Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան

0
83
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։

«Պաշտպան Արամ Վարդևանյան անհիմն է համարել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։

Սույն քրեական գործը, ըստ դատապաշտպանի, ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը, որի սահմանափակումը պետք է ենթադրի ծանրակշիռ փաստարկներ։ Մինչդեռ կայացված դատական ակտը, որն այժմ բողոքարկվում է, ընդհանրապես չունի անհրաժեշտ փաստարկներն ու հիմնավորվածությունը, գնահատված չէ իրավիճակի կոնտեքստը՝ ով է կատարել նման հայտարարություն և ինչ պայմաններում։

Մեղադրող կողմը նույնպես ներկայացրել է իր տեսակետը՝ հիմնավոր համարելով Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի կայացրած դատավճիռը։

Ս․թ․ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9։30-ին նիստը կշարունակվի, և դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Մանուկյանի գործով պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և կայացնել արդարացման վճիռ»։