Չունենայինք Փաշինյանի իշխանությունը,Արցախի ժողովուրդը կմնար իր տեղում. Վազգեն Մանուկյան

0
159

Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է. ուղիղ 33 տարի առաջ հենց այս օրնԱրցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից։ Այս պատմական օրվանից 33 տարի անց,սակայն, պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության օրն Արցախում հայ չկա, որովհետև Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված Հայաստանի իշխանությունը բաժին հասավ մեկին, որը հայտարարեց՝ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։

Արցախի անկախության համար պայքար մղած, Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ Վազգեն Մանուկյանը, 168 TV–«Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով օրվա խորհրդի մասին, շեշտեց՝ այսօր էլ Արցախում հայ կապրեր, եթե Հայաստանում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում չլիներ։

«Չունենայինք այս իշխանությունը, Արցախի ժողովուրդը կմնար իր տեղում։ Հայաստանի այս իշխանության ձգտումն էր՝ հասնել Արցախի հարցում նման վիճակի. իրենք հասան դրան։ Գիտե՛ք՝ հազարամյակ շարունակ Արցախը տեսել է մոնղոլներ, թուրքեր, պարսիկներ, սակայն արցախցիները շարունակել են Արցախում ապրել։ Առաջին անգամ է, որ Արցախը դատարկվել է՝ բռնի ուժով»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենով հանդերձ՝ Արցախի էջը փակված չէ, որովհետև բաց է արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը, որը պաշտպանված է բոլոր միջազգային նորմերով, որոնցով էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունն արգելված են։

«Հետևապես, երբ խոսում ենք արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին, գտնվում ենք միջազգային բոլոր նորմերի պաշտպանության տիրությում, ուստի, այսօր նշելով Արցախի Անկախության հռչակման օրը՝ մենք ցույց են տալիս՝ Արցախի հարցը փակված չէ»,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամը։
Նրա համոզմամբ՝ թեև ՀՀ այս իշխանության մակարդակով քարոզվում է, թե, եթե չլինի Արցախը, հրաժարվենք ազգային հարցերից կամ դրանք ուրանանք, Հայաստան պետությունը կարողէ գոյություն ունենալ այս տարածաշրջանում, դա հնարավոր չէ:

«Չի՛ կարող բարգավաճել մի երկիր, որը թույլ է, որին բոլորըթելադրում են։ Դա հիմար գաղափար է, որը Նիկոլի գլխում է։ Գիտե՛ք, անհավանական էր թվում, որ նման գաղափարի տեր մարդը կգա իշխանության, բայց եղավ։ Ամենավտանգավորն այն է, որ նա այդ գաղափարները նաև տարածում է։ Մինչդեռ այս տարածաշրջանում հանգիստ ապրել հնարավոր չէ, եթե դու քեզնից որևէ բան չես ներկայացնում»,-ասաց Վազգեն Մանուկյանը՝ շեշտելով՝ ցանկացած պետության ղեկավարի պարտավորությունը երկրի անվտանգությունն ապահովելն է։

«Իսկ ի՞նչ է անում նա. ասում է, թե Ջերմուկի դիրքերը զոռով հետ չենք վերցնելու։ Մի պետությանղեկավար, եթե ասում է՝ պատերազմով չեմ վերցնելու թշնամու տիրապետության տակ հայտնված իր տարածքը, դիմացինին տալիս է առիթ մտածելու՝ էլի տարածք կվերցնեմ ու կպահեմ։ Այս վախկոտությունը պետության ղեկավարի խոսք չէ, հետևապես, այս իշխանության կողմից կատարվողը պետական և ազգային հանցագործություն է, իսկ երբ ասում է, թե արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը Հայաստանի պետական շահին դեմ է, դրանով արդեն դեմ է գնում համամարդկային սկզբունքներին, ըստ որոնց, բռնի տեղահանված մարդիկ իրենց հայրնեիք վերադառնալու իրավունք ունեն»,-խոսքը եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։