«Ինչքան մենք մտածենք մեր գոյատևման մասին, այնքան հեռանալու ենք մեր երազանքից և գոյատևել էլ չենք կարողանալու»

0
402

Վազգեն Մանուկյանը շարունակում է իր հանդիպումները հասարակության տարբեր շերտերի հետ

Ի պատասխան իրեն դիմավորելու առթիվ հնչած բուռն ծափահարությունների`Վազգեն Մանուկյանն արձագանքեց.

-Եթե ծափահարություններ են հնչելու, ապա ես կցանկանայի, որ դրանք հնչեին նախագահի պաշտոնի ժամկետն ավարտելուց հետո` ընդունելու, որ աշխատանքն իսկապես ճիշտ է կատարվել:
Այսօր մեզ համար շատ դժվար է առաջ գնալ առանց Սաշայի, սակայն Սաշան այնպիսի մարդ էր, որ ինքը կասեր` ոչ մի տատանում, ոչ մի բեկում. պետք է գնալ առաջ: Սաշան մեզ հետ է:
Սաշայի կյանքում երկու սկզբունք էր գերիշխում.

1. իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին,
2. կարգին պետություն կառուցում են կարգին մարդիկ: Նա միշտ պնդում էր, որ եթե կարգին մարդկանց կամ կարգին ուժերի հետ չես համագործակցում, կամ արդյունքի չես հասնի կամ արդյունքը կործանարար կլինի մեր հանրապետության, մեր ժողովրդի համար:

Այժմ կանգնած ենք ընտրությունների նախաշեմին:
Ներկայացնեմ մեր ծրագիրը` հնարավորինս համառոտ:
Բոլոր թեկնածուների ծրագրերում, այդ թվում նաև մեր ծրագրի մեջ, կան բազմաթիվ հարցեր, բացթողումներ, առաջարկություններ, բարի նպատակներ, և դրանք բոլորն էլ կարևոր են ու իմաստալից: Երբեմն ուրիշի ծրագիրը նայելիս նկատում ես հետաքրքիր դիտարկումներ և ակամայից մտածում ես` տես է, իսկ իմ մտքով չանցավ սրան անդրադառնալ, բայց հարց է առաջանում` մեր պայմաններում այդ ծրագրերը հնարավոր կլինի՞ իրականացնել, թե ոչ:
Դրա համար ես որոշեցի իմ ելույթն այլ ուղիով կառուցել: Ես ուզում եմ խոսել գաղափարների մասին, որոնք գրված են այս կամ այն ծրագրի մեջ, հետո անցնել մեխանիզմներին, հետո նոր տեսնել` դրանք տալի՞ս են մեզ սպասվելիք արդյունքները, թե ոչ:
Ամեն մի ծրագիր իր մեջ պարունակում է որոշակի գաղափարախոսություն: Կան թեկնածուներ, որոնք ասում են` այս համակարգը կպահպանենք, բայց ես լավ մարդ եմ, ես ազնիվ մարդ եմ, ես կգամ և ամեն ինչ լավ կլինի: Մենք դրա հետ համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ, այո, մարդուց շատ բան է կախված, բայց ավելի շատ բան կախված է պետության համակարգից: Այսօր թե ժողովրդի, թե թեկնածուների մոտ սկզբունքորեն երկու դիրքորոշում է առանձնանում:
Առաջին` մենք բոլորս ուզում ենք լինել ազգային պետություն, մենք ուզում ենք ազդեցիկ լինել մեր տարածաշրջանում, ուզում ենք լուծել մեր ազգային խնդիրներն ու ազդեցիկ դառնալ, մի խոսքով ասած` ապրել ազգային ավանդույթներով, ազգային արժեքներով, պահպանել Ղարաբաղի հարցը, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` չզիջելով ցեղասպանության ճանաչման հարցը, աշխարհում մրցակցության մեջ մտնել` օգտագործելով մեր Սփյուռքի կարողությունները…
Երկրորդ` մենք ապրում ենք այս երկրում, և ցանկացած մարդ ուզում է ազատ լինել, պաշտպանված լինել օրենքներով` աշխատող օրենքներով, ուզում է հնարավորություն ունենալ աշխատելու, ստեղծագործելու, բարգավաճելու, որ պետությունը լինի իրեն ոչ թե թշնամի, որին պետք է խաբել, այլ իրեն օժանդակողը…

Այդ երկու գաղափարն էլ բոլորինս մոտ կա:

Հնարավո՞ր է դրանցից մեկն իրականացնել առանց մյուսի: Կարծում եմ` ոչ:
Կան ուժեր, որոնք ասում են, թե ժողովրդավարությունը, ազատությունը երկրորդային գաղափարներ են, իրականում մեզ պետք է ազգային բրգաձև մի կառույց, մեզ համար նախևառաջ կարևոր է մեր ազգային խնդիրները լուծել: Բոլոր այն մարդիկ, որ նման բաներ են ասում, օգտվում են մեր ազգային զգացմունքներից, փող են դիզում, իշխանությունն են պահում իրենց ձեռքում: Երբեք այդ ճանապարհով մենք մեր ազգային խնդիրներին լուծում չենք տա:
Եվ մյուս ծայրահեղությունն էլ այն է, որն ասում է` եկեք մոռանանք Ղարաբաղի մասին, ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ թողնենք, Թուրքիայի հետ ճանապարհները բացենք, բանակը կրճատենք, դառնանք ազատ պետություն և նորմալ ապրենք:
Չի լինի այդպես Հայաստանում: Մենք այն տարածաշրջանում ենք ապրում, որ այդպիսի բան անել չենք կարող, մենք, որպեսզի տեղում կանգնենք, պետի վազենք, սա Շվեյցարիան չի:
Այդ երկու ծայրահեղություններն էլ տանում են խաբկանքի մեր ժողովրդին, երկու ծայրահեղություններն էլ օգտագործվում են այս կամ այն ուժի անձնական շահերի համար: Միայն երկուսը միասին կարելի է լուծել:
Այս պահին ես ազգային հարցերի մասին չեմ ուզում խոսել, որովհետև մեր պետության հիվանդությունն այլ տեղ է: Ես համոզված եմ, որ եթե երկրում լինի ազատ քաղաքացի, օրենքներով պաշտպանված, ազատ, ժողովրդավարական երկիր դառնա մեր պետությունը, առաջին գաղափարը բոլորի մեջ մխրճված կլինի:
Սակայն իրականությունն այլ է: Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ ազատ չենք, որտեղ մարդկանց մի խումբ ամբողջ տնտեսական-քաղաքական ուժը վերցրել է իր ձեռքը, և բոլորիս վերաբերվում է որպես ստրուկների ու ճորտերի, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ֆեոդալական-կապիտալիստական համակարգ է հաստատվել, և եթե այդ համակարգը չփոխվի, բոլոր բարի ցանկությունները միայն բարի ցանկություններ էլ կմնան:
Ի՞նչն է խանգարում մեր ազատությանը: Շատ պատճառներ կարելի է նշել:

1. Մեզ մոտ չկա ազատ երկրին բնորոշ արդար, գործադիր իշխանությունից անկախ դատական համակարգ: Մեր սահմանադրությունը, նույնիսկ 2005-ի բարեփոխումներից հետո չի ապահովում այն մեխանիզմները, որոնց միջոցով ժողովուրդը վերջապես կհասներ այն ազատությունը, այն անկախությունը, որին ձգտում է:

2. Երկրորդ կարևորագույն հարցը տնտեսության ու քաղաքականության սերտաճումն է: Չի կարող պետության մեջ լինել քաղաքական ազատություն` առանց տնտեսական ազատության և հակառակը:

3. Եվ երրորդը, որպես հետևանք այս երկուսի, կեղծիքներն ընտրությունների ժամանակ: Կեղծում են ոչ թե այն պատճառով, որ վատն են, կեղծարար են, որ մենթալիտետի հարց է, ինչպես անցած անգամ նշեց Սերժ Սարգսյանը, այլ վերը նշածս խնդիրներն են, որ հանգեցրին այն բանին, որ այդ մարդկանց խումբը պարբերաբար կեղծի ընտրությունները, որպեսզի իշխանությունն իր ձեռքից բաց չթողնի:

Նախևառաջ ուզում եմ անդրադառնալ տնտեսական ոլորտում առաջացած խնդիրներին. արդյոք գործարար աշխարհն ուզու՞մ է սերտաճած լինել քաղաքականության հետ:
Կարծում եմ` ոչ: Նույնիսկ ամենախոշոր օլիգարխները կուզենային լինել անկախ, վճարեին պետական հարկերն ու իրենց տնտեսական գործերով զբաղվեին, ոչ թե այսպիսի կախյալ վիճակում լինեին:
Տնտեսական ոլորտի հետևյալ բարեփոխումներն ենք մենք առաջարկում:
Նախևառաջ այդ կախվածությունը սկիզբ է առել այն բանից, որ օրենքները ձեռնտու չեն տնտեսվարողին, և նա ստիպված գնում է խարդախությունների ու սկսում է փնտրել կտուր:
Վերջին տարիներին Հայաստանում բավականին բուռն զարգացում ապրեց փոքր և միջին բիզնեսը` շնորհիվ այն բանի, որ երկրում գործում էր պարզեցված հարկի օրենքը: Ինչ է իրենից ներկայացնում այդ օրենքը. եթե ձեռներեցի տարեկան շրջանառությունը չի անցնում 50 մլն. դրամը, նա հարկ է վճարում 5%-ն այդ գումարի և ազատվում է մնացած հարկերից: Այդ օրենքի շնորհիվ իշխանության միջամտությունն այդ բիզնեսին դառնում էր անհնարին:
Հուլիսի 3-ին այդ օրենքը փոխեցին, ինչը նշանակեց փոքր և միջին բիզնեսի ոչնչացում, քանի որ ամբողջ աշխարհում փոքր և միջին բիզնեսն է, որ ապահովում է 40-70 տոկոսն աշխատատեղերի: Այսօր, երբ որևէ թեկնածու, իր ծրագրերում նշում է, որ պետք է ավելացնել աշխատատեղերը, և եթե չի խոսում տնտեսական համակարգի փոփոխությունների մասին, հարց է առաջանում` ինչի՞ շնորհիվ են ավելանալու այդ աշխատատեղերը: Այդ հարցին մենք շատ հստակ անդրադարձել ենք մեր ծրագրում.

1. պարզեցված հարկը վերադարձնել իր նախկին վիճակին, ավելին` դաշտն ընդլայնել. ոչ թե տարեկան 50մլն շրջանառության, այլ 100մլն. շրջանառության դեպքում մարդը հնարավորություն ունենա վճարել պարզեցված հարկ: Եթե նրա շրջանառությունը 100մլն-ից 300մլն դրամ է կազմում, ապա վճարի 10 տոկոս շահութահարկ, 300-ից 500մլն.-ի դեպքում.` 15 տոկոս շահութահարկ, 500մլն.-ից հետո նոր սկսվում է 20տոկոսանոց շահութահարկը:

2. Երկրորդ հարցը տնտեսությանը վերաբերող. ԱԱՀ-ն գանձվի ոչ թե սահմանի վրա, ինչպես այսօր է արվում, այլ երկրի ներսում` արդեն իրացումից հետո: Այո, դա բավական բարդություններ կառաջացնի պետական ապարատի համար, սակայն դա նորմալ է, եթե պրոֆեսիոնալ աշխատակազմ լինի, կարողանա այդ հաշվարկները ճիշտ անել:
Միայն օրենքներով, իհարկե, փոփոխություններ անել հնարավոր չի, պետք է համապատասխան աշխատակազմ ձևավորել: Եթե Մաքսայինում աշխատողները կաշառքով են զբաղված, և այդ կաշառքի մի մասը գնում է վերնախավին, ինչ օրենք էլ ընդունվի, միևնույնն է, գործարարները կգտնվեն ոչ հավասար պայմաններում: Նույնը վերաբերում է հարկային համակարգին: Այսինքն` պետք է նաև ճիշտ կադրային քաղաքականություն վարել:
Երբ ես ասում եմ, որ տնտեսությունը քաղաքական դաշտի հետ չպիտի սերտաճի, ինձ երբեմն օրինակներ են բերում, որ ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ, դրանք սերտաճած են: Սակայն, եկեք հասկանանք, թե դա ինչպես է տեղի ունենում:
Բոլոր երկրներում անհատ ձեռներեցությունն ազատ է իշխանական միջամտությունից, աշխատում է միայն օրենքների դաշտում, բայց պետությունը որոշ դեպքերում, հաշվի առնելով ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղությունները, հասկանում է, որ ոչ մի գործարար իր գումարները չի ներդնի այն ոլորտի մեջ, որն արագ եկամուտներ իրեն չի ապահովելու: Եվ պետությունն ինքն է սկսում միջամտել տնտեսական այդ ոլորտին` ցանկանալով զարգացնել այն: Օրինակ, Ֆինլանդիայում կառավարությունը տարիներ առաջ համախմբեց ամբողջ գիտական ներուժը, համախմբեց օլիգարխիկ կապիտալները և ստեղծեց Nokia ֆիրման ու դուրս եկավ համաշխարհային շուկա: Սա բավականին տարբերվում է այն սերտաճումից, որի մասին մենք ենք խոսում և որն առկա է մեր իրականությունում:

Անդրադառնանք պետական կառուցվածքին վերաբերող հարցերին:
Մեր պետական կառուցվածքն ապրեց մի քանի փուլ. սկզբում մենք աշխատում էինք Խորհրդային Միությունից ժառանգած սահմանադրությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը Գերագույն Խորհրդի նախագահն էր, ես` վարչապետը: Նախագահ չկար, և չկար նաև կենտկոմ, իսկ այն սահմանադրությունը նախատեսված էր կենտկոմով աշխատելու համար, և բուրգի գագաթում պետք է լիներ կենտկոմի առաջին քարտուղարը: Բայց մենք հրաժարվեցինք կոմկուսից, և մնաց երկու թև` մի քիչ նման պառլամենտական հանրապետությանը:
Մենք ունեցանք բազմաթիվ հակասություններ` ոչ միայն անձնական, քաղաքական, այլև այն հարցի շուրջ, որ պարզ չէր կառուցվածքը համակարգի, պարզ չէր` ով ինչի համար է պատասխանատու, և դա անդադար խնդիրներ էր առաջացնում: Հետո անցանք կիսանախագահական համակարգի: 1995 թվին մի սահմանադրություն մշակվեց, որը նախագահին դարձրեց թագավոր: Առանց այդ էլ քաղաքական մի խումբ վերցրել էր իշխանությունն իր ձեռքը, իսկ այդ նոր սահմանադրությամբ այդ քաղաքական խմբի ղեկավարին հնարավորություն տվեցին նշանակել դատախազ, դատավորներ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ: Միայն մարզպետների նշանակումն արդեն ձևավորում էր ֆեոդալական համակարգ, նրանք հետո պիտի ապահովեին ձայներ ընտրությունների ժամանակ:
Մենք գտնում ենք, որ սահմանադրությունն անպայման պետք է փոխվի: Բացի այն, որ երկու սահմանադրություններն էլ ընդունվել են ոչ ժողովրդի համաձայնությամբ, կան նաև բովանդակային անհամաձայնություններ:
Փոխման ենթակա ո՞ր կետերն ենք մենք կարևորում նախևառաջ:
Առաջին հերթին դատական համակարգը: 2005-ի սահմանադրության մեջ կա դատական համակարգի լուրջ բարեփոխում, սակայն նաև մնացել է անորոշություն. նախագահը շարունակում է գլխավորել խորհուրդը, բայց մյուսներն են որոշում դատավորին, ներկայացնում են նախագահին, և նա ստորագրում է, նույնը` հեռացնելու դեպքում, սակայն հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, եթե նախագահը որոշի չստորագրել: Այսինքն` կախումը դեռ պահպանվում է:
Երկրորդ հարցը մարզետերի ընտրովի լինելն է: Սահմանադրական փոփոխությունների մեր առաջարկության մեջ գրված է, որ մարզերն ընտրում են օրենսդիր և գործադիր մարմիններ: Ինձ երբեմն ասում են, որ դա նման է ֆեդերատիվ հանրապետությանը, բայց չէ՞ որ մենք ունիտար պետություն ենք: Ես ուղղակի օրինակ բերեմ ունիտար պետությունների, որոնք այդ համակարգն ունեն: Ֆրանսիայում, դեռևս Նապոլեոնից սկսած, պրեֆեկտների ինստիտուտն էր գործում, այսինքն` պետությունը բաժանված էր մարզերի և կառավարությունը նշանակում էր պրեֆեկտներ, որոնք կառավարության ներկայացուցիչներն էին` համապատասխան մարզը վերահսկելու համար: 80-ականներին առաջացան դժգոհություններ: Այժմ Ֆրանսիան ընդունել է նոր համակարգ. երկիրը բաժանված է 96 դեպարտամենտի, որոնք ինքնուրույն ընտրում են օրենսդիր և գործադիր մարմիններ, և պետությունն էլ մի կոմիսար է նշանակում` իր ծրագրերի վերահսկողության համար: Նույնն Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում:
Ընտրված մարզպետն իրականացնում է իր ժողովրդի ցանկությունները, ավելին` այս դեպքում քաղաքական դաշտում առաջանում է մրցակցություն:
Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ: 95 թվականին այս հարցի շուրջ առաջացած վիճաբանությունների ժամանակ ասվում էր, որ ընտրված քաղաքապետը դառնում է նախագահին համահավասար մեկը, քանի որ Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացած է մայրաքաղաքում: Սակայն չպետք է մոռանալ, որ լիազորությունները քաղաքապետի սահմանափակված են օրենքներով: Բայց եթե այդ փաստն էլ մի կողմ դնենք, պետք է ընդունենք, որ մրցակցությունը քաղաքական դաշտում մեզ միայն ձեռնտու է, քանի որ, ինչպես վերը նշեցի, ոչ միայն քաղաքական դաշտը կաշխուժանա, այլև այդ գործընթացի մեջ կձևավորվի մի քաղաքական գործիչ, որ հերթական նախագահական ընտրությունների ժամանակ ընդունելի թեկնածու կլինի:
Հաջորդ կետը, որ սահմանադրության մեջ կարևորում ենք, այն է, որ ժողովուրդն ունենա հանրաքվեի իրավունք: Եթե ժողովուրդն անհանգստացած է մի հարցով, 100.000 ստորագրություն հավաքելու դեպքում /100. 000-ը պայմանական թիվ է, այն կարող է փոխվել/, ինքը կարող է ցանկացած հարց մտցնել հանրաքվեի: Հավատացեք, որ այդ օրենքը գրեթե չի գործելու իշխանափոխության համար, քանզի, եթե իշխանությունն իմանա, որ ժողովուրդն իրեն կարող է փոխել, ինքն ամեն բան անելու է, որ արժանանա ժողովրդի վստահությանը:
Եթե այս բարեփոխումները չլինեն, ոչինչ չի փոխվի, որովհետև ինչքան էլ ազնիվ մարդ գա իշխանության ու կանգնի բուրգի գագաթում, գայթակղությունը մեծ է դառնալու` օգտագործել իրեն տրված իշխանությունը: Դրա համար այն մարդը, որ գալու է իշխանության, 2-3 տարում պիտի փոխի այն, որից հետո ինքն էլ կընկնի այդ կախվածության մեջ:
Անդրադառնալով բանակի հարցին. պատերազմի ժամանակ, երբ ես դարձա Պաշտպանության նախարար, բանակի սաղմերը նոր դրվում էին: Երկու մոտեցում կար: Պատերազմ էր գնում: Կային ֆիդայական ջոկատներ: Մի սկզբունքը սա էր. բոլոր ֆիդայական ջոկատները համախմբել, դարձնել բանակ, այդ բանակով հաղթանակի հասնել: Մյուսը` զինակոչի միջոցով ստեղծել հզոր բանակ: Երեք զինակոչի միջոցով հնարավոր էր այդ բանակը կառուցել. առաջինն ապահովում էր բատալյոնների 1/3-ը, երկրորդը` 2/3-ը, երրորդը` ամբողջ բանակը: Ինչ արեցինք մենք: Մենք ստեղծեցինք երկու բանակ: Այո, 92-93թվին մենք ունեինք երկու բանակ: Մի կողմից մենք ստեղծեցինք կանոնավոր բանակ, մյուս կողմից` պրոֆեսիոնալ բանակ, այսինքն` կռվող այդ տղաների հետ, որոնք կամավոր էին կռվում, բայց միաժամանակ անհանգստացած էին թիկունքում մնացած իրենց ընտանիքների համար, մենք 5 տարի ժամկետով վճարովի ծառայության պայմանագիր կնքեցինք: Ամբողջ ծանրությունը պատերազմի իր վրա վերցրեց այդ պրոֆեսիոնալ բանակը:
Մեր ծրագրի մեջ գրված է 2 տարվա ծառայությունից անցնել 1.5, ապա 1 տարվա ծառայության և կամաց-կամաց կառուցել պրոֆեսիոնալ բանակ: Եթե մենք հենց հիմա 2 տարին դարձնենք 1.5, մենք դեմոգրաֆիայի խնդիր կունենանք: Դրա համար ծրագրի մեջ գրված է ուղղվածությունը, որով պիտի զարգանա բանակն ու դառնա պրոֆեսիոնալ բանակ: Իհարկե, դա չի նշանակում, թե երիտասարդները զինծառայությունից ազատվելու են, ոչ, բոլորը պարտավոր են ծառայել հայրենիքին, բայց ոչ 2 տարով, այլ համապատասխան կուրսեր անցնելով:

Ինչ վերաբերում է գիտության և կրթության հարցերին, ապա այստեղ պետք է հստակ գիտակցել. եթե մենք մեր առջև խնդիր ենք դնում դառնալ տարածաշրջանի ամենազդեցիկ պետություններից մեկը, եթե մենք հայտարարում ենք, որ մտնում ենք համաշխարհային համագործակցության ու մրցակցության դաշտ, այդ դեպքում գիտությունը դառնում է շատ կարևոր և մենք պիտի լուրջ ներդրում ունենանք գիտության և կրթության զարգացման գործում, հատկապես, որ այսօր աշխարհը զարգանում է ոչ թե արտադրության, այլ ինֆորմացիայի միջոցով: Մենք իրոք ունենք շատ խելացի երիտասարդներ թե երկրի ներսում, թե արտերկրում, որոնք այսօր ինտերակտիվ կապի միջոցով կարողանում են գտնել իրար ու համագործակցել, այսինքն` որոշ իմաստով դուրս գալ համաշխարհային շուկա: Ժամանակակից աշխարհի զարգացման հիմքում ընկած է գիտությունը, և եթե ուզում ես համարժեք քայլել ժամանակակից աշխարհին, ուրեմն պետք է զարգացնես գիտական ներուժդ:
Սոցիալական հարցերի մասին խոսելիս մենք մեծ խոստումներ չենք ուզում տալ: Այսօր 60%-ով ավելացավ կենսաթոշակը, մենք գտնում ենք, որ այդ տեմպերով պետք է առաջ գնալ, սակայն եռամսյակը մեկ ինդեքսացիա անելով:
Կարճ անդրադառնամ գյուղատնտեսությանը: Երբ 90-91թվականին մենք իրականացնում էինք հողի սեփականաշնորհումը, առաջացավ մի մեծ խնդիր, որ ի սկզբանե հասկանալի էր: Փոքր հողակտորների մշակումն արդյունավետ չի: Որպեսզի գյուղատնտեսությունը դառնա ապրանքային, պետք է լինեն մեծ հողակտորներ: ԳԽ-ն այն ժամանակ օրենք ընդունելիս հատուկ նշեց, որ մենք հողը տալիս ենք գյուղացիներին` որպես սեփականություն, բայց ցանկալի է, որ դուք որպես կոլխոզ դա օգտագործեք, այսինքն` ամեն մեկդ ձեր բաժինը չվերցնեք ու առանձնանաք: Բայց դա ուղղակի բարի ցանկություն էր, որ իրականություն դարձավ ընդամենը մեկ թե երկու գյուղում, և մենք կանգնեցինք, այն իրականության առջև, որ այսօր ունենք:
Լուծումը հողակտորների խոշորացման մեջ է, և դրան հասնելու երկու ճանապարհ կա: Մի տարբերակով քիչ ավել հնարավորություն ունեցող գյուղացին գնում է հարևանի հողակտորը և սկսում աշխատել, կամ մի մեծահարուստ գալիս է, սկսում է հողակտորները սեփականացնել, ինչին մենք այսօր ականատես ենք լինում: Այդ ճանապարհով գնացել են Միացյալ նահանգները, որովհետև անսպառ քանակությամբ հող ունեն: Այդ ճանապարհով Մեքսիկան գնաց, բայց մեծ խնդիր ունեցավ, որովհետև Մեխիկոն լցվել էր գյուղացիներով, քանի որ գյուղացին, կորցնելով հողը, եկել էր քաղաք, ուրիշ ելք չունեին: Մենք էլ նույն խնդիրն ենք ունենալու:
Կա երկրորդ տարբերակը, որը շատ լավ օգտագործել է Իտալիան, այսինքն` կոլխոզների ստեղծման տարբերակը, սակայն երկիրն այս դեպքում ոչ միայն առաջարկում էր ստեղծել դրանք, այլ աջակցում էր, լուրջ ներդումներ էր անում, նպաստավոր պայմաններ էր ստեղծում, որ գյուղատնտեսությունը զարգանա: Եվ շուտով գյուղացիները հնարավորություններ էին ունենում կոոպերատիվներ բացել քաղաքում, որ ապրանքն իրացնեն, հետո սկսեցին բացել փոքր գործարաններ` ապրանքը վերամշակելու համար: Մենք կարծում ենք, որ Հայաստանում այդ ճանապարհով գնալն է ճիշտ:

Ինչպե՞ս եք վերաբերվում հայիրանական հարաբերություններինԱզատություն լիգա» Հ/Կ) :

-Մենք չունենք ծով, մենք ունենք 4 հարևան, որոնցից Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ` տնտեսական, կոմունիկացիոն, Ադրբեջանն էլ իր ճանապարհները փակել է, ունենք Վրաստան և Իրան: Վրաստանի ճանապարհները բավականին սահմանափակ են Աբխազիայի երկաթգծի չաշխատելու պատճառով, և եթե Իրանի ճանապարհը չլիներ, ապա մենք շատ բարդ վիճակում կգտնվեինք այսօր: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ իր ճանապարհը փակում է` մտածելով, որ մենք կխեղդվենք: Բայց Իրանի ճանապարհի շնորհիվ մենք կարողացանք դիմանալ, այսինքն` զուտ պրագմատիկ տեսակետից` Իրանը մեզ համար անչափ կարևոր է, սակայն սա միակ կարևոր կողմը չի, մեկ այլ հարց էլ կա:
Դարեր շարունակ մենք հսկայական ուժ ենք եղել, մենք աշխարհի ամենամեծ պետությունների մի մասն էինք կազմում, 7-8 պետություններից մեկն էինք, բայց ամեն ինչ կորցրեցինք: Մեր կորուստների հիմնական մասը գալիս էր նրանից, որ անընդհատ գնում էր մուսուլման-քրիստոնյա պայքարը, և մենք միշտ այդ առաջավոր գծի վրա ենք եղել: Ինչ է տեղի ունենում այսօր. առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն ու ֆունդամենտալ մահմեդական պետությունը ոչ միայլ նորմալ հարաբերություններ ունեն, այլև քրիստոնյա հայերն օգտվում են բոլոր իրավունքներից մուսուլմանական Իրանի ներսում: Սա այն ձեռքբերումն է, որը պետք է պահել ու փայփայել: Քրիստոնյա-մուսուլման համերաշխության կարևորագույն կամուրջը Հայաստան-Իրան հարաբերություններն են:

Ձեզ մոտ ծրագրային կետեր կա՞ն, որ ուրիշները վերցրել են:

-ԱԺՄ-ի ծրագրերի մեջ միշտ եղել են կետեր, որոնք մյուսները վերցրել են, և ինչքան շատ են վերցրել, այնքան շատ ենք մենք ուրախացել: 90-ական թվականներին Սեյրան Ավագյանը վառված էր սոցիալակ զամբյուղ ստեղծելու գաղափարով, ավանդների վերադարձման մեխանիզմը մենք մշակեցինք 95թվականի ընտրությունների ժամանակ, ընդ որում այսպես էր ասված` 10 ռուբլին պետք է հավասար լինի 1 դոլարին. 9մլրդ պարտք կար մոտավորապես, դա նշանակում էր, որ 900մլն դոլար պետությունը պետք է վերադարձնի ժողովրդին, ընդ որում` նշվում էր նաև աղբյուրը` ինչպե՞ս պետք է վերադարձվի: Այն ժամանակ սեփականաշնորհումը նոր էր սկսվել, մենք առաջարկում էինք սեփականշնորհումից առաջացած գումարներով վերադարձնել ավանդները: Մենք մշակեցինք հաստատագրված հարկը, որը գործածության մեջ մտավ պարզեցված հարկ անվամբ, պրոֆեսիոնալ բանակը և այլն: Շատ-շատ գաղափարներ է ԱԺՄ տվել, բայց քանի որ ինքն անընդհատ նոր պտուղներ է տալիս, ինքը հին պտուղներ հավաքելու հակված չի, միշտ պտուղ հավաքող կլինի:

Ինչպիսի՞ մշակութային քաղաքականություն եք վարելու:

-Մշակութային քաղաքականության մեր ծրագրի մեջ մենք նշել ենք, որ դժգոհ ենք ներկայիս մշակութային կյանքից, սակայն զարգացման համար նախևառաջ պետք է նպաստավոր հարկային պայմաններ ստեղծել: Մենք առաջարկում ենք ստեղծել մշակութային ֆոնդեր: Օրինակ` Միացյալ նահանգներն աղքատ էր հնությունից, նոր պետություն էր, հնությունների մեծ մասը գտնվում էր Եվրոպայում, և երկիրը որոշում ընդունեց, որ եթե մեկն արվեստի լուրջ գործ է բերում երկիր, ապա այդ գումարը հանում են հարկերից, այսինքն` խրախուսում էր, որ մարդիկ դրսից արվեստի, մշակույթի լուրջ գործեր բերեն: Մենք էլ պետք է նման քաղաքականություն մշակենք, օրինակ, եթե մեկը նվիրատվություն է անում, ապա համապատասխանաբար ազատվում է հարկերից: Ինչ վերաբերում է գրահրատարակչությանը, պետք է նշել, որ այս ոլորտում էլ զարգացման լուրջ խնդիրներ ունենք, և որպեսզի նպաստենք այդ ոլորտի զարգացմանը, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ազատենք այն ԱԱՀ-ից: Անշուշտ լուրջ բաներ կան անելու կինոյի, թատրոնի ասպարեզի զարգացման գործում, որտեղ, ինչպես և տնտեսության մեջ, բուրգեր են առաջացել և պետք է դրանք ճիշտ հիմքերի վրա դնել, սակայն մանրամասն այս հարցերի շուրջ արվող մեր առաջարկներին կարող եք ծանոթանալ մեր էլ. կայքում:

Ըստ Ձեզ որո՞նք են էկոլոգիական խնդիրների լուծման ուղիները:

