2019 – մինչ այժմ` «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ

0
19

2019 թվականին, ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։

Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային, նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը ևապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը։

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ: Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ:

Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր։

Մենք արձանագրում ենք.

  • Իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի  հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները,
  • Հակառակ սիրո և հանդուրժողականության խոստումների՝ հանրությանը սևերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումըստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ,
  • Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Վերնատուն» ակումբը խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձևավորմանը և հանրային կոնսոլիդացիային։

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի նախագահ

Վազգեն Մանուկյան