Մասնավոր սեփականությանը և շուկայական տնտեսությանն անցնելը ինքնանպատակ չէր

0
384

Վարչապետության տարին

Պետք է խոստովանեմ, որ ես ներքին մեծ տագնապով համաձայնեցի վարելու այդ պաշտոնը: Ճիշտ է, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, հետագայում ՀՀՇ վարչության առաջին նախագահ և փաստացիորեն ղեկավարելով այն հզոր շարժումը, որ ծավալված էր Հայաստանում, ես արդեն ունեի ղեկավարման որոշակի փորձ, մյուս կողմից՝ մոտ 20 տարվա ընթացքում ուսումնասիրելով և դասավանդելով մաթեմատիկական մեթոդների կիրառումը այժմյան տնտեսագիտության մեջ՝ ես ունեի որոշակի տնտեսագիտական գիտելիքներ՝ ազատ տնտեսությանը վերաբերող, բայց կառավարական մեքենա ղեկավարելու համար դա քիչ էր, պակասում էին փորձը, գիտելիքները պետական կառավարման կառույցների վերաբերյալ: Պետք է խոստովանել, որ մասնագետների կարծիքով ես բավականին շուտ տիրապետեցի այդ գործին: Բայց միևնույնն է, մինչև իմ վարչապետության վերջին օրն անընդհատ նորը սովորելու անհրաժեշտություն էր զգացվում:

Կյանքն այն ժամանակ շատ արագ էր փոխվում՝ պահանջելով նոր, մինչ այդ կառավարական համակարգին չհանդիպած, անծանոթ խնդիրների լուծում:

Հիմնական դժվարությունները, որոնք առաջացան հենց առաջին օրից, հետևյալն էին. հարաբերություններ Մոսկվայի հետ: Մի կողմից, մեր շարժումը մի ուժ էր, որ հռչակել էր անկախությունը՝ որպես նպատակ և իր նախկին գործունեության ընթացքում անընդհատ առճակատումների մեջ էր կենտրոնի հետ Ղարաբաղի հարցի շուրջ: Մյուս կողմից, ես՝ որպես վարչապետ, պարտավոր էի ստեղծել բարեկամական հարաբերություններ ԽՍՀՄ-ի իշխանությունների հետ ապահովելու համար մեր հանրապետության տնտեսական կյանքը:

Պետք է ասել, որ դա շատ արագ իրականացվեց, ես միշտ բարիդրացիական, գործնական հարաբերություն եմ ունեցել ԽՍՀՄ-ի տնտեսական ղեկավարության հետ: Դրական էր վերաբերմունքը ոչ միայն մեր հանրապետության, այլ նաև իմ նկատմամբ: ԽՍՀՄ-ի տնտեսական կառույցների հետ լիարժեք հարաբերություններ ստեղծելու գործում մեծ նշանակություն ունեին այն փորձված նախարարները, որոնց ես պահեցի համակարգի մեջ: Ցավոք սրտի, նրանց մի մասին ես հրաժեշտ տվեցի իմ վարչապետ եղած ժամանակ՝ քաղաքական ճնշումներից ելնելով, մի մասին աշխատանքից ազատեցին իմ վարչապետությունից դուրս գալուց հետո: Այստեղ ես սկսեցի ակամայից շոշափել կադրային քաղաքականությունը, որը,պետք է ասել, ամենադժվարին հարցն է, երբ երկրի ներսում կտրուկ փոխվում է քաղաքական իշխանությունը, տնտեսական համակարգը: Մի կողմից՝ ձգտում կար պահպանել այն մարդկանց, որոնք ունեին բարձր պրոֆեսիոնալ մակարդակ, կապեր ինչպես կենտրոնական կառավարության, այնպես էլ մյուս հանրապետությունների կառավարությունների հետ, և նաև լավ էին տիրապետում այն կառույցներին, որոնք գտնվում էին իրենց հսկողության տակ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ ձգտում կար նոր Հայաստանը կառուցել նոր մարդկանցով, որոնք պետք է ունենային ոչ միայն պրոֆեսիոնալ հատկություններ, այլ նաև բարձր բարոյականություն և տիրապետեին այն նոր տնտեսական հարաբերութուններին, դեպի ուր մենք ուզում էինք գնալ ողջ հասարակությամբ: Երրորդ կողմից՝ կադրային հարցերում ինձ վրա կար մեծ և արդարացի ճնշում այն թիմից, որի հետ պայքարելով՝ եկել էի իշխանության: Ես այդ ճնշումը արդարացի եմ համարում, որովհետև այն բնական է և կիրառվում է ցանկացած դեմոկրատական երկրում, որտեղ ընտրությունների միջոցով ասպարեզ է գալիս նոր ղեկավարություն: Ինչպես միշտ, երեք ձմերուկ մի ձեռքով բռնելը անհնարին էր, մանավանդ որ շատ դժվար էր կարճ ժամանակում ընտրել և պատրաստել նոր կադրեր: Եվ այդ պատճառով ցանկացած կադրային նշանակում դժգոհություն էր առաջացնում ճամբարներից գոնե մեկում, որոշ նշանակումներ՝ բոլոր ճամբարներում: Կադրային հարցում ես ունեցա սխալներ, ոչ լրիվ մտածված նշանակումներ: Բայց քանի որ նշանակումների ժամանակ ես չէի հետապնդում անձնական շահ, համոզված էի, որ ժամանակի ընթացքում կստեղծվեն կադրային քաղաքականության ճիշտ մեխանիզմներ և, անհաջող մարդկանցից ազատվելով, հնարավոր կլինի պատասխանատու պաշտոններում նշանակել ավելի գրագետ կադրեր: Ցավոք, իմ դուրս գալուց հետո ես չեմ տեսնում բարելավումներ այդ հարցում, ուղղակի առաջին օրերի սպասումները, երբ ամբողջ ժողովուրդը անհամբեր հետևում էր կադրային նշանակումներին, փոխվեցին անտարբերության: Հօգուտ ինձ պետք է ասեմ, որ իմ վարչապետության օրոք հաջողվեց պահպանել պրոֆեսիոնալների այն կարևորագույն շերտը՝ գործարանների տնօրեններնին: Այժմ այդ շերտը գրեթե լիովին ջախջախված է: Իմ վարչապետության ժամանակաշրջանը երևի ամենածանր ժամանակաշրջաններից էր ԽՍՀՄ-ի տնտեսական պատմության մեջ, երբ աչքիդ առաջ քանդվում էր ողջ հասարակական-տնտեսական համակարգը, և պետք էր մի ձեռքով պահել այն, ինչ հնարավոր էր փրկել, մյուս ձեռքով՝ փորձել կառուցել նորը: Նախորդ ժամանակաշրջանից ծանոթ ապրելակերպը պահպանել հաջողվում էր մեծ դժվարությամբ: Բայց, այնուամենայնիվ, իմ վարչապետության օրոք մեր բնակչությունը օրական 24 ժամ ապահովված էր հոսանքով, աշխատում էին գործարանները, ընդհատումներով շարունակվում էր կտրոնային համակարգի գործունեությունը, որի միջոցով բնակչությունը ստանում էր անհրաժեշտ սննդամթերքները, չկար գների կտրուկ աճ:

Այն պայմաններում, երբ սկսվել էր ԽՍՀՄ-ի տնտեսական համակարգի փլուզումը՝ առաջ անցնելով քաղաքականից, դեռ հնարավորություն կար, ճիշտ է, արդեն դժվարությամբ, բայց նոր ինքնուրույն կապեր ստեղծելով հանրապետությունների հետ, այնուամենայնիվ, լուծել այդ խնդիրները: Մեծ ռիսկի գնալով՝ հնարավոր եղավ նաև փրկել մեր ժողովրդի դրամական խնայողությունները ԽՍՀՄ-ի վարչապետ Պավլովի այն անսպասելի քայլից հետո, երբ նա սկսեց փոխել 50 և 100 ռուբլիանոց դրամանիշները: ԽՍՀՄ-ի փլուզման պայմաններում հայտնվեց աղետի գոտին: Միության տարբեր հանրապետություններից եկած շինարարները սկսեցին թողնել-հեռանալ՝ շատ հաճախ ձգտելով տանել այն տեխնիկան, որը բերել էին իրենց հետ: Ջոկատները, տեղական իշխանությունները, շինարարության նախարարությունը փորձում էին երբեմն ուժի միջոցով, երբեմն համոզելով, փոխզիջումների գնալով, պահել աղետի գոտու տեխնիկական միջոցները: Որոշ բաներ հաջողվեցին, բայց եղան չարաշահումներ, թալան: Չնայած բոլոր դժվարություններին՝ իմ վարչապետության օրոք 1990թ. հանձնեցինք 500 հազար քմ բնակելի տարածք, 1991թ.՝ 750 հազար: Ո՛չ նախորդ տարիներին, ո՛չ էլ հետագայում այդ թվերը չեն գերազանցվել: Մեծ արագությամբ այդ դժվարին ժամանակ շարունակվում էր մեր կողմից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառուցումը: Եվ այն իսկապես դարձավ Հայաստանի կյանքի ճանապարհը, երբ փակվեց Ադրբեջանի տարածքով եկող գազամուղը:

Արագորեն շարունակվում էր նախկին տնտեսական համակարգի փլուզումը, արդեն սկսվել էր նոր տնտեսական հարաբերությունների առաջացում՝ մասնավոր առևտուր, հողի սեփականաշնորհում, մասնավոր փոքր ձեռնարկությունների ստեղծում, պետական փոքր ձեռնարկությունների փորձնական սեփականաշնորհում: Այս ամենը ապագայի տեսակետից կարևոր նշանակություն ունեցող քայլեր էին և համապատասխանում էին մեր ժողովրդի այն ժամանակվա ցանկություններին, բայց միևնույն ժամանակ առաջացնում էին որոշակի անցանկալի երևույթներ, որոնց դեմ կառավարությունը չէր կարողանում արդյունավետ պայքար մղել՝ չունենալով վերահսկողության կանոնավոր մեխանիզմներ: Խնդիրը դրված էր, փորձեր էին արվում այն լուծել, բայց ես չեմ կարող հպարտանալ, որ իմ ժամանակ այդ խնդիրը լուծվեց:

Իմ հրաժարականից հետո խնդրի լուծումը, ըստ իս, սխալ ուղղությամբ ընթացավ, վերահսկողության մեխանիզմները չէին աշխատում իշխանության վերին էշելոնում, իսկ ներքևում կաշառակերության պահպանման հետ առաջացել էր այնպիսի սարսափ «վերահսկող» կառույցների նկատմամբ, որ ուղղակի սպանում է ամեն մի տնտեսական նախաձեռնություն՝ գրեթե անհնար դարձնելով քիչ թե շատ լուրջ տնտեսական ձեռներեցությամբ զբաղվելը: Ունքը շտկելու փոխարեն աչքը հանեցին: Անհրաժեշտ է նշել նաև, որ մասնավոր սեփականությանը և շուկայական տնտեսությանը անցնելը ինքնանպատակ չէր: Դա ուղղակի, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, լավագույն միջոցն է ապահովելու համար ժողովրդի բարեկեցությունը՝ հիմնված տնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների առավել արդյունավետության վրա:

Հայաստանը փոքր պետություն է, որը չնայած նախորդ ժամանակաշրջանում արդյունաբերական երկիր էր, բայց գրեթե չուներ համաշխարհային շուկա դուրս գալու մրցունակ արտադրանք: Այդպիսի պայմաններում դիմել շուկայական հարաբերություններին՝ որպես կախարդական փայտիկի, հույս ունենալով, թե այն ինքնուրույն կլուծի մեր տնտեսական խնդիրները, անհեթեթություն է: Շուկայական հարաբերությունները, ազատ մրցակցությունը (եթե նույնիսկ այն անկեղծորեն իրականացվի) շատ օգտակար գործիք պետք է դառնան կառավարության ձեռքում՝ իրականացնելու համար որոշակի նպատակներ:

Մեր կառավարության օրոք մենք առևտրի, սպասարկման ոլորտի, միջնորդական ծառայությունների զարգացման հետ միասին կարևոր էինք համարում Հայաստանը պահպանել որպես զարգացած արդյունաբերական երկիր, որի հիմքի վրա պետք է շարունակեին զարգանալ մեր գիտական և կրթական համակարգերը: Այդ խնդիրը ենթադրում է բարեփոխումների ավելի բարդ ծրագիր, քան սոսկ միայն սեփականաշնորհումը: Նշեմ, որ այդ ուղղությամբ իմ վարչապետության օրոք կառավարությունը որոշակի ջանքեր էր թափում: Նորից շահագործման հանձնվեցին կարբիտի և կաուչուկի արտադրությունները, շահագործման հանձնվեց միջազգային կապի նոր համալիրը, որը մեզ այդ կարևորագույն հարցում միանգամից առաջ մղեց մյուս հանրապետություններից: Կապի միջոցները կառուցվեցին խոշորագույն ամերիկյան ֆիրմայի կողմից, որի հետ պայմանագիր կնքեցինք:

Երկար բանակցություններից հետո պատրաստվում էինք Փարիզում գրանցել խոշոր բանկ, որի հիմնադիրները պետք է հանդիսանային Հայաստանի կառավարությունը և մեծահարուստ սփյուռքահայերը Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից: ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ը ներկայացնող դեսպանի օգնությամբ Հայաստան եկան ամերիկյան խոշորագույն ֆիրմաների ներկայացուցիչներ, որոնց միջոցով փորձում էինք իրականացնել մեր այն գործարանների կոնվերսիան, որոնք նախորդ ժամանակաշրջանում կատարում էին ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական համալիրի պատվերները, իսկ այժմ արդեն հիմնականում զրկված էին այդ պատվերներից: Շատ կարևոր էինք համարում Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցումը, որի վերաբերյալ լուրջ բանակցություններ էին տեղի ունենում Ֆրանսիայի կառավարության և ԱՄՆ-ի Յուտա նահանգի գործարար շրջանակների հետ: Ցավալի է, որ այդ կարևորագույն և շահավետ գործարանը մինչև այժմ կառուցված չէ Հայաստանում: Սփյուռքի կողմից մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տնտեսության նկատմամբ, գրանցվում էին բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ: Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ հայաստանցի և սփյուռքահայ գործարար մարդկանց համատեղ համաժողովը: Բայց ոչ միայն այդ հարցերն ու ԽՍՀՄ-ի տնտեսական փլուզումն էին, որ խնդիրներ էին դնում կառավարության առջև, ծանր էր նաև Հայաստանի ներքին կացությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախորդող ժամանակաշրջանում շարժումը իր գործունեությամբ կամա թե ակամա քանդում էր Հայաստանի կառավարման մեխանիզմները, վերացրել էր կարգ ու կանոնը, հարգանքը օրենքի, իշխանությունների նկատմամբ: Ազգային նպատակներ հետապնդող բազմաթիվ զինված ջոկատների հետ միասին ասպարեզ էին եկել նաև զինված ջոկատներ, որոնք հայրենիքի պաշտպանության անվան տակ թալանում և տեռորի էին ենթարկում Հայաստանի բնակչությանը: Մենք այդ ժամանակ ստեղծեցինք նոր պետական կառույցներ՝ ներգրավելով նրանց մեջ հայրենիքի պաշտպանության գործին նվիրված ազատամարտիկների մեծ մասին, որոնց հիմքի վրա հետագայում սկսեց ձևավորվել մեր բանակը: Նաև հայտարարվեց պայքար այն զինված կառույցների նկատմամբ, որոնք շարունակում էին զբաղվել ռազմական, տնտեսական անօրինական ործունեությամբ:

Կառավարությունը շատ վճռական միջոցների դիմեց Հայաստանում նորից կարգ ու կանոն հասատատելու նպատակով: Այդ աշխատանքը շարունակվեց նաև իմ վարչապետությունից դուրս գալուց հետո: Եվ այդ հարցում մենք էապես առաջ ընկանք մեր հարևաններից՝ Վրաստանից ու Ադրբեջանից՝ ապահովելով ներքին կյանքի կայունությունը: Միևնույն ժամանակ այդ տարիներին սկսվեց նոր հոգեբանության ձևավորումը մեր հասարակության մեջ. առաջին անգամ էր, որ ժողովուրդ իշխանություններ հարաբերություններում իշխողը, պահանջողը, վերահսկողը դառնում էր ժողովուրդը: Դա յուրաքանչյուր անհատի ներքին արժանապատվության զգացումի կտրուկ աճ էր, որը բնորոշ է ազատ հասարակությանը, և որի վրա է հիմնված նրա զարգացումը: Այդ տարիներին իրական էր համարվում արդար հասարակության կառուցումը: Պատահական չէ, որ 1990-91թթ. ընդունելության քննությունները աննախադեպ արդար էին: «Ի՞նչը մնաց այն օրից…»: Ես կարծում եմ, որ իմ ղեկավարած կառավարությունը իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ, ոգևորված իր վրա դրված առաքելությամբ, միասնական թիմ էր, որը մեծ քայլ արեց Հայաստանում նոր հասարակություն, նոր տնտեսական համակարգ ստեղծելու գործում՝ աշխատելով ԳԽ-ի հետ միասնական: Եվ այդ տեսակետից առաջինն էինք նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Թե՛ դրանից, թե՛ մեր հստակ քայլերից դեպի ժողովրդավարություն ուրիշ պետությունների կողմից հարգանքի զգացում առաջացավ Հայաստանի նկատմամբ: Սպասումները մեծ էին. կյանքը չարդարացրեց սպասումները:

Վ. Մանուկյան

«Այժմ», 1996, 17-23 հուլիսի, 24-30 հուլիսի,