Վազգեն Մանուկյանը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

0
317
Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։
Նման հարցերի քննարկումները՝ սահմանների ճշգրտում, խաղաղության պայմանագիր և այլն, շատ երկրների միջև տևում են տասնյակ տարիներ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև մինչ օրս խաղաղության պայմանագիր կնքված չէ՝ Կուրիլյան մի քանի փոքր կղզիների պատկանելության հիմնախնդրով պայմանավորված), աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնց միջև սահմանների ճշգրտում արված չէ, բայց դա չի խանգարում այդ երկրներին ունենալ խաղաղ հարաբերություններ, համագործակցություն տնտեսության և այլ ոլորտերում։
Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ ունակ են բանակցություններ վարելու, ո՛չ էլ շահագրգռված են պահպանել մեր ազգային շահերն ու արժեքները։ Իրենք իրենց առջև ուրիշ խնդիրներ են դրել, այդ խնդիրերից մեկն էլ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է։ Վախեցած 44-օրյա պատերազմի հետևանքներից, որոնք եղել են հենց իրենց մեղքով՝ իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի։
Դա կեղծ պատրանք է։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում՝ առջևում սպասվող ցնցումներով, որտեղ սահմանները վերջնական չեն, և ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եվ այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ։
Հարևան երկրների հետ հարաբերություններ հաստատելուն ոչ ոք դեմ չէ։ Հարցն այն է, թե ինչ գնով դա պետք է անել, երբ և ինչպես։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում։ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ մենք ունենք բնական նախապայմաններ՝ ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված։ Մեզ միշտ համոզել են, որ մենք մի քիչ մեղմենք մեր դիրքերը, դիմացինին էլ համոզել են, որ նա ինչ-որ չափով ընդունի մեր պայմանները։ Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ։
Կարևոր է գիտակցել, որ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք 44-օրյա պատերազմից հետո, ցանկացած բանակցություն, որը կավարտվի որոշակիությամբ, որևէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու։ Կարելի է պարզ ձևակերպել այսպես՝ այս պահին ցանկացած որոշակիություն ի վնաս մեզ է, ցանկացած անորոշություն իր մեջ պարունակում է ռիսկեր, բայց նաև տալիս է հնարավորություն ապագայում լավ արդյունքի հասնելու համար։ Եվ հիմա ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ հիմնվելով միջազգային իրավունքի ոլորտում նախկինում մեր ունեցած ձեռքբերումների ու դրական արդյունքների վրա՝ այդ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը՝ հաշվի չառնելով՝ դիմացինը կընդունի դրանք, թե ոչ։
Ի՞նչ է պետք անել։
Բանակցություններում մեր ազգային շահերն ու նախապայմանները դնելուն և ժամանակ շահելուն զուգահեռ երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության ու վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակն ու նորից դարձնել մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։
Այս իշխանությունը ոչ միայն բարոյական իրավունք չունի մնալու իշխանության ղեկին կապիտուլյացիայից հետո, այլև նաև ունակ չէ լուծելու այս հարցերը։
Հետևաբար Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան
02.06.2022 թ․