-Եթե հիշում եք, ԽՄ-ում մեծ էկոլոգիական շարժում էր սկսվել, որը հետագայում վերածվեց Ղարաբաղյան շարժման, բայց հիմնականը կարևորվում էր էկոլոգիան: Լուրջ հարց էր Նաիրիտի գործարանի և մյուս վնասակար գործարանների գործարկումը: Այն ժամանակ, երբ լուրջ սոցիալական խնդիրներ չկային, մարդիկ սկսեցին մտածել էկոլոգիայի մասին, որը նաև առողջության հարց էր:
Ինչ է իրականում տեղի ունենում. փոքր երկրներն անխնա օգտագործում են իրենց հանքերը, էկոլոգիան դիտարկում են երկրորդական հարց, որին պետք է անդրադառնալ հարստանալուց հետո: Դրա համար մշակվեց երկրի կայուն զարգացման ծրագիր, որը, ցավոք, մենք չենք իրականացնում այսօր: Էկոլոգիական առաջին աղետը սկսվեց պատերազմի այն ծանր տարիներին, երբ մարդիկ կտրում էին ծառերը, այլ ելք չունեին, և ես այն օրերի ծառ կտրելը կհամարեի ներելի: Հետո սկսվեց ծառ կտրելը սրճարաններ կառուցելու համար…
Ինչ վերաբերում է հանքերի օգտագործմանը, ապա եկեք հիշենք, որ Հայաստանի բոլոր հանքերը ԽՄ-ում գծագրված են, և հստակ նշված էր, թե որ հանքը երբ կարելի է օգտագործել: Ըստ այդ տվյալների, օրինակ, Թեղուտի հանքավայրը ներկայումս բացարձակապես իմաստ չունի օգտագործել, դրա հերթը պիտի հասնի առնվազն 50 տարի հետո: Հանքերը, իհարկե, պետք է օգտագործել, բայց հանքերի օգտագործման պետական օրենք պիտի լինի, պետք է լինեն չափանիշներ, էկոլոգներն իրենց խոսքը պետք է ասեն, պետք է լինի համաչափություն: Իսկ թե ինչ կասեն էկոլոգները, այսօր իրականում կախված է այն բանից, թե որքանով ազատ են իրենք, որքանով պաշտպանված են օրենքներով, որպեսզի ազատ կարողանան արտահայտվել կառավարության դեմ ու պահեն իրենց դիրքորոշումը:

-Կարո՞ղ եք նշել այն մեխանիզմը, որը կկարողանա ապահովել ընտրողների 80 տոկոսը` մեկ թեկնածուի շուրջ:

-Քաղաքականության և մարդկանց երազանքներն իրականացնելու մեջ կարևոր նշանակությունն ունի քարոզչությունը: Ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց մոտ մի գայթակղություն է առաջանում: Մի քանի տարի ասում էին, որ բոլորը սրիկա են, հետևաբար անձերի փոփոխման և դրանով իրավիճակը բարելավելու հարց էր առաջանում: Այդ մտայնությամբ դեռ ոչ մի անգամ մենք ոչ մի բանի չենք հասել: Իրականությունը ցույց է տալիս, որ դա ելք չի: Տեսեք, ղարաբաղյան շարժումից առաջ ոչ ոք քարոզչություն չէր անում, բայց մեզ մոտ դպրոցից, մեր հարազատներից, ծնողներից ինչ որ երազանք էր ծնվել, որ 88-ից ձևավորվեց որպես ղարաբաղյան շարժում: Ես հիմա ավելի շատ աշխատում եմ, որ այդ երազանքը մտնի մարդկանց մեջ, միայնակ ես դա անել չեմ կարող: Մարդկանց հետ շփվելով` ես տեսնում եմ, որ շատերի մեջ ապրում է այդ երազանքը, սակայն դրանից հետո առաջ է գալիս մի բայց… Մարդկանց համոզել են, որ լուրջ մարդը չի երազում: Ինձ հաճախ ասում են` այդ երազանք բառը հանի ծրագրիդ միջից, քանի որ հայերի համար դա նշանակում է, որ խելոք չես, պրագմատիկ չես, հաշվել չես կարողանում: Ամերիկայում դրան այլ կերպ են վերաբերվում, նրանք առաջնորդվում են «Ամերիկյան երազանք» լոզունգով: Ես կարծում եմ, որ նույն տերմիննը պետք է մեզ մոտ ձևավորվի, և պատահական չէ, որ իմ գիրքը հենց այդպես էլ վերնագրված է` «Հայկական երազանքը գոյատևման փակուղում»: Ինչքան մենք մտածենք մեր գոյատևման մասին, այնքան հեռանալու ենք մեր երազանքից, և գոյատևել էլ չենք կարողանալու:
Անշուշտ անելիքներ շատ կան, անշուշտ ծրագրերը մեծ են, սակայն առաջնային խնդիրը մեզ համար այսօր ազատ, արդար ընտրություններն են, իսկ դրան հասնելու մի ուղի կա` 80 տոկոսը ժողովրդի պիտի գնա մի թեկնածուի հետևից, 80 տոկոսը պիտի ունենա նույն սկզբունքները, նույն նպատակները, նույն երազանքները և կարողանա դրանք մինչև վերջ պահել, և այդ դեպքում նրա դեմ խաղ չի լինի: Միացյալ Նահանգները, որ այս մեծ բաներին հասան, երկու սյան վրա էին կառուցել իրենց ապագան` երազանքներ, իդեալիզմ և քաղաքական պրագմատիզմ: Մեկն առանց մյուսի չի աշխատում:
Ես կոչ եմ անում միասին գնալ այդ ճանապարհով: