Վազգեն Մանուկյան. Ես ուզում եմ հասկանալ՝ նոր հռչակագրի նախաբանը ո՞րը պետք է լինի

0
415

Ոչ ոք երբեք Հայաստանին հավակնություններ չի ներկայացրել Անկախության հռչակագրի հետ կապված։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովի ժամանակ։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, եւ հայ ժողովուրդը նույնն է արել՝ Հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։

«Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ անգամ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, եւ ոչ ոք նման պահանջներ չի ներկայացրել»,- նշել է նա։

Մանուկյանի խոսքով՝ թշնամին պատերազմ կսկսի ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան գրված է Հռչակագրում, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր իշխանությունները մշտապես զիջում են։

«Այժմ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ պետք է հռչակագիրը փոխել։ Ես ուզում եմ հասկանալ, նոր հռչակագրի նախաբանը ո՞րը պետք է լինի։ Քանի որ մենք պարտվել ենք  պատերազմում, վախենում ենք նոր պատերազմից, մեր հպարտ ժողովուրդն ընդունում է հետևյալ հռչակագիրը՝ հրաժարվելով էսինչ գաղափարների՞ց»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն իրենց սահմանադրությունը բխեցնում են հռչակագրի դրույթներից։

«Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ, էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն։ Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»,- զգուշացրել է Մանուկյանը՝ բոլոր ուժերին եւ քաղաքացիներին բարձր նպատակի շուրջ միավորվելու կոչ անելով։