Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու բոլորը. Վազգեն Մանուկյանի շնորհավորական ուղերձը Արցախի նորընտիր նախագահին

0
302

Արցախի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին վճռական քայլով իշխանափոխություն իրականացնելու առթիվ, որն ընդգծում է Արցախի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու բոլորը:

Արցախի գործոն լինելը վճռական նշանակություն է ունեցել մեր բոլոր նախորդ հաղթանակներում:

Վերջին տարիներին Արցախը կամաց-կամաց կորցնում էր իր ինքնուրույնությունն ու գործոն լինելը, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքի և արդյունքների վրա:

Հարգելի պարոն Շահրամանյան,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Այսօր ողջ հայության ուշադրության կենտրոնում Արցախն է՝ իր հերոսական պայքարով, խիզախությամբ և ծանր փորձությունները հաղթահարելու իր կամքով։

Ստանձնելով այդ կարևոր, բայց չափազանց բարդ դերակատարումը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին։ Մաղթում եմ, որ պատվով կատարեք Ձեր առաքելությունը՝ նպաստելով Արցախի հերոս ժողովրդի իղձերի ու երազանքների իրագործմանը։

Այդ խնդիրները լուծելու նպատակով պետք է լինել համառ, հաստատակամ՝ միաժամանակ կարողանալով աշխատել բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ անկախ նրանց դիրքորոշումներից:

Լիահույս եմ, որ Ձեր կառավարման ընթացքում Արցախն այս փորձություններից դուրս կգա ավելի ուժեղացած ու ամրացած:

Վազգեն Մանուկյան

11. 09. 2023 թ.