Մենք հաղթել ենք մեր զինվորների արյան գնով․ Վազգեն Մանուկյանի ելույթը, 1994թ․ օգոստոսի 12

0
403

Վազգեն Մանուկյանը իր ելույթում անդրադառնում է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1994թ․-ի օգոստոսի 5-ի ելույթին, Արցախյան պատերազմի հաղթանակների հիմնական բաղադրիչներին և այլ հարցերի։

«Իմ նպատակը չէ հիմա մանրամասն վերլուծել Ղարաբաղի շարժման և պատերազմի պարտություններն ու հաղթանակները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է գտնել պատճառը, թե ո՜նց էր, որ մենք հաղթած դուրս եկանք մինչև հիմա։ Նախագահը սխալ պատասխան է տալիս դրան, որովհետև իրեն այս րոպեին ձեռնտու է այդպիսի պատասխան տալը։ Նա ասում է՛ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանում պառակտում կար։ Ոՙչ։

Մենք հաղթում էինք, և մեր հաղթանակների պատճառով Ադրբեջանում առաջանում էին պառակտումներ, և փոփոխվում էին հանրապետության նախագահները։ Շուշիից և Լաչինից հետո փոխվեց Մութալիբովը, Քելբաջարից, Մարտակերտից և Աղդամից հետո փոխվեց Էլչիբեյը։ Իր ասածով նա լուծում էր այդ րոպեի խնդիրը, բայց դա նվաստացուցիչ էր մեր ժողովրդի համար, որովհետև ժողովուրդն է հաղթել։

Մեր հաղթանակով մենք պարտական ենք մեր ժողովրդին, մեր ֆիդայիներին, մեր զինվորներին, մեր այն սպայական կազմին, որ հիմա ծառայում է մեր բանակում և Ղարաբաղում, այն կազմակերպական աշխատանքին, որ կատարվեց Հայաստանի բանակում և Ղարաբաղի ղեկավարության կողմից Ղարաբաղում։ Եվ ամենակարևորն այն է, որ բանակի առջև ևՙ Ղարաբաղում, ևՙ Հայաստանում խնդիր դրվեց՛ հաղթել։ Հնարավոր չէ հաղթել, եթե չի դրված այդպիսի խնդիր։

Մենք դեռ չենք հիշում, որ հանրապետության նախագահը մեր ժողովրդի առջև, կառավարության առջև կամ իր առջև որևիցե խնդիր դնի։ Ասում է միայն՛ կանենք այն, ինչ հնարավոր է։ Ունենալով այսպիսի զինվորականություն, սպայական կազմ, այսպիսի ժողովուրդ, մենք էլի կարող էինք պարտվել, եթե դրված չլինեին ռազմական խնդիրներ։ Մեր այս հաղթանակը հարյուրավոր ու հազարավոր զոհեր պահանջեց։ Զոհվեցին շարժման մասնակից տղաներ, որոնցից շատերին մենք ճանանչում էինք ևՙ դեմքերով, ևՙ անուններով։ Շարժման օրերին մեզ համար անընդունելի է եղել պատերազմի միտքը։ Մենք միշտ խուսափել ենք պատերազմի մեջ ներքաշվելուց։ Մեզ պարտադրեցին պատերազմ, և մենք հաղթեցինք։ Եվ այն պարզաբանումը, թե Ադրբեջանը երկու անգամ մեծ է կամ այսքան զենք ունի, բոլորը դատարկ խոսակցություններ են։

Ազգային քաղաքականության մեջ թվաբանությունն անզոր է։ Բարձրագույն մաթեմատիկան է գործում, բայց շատերն էլ ծանոթ չեն այդ գիտությանը։ Առաջին հայացքից թվում էր, որ հաղթանակների շնորհիվ կհասնենք խաղաղության։ Այնուամենայնիվ, ի՜նչ նպատակ ունեինք մենք Ղարաբաղի հարցում։

Ղարաբաղի ժողովուրդը դուրս էր եկել ազգային ազատագրական պայքարի, մեր նպատակն էր, որ նա հաղթանակ տանի, և խաղաղություն տիրի։ Խաղաղություն ոչ թե ամեն գնով, այլ ազգային հարցը լուծելու շնորհիվ։» ․ հատված Վազգեն Մանուկյանի 1994թ․-ի օգոստոսի 12-ի ելույթից։

Ելույթի տեքստային տարբերակը ամբողջությամբ այստեղ՝ https://vazgenmanukyan.am/wp-content/…