ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԻՆ

0
340

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և
ճշմարտությունը ձեզ կազատի»:
Ավետարան ըստ Հովհաննեսի, գլ. 8, հ.32

1988թ. փետրվարի 20-ի՛ Ղարաբաղի Մարզխորհրդի հայտնի որոշմամբ հայ ազգայինազատագրական պայքարը մի նոր փուլ մտավ: Հայաստանի հետ Ղարաբաղի
վերամիավորման խնդիրը դրվեց սահմանադրական հիմքերի վրա: Պայքարի հիմնական միջոցներից Հայաստանի և Ղարաբաղի հայությունը ընտրեց գործադուլը: Հարցի նպաստավոր լուծման մեր հնարավորությունները գնահատելիս նախ անհրաժեշտ է հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:
Միանգամից պետք է մերժել այն սխալ կարծիքը, թե քանի որ Ռուսաստանը, ինչպես և մենք, քրիստոնյա երկիր է, ապա նրա շահերը պահանջում են նեցուկ կանգնել նույն կրոնը դավանող ժողովրդին:

/1988թ. հուլիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի շրջակայքում մտցվեցին զորքեր, որի պատճառով հակամարտության վտանգ կար զինվորների և տեղի բնակչության միջև:Ղարաբաղյան շարժման կազմկոմիտեի հեղինակության շնորհիվ հնրավոր եղավ հանդարտեցնել կրքերը,վիրավորվեց Երևանի բնակիչ Խ.Զաքարյանը, որը հիվանդանոցում մահացավ:/

Արդեն վաղուց է, որ համաշխարհային քաղաքականության մեջ քրիստոնեությունը դեր չի խաղում, այսինքն՛ ոչ մի քրիստոնյա երկիր առևտրական, ռազմական դաշինքներ կնքելիս հաշվի չի առնում դիմացինի քրիստոնյա կամ ոչ քրիստոնյա լինելը: Խաչակրաց արշավանքները վաղուց է, ինչ ավարտվել են, և այժմ ժողովուրդների ու պետությունների փոխհարաբերություններում ազգային և պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական ընդհանրություններն ու հակասությունները: Չհասկանալով այդ պարզ սկզբունքը և ապավինելով քրիստոնյա Ռուսաստանին՛ մենք անընդհատ կորցրել ենք հողային տարածքներ և միլիոնավոր հայրենակիցներ:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ում բնակվող մահմեդականներին, ապա նույն վիճակում գտնվելու պատճառով ազգային, տնտեսական, սոցիալական դժգոհությունները հանգեցնում են իսլամական կրոնի շուրջ նրանց բնական միավորմանը՛ ընդդեմ կենտրոնական իշխանությունների: Այդ միավորումը ուղղված չէ հայերի դեմ: Ուստի վտանգի կենթարկենք մեր ժողովրդին, եթե դիմակայենք այդ միավորմանը, ակամա գործիք դառնանք և համախմբված մահմեդական դժգոհությունը ուղղենք մեզ վրա: Ընդհակառակը, ապրելով նույն երկրում, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր այդ ժողովուրդների հետ: Նշենք նաև, որ հարյուր հազարավոր հայեր ապրում են իսլամական երկրներում՛ պահպանելով իրենց ազգային դեմքը, դպրոցը, թերթը, եկեղեցին: Հարցադրումը պետք է պարզ ու հստակ լինի. մեր վեճը և դրա հանգուցալուծումը ոչ թե մահմեդականության, այլ Ադրբեջանի ու Մոսկվայի հետ է
կապված:
Ինչու՜ Մոսկվան շահագրգռված չէ՛ արդար լուծելու Ղարաբաղի հարցը, ինչու՜ է դա հակասում նրա շահերին:

ա) Ամեն մի տարածքային պահանջի, նույնիսկ երկրի ներսում, նա բացասաբար է վերաբերվում, որովհետև Ռուսաստանի հսկա տարածքը բաղկացած է ուրիշ ժողովուրդներից զավթած հողերից: Նա շրջապատված է երկրներով, որոնցից համարյա յուրաքանչյուրն ունի նման պահանջ ԽՍՀՄ-ից, և այդ պատճառով ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկն է՛ պահպանել ներկա վիճակը՛ հրաժարվելով քննարկել որևէ հողային պահանջ: Ամեն մի այդպիսի քննարկում՛ մանավանդ հիմնավորված պատմականնախադրյալներով, վտանգավոր է և կարող է որպես նախադեպ ծառայել:

բ) Շատ վտանգավոր է համարվում որևէ հարց լուծել ժողովրդի պահանջով. դա կարող է վարակիչ օրինակ ծառայել ինչպես երկրում խճճված ազգային հարցի լուծման համար, որը կհանգեցնի կայսրության փլուզման, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերի լուծման առումով, որը կարող է խլել իշխանությունը տիրող խավի ձեռքից:
Այս երկու հանգամանքներն այնքան հզոր են, որ եթե նույնիսկ Ադրբեջանը փետրվար ամսին համաձայներ զիջել Ղարաբաղը, Մոսկվան ամենայն հավանականությամբ թույլ չէր տա:

Այսպիսով Ղարաբաղի հարցը դրական լուծելու համար հայերը պետք է դիմեին այնպիսի միջոցների, որոնց կիրառումը և հետևանքների վտանգավորությունը ԽՍՀՄ-ի համար կգերակշռեին նշված երկու փաստարկին: Հայերն ընտրեցին առաջին հայացքից ամենաանմեղ միջոցը՛ սահմանադրական ուղին և որպես պայքարի ձև՛ գործադուլները: Մեզ պատասխանեցին Սումգայիթով, այսինքն՛ օգտագործեցին շատ հզոր և օգտագործողին վարկաբեկող միջոց: Դա ցույց է տալիս, որ մեր ընտրած ճանապարհն այնքան էլ անմեղ չէ, և Մոսկվան դա շատ վտանգավոր է համարում:

Ինչն է խնդիրը: Տնտեսության և արտաքին քաղաքականության մեջ հասնելով ճգնաժամային վիճակի՛ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը գիտակցեց, որ այս կացությունից դուրս  գալու միակ միջոցը երկրի ներսում վարչական ղեկավարման ձևերը ինչ-որ չափով սահմանափակելն է, նաև արտաքին աշխարհին որպես դեմոկրատական, իրավական պետություն ներկայանալը, որպեսզի վստահություն ներշնչելով և ժամանակավոր դադար ստանալով՛ կնքի ձեռնտու պայմանագրեր, արտասահմանից ստանա վարկեր, նոր տեխնոլոգիաներ, զարգացնի նորագույն ռազմական տեխնիկայի արտադրանքը: Այս նոր քաղաքականությունը կապված է Գորբաչովի անվան հետ, բայց պետք է հասկանալ, որ դա նրա քմահաճույքը չէ, այլ քաղաքական խիստ անհրաժեշտություն, որը գիտակցում է ԽՍՀՄ-ի ողջ ղեկավարությունը: Այս պայմաններում հայերի կողմից սահմանադրական ուղիով կատարվող համառ, հետևողական քայլերը և գործադուլները, որոնք ցնցում են ամբողջ սոցիալիստական ճամբարը՛ առաջ բերելով ազգային-ազատագրական և սոցիալական արդարության համար մղվող պայքարի մեծ ալիք, իշխանություններին դնում են ծանր կացության մեջ: Կամ պետք է կատարել մեր ժողովրդի սահմանադրական կամքը, որը ինչպես ասացինք, հակասում է պետության արմատական շահերին, կամ դիմել պետական տեռորի և դրանով իսկ արժեզրկել նոր քաղաքականության շնորհիվ ձեռք բերված բոլոր առավելությունները:

Գտնվեց երրորդ ճանապարհը՛ հայերին ջարդել ադրբեջանցիների ձեռքով՛ ռուսական կայսրությունում բազմիցս կիրառված ու ստուգված մի ձև:
Փետրվարի 20-ին Ղարաբաղի Մարզխորհրդի հայտնի որոշմանը անմիջապես հետևեց քաղբյուրոյի կտրուկ մերժումը, որը, ցույց տալով Մոսկվայի դիրքորոշումը, ոտքի հանեց իշխանություններին հլու-հնազանդ ադրբեջանցիներին: Այդ որոշումն՛ իր անարդարությամբ, վիրավորական շտապողականությամբ, դժգոհության մեծ ալիք առաջացրեց Ղարաբաղում և Հայաստանում, որտեղ տեղի ունեցան բողոքի բազմամարդ ցույցեր, և սկսվեց գործադուլ: Դա անակնկալ էր կենտրոնական իշխանությունների համար: Ծայր առան կենտրոնական մամուլի և հեռուստատեսության միջոցով կազմակերպված վայրագ հարձակումները հայության վրա, երկդիմի և գրգռիչ հաղորդումները ժողովուրդների բարեկամության մասին, Կատուսևը/1988թ. ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալ:/ արեց իր սադրիչ հայտարարությունը: Այդ բոլորի արդյունքը եղավ հայերի ջարդը Սումգայիթում:
Ըստ հավաստի վկայությունների Մոսկվան նախապես գիտեր կազմակերպվող ջարդերի մասին: Հայտնի է, որ Լուկյանովը/ ԽՍՀՄ Քաղբյուրոյի անդամ/ Երևանում Կենտկոմի անդամի համար անսպասելի խորաթափանցությամբ նախազգում և սպառնում էր, որ Ադրբեջանում կարող են տեղի ունենալ ջարդեր հայերի նկատմամբ: Պատմությունից գիտենք, որ ամեն մի ջարդի հետևում կանգնած են իշխանությունները:
Սումգայիթի նպատակն էր վախեցնել հայերին, ետ պահել նրանց իրենց արդար պահանջից: Չստացվեց: Ղարաբաղը և Հայաստանը շարունակում են գնալ իրենց ընտրած ճանապարհով՛ անընդհատ հարվածներ ստանալով միտումնավոր անպատիժ թողնված և դրանով իսկ լկտիացած ադրբեջանցիներից:
Ի՜նչ նպատակ են հետապնդում այդ կազմակերպված հարվածները:
1. Կոտորածներով սարսափեցնել ժողովրդին, ստիպել, որ հրաժարվի իր պահանջներից:
2. Հայերին համբերությունից հանելով՛ ստեղծել նույնպիսի ընդհարում Հայաստանում, որը հնարավոր լինի որակել «հայկական Սումգայիթ» և ողջ աշխարհին այս ամբողջ
պատմությունը ներկայացնել ոչ թե որպես սահմանադրական արդարացի պահանջ, այլ իբրև երկու բարբարոս ժողովուրդների ազգայնամոլ պայքար՛ դրանով իսկ մոռացնել տալով, որ սեղանին դրված է ժամանակակից քաղաքակրթության հիմնաքարերից մեկը՛ ազգերի ինքնորոշման իրավունքը:
3. Հնարավորություն ունենալ երկդիմի հայտարարություններ անելու, թե իբր իշխանությունները չեն բավարարում հայերի արդարացի պահանջը, քանզի վախենում են, որ հարցի դրական լուծման դեպքում տեղի կունենան հայերի զանգվածային սպանություններ Ադրբեջանում, և իշխանություններն անզոր կլինեն այդ ջարդերի դեմն առնել:
Անընդհատ կրկնելով այս վերջին հայտարարությունը՛ իշխանությունները դիտավորյալ երկու ժողովուրդներին դրդում են ընդհարումների՛ ձևացնելով, թե իբր վախենում են միայն ջարդերից, դրանով իսկ հուշելով նրանց, որ հարցը կլուծվի նրա օգտին, ով կարող է ավելի շատ սումգայիթներ կազմակերպել:
Պետք է գիտակցել, որ հայ-ադրբեջանական ընդհարումները ԽՍՀՄ-ի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում, այն դեպքում, երբ մեր սահմանադրական շարժումը,
գործադուլները, առաջացնելով ազատագրական պայքարի ալիք ինչպես երկրի ներսում, այնպես էլ սոցիալիստական ճամբարում, լուրջ քաղաքական ճնշում են Մոսկվայի վրա:
ԽՍՀՄ-ի այժմյան իրավիճակում մեր ժողովուրդն իր արդար պայքարի համար ընտրել է ամենաազդեցիկ ուղին, որը, հուսով ենք, վաղ թե ուշ կբերի հաղթանակի:

Բայց եթե այնուամենայնիվ ԽՍՀՄ-ը իր քայլերով վերջնականապես ապացուցի,որ իր շահերը ոչ մի կետում չեն համընկնում մեր ազգային շահերի հետ,ապա չպետք է մոռանալ,որ սահմանադրության մեջ կա նաև 72-րդ հոդվածը:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ
Վազգեն Մանուկյան
1988 թ., հուլիսի 16