՛՛Հրապարակ”․ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները շատ վատ հետեւանքներ կարող են թողնել Հայաստանի վրա

0
8

Բաքվում շարունակում են խոշտանգել հայ գերիներին: Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի կեղծ դատավարության դեմ: Ադրբեջանական լրատվամիջոցների երեկ հրապարակած լուսանկարում նա խիստ հյուծված տեսք ուներ: Իսկ Հայաստանի իշխանությունները լռում են, հայտարարում, որ եթե խոսեն գերիների մասին, կվնասեն նրանց: Բայց երբ չարախնդում են, հռետորական հարցեր տալիս, թե ինչու Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Արցախում, պարզվում է` չեն վնասում: ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում հայ ռազմագերիների հարցը համաշխարհային պատմության մակարդակով աննախադեպ է համարում: Նա նկատում է.

«Իշխանություններն առհասարակ ինչ-որ մի բան անո՞ւմ են գերիներին վերադարձնելու ուղղությամբ, որ ստացվի կամ չստացվի: Ցանկացած երկրի իշխանություն իր քաղաքացիներին պաշտպանում է մինչեւ վերջ: Նույնիսկ մինչեւ անգամ ռազմական օպերացիաների են անցնում, եթե հարցը չի ստացվում լուծել դիվանագիտական ճանապարհով: Փաստորեն, Հայաստանի իշխանությունն իր բոլոր քաղաքացիներին թողել է անպաշտպան վիճակում: Որեւիցե դեմարշ արե՞լ են Ադրբեջանի դեմ, որեւիցե քայլ արե՞լ են, ես ոչ մի նման բանի մասին չեմ իմացել: Ասեմ ավելին` համաշխարհային պատմության համար սա աննախադեպ պատմական իրադարձություն է: Ես ինչքան որ պատմություն եմ կարդացել, նման դեպք չի եղել աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ժամանակաշրջանում: Աննախադեպ պատմական իրողություն է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, մարդիկ, ովքեր ունեցել են որոշիչ դերակատարում երկրի զարգացման, կայացման հարցում, ձերբակալվեն այլ պետության կողմից, դեռ մի բան էլ վարվեն այդ մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում են: Մենք գիտենք, որ Ադրբեջանում իսկական դատարան չի կարող լինել, սակայն եթե անգամ ադրբեջանական դատարանը լիներ իսկական, սա մեծ ամոթ է: Սրանով ոչ միայն ՀՀ իշխանություններն են խայտառակվում, այլեւ` ամբողջ հայ ժողովուրդը»:

– Պարոն Մանուկյան, Բաքվում ընթացող դատավարություններին ի՞նչ գնահատական կտաք: Ի՞նչ ընթացք կարող է ստանալ այս ամենը, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ոչինչ չանել:

– Այս դատավարության մասին իր նամակում շատ կարեւոր բան ասաց Ռուբեն Վարդանյանը, ինչը հասկանալի է բոլորիս համար: Այս դատավարությունը ոչ թե ինչ-որ անձերի դեմ է, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Փորձում են հայերի դեմ մինինյուրնբերգյան դատավարություն իրականացնել: «Ֆաշիստ, հանցավոր կազմակերպություն, հանցագործություն մարդկության դեմ»․ այս խոսույթով են հայերի մասին արտահայտվում, այս ամենը փորձելով փաթաթել հայ ժողովրդի գլխին: Ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւն այս հարցում կարող է մեծ հաջողության հասնել, սակայն բոլոր դեպքերում այս միտումը բավականին վտանգավոր է ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր դատվում են այժմ Բաքվում, այլեւ մեր պետության, ամբողջ հայ ժողովրդի համար է խիստ վտանգավոր: Իշխանությունների ուշադրությունը պետք է այստեղ կենտրոնացած լիներ: Պետք է ամեն բան անեն, որ այս դատավարությունը չեղյալ համարվի: Այո, դա կարող է բերել կողմերի միջեւ հարաբերությունների սրացման, բայց պետք է գնալ սրացման, եթե խոսքը քո ղեկավարած պետության եւ ժողովրդի մասին է: Ի դեպ, Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ դատական հայցերից: Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ այս իշխանությունը խաղում է Ադրբեջանի խաղը: Սա շատ լուրջ վտանգներ կարող է պարունակել:

– Այս իշխանությունները վախեցած են, սարսափում են պատերազմից, խեղճ են, Ալիեւը հայհոյում է իրենց, իրենք նորից «խաղաղությունից» են խոսում: Նման իշխանությունը կարո՞ղ է ինչ-որ բան անել գերիների հայրենադարձման հարցում:

– Մենք խոսում ենք այն մասին, թե ՀՀ իշխանություններն ինչ են պարտավոր անել: Կոնկրետ այս իշխանությունը ոչինչ էլ չի անում. ո՛չ միջազգային աղմուկ է բարձրացնում, ո՛չ դեմարշ է անում Բաքվի դեմ, ոչ մի բան չեն անում: Կարող են պարզապես կանգնեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ, բայց դա էլ չեն անում: Եթե նման քայլերի չգնան, եթե սուր չլինեն, չեն կարող ոչ մի հարց լուծել:

– Բայց կա՞ն այսօր հայ-ադրբեջանական բանակցություններ, թե՞ կա միայն հրամաններ արձակող Ադրբեջան եւ հլու-հնազանդ այդ հրամանները կատարող Նիկոլ Փաշինյան:

– Այդ չարաբաստիկ «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ կան բանակցություններ: Այս անգամ, սակայն, ոչ թե տարածք են զիջում, այլ խաղաթղթի վրա են դնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը` սեփական իշխանությունն ապահովելու համար: Պատճառաբանում են, որ եթե սրեն իրավիճակը, պատերազմ տեղի կունենա, ինչ կանի խեղճ ժողովուրդը, առանց այդ էլ այսքան կորուստներ ունեցավ….

– Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին եւ հարց հնչեցրեց` ո՞վ էր նրան ուղարկել Արցախ: Ինչո՞ւ է նման պարզունակ մոտեցմամբ առաջնորդվում երկրի առաջին դեմքը:

– Դուք նրան լավ ճանաչում եք, գիտեք նրա գործունեությունը, դա իր մասնագիտությունն է: Նա զբաղված է դրանով: Խուսափում է պատասխանատվությունից…. Անգամ եթե իր թշնամիներն են դատվում Բաքվում, նա պարտավոր է պաշտպանել նրանց: Դրանով նա նախեւառաջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն է պաշտպանելու, պաշտպանելու է իր անվտանգությունը: Այն, ինչ նա է անում, անընդունելի է: Բաքվում տեղի ունեցող դատավարությունները շատ վատ հետեւանքներ կարող են թողնել Հայաստանի վրա: Այդ ամենը հանգամանալից պետք է բացատրել մեր ժողովրդին եւ մարդկանց համախմբել:

– Ի՞նչ հետեւանքներ նկատի ունեք:

– Սա բավականին երկար զրույցի թեմա է` հաջորդ անգամ կխոսենք: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մի զգալի մասը գիտակցում է, թե խոսքն ինչի մասին է: Վերջերս մի հարցում էի ուսումնասիրում, հարցվողների 75 տոկոսը մտահոգ էր տեղի ունեցող դատավարություններով:

– Իսկ ի՞նչ անելիք ունեն ընդդիմադիրները: Համախմբվեն` իշխանափոխությա՞ն հասնեն: Այսօր ընդդիմադիր շրջանակները, կարծես, այս ուղղությամբ ոչինչ չեն անում:

– Իշխանափոխությունը մի կողմ թողնենք, հենց իշխանափոխության մասին ենք խոսում, միանգամից հարցեր են առաջանում. ո՞վ պետք է գա իշխանության, եւ այսպես շարունակ: Ընդդիմությունը մի քանի կարեւոր հարցերի շուրջ պետք է համախմբվի, այդ հարցերի փնջի մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում հայ ռազմագերիների դատավարության հարցը: Այսօր ընդդիմությունը ոչ թե իշխանափոխության համար պետք է համախմբվի, իշխանափոխությունը պետք է զուտ հետեւանք լինի, թե ինչ ենք ցանկանում անել, այլ ժողովրդին համախմբելու: Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում: Պլատֆորմ պետք է լինի` տասը կետից բաղկացած, որի շուրջ պետք է համախմբվի ողջ ժողովուրդը, գոնե ժողովրդի մեծ մասը: Սրանք ոչ միայն քաղաքական հարցեր են, այլեւ վերաբերում են մեր ժողովրդի կենցաղին եւ անվտանգությանը: Պետք է սկզբում համախմբել ընդդիմությանը, իսկ հետո ժողովրդին համախմբել պլատֆորմի շուրջ: Եվ, իհարկե, այդ պլատֆորմում պետք է լինի գերիների հարցը: