Ղարաբաղի հարցը հայության համար պարգև է.Վազգեն Մանուկյանի ելույթը ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված գիտաժողովում

0
275

Երբ հետադարձ հայացք ես գցում, մտածում ես, որ 1988 թվականին դժվար էր պատկերացնել, որ անկախ Ղարաբաղի Ազգային Ժողովը սեմինար կամ գիտաժողով կկազմակերպի` նվիրված Ղարաբաղի հետագա զարգացման քայլերի քննարկմանը: Դժվար էր այն ժամանակ պատկերացնել:

 

Ի՞նչ ունեինք 1988-ին և ինչ ունենք այժմ: 1988 թ. ունեինք Ղարաբաղ, որը Ադրբեջանի կազմի մեջ էր, կյանքի բոլոր ոլորտները ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, և բազմաթիվ խնդիրներ կային` և՛ ազգային, և՛ գոյատևման, և՛ իրավունքի, և՛ ազատության: Եվ այդ ամենը պոռթկաց 88 թվականին: Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ չպոռթկաց 60-ականներին կամ 70-ականներին: Որովհետև ցանկացած քաղաքական հարց կարող ես լուծել, եթե այն տեղավորվում է տեղի ունեցող քաղաքական պրոցեսներում: Ղարաբաղի հարցը վաղուց էր հասունացել, բայց 88-ին այն տեղավորվեց Խորհրդային Միության քաղաքական պրոցեսներում, երբ Գորբաչովը հայտարարեց իրավունք, ազատություն, ժողովրդավարություն: Այդ գաղափարախոսության մեջ տեղավորվում էր Ղարաբաղի հարցը, որը միանգամից ձևավորվեց որպես իրավունքի հարց, սահմանադրական պայքարի հարց:

Սումգայիթի ամբողջ նպատակն այն էր, որ մեզ այդ պրոցեսից դուրս գցեն, այս պայքարը դարձնեն էթնիկական-կրոնական պայքար, բայց մեր ժողովրդին հաջողվեց խուսափել այդ ծուղակից և շարունակեց պայքարը այն քաղաքական հոսանքի մեջ, որն այդ ժամանակ իշխում էր Խորհրդային Միությունում: Ամբողջ աշխարհը ծափահարում էր Ղարաբաղյան շարժմանը: Խորհրդային Միության ներսում ժողովրդավարական պայքար էր մղվում մարդու իրավունքների համար, ազգի ինքնորոշման համար, և Միությունը ներսից ցնցվում էր: Այդ շարժումը հերոսական շարժում էր համարվում Խորհրդային Միության ներսում` պայքարող մարդու ազատությունների և ազգի ազատությունների համար: Բայց երբ տեղավորվում ես քաղաքական հոսանքների մեջ, դեռ չի նշանակում, որ բոլորի քաղաքական շահերի կիզակետում ես:

 

Անցավ 20 տարի, ի՞նչ ունենք այժմ: Ունենք մի պետություն, որն արդեն 20 տարի անկախ է, և միայն մեծերը կարող են հիշել, թե ինչ էր նշանակում Ադրբեջանի կազմի մեջ լինել: Մոռացվել է արդեն ոչ անկախ պետությունը: Եվ եթե քննարկում են Ղարաբաղի կարգավիճակը, ուղղակի անհեթեթություն է: Ինչպե՞ս կարող են  որոշ պետություններ ստորագրել և մեկ այլ պետություն մտցնել մի ուրիշ պետության ենթակայության տակ: Համենայն դեպս, վերջին 100 տարվա համաշխարհային պատմության մեջ այդպիսի բան չեմ տեսել: Տվյալ պետությունը կարող է հանրաքվեով որոշել, որ մտնում է ինչ-որ մի տեղ, կամ պատերազմով կարող է իր անկախությունը նվաճել, բայց ոչ երբեք որևէ պետության ստորագրությամբ: Որևէ անկախ պետություն չի կարող մտնել մի այլ պետության կազմի մեջ, դա անհնարին է, ու դա պետք է խորը գիտակցել և ավելի ամրապնդել Ղարաբաղի անկախությունը: Իսկապես պետք է սկսել բանակցություններ փախստականների մասին, թող գան փախստականները: Թող Հայաստանի ու Ղարաբաղի միջև լինի փոխօգնություն, բայց Ղարաբաղը, որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գա: Տեսնենք` ո՞վ է ստորագրելու, որ Ղարաբաղը մտնի ուրիշ պետության մեջ. չի կարող այդպիսի բան լինել:

Այսինքն, եթե այն ժամանակ մտածում էինք` ինչ անենք, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը հաստատեն, այժմ պիտի Ադրբեջանը մտածի` ինչպես Ղարաբաղին զրկի անկախությունից: Սրանք լրիվ տարբեր խնդիրներ են: Բայց նորից հարց է առաջանում` այդ խնդիրը լուծելով` մենք տեղավորվո՞ւմ ենք համաշխարհային խնդիրների մեջ: Այո, ես համոզված եմ:

Ամբողջ աշխարհում երկու իրարամերժ ու փոխշաղկապված պրոցեսներ են: Մի կողմից` գլոբալիզացիա է, որը կապում է աշխարհն իրար հետ, և մյուս կողմից` գլոբալիզացիան պահանջում է, որ այդ նոր աշխարհը կառուցված լինի ինչքան հնարավոր է փոքր աղյուսներից: Տեսեք, Շոտլանդիան փորձում է դուրս գալ Անգլիայից, և ամեն տեղ նույն պրոցեսն է: Կամ տեսեք` հիմա արաբական աշխարհում ինչ է կատարվում. բաժանվում է փոքր աղյուսների: Մի կողմ թողնենք, թե ով է այդ հարցում շահագրգռված, հայտնի է` ովքեր են շահագրգռված, բայց պրոցեսն ընթանում է: Եվ այդ քաղաքական պրոցեսի մեջ բացարձակապես չի տեղավորվում, որ մի ազգով բնակեցված տարածք` անկախություն ունեցող, ստիպողաբար մտցնեն մեկ ուրիշի տարածքի մեջ, այդպիսի բան լինել չի կարող, ու դա պետք է խորը գիտակցել: Եթե դա հնարավոր չէ լուծել իրավական ճանապարհներով, վտանգ է առաջանում: Մի օր Ադրբեջանը կարող է հասկանալ, որ իր միակ ճանապարհը պատերազմն է. դա է վտանգը:

 

Հիմա մի հարց տամ, որը ոչ թե ղարաբաղցիների համար է, այլ ամբողջ աշխարհի հայության համար: Ղարաբաղի հարցը հայության համար բե՞ռ է, թե՞ պարգև: Ես կարծում եմ` պարգև: Այն ժողովուրդները, որոնք հասել են ինչ-որ բանի, հասել են խնդիր լուծելով, խնդիր ունենալով: Ղարաբաղի խնդրի լուծումով է, որ հայ ժողովուրդը պետք է վեր բարձրանա, և դա պետք է խորը գիտակցել: Մեր պետությունում, սփյուռքում, դրսում պետք է գիտակցվի, որ ունենք մի ընդհանուր խնդիր, և դա պարգև է մեզ համար: