Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

0
386
Վազգեն Մանուկյան

Ետխորհրդարանական քաղաքական ժամանակահատվածը Ձեզ համար նշանավորվեց դեպի Արեւմուտք եւ ԱՄՆ այցերով, ո՞րն է նրանց գործնական նպատակադրումը։

– Չէի ասի միայն Արեւմուտք, որովհետեւ հասցրեցի լինել նաեւ Պարսկաստանում, բազմիցս եղել եմ Ռուսաստանում: Իսկ նպատակները 3-ն էին. ուսումնասիրել այդ երկրներում ապրող սփյուռքահայության կառույցները,նրանց հոգսերը եւ հնարավորությունները, ծանոթանալ այդ պետություններում տիրող վիճակին, քաղաքականությանը եւ ներքին կյանքին։ Մենք այժմ մի նոր աշխարհ ենք մտել, որի հետ պետք է ծանոթանալ, այնուամենայնիվ սովորելու շատ բան կա։ Բացի դրանից՝ կարեւոր նշանակություն ունեն այն հանդիպումները եւ անձնական ծանոթությունները, որ կայացան այդ երկրների կառավարող շրջանակների, քաղաքական գործիչների հետ։ Վարչապետությունից հետո ես շատ հրավերներ եմ ստացել, բայց կյանքը Հայաստանում այնքան եռուն էր, որ ես ափսոսում էի Հայաստանից բացակայած յուրաքանչյուր օրը։ Այժմ քաղաքական կյանքը մի քիչ ավելի հանդարտվել է, լճացել, եւ դա ժամանակ ու հնարավորություն է տալիս այցելություններ կատարելու։

– Ի՞նչն է Ձեր կարծիքով այսօր համախմբում սփյուռքահայ տարբեր գաղութներին, կա՞ արդյոք հավաքական շահ եւ միաժամանակ՝ պառակտում։

– Արտերկրում հայությանը երեք խնդիր է համախմբում.

ա) Հայ Դատը, որը միավորում է սփյուռքահայերի անգամ այն հատվածին, որը կտրված է զուտ հայկական հասարակական կյանքից,

բ) անկախ հայկական պետությանը օգտակար լինելու ձգտումը, ցավոք Հայաստանում վիճակն այնպիսին չէ, որ մարդիկ կարողանան իրենց զգացմունքների դրսեւորումը գործնական հիմքերի վրա դնել եւ

գ) հայ մշակույթի, եկեղեցու, լայն առումով՝ հայապահպանության նպատակը։ Այս երեքը միավորողն են հայության, բայց կան նաեւ բաժանող հանգամանքներ, իհարկե, քաղաքական հայացքների տարբերությունն է, որը մեծամասամբ գալիս է ավանդաբար: Այսինքն՝ դաշնակցականի ընտանիքում ծնված երեխան դառնում է դաշնակցական, ռամկավարինը՝ ռամկավար, հնչակինը՝ հնչակ։ Երբեմն դա ավելի վճռական նշանակություն ունի, քան այն քաղաքական հայացքների տարբերությունը, որ առկա է տվյալ կուսակցությունների մեջ։

– Ձեզ համար կազմակերպած հանդիպումների ընթացքում մտահոգող հարցերի ի՞նչ ընդհանուր շրջանակ էր ձեւավորվում։

– Եթե փորձենք սահմանել ընդհանուր հարցերը, որոնք ինձ տրվել էն տարբեր երկրներում կամ քաղաքներում, ապա մի անգամ եւս պետք է հիշել այն դաստիարակությունն ու կրթությունը, որը ստանում է սփյուռքահայ երեխան։ Թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցներում նրանց դաստիարակում են հայրենիքին օգտակար լինելու, ինչ որ տեղ հանուն ազգի իրենց զոհաբերելու զգացողությամբ։ Եվ այս հայեցակետից Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիության օրենքը» նրանց համար անհասկանալի էր։ Սփյուռքահայությունը ներքին ողբերգություն է ապրում, ցեղասպանությունից հետո կեղեքված, լլկված հայը սփռվել է ողջ աշխարհով, 0-ից անձնական բարեկեցություն կառուցել, բայց միաժամանակ զոհողությունների գնով վերականգնել իր ինքնությունը՝ կուսակցությունները, ակումբները, դպրոցն ու եկեղեցին: Սերնդեսերունդ փոխանցվել է այն միտքը, որ վաղ թե ուշ լուծվելու է Հայ Դատի խնդիրը, եւ Հայաստանը դառնալու է անկախ, իսկ իրենք ծառայելու են հայրենիքին: Բայց այդ անկախ պետությունը հանկարծ Սփյուռքին ասում է. «Դուք ավելորդ եք»: «Քաղաքացիության օրենքը» մեծ վրդովմունք է առաջացնում, վրդովվեցնում է նաեւ այն, որ ՀՀ անձնագիր, քաղաքացիության կարող ես ստանալ դրամով։ Հայաստանի անձնագիրը սփյուռքահայերից շատերի համար ունի զուտ խորհրդանշական արժեք, բայց, վաշխառուի պես մեր պետությունը ուղղակի վաճառում է այդ անձնագրերը։ Կամ էլ տալիս են այն սփյուռքահայերին, որոնք իշխանությունների հայեցակետից դիտվում են «բարեհույս»: Թերեւս նպատակահարմար է մի- երկու խոսք ասել նաեւ այն «սեւ» ցուցակի մասին, որտեղ գրանցված մարդկանց չի թույլատրվում այցելել Հայաստան։ Որպես օրինակ՝ բերեմ Կարո Արմենյանի անունը, որը Արեւմուտքի խոշորագույն ֆիրմաների ներկայացուցիչ է՝ հարգված Վաշինգթոնի կառավարական շրջաններում, իրական հայ մտավորական։ Նա իր ողջ կյանքը նվիրել է Հայ Դատի շրջանակներում Թուրքիայի դեմ պայքարին, բայց ոչ միայն ազատ մուտք ունի Թուրքիա, այլեւ կոնֆերանսների ժամանակ հրավերներ է ստանում, իսկ Հայաստան նրա մուտքը կասեցված է։ Հայությանը շատ են մտահոգում նաեւ Ղարաբաղը, Հայաստանի ներքին կյանքը:

– Նկատի ունե՞ք, որ սփյուռքահայության մեջ հուսախաբության եւ մեկուսացվածության տրամադրություններ են երեւան գալիս։

– Պետք է նշել, որ սփյուռքահայության զգալի մասն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կայուն ժողովրդավարություն է, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայություն։ Այդ հայեցակետից Հայաստանում տեղի ունեցածը նրանց համար շատ անգամ անհասկանալի եւ անընդունելի է։ Դա էլ բազմաթիվ հարցեր էր առաջացնում հուլիսի 5-ի ընտրությունների եւ հանրաքվեի օրինականության մասին։ Հուսախաբությունը մեծ է, սակայն հետաքրքրությունը կորած չէ։ Բայց եթե նման վիճակը տարիներ տեւի, մարդիկ, իրոք, տեսնելով, որ Հայաստանի պետությունն իրենցից մեկուսի զբաղված է իր գործերով, վերջնականապես կհամոզվեն, որ ոչ մի ձեւով պիտանի լինել չեն կարող, եւ հայ գաղթօջախները դանդաղորեն կձուլվեն, կուծանան։

– Իսկ ամերիկյան քաղաքական շրջանակներում ի՞նչ վերաբերմունք կա Հայաստանի անցած եւ անցնելիք ճանապարհի նկատմամբ։

– Քաղաքական գործիչների մոտ երկակի վերաբերմունք կա. մի կողմից՝ լինելով ժողովրդավարական երկիր՝ տհաճությամբ են համակվում, երբ մի այլ երկրում ոտնահարվում են համամարդկային կարեւորագույն արժեքները։ Նրանք շատ չեն արտահայտվում, բայց լավ տեղյակ են այս վերջին ընտրությունների արդյունքներին։ Երկրորդը պետական շահերն են՝ կապված Անդրկովկասում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ազդեցության հետ։ Գաղափարական եւ պետական-քաղաքական մոտեցումները երբեմն չեն ներդաշնակվում, եւ դա բնական է։ Ինձ հաջողվեց հանդիպել սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Բոբ Դոուլի հետ, որ գալիք ընտրությունների ժամանակ մեծ հնարավորություններ ունի ԱՍՆ նախագահ դառնալու, ինչպես նաեւ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար՝ Թոմ Դաշըլի հետ, երկուստեք մեծ հետաքրքրություն կար հայկական հարցերի նկատմամբ։ Կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ, երբ ես պատմեցի մեր անկախության եւ Ղարաբաղի մասին, Ջո Քենեդին ինքը խնդրեց անդրադառնալ մեր ներքին կյանքին։ Ես նշեցի, որ, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր ժողովուրդ, առանց դրսից որեւէ միջամտության, պետք է կարողանա լուծել իր արժանապատվության եւ ազատության հարցերը։ Բայց, այնուհանդերձ ճիշտ կլինի, որ այլ երկրների քաղաքական գործիչները իրական պատկերացում ունենան Հայաստանի մասին, դա թույլ կտա նրանց չխաբվելու, որովհետեւ մեր հանրապետությունը ներկայացնում են իբրեւ մի երկիր, ուր «դեմոկրատ» իշխանությունները պայքարում են կոմունիզմի կամ ֆաշիզմի դեմ։ Իրականում մեր ժողովուրդը քաղաքականապես շատ հասուն է՝ լի ներքին կյանքի ազատությունների գիտակցությամբ։ Ես ուզում էի շեշտել՝ Հայաստանում ապրում է մի ժողովուրդ, որն ունի բարձր՝ անգամ արեւմտյան չափանիշներով, մակարդակ, նա պայքարել է իր ազատության համար, զգացել դրա հոտը, բայց այսօր նման պետության մեջ ոչ թե դանդաղ-դանդաղ քայլեր են արվում դեպի ժողովրդավարություն, այլ 89-90 թթ. համեմատ՝ մենք արագ-արագ գնում ենք հետ։ Մեր ժողովուրդը ձեռք բերեց ազատություն, բայց մի խումբ բռնազավթեց այն, եւ մարդիկ չդիմագրավեցին, որովհետեւ արցախյան պատերազմը կար։ Արեւմուտքը, սակայն, դատում է ըստ արդյունքների՝ այսպիսի պետություն ունեք, ուրեմն՝ դրան համարժեք ժողովուրդ եք։ Խոսքերով ոչինչ չես ապացուցի, ժողովուրդը միայն իր պայքարով եւ դրա շնորհիվ նվաճված ազատությամբ ունակ է ապացուցելու իր ինքնությունը։

Այժմ Հայաստանում քաղաքական կյանքը դարձյալ սկսում է աշխուժանալ ներ եւ միջկուսակցական պարզաբանումներով, օրակարգում վստահելի դաշնակիցների խնդիր է՝ արդեն նախագահական ընտրություններին ընդառաջ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ԱԺՄ եւ ավանդաբար ազգային ուժերի դաշինքի հնարավորությունը՝ մասնավորապես ՀՅԴ վերաբերմամբ։

-Իմ գնահատականը այնքան էլ չի համապատասխանում ձերին. Հայաստանում գնում է ճահճացում, ես չեմ տեսնում քաղաքական աշխուժացում։ Այն, որ կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկում են ապագայի անելիքները, բնական է, դա միշտ էլ եղել է։ Իսկ քաղաքական աշխուժացում չկա։ Ինչ վերաբերում է դաշնակիցների որոնմանը, եթե տարբեր կուսակցությունների ծրագրերը, նպատակները գոնե կարճ ժամկետներում համընկնում են, ապա նրանք կարող են որոշակի ժամանակ դաշնակիցներ լինելու փորձ կատարել։

– Իսկ ինչո՞վ կհիմնավորեք Հայաստանի քաղաքական ճահճացումը։

– Հիմնական պատճառն այն է, որ ժողովուրդը հիասթափված եւ վախեցած է։ Ես վերադարձա արտասահմանից եւ իմացա՝ Սիլվա Մամիկոնյանին, որը բավական փոքր պաշտոն ուներ ներկա կառավարությունում, կրճատել են՝ երեսին բացահայտ ասելով՝ հանում ենք, որովհետեւ մտերիմ ես Վազգեն Մանուկյանի ընտանիքին։ Խոսքը վերաբերում է այն Սիլվային, որը շարժման ամենագործուն անդամներից էր՝ հավասար ինձ, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին, Վանո Սիրադեղյանին…. Մենք՝ քաղաքական գործիչներս, բավական համարձակ խոսում ենք։ Մեր դեմ դժվար է որեւէ բան ձեռնարկել, բացի փամփուշտից ու բանտից։ Սակայն բազմաթիվ մարդիկ, քաղաքականության մեջ մտնելով եւ լինելով ընդդիմություն, պատժվում են՝ աշխատանքից են հեռացվում, սպառնում հիվանդ երեխային բանակ տանել, ձեռներեցներին ճնշում… Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդում են։ Մարդիկ վախեցած են այնքան, որքան Խորհրդային Միությունում։ Այսպիսով, կուսակցական զանգվածները չեն ընդլայնվում։ Մարդիկ բոլորը դժգոհ են, բայց, դժգոհ են տանը՝ վախենում են արտահայտվելուց։ Դրան գումարած՝ ծանր սոցիալական վիճակը, հոգսաշատ կենցաղը։ 2-3 հոդված մամուլում, 2-3 ելույթ ԱԺ-ում, 2-3 հանրահավաք՝ դա բնավ էլ քաղաքական կյանք չէ։

– Իսկ միգուցե այդ վախի հիմքում անվստահությու՞նն է ընդդիմության, այլընտրանքային ուժերի հանդեպ։

– Անշուշտ, դա նշանակություն ունի, սակայն «ընդդիմություն», «կուսակցություններ» բառերը մոդայիկ են դարձել, բայց՝ դու մարդ ես, տեղում վիրավորում են քո արժանապատվությունը, դու պետք է պայքարես դրա դեմ՝ անկախ այն բանից՝ կա ընդդիմություն, թե չկա։ Տեսեք՝ պետության մեջ համատարած թալան է, համատարած ցինիզմ։ Իշխանավորներն արդարացնում են իրենց՝ պնդելով, թե այս ծանր ճանապարհով անցել են գրեթե բոլոր ժողովուրդները, իսկ կաշառակերությունն ամենագո է։ Ճիշտ չէ, այս ճանապարհով գնացել են այն ժողովուրդները, որոնք ի սկզբանե չեն ունեցել մտավորականություն, կրթություն, բարոյական կողմնորոշումներ։ Կաշառակերություն կա ամենուր, բայց դա կյանքի նորմ չէ, այլ մի փոքր խավի «չարաճճիություն», որ բացահայտվելու դեպքում պատժվում է։

– Ձեր բացակայության ժամանակ Երեւանում թավշե «հեղաբեկում» էին հրահրում կառավարության փոփոխմամբ։ Որպես այլընտրանք ներկա վարչապետին՝ նշվում էր նաեւ Ձեր թեկնածությունը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս. հնարավո՞ր է, արդյոք, ազգային համաձայնության կառավարություն առաջիկայում։

– Վերեւներում մեծ պայքար կա, պայքարն ընթանում է իշխանության բարիքներից առավելագույնս օգտվելու եւ Հայաստանի «յուղալի» կտորները իրար մեջ բաժանելու համար։ Ուստի ժամանակ առ ժամանակ նման առճակատումներն անխուսափելի են։ Ի՞նչ նպատակով է օգտագործվում իմ անունը, Աստված գիտե։ Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ապա ֆանտաստիկ մի հեռանկար պատկերացնենք՝ ինձ առաջարկում են վարչապետ, եւ նույնքան ֆանտաստիկ ես համաձայնում եմ, միեւնույն է՝ դրանից ազգային համաձայնության կառավարություն չէր ստացվի։ Խոսքը գործարանում նոր հաստոց գնել-չգնելու մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական տնտեսական ծրագիր մշակելու, որի շուրջ կհամախմբվեն ժողովրդի տարբեր շերտերը, գործող կուսակցությունները։ Երբեմն դա շատ օգտակար է ճգնաժամից դուրս գալու համար, բայց մոտ ապագայում ես նման հնարավորություն այստեղ չեմ տեսնում։

– ԱԺՄ-ն հռչակում է մի սկզբունք, համաձայն որի իշխանությունը «խորհուրդներ» տալ չի պատրաստվում, դա նշանակու՞մ է, որ համագործակցության դաշտը փակ է։

– Համագործակցությունը անհատներով կամ կուսակցություններով չի որոշվում։ Խաչմերուկից մենք սկսեցինք գնալ մի ճանապարհով, որը տանում է դեպի անբարոյական հասարակություն եւ բռնապետություն։ Այդ ճանապարհին «խորհուրդներ» տալը հիշեցնում է մարդկանց մի եռյակ, որտեղ մեկը խեղդում է մյուսին, իսկ երրորդը առաջարկում է բթամատի առավել հարմար դիրքեր՝ կոչվելով «շինիչ ընդդիմություն»: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ մարդուն պետք չէ խեղդել։ Երբ Հայաստանից բացակայում ես, կարոտից սիրտդ խեղդվում է, ուզում ես վերադառնալ, բայց վերադարձից հետո ծնվող առաջին զգացողությանը ոչ այնքան զայրույթն է, որքան ծիծաղը, այս հսկա աշխարհի փոքր անկյունում կառուցել են մեծ ճահիճ եւ վիճել, թե գորտերից որն է ավելի գեր ու կանաչ:

– Չե՞ք կարծում, որ Ձեր վարչապետության օրոք դրվեց հիմքն այդ ճանապարհի եւ այն մտածողության, որ հանուն ինչ-ինչ գաղափարների կարելի է շրջանցել օրենքն, նպատակն արդարացնում է միջոցները։

– Իմ վարչապետությունը կարճ տեւեց՝ 1 տարի 1 ամիս։ Ու թեեւ մենք ընտրությունների ճանապարհով եկանք, դա հեղափոխություն էր։ Հեղափոխությունները բնորոշվում են այնպիսի հատկանիշով, որ այդ ալիքին իշխանության եկած մարդիկ լինում են մեծամիտ-ինքնավստահ։ Երբեմն իրենց վեր դասելով օրենքից եւ համբերություն չունենալով գնալու օրինական ճանապարհով՝ նրանք գերադասում են արհամարհել օրենքը՝ հանուն այն ծրագրերի, որոնք, իրենց համոզմամբ, ունակ են «երջանկացնելու» ժողովրդին։ Վերջնակետում միշտ էլ նպատակների եւ արդյունքի անհամապատասխանությունն է։ Ինձ համար մեծ դաս էր վարչապետությանս առաջին ամիսներին տեղի ունեցած հետեւյալ միջադեպը. այն ժամանակվա գործերի կառավարիչ Հրաչիկ Հակոբյանը, որը ինձ հետ պետք է ստորագրեր մի որոշում, հրաժարական տվեց՝ պատճառաբանելով օրենքին հակասող փաստաթուղթ ստորագրելու անկարողությամբ։ Փորձեցի հիմնավորել այդ քայլը ժողովրդի համար օգտակարությամբ, իսկ Հրաչիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի տերմիններով չեմ մտածում, ես մտածում եմ՝ օրինական է, թե ոչ»։ Այդ դեպքը իմ հետագա գործունեության ընթացքում վճռական նշանակություն ունեցավ, ես հասկացա շատ պարզունակ մի բան. ժողովրդի բարեկեցության մասին մտածելով անգամ՝ դու իրավունք չունես օրենքը շրջանցելու։ Իմ հակասության պատճառներից մեկը շարժման ակունքներից եկած եւ բարձր կարգավիճակ ունեցող «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների հետ սկսվեց հենց այս կետից։ Իմ գնալուց հետո այդ վտանգավոր ճանապարհը խորացավ, եւ օրենքի խախտումներն «ի շահ ժողովրդի» բնականորեն վերաճեցին խախտումների՝ ի շահ անձնական նպատակների։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/1995/11/22/624719/