՛՛Հրապարակ”․ Այդ հարթակը կարող է դառնալ բոլորի միավորման հարթակը

0
469

Հարցազրույց նախկին վարչապետև նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ

– Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն հայտարարում են, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նոր սահմանադրությունը չորրորդ հանրապետության մեկնարկը կտա: Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում նոր սահմանադրություն ընդունել, եթե գործող սահմանադրությունը չի խանգարում իրենց ոչնչով, եւ ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

– Առաջինը` գործող Սահմանադրության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործ է, ինչու, որովհետեւ խախտել է նույն այդ Սահմանադրությունը: Իր հայտարարություններն այդ մասին են փաստում. օրինակ` Արցախն Ադրբեջանի կազմում է եղել եւ այլն, եւ այլն: Նրա հայտարարությունները խախտում են գործող Սահմանադրությունը: Սահմանադրության փոփոխության արդյունքում` նոր սահմանադրությամբ, նա արդեն որպես պետական հանցագործ չի ճանաչվի: Երկրորդը․ նա փաստարկներ է բերում, որ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք գրգռում են մեր հարեւաններին, ուղղակի ծիծաղելի է: Օրինակ, կարելի է կարդալ Միացյալ Նահանգների կարեւոր օրենքները եւ հասկանալ, որ դրանք ժամանակի ընթացքում չեն փոխվել: Այս մարդու մոտ մի հիվանդագին բան կա, նա միշտ իր արածներն արդարացնելու եւ իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, անգամ հայոց պատմությունը ջնջելու: Ինձ թվում է` նա վախեցած է պատերազմից, դրսից` Ադրբեջանից, Թուրքիայից: Նա միայն մտածում է այն մասին, որ հանկարծ պատերազմ չլինի, բայց ոչ թե ժողովրդի կամ մեր երկրի մասին է մտածում, այլ իր իշխանությունը պահելու: Նրան թվում է, որ շինծու բաներ անելով կարող է խուսափել դրանից, բայց իրականում մեկը մյուսի հետ կապ չունի: Նա այդ ամենը չի հասկանում: Իմ տպավորությամբ` հիվանդ մարդ է:

– Դուք տարբեր ընդդիմադիր շարժումներ եք առաջնորդել, սակայն Նիկոլ Փաշինյանը ցայսօր կառավարում է, շարունակում իր «սեւ գործը»: Ի՞նչ եք պատրաստվում առաջիկայում անել: Ինչո՞վ եք զբաղվում:

– Ընդդիմադիր լինում են, երբ պետության ներսում լինում է իշխանություն, երբ լինում են կուսակցություններ, որոնք ընտրության միջոցով ձգտում են իշխանության եւ այլն: Մեր կարգավիճակն այսօր ուրիշ է: Իշխանությունների կողմից բացահայտ ազգային շահերին ուղղված դավաճանություն է տեղի ունենում, եւ ցանկացած նորմալ մարդ, անկախ այն բանից՝ քաղաքական գործիչ է, թե ոչ, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում, եւ դիմադրի դրան: Այստեղ «ընդդիմադիր» բառը, իմ կարծիքով, տեղին չէ:

– Հայրենիքի փրկության շարժում, Ազգային կոմիտե․ սրանք Ձեր առաջնորդությամբ էին գործում: Այժմ ոչինչ չի՞ արվում:

– Ես չեմ ուզում հիմա այդ հարցը շատ քննարկել: Պրոբլեմներ իսկապես կան, այնպիսի ուժ ստեղծելու, որը մինչեւ վերջ կպայքարի իր հայրենիքի շահերի համար: Բայց նաեւ կան բազմաթիվ քաղաքական դեմքեր, կուսակցություններ, որոնք դրանցով զբաղվում են, եւ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կկարողանան գալ ընդհանուր հայտարարի:

– Այսինքն` Դուք այլեւս չեք լինելու ասպարեզում, չեք ցանկանում:

– Ինչի՞ց վերցրիք, որ չեմ ցանկանում: Այս իշխանության հանդեպ ոչ միայն ես, այլեւ այլ ուժեր արտահայտել են իրենց վերաբերմունքը: Խնդիրն այն է, թե ինչ պլատֆորմի վրա կկարողանան միավորվել: Հիմա ես չեմ տեսնում, որ կա այդ պլատֆորմը, բայց համոզված եմ, որ այն կլինի:

– Տեղեկություններ կան, որ նոր սահմանադրության համար «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում` ընդդիմադիրների կողմից: Չե՞ք միանալու:

– Կարծում եմ, որ բոլորը պետք է միավորվեն դրա շուրջ: Սա մի հարց է, որը կապված է մեր հայրենիքի հետ: Այդ հարթակը կարող է դառնալ բոլորի միավորման հարթակը: