«Չկա արտառոց քաղաքական իրավիճակ»

0
396

Համոզված է ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը

– Դուք եղել եք եւ ակտիվ ընդդիմություն, եւ իշխանություն, այսինքն՝ գիտեք երկու կողմերի լավն ու վատը, ուստի խնդրում եմ ասացեք՝ նման իրավիճակ եղե՞լ է մեր երկրում, երբ իրար մինչեւ վերջ ոչնչացնելու փորձերից հետո դառնում են քաղաքակիրթ գործընկերներ՝ նստելով դեմ առ դեմ:

– Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո, իրոք, շատ սուր էին, եւ այդ լարվածությունը կար նաեւ հասարակության մեջ: Բայց ժամանակի ընթացքում դա մեղմացավ: Եղան համաներումները, հետո ընդդիմության հանրահավաքները մտան հունի մեջ, եւ այս ամենը կամաց-կամաց հանգեցրեց ստանդարտ մի իրավիճակի: Ես այժմ չէի ասի, որ այսօր Հայաստանի ներսում արտառոց քաղաքական իրավիճակ է, քանի որ չեմ կարծում, թե ընդդիմության ետեւում մեծ բազմություն կա կանգնած: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ խաղաղ է եւ լավ: Հայաստանում մեծ հակասություններ կան, այդ հակասությունները տնտեսական եւ սոցիալական ոլորտում են: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բավականին վատ ազդեց մեր ամբողջ տնտեսության վրա, դրանից բացի՝ մենք ունենք Ղարաբաղի հարցը եւ բազմաթիվ այլ պրոբլեմներ: Բայց չկա այն պրոբլեմը, թե այսօր կա սեւ իշխանություն եւ սպիտակ ընդդիմություն, եւ մարդիկ անհամբեր սպասում են՝ ով ում կփոխարինի: Վաղուց արդեն հայաստանյան քաղաքական դաշտը դուրս է եկել այդ վիճակից: Ես ինքս կողմնակից եմ երկխոսության, բայց դա պետք է լիներ ավելի վաղ: Այժմ ես չգիտեմ, թե ինչ թեմայի շուրջ են երկխոսելու: Վաղաժամկետ ընտրությունների թեման շատ շինծու թեմա է, որովհետեւ դրա հետեւում չկա ոչ մի քաղաքական նախապայման: Դա լինում է այն դեպքում, երբ ընդդիմության ետեւում մի հսկայական բազմություն է կանգնած, եւ իշխանությունը երկրի կայունությունը պահպանելու համար գնում է այդ քայլին: Սակայն այսօր նման վիճակ Հայաստանում չկա: Նույնիսկ այդպիսի վիճակ լինելու դեպքում անհեթեթ կլիներ, որովհետեւ մի քանի ամսից արդեն ընտրություններ են:

– Երբ Դուք էիք վարչապետ, պատկերացնո՞ւմ էիք, որ ընդդիմությունը կարող է այսպիսին լինել:

– Չէի պատկերացնում, որովհետեւ երբ ես վարչապետ էի, իմ գրասենյակի առջեւ միշտ հանրահավաք էին անում մարդիկ՝ իրենց խնդիրներով: Գալիս էին հողի սեփականաշնորհման հարցերով, գալիս էին բուհերի ընդունելության հետ կապված հարցերով, պատվիրակություններին ընդունում էինք, հարցերը կարգավորում: Մարդիկ գալիս էին կոնկրետ խնդիրներով, ակնկալում էին կոնկրետ լուծումներ, եւ մենք կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծում էինք տալիս: Համոզված եմ՝ այսպիսի բաներ չէին լինի Հայաստանում, եթե 95-96 թվականների կեղծիքները չլինեին: Հիմք դրվեց կեղծիքներին, եւ այդ պատճառով էլ ընդդիմությունը կամաց-կամաց դարձավ մի ուրիշ գաղափար:

– 95-96-ի մասին խոսելով արդյոք անընդհատ ետ չե՞նք նայում, եղավ-վերջացավ, բավականին ժամանակ է անցել:

– Ես անձնական հիշողություններով չեմ ասում, եւ սա անձնական հարց չէ, մենք նորմալ եկել էինք իշխանության, ժողովրդի շարժումը եկել էր իշխանության, եւ ոչ մի պատճառ չկար կազմակերպել այդպիսի ընտրություններ: Երբ կազմակերպեցին, բոլորն ընկան նույն ծուղակը, եւ այդ կազմակերպիչները հիմա եւս նույն ծուղակի մեջ են: Դա դաս եղավ, ցանկացած իշխանություն հասկացավ, որ ինքը այդ ձեւով կարող է իր իշխանությունը պահել:

– Իսկ ընդդիմության դասը ո՞րն էր:

– Ընդդիմությունն էլ ասեց՝ մեկ էլ մեկ էլ մի զարկ տվեք, մի զարկ տվեք ցարի գահին (ծիծաղում է- Մ. Ե.)։

– Կարծիք կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր գլխավորած ընդդիմությամբ շատ շահեկան է իշխանության համար:

– Նայած շահեկան ասելով ինչ ենք հասկանում: Իսկ դուք ի՞նչ գիտեք՝ ի՞նչն է Սերժ Սարգսյանը համարում շահեկան: Եթե ինքը համարում է շահեկան երկրի բարգավաճումը, զարգացումը, ինքը պիտի ցանկանար ունենալ ավելի պրագմատիկ, կառուցողական ընդդիմություն, քանի որ բազմաթիվ հարցեր կան լուծելու Հայաստանում, եւ դրանցում ընդդիմությունը պետք է որոշակի դեր ունենար:
– Իսկ ՀԱԿ-ը պրագմատիկ չէ՞:
– Ես կարծում եմ՝ երբ խոսակցությունը գնում է միայն ժամկետից շուտ իշխանությունը փոխելու մասին, դա Հայաստանին որեւէ բան չի տալիս: Տեսնում եք, ամբողջ աշխարհում շատ ակտիվ ցույցեր են լինում, իրար ծեծում են, ոստիկանությունը միջամտում է: Խոսքը գնում է կրթության, սոցիալական հարցերի, շահագրգիռ որեւէ հատվածի շահերի մասին: Երբ մարդիկ որոշակի հարց են բարձրացնում իշխանության առջեւ, լուծումները փնտրվում եւ գտնվում են, իսկ որքան հարցեր կան, որ պետք է բարձրացվեն իշխանության առջեւ: Ես շատ ուշադիր չեմ հետեւում հանրահավաքներին, բայց կարծես ամբողջ հարցը սա է՝ իշխանությունը փոխենք, մենք գանք իշխանության, եւ լոխ լավ կլինի: Այս էտապը պետք է համարել անցած:
– Երբ Դուք էիք ընդդիմություն, արդյոք նույն հարցը չէի՞ք դնում:
– Վաղաժամկետ ընտրության հարց ժամանակ առ ժամանակ դրվել է, բայց նաեւ ուրիշ հարցեր են դրվել:
– Այսինքն՝ բնական է, որ ընդդիմությունը դնում է իշխանության հարց:
– Այո, ընդդիմությունը պետք է դնի իշխանության հարց:
 Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է ուզում այսօրվա ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը:
– Այնտեղ հավաքված մարդկանց մեջ փորձ ունեցողներ կան, որոնք շատ պարզ հասկանում են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք որոշակի տոկոսի հույս պետք է ունենան, եւ, մտնելով ԱԺ, իրենց ապագա վիճակն ամրապնդված կլինի: Մի մոռացեք, որ անկախ իրենց մաքրությունից՝ խորհրդարանական ընտրությունները երբեք չեն վերաճում համաժողովրդական ալիքի, դա նախագահականի մենաշնորհն է:
Այնպես որ, այն ամենը, ինչ կատարվում է, միավորներ հավաքելու համար է: Իսկապես պրոբլեմ կա, այդ ընդդիմության հետ հույս էր կապել հասարակության բավական ռադիկալ շերտը, իսկ սա այն շերտն է, որը ցանկացած հեղափոխության կողմ է, միայն թե Հայաստանում ինչ-որ բան փոխվի, միայն թե վրեժ լուծվի գործող իշխանությունից, եւ դա եղել է միշտ: Խնդիրն այն է, թե ով կկարողանա հավաքել այդ շերտի ձայները: Բայց հայտնի է նաեւ, որ երբ ձայները իրենցով են անում, հաճախ ընկնում են ծուղակը, որովհետեւ մարդկանց հույսերն արդարացնել հնարավոր չի, եթե հնարավոր էլ լինի, ապա շատ կործանարար կարող է լինել երկրի համար այդպիսի արյունալից հեղափոխությունը:
– 2012-ի ընտրություններին Դուք կմասնակցե՞ք, եթե այո՝ ի՞նչ ցուցակով:
– Եվ մեր, եւ հարակից կուսակցություններում նման քննարկումներ կան: Մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան: Կարծիքներ կան, որ այս պայմաններում դժվար թե հնարավոր լինի ինչ-որ տոկոս վերցնել եւ էապես ազդել դեպքերի վրա արդեն խորհրդարանում: Որոշ գործիչներ գտնում են, որ ընդհակառակը՝ Հայաստանում առաջացել է մեծ քաղաքական վակուում, որովհետեւ ընդդիմությանը վստահողների շրջանակը նվազել է, նույնն էլ՝ իշխանության նկատմամբ: Եթե ի հակակրություն այս ընդդիմությանը, շատ խելամիտ մարդիկ կապվեցին իշխանության հետ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դրանց մի մասը հիասթափություն ապրեց, եւ այսօր մի հսկայական հատված ունենք քաղաքական դաշտում, որը վստահություն չունի իշխանության հանդեպ եւ հույսեր չի կապում ընդդիմության հետ: Հնարավո՞ր է այդ հատվածը համախմբել եւ նրանց խոսափողը դառնալով՝ մտնել Ազգային ժողով եւ իրականացնել խելամիտ հատվածի սպասումները: Սա է հարցը:
– Վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին կծու բաներ ասաց Հանրային խորհրդի եւ Ձեր հասցեին, կարծում եմ, որ մարդիկ ինչ-որ տարիքից հետո պետք է որ ավելի հանդուրժող դառնան եւ փորձեն մոռանալ միմյանց հանդեպ թշնամանքը կամ չարությունը, ուրեմն ինչո՞ւ չի անցնում ձեր երկուսի միջեւ այդ գերլարվածությունը:
– Գիտեմ, որ հանրահավաքում ինչ-որ բաներ ասել է, բայց ես չկարդացի, որովհետեւ երկրորդական եմ համարում այդ ասել-չասելը: Այն 10 տարիներին, երբ Տեր-Պետրոսյանն էլ չկար, եւ այլ իրավիճակ էր, կարծում եմ՝ բոլոր թիմերի մեջ էլ իրար նկատմամբ այդ լարվածությունն անցել էր: Բայց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր կողմից սկսվեցին հարձակումները, ես էլ, իհարկե, պատասխանեցի, բայց այդ հարձակումների նպատակը որն էր՝ չեմ կարողանում հասկանալ: Դա թող մնա իր խղճին, ինձ դա առանձնապես չի հուզում:
Հ. Գ. Ղարաբաղի մասին Վազգեն Մանուկյանի որոշ դատողություններ՝ վաղվա համարում:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

aravot.am