Լրանում է Կապանի օպերացիայի 26-ամյակը

0
429

• Այսօր լրանում է արցախյան պատերազմի ժամանակ հայկական ուժերի հաղթական գործողություններից Կապանի օպերացիայի 26-րդ տարին։

• Հին սերունդը կհիշի, թե ինչ օրհասական վիճակ էր 1992 թ․ աշնան և ձմռան ամիսներին երկրի սահմաններին։ Շահումյանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը և ըստ այդմ՝ Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը՝ մշտական սպառնալիքի տակ, օրեր էին լինում, որ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր, իսկ երբեմն էլ՝ անհնար էր դառնում, քանի որ թե՛ Ղոչազի, թե՛ Ղուբաթլու-Ստռոյկայի կողմից թշնամին ահավոր մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ ուղղությամբ՝ համոզվելով, որ միջանցքի բաց լինելը չի նպաստում Ղարաբաղի հայերի զանգվածային արտահոսքին։ Պատերազմի ամենաիսկական թատերաբեմ էին նաև ապագա Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանները։

• Այսպես, Զանգեզուրի ուղղությամբ թշնամին, օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիան, տարբեր զինատեսակներից գնդակոծում էր Կապանի շրջանի հայկական գյուղերը, սպառնում Կապան-Գորիս ավտոմայրուղուն։ 1992 թ. ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճեցին իրական մարտական գործողությունների։ Կապանի հիվանդանոցը սկսեց գործել նկուղներում։ Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Սյունիք, Ագարակ, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ և Ուժանիս բնակավայրերը։

• 1992 թ. հունիսին Յուրի Խաչատուրովը, որ 1991 թ․-ին, անսալով ՀՀ կառավարության կոչին, Բելառուսից ընտանյոք հանդերձ տեղափոխվել էր պատերազմող Հայաստան, Լուսակերտի զորամասի անձնակազմով գործուղվեց Գորիսի, Կապանի, Մեղրիի շրջաններ և զորամասի ստորաբաժանումներով ամրացնելով դիրքերը՝ համակարգեց պաշտպանական ուժերի ղեկավարումը։ Աշնան վերջերին Ներքին Հանդ գյուղի շուրջ 3 կմ-անոց ճանապարհն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Օրախնդիր էր դարձել գործող բոլոր խմբերն ու ջոկատները հավաքագրելով՝ միջոցներ ձեռնարկելը՝ վերացնելու համար հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը։

• Նոյեմբերին ի վերջո կայացվեց համապատասխան որոշումը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակեց պլան, որը նպատակաուղղված էր թշնամուն շրջանի հարակից տարածքներից դուրս շպրտելուն և Կապանը հրետակոծությունից փրկելուն։ Օպերացիայի ղեկավար նշանակվեց Յուրի Խաչատուրովը, որի գլխավորությամբ Կապանում ստեղծվեց օպերատիվ շտաբ։

• Երկշաբաթյա հետախուզությունից հետո որոշվեցին հարձակման ուղղությունները՝ Շուռնուխի ուղղությամբ գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայան, Կարմրաքարի ուղղությամբ՝ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյան, Կապանի (Զանգելանի) ուղղությամբ՝ Յուրի Խաչատուրով։

• Նշված գործողությունն իրականացվեց շուրջ կեսժամյա հրետանային պատրաստությունից հետո՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ 06։30։ Գործողությանը մասնակցում էին Կապանի սահմանապահ գումարտակը, Սիսիանի, Վանաձորի, «Արաբո», «Սև հովազ» ջոկատները, որոնց հաջողվում է մի քանի ժամ տևած մարտերից հետո լիակատար պարտության մատնել թշնամուն։

• Զանգելանի շրջանում մաքրագործվեցին կրակակետերի վերածված շուրջ 10 ադրբեջանաբնակ գյուղեր՝ Աղքենդը, Ղազանչին, Սայիդլարը, Գյունղշլաղը, Դարալուն, Ջանբարը, Շայիֆլուն, Փիրվեյսլին, Ներքին և Վերին Յամազլուն։

• Կապանի օպերացիայի շնորհիվ բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները։ Զանգելանյան «կույրաղիքի» վերացումը և ռազմավարական բարենպաստ դիրքերի գրավումը բարձրացրին զորքի մարտական տրամադրությունը, կարևոր դեր խաղացին հաջորդ տարի Զանգելանի ու Ղուբաթլուի շրջաններն ազատագրելու հարցում։
Այդ օպերացիայի հեղինակը պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն էր

– Կապանի օպերացիայի մասին Յու․ Խաչատուրովի հուշերը տե՛ս https://www.youtube.com/watch?v=jOD8K2eozeg

https://youtube.com/watch?v=jOD8K2eozeg