«Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ: Ես հավատում եմ Հայաստանի եւ Արցախի վերականգնմանը, վերածննդին»:
ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Միքայելի Մանուկյանը ծնվել է 1946 թ. փետրվարի 13-ին Մոկսից Երևան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը:
Վազգեն Մանուկյանը էքստեռն կարգով ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, 1966-1967 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանում: 1967 թ․ ապրիլի 24-ին Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով հեռացվել է Մոսկվայի պետական համալսարանից, վերադարձել Երևան։ 1969-1972 թթ. սովորել է՝ ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտուրայում։ Հայաստան վերադառնալուց հետո դասավանդել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է «Օպտիմիզացիայի մեթոդներ», «Մաթանալիզ» առարկաները:
Վազգեն Մանուկյանը քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչև 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ՝ միավորելով հայ մտավորականությանը, և պատահական չէ, որ նա կանգնած էր նաև Ղարաբաղյան շարժման ակունքներում։ 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:
Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահը։ 1990-1995 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1990 թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով, սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից: Մի կողմից` անհրաժեշտ էր ջանքեր գործադրել` դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից` անհրաժեշտ էր արագ անցնել նոր տնտեսական համակարգի: Կառավարությունը, որի ձեռքում էր գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը (սահմանադրությամբ չկար նախագահի պաշտոն, և ԳԽ-ի կողմից ամբողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը` քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ:
1991 թ. սեպտեմբերի 26-ին, սուր հակասություններ ունենալով ՀՀՇ-ի վերնախավի հետ, Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:
1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը։ 1991 թ. ԱԺՄ կուսակցության վարչության նախագահն է։
1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարար պաշտպանության գծով, այնուհետև պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը։ Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, հաղթանակներով փոխվել է պատերազմի ընթացքը, և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թ. օգոստոսին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ազատվել է պաշտոնից։
1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 20 ընտրատարածքից:
1996 թ. ՀՀ նախագահական ընտրություններում դառնալով ազգային համաձայնության միասնական թեկնածու` Վազգեն Մանուկյանն արժանացավ ժողովրդի վստահության քվեին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը կեղծիքներով և սվիններով պահեց իշխանությունն իր ձեռքում:
1999-2003 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության ղեկավար, ապա անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ:
2007 թ. չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
2009-2019 թթ. ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:
2019 թ. հիմնադրել է «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբը:
2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրին, պահանջվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններ ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդ և 2020 թ. դեկտեմբերի 3-ին անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին։
Պարգևներ
Վազգեն Մանուկյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գոյություն ունի միասնական հայոց բանակ, և Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերն այդ բանակի բաղկացուցիչ մասերն են, երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերջին ռազմական հաջողությունները բացատրվում են միայն ու միայն հայկական բանակի հզորությամբ և ոչ թե ռուսական բանակի մասնակցությամբ կամ աջակցությամբ, և ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդն ավելի վստահ լինի սեփական ուժերի վրա:
Ադրբեջանական բանակի վերջին խայտառակ պարտությունների պատճառները, Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով, բազմաթիվ են. նախ տարբեր են երկու բանակների առջև դրված բարոյական խնդիրները, եթե առաջինը պայքարում է իր անկախության համար, երկրորդի նպատակները զուտ նվաճողական են, երկրորդ` ադրբեջանցիները նոր կազմավորվող ազգ են, իսկ հայ ժողովուրդը հնուց հայտնի է որպես հրաշալի կռվող ազգ, երրորդ` հայկական կողմն ի սկզբանե գերադասեց ռազմական գործողություններում չօգտագործել 18-ամյա պատանիներին, չորրորդ` հայկական կողմին հաջողվեց ֆիդայական ջոկատների հիմքի վրա ստեղծել կանոնավոր ստորաբաժանումներ, հինգերորդ` նախկին խորհրդային բանակում կային մեծաթիվ հայազգի սպաներ, մինչդեռ Ադրբեջանում խորհրդային բանակի ազգությամբ ադրբեջանցի սպաներին բավականին կասկածանքով են վերաբերվում և այլն: