եմ պետություն կառուցել, որտեղ իրենք չեն լինելու հարուստները: Իմ ընտրած ճանապարհով պետք է հարստանային այն մարդիկ, ովքեր նախկինում եղել էին գործարանի տնօրեն կամ կոոպերատոր, բայց ոչ մենք: Ընկերներիս առաջարկում էի մի քանի տարի աշխատել, հետո հեռանալ իշխանությունից եւ զբաղվել բիզնեսով: Իրականում, իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր:

Նոստալգիկ տրամադրությունների մասին….

Կոմիտեի անդամների միջեւ միայն գաղափարների տարբերություններ չէին, նաեւ անձնական հարցեր կային` ո՞վ է լինելու առաջինը, ով` երկրորդը: Երբ կոմիտեն կազմալուծվում էր, ծանր հոգեվիճակի մեջ էի. ինձ համար այդ միջավայրը շատ հարազատ էր: Քանդվում էր մի բան, որի համար հետագայում շատ ափսոսալու էինք: Բայց ես էլ եմ նպաստել կազմալուծմանը:

Երբեմն, կարոտախտ է առաջանում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապրում եւ գործում էին շարժման ժամանակաշրջանում, սակայն հիմա նրանք այնքան են փոխվել, որ հնարավոր է հանդիպենք եւ խոսելու ոչինչ չունենանք: Մինչեւ 1996 թվականը շփվել եմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բաբկեն Արարքցյանի հետ, եւ խնդիրներ չեմ ունեցել: 1996-ից հետո դադարեցրել ենք շփումը:

Քաղաքական սերնդափոխության մասին

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սերում են Ղարաբաղյան շարժումից:

Շատերի կարծիքով եկել է ժամանակը, որ նոր ուժեր ի հայտ գան:

Պետք է ներկայիս իրավիճակը փոխվի, որպեսզի նոր մարդիկ գան իշխանության: Քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, իշխանության ղեկին պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր Շարժման հետ որոշակի ճանապարհ են անցել:

Մեր կյանքի չարիքն ընտրություններն են եւ քաղաքական միջավայրը: Քաղաքականության մեջ հայտնվում են մարդիկ, որոնց հիմնական նպատակը փող աշխատելն է եւ իշխանության հասնելը: Մենք ունենք չավարտված պատերազմ եւ չավարտված ժողովրդավարության գործընթաց: Երբ այս հարցերը լուծված լինեն` կարեւոր չէ, թե ով կգա իշխանության:

Վազգեն Մանուկյանի հետ զրուցել են Մարիամ Մանոյանը եւ Արա Թադեւոսյանը:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ

Նյութի շարունակությունը կարդալու համար հետևեք հղմանը.

1 COMMENT

  1. … [Trackback]

    […] Info on that Topic: vazgenmanukyan.am/en/շարժում-1988-25-վազգեն-մանուկյան-իմ-ընտրած/ […]

Comments are closed.