Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Վազգեն Մանուկյանը

0
437

Երեկ Հանրային խորհրդի (ՀԽ) առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ու նորանշանակ 12 անդամների մասնակցությամբ ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի ժամանակավոր նախագահ: Մանուկյանը 90-ականների սկզբին եղել է ՀՀ վարչապետ, այնուհետ` Պաշտպանության նախարար:

«Ես ամիսների ընթացքում կամաց-կամաց գալիս եմ այն եզրակացության, որ այժմ Հայաստանում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ հասարակության և իշխանության հետ կապվածությունն այս մարմնի միջոցով կարող է շատ մեծ նշանակություն ունենալ»,- ՀԽ նիստից հետո ասել է Վազգեն Մանուկյանը:

ԱԺ անկախ պատգամավոր, ՀԽ կանոնադրության հեղինակ Վիկտոր Դալլաքյանի խոսքերով` Խորհրդի նախագահի պարտականությունները լիարժեք կարող է կատարել այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին Վազգեն Մանուկյանն է:
ՀԽ-ն բաղկացած է 36 անդամներից, որոնցից 12-ն ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահներ` Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ` Արտուշ Ղազարյան, Պետաիրավական հարցերի` Գրիգոր Բադիրյան, Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի` Հովհաննես Հովհաննիսյան, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի` Վազգեն Սաֆարյան, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի` Յուրիկ Ջավադյան, Առողջապահական և սոցիալական հարցերի` Դերենիկ Դումանյան, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի`Կորյուն Առաքելյան, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի`Կառլոս Ղազարյան, Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի`Արշակ Սադոյան, Ազգային փոքրամասնությունների հարցերի`Գրիգոր Ասատրյան, Ժողովրդագրական և գենդերային հարցերի` Ելենա Վարդանյան,Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի` Ռուբեն Սաֆրաստյան:

Մյուս 24 անդամներն են` Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Ամիրխանյան, Աննա Ասատրյան, Լիլիթ Ասատրյան, Կարեն Բեքարյան, Էմիլ Գաբրիելյան, Անելկա Գրիգորյան, Աստղիկ Գևորգյան, Հայկ Դեմոյան, Հովհաննես Զանազանյան, Խոսրով Հարությունյան, Վլադիմիր Մովսիսյան, Ռոբերտ Աթոյան, Ստեփան Գիշյան, Կարինե Դանիելյան, Հովհաննես Թադևոսյան, Բաբկեն Հարությունյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան, Արա Մինասյան, Հովիկ Մուսայելյան, Հայկ Սարգսյան, Սոս Սարգսյան, Արմեն Տեր-Տաճատյան:

Խորհրդի հանձնաժողովները զբաղվելու են երկրին առնչվող խնդիրներով՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական և այլն: Անդամները հնարավորություն են ունենալու ԱԺ-ին ներկայացնել իրենց և հանրության տեսակետերը օրինագծերի վերաբերյալ, մասնակցելու են նաեւ կառավարության նիստերին, դժգոհություն կամ համաձայնություն հայտնելու և առաջարկություններ անելու լիազորություն են ունենալու:

Աշխարհի ավելի քան 50 երկրներում վաղուց արդեն ձևավորվել են նման խորհուրդներ, որոնք զբաղվում են քաղաքացիներին մտահոգող տարաբնույթ խնդիրներով: Նման խորհուրդները կամրջի դեր են տանում` իշխանություն-հասարակություն հարաբերություններում` փոխադարձաբար լսելի դարձնելով իշխանության և հանրության ձայնը և մասնակցություն ունենալով ընթացող գործողություններին:

Նման խորհուրդների ձևավորման սկիզբը համարվում է 20-րդ դարի 30-ական թվականները, երբ 1925-ին Ֆրանսիայում ստեղծվեց Տնտեսական խորհուրդը: Ձևաչափերը տարբեր են. օրինակ` Ռուսաստանում էլ այն կոչվում է Հասարակական պալատ: Բավական հարուստ փորձ ունի Ավստրալիան, որի խոշոր քաղաքներից մեկում` Սիդնեյում, դասավանդվում է անգամ «Հանրային խորհուրդների կազմակերպում» առարկա: