«Դատելու են հաջորդ սերունդները»․ Վազգեն Մանուկյան

0
431

Պարո՛ն Մանուկյան, մեր հարցազրույցի հիմնական թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններին են, բայց ուզում եմ նախ անդրադառնանք մամուլում շրջանառված վերջին նորությանը՝ կապված Արցախի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պաշտոնանկության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը։

1988-ից սկսած՝ Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին։ Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին։ Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի և նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է և անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը։

Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից և կոչ եմ անում մեր հասարակությանն իր ձայնը բարձրացնել այս երևույթի դեմ, քանի դեռ չենք կրել անվերադարձ կորուստներ։

– Հասարակության մի մեծ հատված այս շրջանում լուրջ մտահոգություններ է հայտնում Արցախի հարցով։

– Մտահոգություններ միշտ են եղել։ Բայց շատ կարևոր հարցեր կան. արտաքին քաղաքականության մեջ մենք ու Ադրբեջանը ի՞նչ դիրքերում ենք, ովքե՞ր են մեր դաշնակիցները, տնտեսությունը ի՞նչ արագությամբ է զարգանում, որքա՞ն վստահություն կա ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ, որքանո՞վ է հզոր բանակը, ի՞նչ զենք-զինամթերք ունի։ Այս հարցերն օբյեկտիվ խնդիր են ցանկացած իշխանության համար։ Ընդ որում, այժմ արդեն Ղարաբաղի առանձին հարց չկա, Հայաստանի ու Ղարաբաղի միասնությունն այնքան մեծ է, որ արդեն ոչ թե Ղարաբաղի անվտանգության մասին է խոսքը, այլ ամբողջ Հայաստանի։ Տարիներ առաջ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը մեր բանալին է դեպի ապագան։ Հիմա էլ կրկնում եմ, որովհետև մի կողմից՝ խնդիր կա, որը մտահոգիչ է, մյուս կողմից՝ այն պետություններն ու այն ազգերն են զարգանում, որոնք ունեն խնդիր և կարողանում են այդ խնդիրը հաղթահարել։ Դա մեծ խթան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև համաշխարհային հայության զարգանալու, կառույցներ ստեղծելու և առաջ գնալու համար։ Եթե դա ճիշտ օգտագործվի, ապա դա մեր ճանապարհն է դեպի ապագա։

– Անդրադառնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 1996-ից սկսած՝ Ձեր ելույթներում մշտապես ասել եք, որ Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ընտրակեղծիքներն են։ Վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվեցին ազատ, արդար, առանց ընտրակեղծիքների։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն այլևս վերացած է։

– Հայաստանում ընտրությունների կեղծիքներն անցել են բազմաթիվ փուլեր՝ կարուսել, լցոնում, բռնություններ, սխալ հաշվարկներ, վարչական ռեսուրս, փող բաժանել, տեղական հեղինակությունների օգտագործում և այլն։ Այդ ամենի միջով մենք անցել են։ Վերջին տարիներին ամենամեծ թերությունները, որ ազդում էին ընտրությունների վրա, վարչական ռեսուրսի օգտագործումն էր, սխալ հաշվարկը և փող բաժանելը։ 2017 թ․ Աժ ընտրություններից առաջ իշխանությունն ու ընդդիմությունը միասնական քննարկումների արդյունքում բարեփոխեցին ընտրական օրենսգիրքը, ինչը բավականին փոխեց իրավիճակը։ Փաստորեն, սխալ հաշվարկը կարծես վերացավ, կրկնակի քվեարկությունը վերացավ, մնացին վարչական ռեսուրսը և փող բաժանելը։

Այս արտահերթ ընտրությունների ժամանակ, ինչքանով կարողանում ենք դատել բոլոր տեղեկություններից, փողի  բաժանում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ ընտրողներին կաշառելը վերացել է, և դա շատ մեծ քայլ է դեպի առաջ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործմանը, ապա ինչքանով զգացվել է քարոզարշավի ժամանակ, դրա աստիճանը բավականին բարձր է եղել, և առաջիկայում նաև դրանից ազատվելու խնդիր կա։

Այս ընտրությունները երաշխի՞ք են, որ հաղթահարվել է երկրի զարգացման լուրջ խոչընդոտը՝ ընտրակեղծիքը: Կարծում եմ՝ դեռ ոչ։ Նույնիսկ եթե վերանա վարչական ռեսուրսի անպատեհ օգտագործումը, մի քանի ընտրություններ պետք է անցնեն, որպեսզի կարողանանք ամրագրել, որ ընտրակեղծիքն արմատախիլ է եղել։

Բացի այդ,  այս ընտրություներից առաջ իշխանությունները համոզված էին, որ պիտի հաղթեն։ Այսինքն՝ իրենց պետք չէր շատ ջանք թափել։ Իսկ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը, երբ Հայաստանի որևէ հերթական իշխանություն զգա, որ պարտվելու է։ Այդ ժամանակ իշխանությունը կգնա՞ ընտրակեղծիքի, թե՞ չի գնա։ Մյուս հարցը. հասարակությունը կունենա՞ իշխանությանը դիմադրելու կամք, որովհետև ընտրությունները կեղծվում են հասարակության մի զգալի շերտի համաձայնության և մասնակցության պայմաններում։ Այդ տեսանկյունից չենք կարող ասել, որ խնդիրը լուծված է։ Սրանով խնդիրը մոտ է լուծմանը, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

– Եթե անգամ արձանագրենք, որ անկախությունից հետո որոշակիորեն ազատ ու արդար ճանապարհով ձևավորված խորհրդարաններն առաջինն ու այս վերջինն էին, այնուամենայնիվ հնչում են տեսակետներ, որ այս ընտրությունները գաղափարազուրկ էին, ստեղծվել է միաբևեռ խորհրդարան, չկան հակակշիռներ և այլն։ Այս տեսանկյունից ի՞նչ համեմատություններ կարող ենք անել առաջին ու վերջին խորհրդարանական ընտրությունների միջև։

– Չնայած այն ժամանակ շատ հզոր Ղարաբաղյան շարժում կար, որը երկու տարի ուղղորդում էր ժողովրդին, և ժողովուրդն էլ մեծ վստահությամբ էր վերաբերվում  շարժմանը, բայց նույնիսկ այն ժամանակ շարժումը մոնոպոլ կշիռ խորհրդարանում չունեցավ։ Բազմաթիվ անկախ պատգամավորներ մտան խորհրդարան, կոմունիստները կային, ՀՀՇ-ի ներկայացուցիչները կային։ Հետագայում ներսում առաջացան Ռամկավարները, Դաշնակցությունը, ինչ-որ պահից ՀՀՇ-ից դուրս եկավ և կազմավորվեց ԱԺՄ-ն: Խորհրդարանում անընդհատ գաղափարական պայքար էր մղվում, ծրագրերը քննարկվում էին։ Այս նոր խորհրդարանում այդ վիճակը չկա։ Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։ 2017-ի խորհրդարանում այդ առումով ավելի բուռն քննարկումներ էին լինում, որովհետև Հանրապետականի և Ծառուկյանի հետ միասին կար խիստ ընդդիմադիր «Ելք» դաշինքը, նաև կար Դաշնակցությունը։

Հայաստանում 1998 թվականից հետո կամաց-կամաց գաղափարական հոսանքները սկսեցին մարել և դարձան ուղղակի պրագմատիկ քաղաքականության մի մաս։ Երբեմն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Ոչ։ Ամբողջ աշխարհում ձևավորված կուսակցություններն արդեն ունեն իրենց ներքին փիլիսոփայությունը, պատմությունը, և երբ այդ կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, նրանց ծրագրերը կարող են քիչ տարբերություններ ունենալ, բայց մարդը քվեարկում է  կուսակցության անցած ուղու և փիլիսոփայության համար նաև։ Մեզ մոտ դա չկա, ինչը ցավալի է։ Ես կուզեի՝ ավելի բազմազան ուժեր լինեին խորհրդարանում։

– Պարո՛ն Մանուկյան, հակակշիռների բացակայության փաստարկին շատերը հակադարձում են՝ նշելով, որ պարտադիր չէ հակակշիռը լինի խորհրդարանում, հակակշիռ կարող է լինել ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, Հանրային խորհուրդը և այլն։ 

– Ժողովուրդը կարող է բողոքի ցույցեր, ապստամբություն բարձրացնել, բայց ժողովուրդը չի կարող ընտրությունների արանքում լինել քաղաքական հակակշիռ։ Եթե մենք պետություն ենք և ունենք կառուցվածք, ապա հակակշիռների համար կան օրինական ինստիտուտներ։ Այդ ինստիտուտներից դուրս իհարկե կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց չի կարող ամբողջ ժողովուրդը լինել հակակշիռ։ Ժողովուրդը չի կարող ունենալ ամենօրյա մասնակցություն քաղաքականության մեջ։ Այդ բացը լրացնելու համար 1929 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց Հանրային խորհուրդը, որը արանքում ինչ-որ ձևով  փորձում էր այդպիսի դեր կատարել։ Բայց ժողովուրդն ընտրում է նախագահ, ընտրում է պատգամավորներ, ընտրությունների միջոցով լրացնում է ինստիտուտները, և այդ ինստիտուտներն իր շահերը պետք է առաջ տանեն մինչև հաջորդ ընտրությունները։ Եթե ժողովուրդն անընդհատ քաղաքականության մեջ է, դա նշանակում է, որ պետությունը կայացած չէ։

Ինձ ավելի շատ այսօր հետաքրքրում է  ժողովրդի մոտեցումը ընտրություններին։ Մենք անկախության ճանապարհին ազգային, լիբերալ, դեմոկրատական հասարակություն ստեղծելու դրոշակ բարձրացրինք։ Բայց հիմա տեսնում եմ, որ արդեն տանուլ ենք տալիս այդ գաղափարները։ Լիբերալիզմը վերաճեց անօրինական հարստությունների և թալանի, այդ ամենը կատարվում էր  լիբերալիզմի անվան դակ, այդ պատճառով ժողովրդի մեջ սոցիալիզմի պահանջն ավելի մեծ է, քան լիբերալիզմի, որովհետև ժողովրդի համար լիբերալիզմ նշանակում է թալան։ Մենք անհամեմատ ավելի ժողովրդավարական պետություն ենք, քան խորհրդային տարիներին կամ անկախության առաջին տարիներին, բայց ես նոր չէ, որ նկատում եմ՝ երկրի ղեկավարի ընտրությունների ժամանակ ժողովուրդը մտածում է ոչ թե հակակշիռների, գաղափարների մասին, այլ անընդհատ ցանկանում է մի «բարի թագավոր» գտնել իր համար, որը հոգ տանի իր մասին։ Այսինքն՝  ընտրությունների վերաբերյալ ժողովրդի մոտեցումը ոչ թե բնորոշ է դեմոկրատական պետության մտածողությանը, այլ թագավորական իշխանությանը։ Նույնիսկ այս օրերին մի տարօրինակ միտք հնչեց․ մեկն ասաց՝ ես ձայնը տալու եմ Նիկոլին, որովհետև դատավորներն իրենից վախենում են։ Այսինքն, ըստ մեր ժողովրդի մտածողության, իշխանությունը միշտ օտար է, միշտ չարիք է, և իրեն պետ է մի բարի թագավոր, որն իրեն կպաշտպանի իշխանությունների անօրինականություններից։ Այս ամենը մտածելու տեղիք է տալիս։

Մի անգամ Հանրային խորհրդով Չինաստանում էինք, այնտեղ հանդիպեցինք քաղբյուրոյի՝ նշանակությամբ չորրորդ մարդու հետ, որը նաև իրենց Հանրային խորհրդի նախագահն էր։ Զրույցի ժամանակ նկարագրեց, թե ինչ հաջողությունների են հասել իրենք Դեն Սյաոպինից սկսած, չնայած դեռ աղքատության մակարդակը շատ բարձր է։ Ես ասացի, որ մենք փաստորեն անկախությունից հետո ընտրեցինք լիբերալիզմի ճանապարհը, բայց ոչ մի լուրջ տնտեսական հաջողության չհասանք և հարցրեցի՝ արդյոք խորհուրդ կտա՞ մեզ գնալ իրենց ճանապարհով։ Ասաց. «Գիտե՞ք ինչ, ես կյանքի մեծ ճանապարհ եմ անցել և մի բան, որ  շատ լավ հասկացել եմ, այն է, որ ամեն ժողովուրդ պետք է գտնի իր ճանապարհը»։

Այսինքն, երբ ես խոսում եմ լիբերալիզմի, սոցիալիզմի և ժողովրդավարության մասին, ես կոչ չեմ անում դրանցից ազատվել, ոչ էլ կոչ եմ անում ժողովրդին անպայման մտցնել այդ շրջանակի մեջ։ Այսինքն, սա մտածել է տալիս, թե մեզ մոտ քաղաքական-տնտեսական համակարգի ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն, որոնք  կհամապատասխանեն թե՛ մեր երկրի զարգացմանը և թե՛ մեր ժողովրդի մենթալիտետին։ Միևնույն ժամանակ իշխանության նպատակը պետք  է լինի մշտապես բարձրացնել ժողովրդի մակարդակը, նպաստել, որպեսզի պետությունում ստեղծվի խելամիտ, ազդեցիկ, ժողովրդին ու պետությանը նվիրված էլիտա, որը թույլ չի տա, որ երկրում անընդհատ ցնցումների միջոցով տեղի ունենան իշխանափոխություններ, այլ զսպող ուժ կլինի։

Այդ տեսանկյունից առջևում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք այսօրվա պրագմատիկ խնդիրներ չեն, ավելի բարձր մակարդակի խնդիրներ են։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա նոր կուսակցությունները, ստեղծվող արտախորհրդարանական ուժերը պետք է այդ հարցերին պատասխանեն, իսկ պրակտիկ հարցերը միշտ էլ կարելի է լուծել՝ ներգրավելով պրոֆեսիոնալներին։

– Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մեր երկրում հասունանում է արտախորհրդարանական քաղաքական պայքարի մեծ ռեսուրս։ Դա կարո՞ղ է դառնալ հակակշիռ։

– Իհարկե, եթե հակակշիռ չկա խորհրդարանում, դա կարող է առաջանալ դրսում։ Բայց պետական տեսակետից դա լա՞վ է, թե վատ։ Դա ստիպված քայլ է։ Ավելի ճիշտ կլիներ, եթե հակակշռող ուժերը ներգրավված լինեին Ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս իսկապես կարող են առաջանալ որոշ հակադիր ուժեր, որոնք կհավասարակշռեն խորհրդարանի միաձույլ լինելը, և կյանքը ցույց կտա, թե դրանցից որոնք ավելի ուժեղ կլինեն, կդիմանան և հետագայում կմտնեն Ազգային ժողով։

-Խորհրդարան չանցած ուժերը, մասնավորապես՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, արդեն իսկ արտախորհրդարանական ընդդիմություն դառնալու և քաղաքական պայքար սկսելու հայտ են ներկայացրել։ Կհաջողվի՞ նրանց լուրջ հակադիր ուժ ձևավորել քաղաքական դաշտում։ 

– Գիտե՞ք, հայտ ներկայացնելն ու դա իրականացնելը շատ տարբեր բաներ են։ Եկեք սպասենք և տեսնենք, թե հայտերից որը կիրականանա։

– Փաստորեն անկախությունից հետո առաջին անգամ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարեց Հայաստանի ամենագաղափարական կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն։ Արդյոք սա նույնպես չի վկայում այն մասին, որ մեր հասարակության մեջ գաղափարախոսության ընկալման, գաղափարական ընտրության լուրջ ճգնաժամ կա։

– Ինչպես հասարակությանը կարելի է մեղադրել գաղափարական ընտրություն չկատարելու մեջ, այնպես էլ Դաշնակցությունը պետք է ինքնաքննադատաբար մոտենա հարցին, թե ինչու այդպես եղավ։ Այսինքն՝ այստեղ մեղքը միայն հասարակությանը չէ, Դաշնակցությունն էլ պետք է վերանայի իր ճանապարհը։

– Իսկ ի՞նչ կասեք Հանրապետական կուսակցության մասին։ Հասարակության մի ստվար զանգված ողջունում է ՀՀԿ-ի խորհրդարան չմտելը, ավելին, հնչում են կարծիքներ, որ կուսակցությունն այլևս անելիք չունի, պետք է վերանա։

– Հարյուրամյակների ընդմիջումից հետո 1918 թվականին վերականգնվեց հայկական պետությունը, որը սկզբում ղեկավարում էր ՀՅԴ-ն, հետո ղեկավարում էին կոմունիստները, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն։ Բոլոր այդ ժամանակներում մենք գրանցել ենք և՛ առաջընթաց, և՛ բազմաթիվ վրիպումներ, հանցագործության հասնող սխալներ, որոնք ավելի շատ բնորոշվում են կուսակցությունների ղեկավարներով և ոչ թե կուսակցություններով։ Այդ տեսանկյունից այդ չորս կուսակցություններն էլ մեր ժողովրդի համար արժեք են։ Այո, պետք է քննադատել սխալները, շտկել, դասեր քաղել, բայց ոչ թե կոչ անել ջնջել կուսակցությունը։

Ի պատիվ ՀՀԿ-ի պետք է ասել, որ նա իր մեջ ուժ գտավ, ազատվեց կուսակցությունը վարկաբեկող մարդկանցից,   մտավ այս ընտրապայքարի մեջ, չկոտրվեց, ծանրագույն պայմաններում կամք դրսևորեց ոչ թե իշխանության վերադառնալու (որովհետև դա անհնարին էր), այլ պահպանելու իրեն իբրև կուսակցություն ապագայի համար և մասնակցություն ունենալու քաղաքական դաշտում իրեն հուզող խնդիրների լուծման հարցում։ Ժամանակը ցույց կտա, թե ապագայում ինչ դեր կունենա ՀՀԿ-ն մեր պետության զարգացման գործում։

– Պարո՛ն Մանուկյան, Դուք մեկ անգամ չէ, որ հանդես եք եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ կոշտ հայտարարություններով։ Իսկ Ձեր վերջին կարճ հայտարարության մեջ նշել էիք «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի ժողովուրդ»: Եթե ժողովուրդն այնուամենայնիվ համաձայն է, որո՞նք են լինելու հետևանքները։

– Գիտե՞ք ինչ, իշխանությունները կարող են անիրավական որոշումներ ընդունել, պարտադրել դատարաններին և այլն, դա նոր բան չէ, մեր անկախության ամբողջ ընթացքում մենք դա տեսել ենք։ Բայց երբ ժողովուրդն է դրան համաձայն լինում, արդեն պետական ինստիտուտների գոյությունը դառնում է անիմաստ։ Այսինքն՝ մենք դառնում ենք մի պետություն, որտեղ առաջնորդվում ենք արդարության զգացումով, անձնական զգացմունքներով, ոչ թե օրենքներով։ Դա կործանարար է ցանկացած պետության համար։ Մի դեպքով, երկու դեպքով չի կարելի դատել, բայց եթե այդպես շարունակվի, իսկապես պետության համար կործանարար կլինի։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ և չեմ ուզում կրկնել։

– Ընտրություններից առաջ ԱԺՄ-ն հայտարարեց, որ չի կարող և չի ուզում մասնակցել իրեն պարտադրված խաղին, և չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին։ Որո՞նք են ԱԺՄ-ի հետագա քայլերը։

– Հայկական իրականության մեջ ես տեսնում եմ դատարկ դաշտ գաղափարական, ծրագրային, այդ թվում և ինձ հոգեհարազատ գաղափարներով կուսակցության առումով։ Ես և իմ գործընկերները կփորձենք ստեղծել այդպիսի ուժ, որը պատրաստ կլինի մասնակցելու հաջորդ ընտրություններին։ Կհաջողվի, թե ոչ, շուտ է ասելը։

– Հեղափոխությունից անցել է կես տարուց ավելի։ Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել։ Մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է ընթանում և ո՞ւր է գնում։

– Պարզ չէ։ Ուղղակի նախկինին ավելացել է հայտարարություն կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, որը լավ բան է, կարելի է ողջունել։ Հիմա, երբ իշխանությունը ընտրություններից հետո նորից ձևավորվի ու կայունա, հետագա ամիսների ընթացքում կտեսնենք, թե քաղաքականության, տնտեսության և մյուս ոլորտներում ի՞նչ փոփոխություններ են լինելու։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա չնայած հռչակվեց կոռուպցիայի դեմ պայքար, այդ պայքարի ռազմավարություն, հետևողականություն և հավասարություն առայժմ չեմ տեսնում։ Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է ինստիտուտներից, ի՞նչ օրենքների միջոցով հնարավոր կլինի կանխարգելել կոռուպցիան։ Պատիժը միշտ պետք է լինի օրենքների խիստ շրջանակում, բայց միայն պատիժը դեռ հարցի լուծում չէ, մանավանդ որ պատիժը կարծես թե ընտրովի է լինում և շատ անգամ տպավորություն է թողնում, որ կրում է քաղաքական բնույթ։

Ընդհանրապես, եթե ասեի, թե ինչն է ավելի կարևոր պետության համար, ապա կոռուպցիան դրանցից մեկը կլիներ, բայց ոչ առաջինը։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ազգային ծրագիր։ Պետության համար առաջինը անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքականությունը, քաղաքական կյանքի օրինականության և քաղաքացիների ներքին անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը, հետո արդեն կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած կոռուպցիայի բարձր աստիճանը իմ նշած առաջին կետերի զարգացմանը խանգարում է։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը չեն սկսում, ասենք, երկուշաբթի օրը և ավարտում հաջորդ երկուշաբթի։

Հարյուրավոր տարիներ բոլոր պետություններում այդ պայքարն ընթանում է փոփոխական հաջողություններով, և ամեն տարի միջազգային կազմակերպությունները հրապարակում են, թե որ պետությունը ինչ հաջողություն է գրանցել այդ ոլորտում։ Եթե ես ճիշտ եմ հիշում, անցյալ տարի լավագույն արդյունքներին հասել էր Նոր Զելանդիան, 100-ից 89  էր նրա մաքրությունը, Դանիայում 88 էր, ԱՄՆ-ն այդ ցուցակում 17-րդ տեղում էր, Գերմանիան՝ 12-րդը, Հայաստանը՝ 107-րդը, մեզանից հետո շատ ու շատ պետություններ կան, այդ թվում և Ռուսաստանը, Ուկրաինան։ Մենք խնդիր պիտի դնենք, որ 107-րդ տեղից բարձրանանք մինչև առաջին 20 տեղերը կամ ավելի բարձր։ Իսկ դրա համար տարիներ առաջ ստորագրել ենք այն կոնվենցիան, որը ներկայացրել է ՄԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ այդ կոնվենցիայի՝ մենք բազմաթիվ օրենքներ և կառույցներ պետք է ստեղծենք, որին զուգահեռ պետք է լինի նաև պատիժ։

Չինաստանը կոռուպցիայի դեմ հզոր պայքար է տանում, տարեկան մի քանի հարյուր հոգու էլ գնդակահարում է, բայց դա չէ իրենց ազգային ծրագիրը։ Դա ճանապարհ է, որ մյուս ծրագրերը ճիշտ իրականանան։ Հայաստանում իհարկե պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, և կարծում եմ, որ  նոր իշխանությունները լրիվ ձևավորվելուց հետո պարտադիր պետք է ստեղծեն համապատասխան մարմիններ և օրենքներ։

Ինչևէ, մենք այժմ նորից գտնվում ենք խաչմերուկում, կկարողանա՞նք արդյոք այս անգամ ընտրել ճիշտ ճանապարհը, թե ոչ։ Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի հասունությունից, խելամտությունից և կամքից։ Դատելու են հաջորդ սերունդները։

Անկախ